«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աշխարհը սև-սպիտակի մեջ չէ

Աշխարհը սև-սպիտակի մեջ չէ
19.07.2013 | 00:55

Եվրամիությունում Լիտվայի նախագահությունը սկսվեց հիշարժան իրադարձությամբ Հորվաթիայի համար` երկիրը դարձավ ԵՄ անդամ, դա առաջին և հաստատ ոչ վերջին հիշարժան իրադարձությունն էր: Ոչ միայն եվրոպացիներն են սպասում վիլնյուսյան գագաթնաժողովին, որտեղ ասոցացման համաձայնագրի ստորագրում է նախատեսվում ՈՒկրաինայի, նախաստորագրում` Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի հետ: Երեք ամիս է մնացել, և ոչ ոք չի կարող վերջնական ասել` ի՞նչ կվճռի ՈՒկրաինան, ի՞նչ կանեն Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան: Հուլիսի 16-ին Հայաստանում Լիտվայի դեսպանատունը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կազմակերպել էին Լիտվայի նախագահական գերակայություններին նվիրված շնորհանդես` Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ: Բնականաբար, խոսակցությունը դուրս եկավ Արևելյան գործընկերության շրջանակներից և ընդգրկեց ընդհանուր քաղաքական խնդիրներ ևս: Շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, միջազգային կառույցների, նախարարությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ: Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը կարծում է, որ Լիտվայի նախագահությունը Եվրամիության համար բարդ ժամանակներին համընկավ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած քաղաքական, սոցիալական, տնտեսական խնդիրներից բացի, հինգ տարի հետո Եվրախորհրդարանի ընտրություններն են: Իռլանդիայից ժառանգած օրակարգի հետ Լիտվան իր նախագահության ընթացքում ավարտին պետք է հասցնի 2015-2020 թթ. բյուջեի նախագծի աշխատանքները, զարգացող Եվրոպայի մարտահրավերներին պատասխանի` պայքարի երիտասարդների գործազրկության դեմ, ֆինանսական կարգուկանոն ապահովի, շարունակի տնտեսության բարեփոխումները: Արևելյան գործընկերությունը դեսպանի գնահատմամբ` շարունակում է մնալ կարևորագույն խնդիր ԵՄ-ի համար: Լիտվան ևս շարունակում է աջակցել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար ՏՐԱՅԱՆ ՀՐԻՍՏԵԱՆ ներկայացրեց Եվրամիության վերաբերմունքը Արևելյան գործընկերությանը` հայացք Բրյուսելից Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ կտրվածքով: Նա այն կարծիքին է, որ Լիտվայի համար ԵՄ նախագահությունը մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է: Եվրամիությունը հիմա գտնվում է խաչմերուկում` ճգնաժամի հաղթահարումից դեպի զարգացում, երբ մեծ սպառնալիք կա եվրոյի հանդեպ: Ստանձնելով ԵՄ նախագահությունը` Լիտվան ներկայացրել է ընդգրկուն օրակարգ, տասնյակ կոնֆերանսներ, քննարկումներ և, իբրև գագաթնակետ, Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Վիլնյուսում: «Հույս ունեմ, որ մենք նոյեմբերին զգալի արդյունքներ կունենանք: ԵՄ-ի հետ կապերի ամրապնդումը շատ կարևոր է Եվրոպայի այս մասի համար: Ասոցացման պայմանագրի և խոր ու համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը ՈՒկրաինայի հետ, նմանատիպ պայմանագրերի նախաստորագրումը Հայաստանի, Մոլդովայի ու Վրաստանի հետ, ձեռքբերումներ ունենալն Ադրբեջանի հետ բանակցություններում, Արևելյան գործընկերության մեջ ավելի խոր համագործակցություն սկսելը Բելառուսի հետ կարևոր քայլեր են»` Տրայան Հրիստեայի գնահատականով: Նա համարում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը հաջողությամբ կատարելու է իր օրակարգը` իմանալով հանդերձ, որ բոլոր երկրներում էլ կան ներքին մարտահրավերներ, այնուամենայնիվ, Վիլնյուսում նոր օրակարգ կսահմանվի ապագայի համար: Նոր համաձայնագրերը կարող են և մարտահրավեր լինել, բայց միաժամանակ շրջադարձային են ապագայի համար: Գործընկերությունը կարող է կայանալ այն երկրների հետ, որոնք ձգտումներ ունեն ու հավատում են, որքան առաջընթացը մեծ լինի, այնքան ճանապարհային քարտեզը հստակ կլինի: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի գնահատականով` մեր երկիրը զգալի առաջընթաց է կատարել, արդեն ստորագրվել է ռեադմիսիայի համաձայնագիրը, օրակարգում է վիզաների հեշտացման խնդիրը, բայց դա ճանապարհի սկիզբն է:
Լիտվայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության հատուկ հանձնարարություններով դեսպան ՎԱՅԴՈՏԱՍ ՎԵՐԲԱՆ պարզ ասաց, որ Արևելյան գործընկերությունը ոչ թե ինչ-որ մեկի համար է կամ ինչ-որ մեկի դեմ, այլ խրախուսում է արևելյան գործընկերների եվրոպական ինտեգրումը, այդ քաղաքականությունը չի կարող լինել արևմտյան կամ հյուսիսային` լինելով արևելյան: Լիտվայի նախագահության առաջնահերթությունները թվարկելով` Վայդոտաս Վերբան առանձնացրեց չորսը` արևելյան գործընկերությունը, էներգետիկ անվտանգությունը, Բալթյան տարածաշրջանի համագործակցությունը, արևելյան սահմանների անվտանգությունը: Նա համոզված է, որ բոլոր առաջնահերթությունները որոշակիորեն կապված են արևելյան գործընկերության հետ: Լիտվան պատրաստ է լինել պրակտիկ և կոնկրետ իր նպատակներում, մարդը մեծ է ոչ թե իր գաղափարներով, այլ գաղափարների իրականացումով` Լիտվան պատրաստ է իրականացնել իրատեսական գաղափարները: Արևելյան գործընկերությունը պատահաբար չէ առաջնահերթություն ստացել: «Մենք հասկանում ենք, որ Արևելյան գործընկերությունը մեր ճակատագիրն է, մենք միասին կարող ենք իրատեսական արժեքներ ստեղծել: Եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ, եթե ուզում ես երկար գնալ, գնա ընկերներիդ հետ` ասաց ինձ ընկերներիցս մեկը Հաագայում: Համոզված եմ, որ ընկերների հետ նաև ճիշտ է գնալը»,- ասաց Վայդոտաս Վերբան: Նա ոչ միայն ակնկալում, այլև հավատում է, որ Վիլնյուսում կստորագրվեն ասոցացման և ազատ ու համապարփակ առևտրի պայմանագրերը` Բրյուսելում նույնիսկ քննարկվել են ստորագրման արարողակարգերը: Պարոն Վերբան ընդունում է, որ կան քաղաքական տարրեր, որոնք կարող են խոչընդոտել ստորագրումը, բայց կարծում է, որ դա առաջընթաց ճանապարհի սկիզբն է: Դեսպանը թվարկեց Լիտվայի նախագահության ընթացքում նախատեսված բազմաշերտ քննարկումները` քաղաքացիական հասարակությունից մինչև կառավարման մակարդակները: Նա համոզված է, որ Լիտվան իբրև նախագահ լինելու է պրակտիկ և նորարար: Որքան էլ կարևոր է բանակցությունների ընթացիկ գործընթացը, առավել կարևորը վստահությունն է` հասարակության ներսում և միմյանց նկատմամբ` փաստում է պարոն Վերբան: Վիլնյուսի գագաթնաժողովը ցույց կտա, թե որ ուղղությամբ պետք է շարժվել:
Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ ՎԻՏԻՍ ՅՈՒՐԿՈՆԻՍԸ պարզաբանեց, թե ինչպես է գործընթացները դիտարկում քաղաքացիական հասարակությունը: Նա այն կարծիքին է, որ Եվրամիության արտաքին քաղաքականությունն ուղղված է դեպի Արևելք: Արևելյան գործընկերությունն ընդամենը առաջընթացի հնարավորություն է, երբեք չպետք է մոռանալ վաղվա օրը: Վիլնյուսի գագաթնաժողովից հետո հիմնական մարտահրավերը հենց վաղվա օրն է` հաջորդ նախագահող երկրները պետք է շարունակեն վարվող քաղաքականությունը: Պարոն Յուրկոնիսը անդրադարձավ և ՈՒկրաինային` արդյո՞ք ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վիլնյուսի գագաթնաժողովի գլխավոր տարրն է կտրվածքով: Հիշեցնելով Յուլյա Տիմոշենկոյի հարցը` Վիտիս Յուրկոնիսը ասաց, որ ճիշտ կլինի ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեկ անձին վերաբերող, այլ ընդհանուր խնդիրներին: Այնուամենայնիվ, եթե ՈՒկրաինան չստորագրի ասոցացման համաձայնագիրը, չի նշանակում, որ ամեն ինչ փոխվեց կամ վերջացավ: Բնականաբար, Վիլնյուսի գագաթնաժողովից հետո արևելյան գործընկերությունը շարունակվելու է:
Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, անդրադառնալով Եվրասիական միության և Եվրամիության համեմատությանը, հիշեցրեց Անդրեյ Սախարովին, երբ ոչ ոք չգիտեր, թե նա ինչ է գրել, բայց քննադատում էր նրա հոդվածները: Այսօր էլ խոսում են մի միության մասին, որը չկա և հնարավոր չէ ասել` լավն է, թե վատը: Կա Մաքսային միությունը, բայց մենք ընդհանուր ցամաքային սահման չունենք այդ միության հետ, իսկ առևտրի համար ընդհանուր սահմանը կարևորագույն գործոն է: Առավել ևս, որ Մաքսային միությունում խաղի կանոններն ամրագրված չեն: Մաքսային միությունը, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, դեռ փոփոխվելու է, որովհետև ՌԴ-ն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալուց հետո ստանձնել է պարտավորություններ, որ 5-7 տարում պիտի կատարի, և այդ պարտավորությունների կատարումը համատեղելի չէ Մաքսային միության գոյության հետ: Ստեփան Գրիգորյանն ընդունեց, որ ՈՒկրաինայի ասոցացման համաձայնագիր ստորագրել-չստորագրելու հարցերը Հայաստանում շատ են քննարկվում: «Իրոք, մենք հասկանում ենք, որ ՈՒկրաինան որոշիչ դեր ունի Արևելյան գործընկերության հարցերում, նաև հետխորհրդային տարածքի պետությունների համար: Եթե ՈՒկրաինան գնա ժողովրդավարության ճանապարհով, ավելի հեշտ կլինի: Հայերս տաղանդավոր ազգ ենք, մենք սիրում ենք մոգոնել: Հիմա էլ ասում ենք, թե մեզ ճնշում են, ոչ մի ճնշում էլ չկա: Ռուսաստանի հետ կարելի է չհամաձայնել, բայց իրենք շատ լավ գիտեն Հայաստանի արժեքը և ժամանակ չունեն զբաղվելու Հայաստանի նկատմամբ ճնշումներով: Եթե լիներ ճնշում, բոլորս կզգայինք: Համագործակցությունը ԵՄ-ի հետ ոչ մի հարցում չի հակասում Ռուսաստանի հետ համագործակցությանը»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Լիտվան նրբազգաց և արդարացի գործընկեր է, Հայաստանի ու Լիտվայի միջև կանոնավոր խորհրդատվություն ու փոխադարձ իրազեկում է կատարվում: Փոխնախարարը համարում է, որ ասոցացման պայմանագրի և այդ պայմանագրի նախաստորագրման հետևանքների մասին բազմաթիվ առիթներով խոսվել է և խոսակցությունը շարունակվելու է: Նա անդրադարձավ հաճախ հնչող հարցին, թե ի՞նչ ենք քննարկում, եթե համաձայնագիրը ոչ ոք չի տեսել, և ասաց, որ բանակցող երկու կողմերն էլ միմյանց չեն հասկանա, եթե բանակցությունները չավարտված` տեքստերը հրապարակվեն: Նաև հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը ՈՒկրաինան Հայաստանի համեմատությամբ բավականին շուտ է սկսել, և այսօր միանգամայն տարբեր իրավիճակներ են: Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ հասարակական քննարկումները պետք է խորացնել և որակական նոր փուլ սկսել: Այդ քննարկումներ կազմակերպելը մեկ ինստիտուտի գործառույթ չէ, շատ ավելի լայն շրջանակներ պետք է ներառվեն և առանց քաղաքացիական հասարակության մասնակցության ակնկալված արդյունքները չեն լինի: Կարևոր երկրորդ հարց համարվեց հետագա անելիքները որոշելը: Նոյեմբերի 28-ին Վիլնյուսի գագաթնաժողովում ակնկալվում է, որ կլինի մեկ քայլ, որը կառաջացնի հաջորդ հարցը` հետո ի՞նչ: Զոհրաբ Մնացականյանն այս հարցին տալիս է պարզ պատասխան` իրականացում, պնդելով, որ համաձայնագրերի իրականացման գործընթացը շատ արագ է սկսվելու: Նշելով, որ համաձայնագիրը 1000 էջից ավելի փաստաթուղթ է, փոխնախարարը կարևորեց հետագա գործողությունների ժամանակացույցը: Նախաստորագրումից ստորագրում ընթացքը ամիսներ է տևելու` նախ թարգմանություններ ու ճշտումներ, որոնց կհաջորդի վավերացման փուլը` ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում, Եվրախորհրդարանում, Հայաստանի Հանրապետության խորհրդարանում` այս ամենը կտևի միջինը 2-3 տարի: 2017-2018 թթ. միայն համաձայնագիրը կարող է ուժի մեջ համարվել: Ասոցացման օրակարգը դեռևս բանակցվում է, այսօր փոխհարաբերությունների իրավական հիմքը համագործակցության և գործընկերության պայմանագիրն է: Այս տրամաբանությամբ են ընթանում բանակցությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց կարողությունների առկայությունը` նշելով, որ ինչքան պատրաստված լինենք, այնքան հաջողություն կունենանք:
Բոլորովին զարմանալի չէր, որ Լիտվայի ԵՄ-ում նախագահության շնորհանդեսը սահուն վերածվեց Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների քննարկմանը: Արդեն տևական ժամանակ այդ հարցն արծարծվում է աճող հաճախականությամբ, և որքան էլ զարմանալի է` նախաձեռնողը ոչ Հայաստանն է, ոչ էլ Եվրամիությունը, կամ ԵՄ որևէ երկիր: Պատճառը Եվրասիական միությունն է և Հայաստանի` այդ միությանը հնարավոր անդամակցումը: ՈՒ թեև Եվրասիական միությունը նախագիծ է միայն, որ 2015-ից պիտի գործի (կամ` չգործի), երկու միությունների համադրությունն ու անհամադրելիությունը քաղաքական օրակարգի գլխավոր հարց են դարձել: Ոմանք հնարավոր են համարում` «և, և»-ը, ոմանք` «կամ, կամ»-ը: Ճշմարտությունը ինչ-որ տեղ է` քաղաքականության ոլորտում: Զոհրաբ Մնացականյանն ասաց հստակ տարբերակ` ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու լավագույնը 2017-2018 թթ., այսինքն` Եվրամիության հետ փոխհարաբերությունների նոր որակի, նոր փուլի, նոր մակարդակի հարցը դառնալու է ՀՀ հաջո՞րդ նախագահի պատմությունը: Իհարկե, կարող է չդառնալ Հայաստանի Հանրապետության պատմությունը, եթե ՀՀ գործող նախագահը Վիլնյուսում ոչինչ չստորագրի:
Իրոք Հայաստանի համար դժվար ու նուրբ ընտրություն է: Ոչ մի չափորոշիչով Հայաստանը չես համեմատի ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ` որևէ երկիր շրջափակված չէ, կտրված չէ իր տարածաշրջանի միջազգային ծրագրերից: Հավելեք տնտեսական վիճակը` ոչ մի կերպ չդիվերսիֆիկացվող մեր տնտեսությունը, ցամաքային հաղորդակցուղիների սահմանափակությունը, գործազրկության բարձր մակարդակը, արտագաղթը: Հավելեք քաղաքական իրավիճակը երկրում: Վերջապես անվտանգության խնդիրը: Չավարտված պատերազմն ու Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը: Բնական պաշարները բավարար չեն, եղածը ծախսվում է անարդյունավետ (հիմնականում հումքի տեսքով), ներքին այլ ռեսուրսներ համարյա չկան, անհաղթահարելի խոչընդոտ է կոռուպցիան, անձեռնհաս կառավարումը, կադրային խիստ կուսակցականացված քաղաքականությունը: Արտաքին ռեսուրսներն էլ տրվում են քաղաքական ազդեցության ենթարկելու պայմանով: Այս համապատկերում է Ռուսաստանը, որ իր ներքին խնդիրները լուծելու համար նախաձեռնել է Եվրասիական միության ստեղծումը և ոչ մի կերպ չի պատկերացնում, որ ինչ-որ մի Հայաստան կարող է ծայրագավառի իր դերը սակարկել: ՈՒ ստացվում է իսկապես բարդ ընտրություն` դեպի ոչինչ չտվող անցյա՞լ, որը նաև այսօրվա վիճակի պատճառն է, թե՞ դեպի ապագա, որին հասնելու համար ներկան կարող է չհերիքել: Պատկերացնո՞ւմ եք` ինչքան ժամանակ ենք վատնել, մինչդեռ հետխորհրդային տարածքի շատ պետություններ հանգիստ լուծում էին իրենց խնդիրները: Եվ շարունակում ենք «կողմնորոշվել»` ինքնորոշվելու փոխարեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Զոհրաբ Մնացականյանին հարցրի` ինչո՞ւ է այսքան քաղաքականացվում ԵՄ-ին ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ասաց` որովհետև ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական հարաբերություններ են: Ես չհամաձայնեցի` համարելով, որ դա բավարար պատճառ չէ ստորագրել-չստորագրելը քաղաքականացնելու համար: «Ես զբաղվում եմ իմ գործով` բանակցելով, և եթե հաջողության վստահություն չունենամ, չեմ կարող բանակցել: Աշխարհը սևի ու սպիտակի մեջ չէ»,- պատասխանեց արտաքին գործերի փոխնախարարը: Գույների հարցում համաձայն էի:

Դիտվել է՝ 902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ