Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եվրասիական միության մեջ կա մեկ հիմնական խաղացող. մյուսների հետ համագործակցությունը կայանալու է, երբ շահավետ է հիմնական խաղացողին»

«Եվրասիական միության մեջ կա մեկ հիմնական  խաղացող. մյուսների հետ համագործակցությունը  կայանալու է, երբ շահավետ է հիմնական խաղացողին»
19.07.2013 | 01:25

Եվրամիությունում Լիտվայի նախագահության` Հայաստանում Լիտվայի դեսպանության և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկմանը մասնակցում էր Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտի փորձագետ ՎԻՏԻՍ ՅՈՒՐԿՈՆԻՍԸ: Նախքան քննարկումը նրան հարցրի, թե որո՞նք են Լիտվայի նախագահության գերակայությունները:
-Գերակայությունները կապված են և՛ ԵՄ ներքին քաղաքականությանը` գործազրկության վերացմանը, տնտեսական զարգացմանը, և՛ բաց Եվրոպայի քաղաքականությանը` Արևելյան գործընկերությանը, հիմա շեշտադրվում է ասոցացման համաձայնագրի ստորագրումը ՈՒկրաինայի հետ:
-Հարավկովկասյան երկրները Եվրամիությանը չե՞ն հետաքրքրում:
-Հիմնական նպատակը համարվում է ՈՒկրաինան, բայց ես կարծում եմ, որ Արևելյան հարևանության ցանկացած երկիր, որ քայլ առաջ կանի, արդեն հաջողություն է, և պետք չէ կենտրոնանալ միայն ՈՒկրաինայի վրա:
-Դուք ակներևաբար գիտեք` ինչ իրավիճակում է Հայաստանը, և ինչ ճնշում է գործադրում Ռուսաստանը, որպեսզի Հայաստանը նոյեմբերին չնախաստորագրի համաձայնագրերը, ի՞նչ է ստանալու Հայաստանը այդ համաձայնագրի ստորագրումով:
-Իբրև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ` ես պիտի կարևորեմ մարդկային կապերը երիտասարդների, մասնագիտական խմբերի, հասարակական կազմակերպությունների միջև: Իհարկե, հարցը տարբեր կողմեր ունի, և կարևորը տնտեսականն է: Եթե Հայաստանը կողմնորոշվի, որ իր ապագան Եվրոպայի հետ է, վիլնյուսյան համաձայնագրերի ստորագրումը համագործակցության նոր մակարդակ ու նոր որակ կբերի:
-Եվրոպան ի՞նչ կարող է տալ Հայաստանին, եթե համարյա 20 տարի չի բացվում հայ-թուրքական սահմանը:
-Ամենակարևորը` չմոռանանք, որ ԵՄ-ն օգտագործում է փափուկ ուժի քաղաքականությունը, որը պակաս ազդեցիկ չէ, կոշտ ուժի միջոցներ ԵՄ-ն չունի, բայց չմոռանանք նաև, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է:
-Ի՞նչ եք կարծում` Հայաստանը կնախաստորագրի՞ համաձայնագրերը:
-Այդ հարցը պիտի ուղղեք Հայաստանի իշխանություններին, ես միայն կարող եմ ասել, որ Եվրամիությունը լավատես է:
-Ես այդ հարցը տալիս եմ, որովհետև Ռուսաստանը միշտ շեշտում է, որ ԵՄ-ում Հայաստանին առանձնապես չեն սպասում:
-Իսկ ի՞նչ պիտի ասի Ռուսաստանը: Լիտվայի մասին էլ շատ էր խոսվում և շարունակում են խոսել: Ռուսաստանը Եվրասիական միություն է ուզում ստեղծել: Եվրասիական միությունը և Եվրամիությունը շատ տարբեր կառույցներ են` և՛ գաղափարախոսությամբ, և՛ ինտեգրման աստիճանով: Արևելյան հարևանության քաղաքականությունը առայժմ ավելի շատ նման է ժամադրության, պիտի հանդիպեն ու ճանաչեն իրար:
-Այսինքն` խոսքը սիրո մասին չէ՞:
-Խոսքը դեռ ամուսնության մասին չէ` հարաբերությունների սկիզբ է ընդամենը: Եվրասիական միությունը նահանջի տեղ չի թողնում:
-Հնարավո՞ր է համադրել անդամակցությունը Եվրամիությանը և Եվրասիական միությանը:
-Կարծում եմ` ոչ, հատկապես տնտեսության մասով:
-Քաղաքակա՞ն, թե՞ տեխնիկական ստանդարտների անհամատեղելիության պատճառով:
-Դրանք միմյանցից շատ ու շատ տարբեր նախագծեր են, Արևելյան հարևանությունը գործընկերություն է, Եվրասիական միության մեջ կա մեկ հիմնական խաղացող. մյուսների հետ համագործակցությունը կայանալու է, երբ շահավետ է հիմնական խաղացողին, չի կայանալու, եթե շահավետ չէ:
-Չե՞ք կարծում, որ Եվրասիական միության ստեղծման բուն պատճառն այն փաստն է, որ Ռուսաստանը Եվրամիության անդամ չդարձավ:
-Թերևս ոչ, որովհետև Եվրամիության հետ համագործակցության շատ ձևաչափեր ունի Ռուսաստանը, հիմնական խնդիրը ՌԴ նախագահի` ԽՍՀՄ-ը վերականգնելու հավակնություններն են: Այդ պատճառով էլ Լիտվայում համոզված են, որ Եվրասիական միությունը առանց ՈՒկրաինայի չի կայանա: Եթե ՈՒկրաինան որոշում ընդունի Եվրամիության հետ ճանապարհ անցնելու, Եվրասիական միությունը ծրագրված մասշտաբները չի ունենա: Եվրասիական միությունը ապագայի նախագիծ է: Մենք գիտենք, թե ինչքան խնդիրներ ունի Ռուսաստանը իր ներսում, ինչքան խնդիրներ կան Բելառուսում ու Ղազախստանում, ես այնքան էլ վստահ չեմ, որ Եվրասիական միության անդամ երկրներն իրենց ներքին խնդիրները այդքան արագ հաղթահարելու են ու այդքան հեշտ համագործակցելու են միմյանց հետ: Իսկ պարզ ենթակայության ժամանակներն անցել են:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ