Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Իրատես de facto»-ի նյութերը կարելի է կարդալ նաև 10, 20 և ավելի տարիներ հետո»

«Իրատես de facto»-ի նյութերը  կարելի է կարդալ նաև 10, 20 և  ավելի տարիներ հետո»
19.07.2013 | 01:17

Մեր զրուցակիցն է թերթի էջադրող ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Մինչ տպագիր լրատվամիջոցը ո՞ր բնագավառում ես ինքնադրսևորվել։
-Երկրորդ բարձրագույն կրթությունս պոլիգրաֆիական է, այսինքն` գրահրատարակչական գործը, գրքերի և թերթերի աշխարհը ինձ համար, հավանաբար, նախասահմանված էին։ Սկսել եմ «Հայգրքի» բազայից, որպես բանվոր, հետո կրպակավար էի, բաժնի վարիչ, գրախանութի տնօրեն։
-Հիշում եմ, այն Երևանի էլիտար կենտրոնում էր, Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։ Նշանավոր խանութ էր, ինքս հաճախ էի հավելյալ գնով գրքեր ձեռք բերում նշյալ գրախանութից։
-Բնավ չեմ բացառում քո ասածը, գրքի հանդեպ վերաբերմունքը ներկա օրերի համեմատ շատ ավելի պատկառելի էր, շարունակ մեծ տպաքանակներով գրքեր էին տպագրում, միևնույն է` պահանջարկը չէր նվազում։ Բնականաբար, առաջ էր գալիս հավելյալ վճարով առանձին հրատարակություններ ձեռք բերելու խնդիրը։ Մշտական մեծ պահանջարկ ունեին հայ դասական գրողները, ռուս և արևմտյան դասական գրականությունը, մասնագիտական և տեխնիկական գրականությունը հիմնականում ռուսերեն հրատարակությամբ։ Միաժամանակ, հսկայական բաժանորդագրական ցանց ունեինք, մինչև գրքի մուտքը գրախանութ, ընթերցողը գիտեր` ինչ գիրք է հրատարակվելու։ Ռուս դասական գրականությունը ոչ պակաս հաճույքով էին գնում կամ վաղօրոք բաժանորդագրվում։
-Երանելի ժամանակներ ես հիշեցնում, հիշիր նաև, ո՞ր գիրքն ունեցավ ռեկորդային պահանջարկ։
-Խաչիկ Դաշտենցի նշանավոր «Ռանչպարների կանչը», որը մի քանի անգամ մեծ տպաքանակով վերահրատարակվեց։ Գինը, ի դեպ, 1 ռուբլի 80 կոպեկ էր, գրքի շուկայում մինչև 15 ռուբլով էր վաճառվում։
-Գլխավորը, ըստ իս, հետևյալն էր. գիրքը զանգվածաբար ոչ միայն գնում էին, այլև կարդում։
-Անշուշտ, մեր գրքասեր հասարակությունը նաև ընթերցասեր հասարակություն էր։ Առհասարակ այդ սերունդը, որի ներկայացուցիչները նաև մենք ենք, գաղափարական և ազգային բարձր գիտակցության տիրույթում էր մի պարզ պատճառով. չէ՞ որ գիրքը մարդու հոգում սերմանում է իսկապես գեղեցիկն ու իմաստունը: Ասվածի լավագույն վկայությունը Արցախի ազատամարտն էր, չէ՞ որ մարտի դաշտ մեկնող մեր ազատամարտիկները, պարզ մի զինվոր թե նշանավոր հրամանատար, դաստիարակվել էին հայ ազգային գրականությամբ, մասնավորապես Րաֆֆու, Դաշտենցի և այլոց գրքերով: Նույն հոգևոր մշակութային դաշտի մարտիկներն էին Վազգեն Սարգսյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Թաթուլ Կրպեյանը` մտավորական դասից, և նրանց զինվորները, նախկին շինականներն ու բանվորները: Նրանք Արցախի և հանրապետության պաշտպանությամբ կերտում էին մեր նոր պետականությունը:
-Անկախացումից հետո գիրքն այլ գործառույթ էր իրականացնում։ Նրանով նախ սկսեցին վառարանները լիցքավորել, հետո, ընդհանրապես, անտեսել։
-Բայց չմոռանանք, որ վառարանի հումք դարձան հիմնականում այն գրքերը, որոնք գրքային բումի տարիներին անգամ սպասված չէին, նկատի ունեմ մարքսիզմի և լենինիզմի դասականներին և այլ խառնիխուռն պրոպագանդա։ Անկախացումից հետո ինքս էլ անկախանալով` սկսեցի հրատարակչական գործունեությունս, հիմնադրեցի առաջին մասնավոր հրատարակչատներից մեկը` «Շուշանը»։ Տպագրեցի Շիրազի «Հայոց դանթեականը», «Սպիտակ եղեռն» անտիպ ստեղծագործությունը։ Բազմաթիվ գրքեր տպագրեցի, նաև համաշխարհային երգիծանքի մատենաշարից:
-Ինձ թույլ տամ անհամեստանալ, եթե «Շուշանը» այսօր էլ գործեր, կհրատարակեի՞ր իմ «Լճից լիճ» շարքը առանձին գրքով։
-Իհարկե։ Եվ պատճառաբանեմ, թե ինչու: Ե՛վ Ձեր շարքը, և՛ Անահիտ Ադամյանի, Մեհրուժան Բաբաջանյանի հրապարակումներն ու Նիկօյի երգիծանքը այսօր ոչ պակաս արդիական են, քան իրենց ժամանակին Սունդուկյանի, Օտյանի և մեր մյուս դասականների սոցիալական ընդվզումները: Այնպես որ, Աստծո կամոք ժամանակ անց այս ծրագիրը կիրականացնեմ:
-Երախտապարտ եմ և հուսով, որ այդ օրը յոթը սարի հետևում չէ։ Այնուհետև՞։
-Այնուհետև ժամանակներն այլ էին, գրահրատարակչական ոլորտ մտան մարդիկ զուտ բիզնես-նպատակներով։ Նրանք մեծ ֆինանսական հնարավորություններ ունեին, մրցակցելը գրեթե անհնար էր, փոխվել էր գրքասերի հոգեբանությունը, 500 օրինակ գիրք հրատարակելն ու այն իրացնելը այսօր գրեթե նվաճում են։ Այնուամենայնիվ, շատ չհեռացա գրահրատարակչությունից, փոխադրվեցի մամուլ, աշխատեցի որպես «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի փոխտնօրեն, «Բումերանգ» թերթի տնօրեն և խմբագիր։ Հետո պաշտոնավարեցի որպես «Հայմամուլի» փոխտնօրեն: 2007-ին անդամագրվեցի «Իրավունքին», սահունորեն անցա «Իրատեսի» շարքերը։ Անկեղծ պիտի լինեմ, «Իրատեսում» հայտավորվելս հիմնականում պայմանավորված էր գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի և թերթի նկարիչ Նիկօյի հետ ունեցած հարաբերություններով, իմա` ընկերությամբ: Նրանց հետ ծանոթ էի շատ վաղուց և նրանց մարդկային ու մասնագիտական տեսակի մասին բարձր կարծիք եմ ունեցել մշտապես։ Ամեն մարդու հետ ճանապարհ չեմ գնում։
-Դու թերթի առաջին ընթերցողն ես, էջադրելիս քանի՞ հեղինակի ես ծայրեծայր ընթերցում, կամքիցդ անկախ։
-90 տոկոսը կարդում եմ ամբողջությամբ և, իհարկե, կամավորական հիմունքներով, անկեղծորեն, ուրախ եմ առաջին ընթերցողը հանդիսանալուս հանգամանքով։
-Ո՞րն է «Իրատեսի» առանձնահատկությունը մամլո շուկայում։ Ինձ, օրինակ, նման հարց չտրվեց։
-Եթե տայի՞ն։
-Կպատասխանեի, որ այն, բացի նրանից, որ լրջախոհ է և առաքինի (նաև սուր և հակադարձված), միաժամանակ ընդամենը ձևաչափով է լրագիր, բովանդակությամբ և խնդիրների խորությամբ «Իրատեսը» ամսագիր է։
-Համամիտ եմ։ «Իրատեսի» յուրաքանչյուր համարի նյութերի մեծ մասը կարելի է կարդալ նաև 10, 20 և ավելի տարիներ հետո, այսինքն` մնայուն արժեքների թերթ է, մնայուն են և՛ հոգևոր, և՛ սոցիալական, և՛ մշակութային, և՛ մարզական էջերը։ Այստեղ կայուն արժեհամակարգ է ձևավորվել, սա է կարևորը։
-«Իրատեսը», Ձեր պատկերացմամբ, ասենք, հինգ տարի անց։
-Հինգ տարի անց, հաշվի առնելով ներկա համացանցային լայնածավալ գրոհը, կարծում եմ, մեկ-երկու գրավոր թերթ կմնա։ Այդ թվում նաև` «Իրատես de facto»-ն։ Սրանում համոզված եմ խորապես։


Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ