Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 5-րդ)

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 5-րդ)
19.07.2013 | 11:58

Բախշի

ԻՇԽԱՆՅԱՆ

(սկիզբը` այստեղ)

Այդ օրը այցելուներից մեկը մեզ հայտնեց մի շատ անախորժ լուր. քաղաքում համառորեն խոսում էին այն մասին, որ ճանապարհին, Ղարաքիլիսայի կողմերում, բռնել են Երևանից հեռացող խմբերից մեկը: Մենք սկզբում կասկածեցինք այդ լուրի ճշտությանը, բայց հաջորդ օրը նույն լուրը հաղորդվեց թերթում, առանց հայտնելու, թե ովքեր են բռնվածները, միայն հաղորդել էին, որ բռնված խմբի մեջ կան նախկին նախարարներ և խորհրդարանի անդամներ: Օվին կասկածում էր, իսկ ես հավանական էի համարում ու ենթադրում, որ Երևանից հեռագիր է ստացվել այդ առթիվ: Հետո, դժբախտաբար, իմ ենթադրությունը ճիշտ դուրս եկավ:
Նույն օրը մեզ հայտնեցին, որ կոմիսարներից ևս չորս հոգի եկել են` արտաքին գործերի կոմիսար Ալ. Բեկզադյանը, ներքին գործերի կոմիսար Ի. Դովլաթյանը, ճանապարհային հաղորդակցության կոմիսար Կոստանյանը և աշխատանքի նախարար Ոսկանյանը:
Վերջին երկուսին չէի ճանաչում: Գիտեի միայն, որ նրանք տակավին առաջին կուրսի ուսանողներ էին, երբ 1917 թ. նետվեցին շարժման գիրկը և իրենց տեղը գտան բոլշևիկների շարքերում: Հայկական կյանքի հետ ոչ մի առնչություն չունեցող այդ թերուս երեխաներն էին ահա, որ նախարարական կամ կոմիսարական պաշտոններ պիտի վարեին Հայաստանում:
Առաջին երկուսին` այդքան կարևոր պաշտոններ ստանձնած Բեկզադյանին ու Դովլաթյանին, ճանաչում էի շատ լավ:
Բեկզադյանը բոլշևիկների շարքում գործում էր 1904-ից ի վեր, նա, այսպես ասած, հին տիպի բոլշևիկ էր: Բայց 1917-ից ի վեր, այսինքն` հեղափոխության շրջանում, նա շատերի նման թողել էր կուսակցության շարքերը, նկատելով, որ արդի անարխիստական բոլշևիզմը ոչ մի ընդհանրություն չունի նախկին սոցիալ-դեմոկրատական բոլշևիզմի հետ: Մինչև 1920 թ. այդ պարոնը ոչ միայն բոլշևիկների հետ չէր, այլև քննադատում էր նրանց: Սակայն հիշյալ թվականից, երբ բոլշևիկյան հորդաները հետզհետե մոտեցան Կովկասյան լեռնաշղթային և ինքնորոշված ժողովուրդներին նվաճողական վտանգ սպառնաց, մեր պարոն Բեկզադյանը կամաց-կամաց փոխեց իր դիրքորոշումը, վերականգնեց բոլշևիկների հետ կապերը և 1920 թ. մայիսին Թիֆլիսից անցավ Բաքու, երբ բոլշևիկները տիրեցին Ադրբեջանին:
Ահա սա էլ Հայաստանի քաղաքական բախտը տնօրինողների մեկ այլ տիպ էր: Երևի պարոնն ափսոսել էր, որ չորս տարի իզուր հեռու էր մնացել քաղաքական կարիերայի մարզանքներից և աշխատում էր դարձի եկած հավատացյալի նման իր հավատուրացության մեղքը քավել այն բանով, որ բոլորից ավելի եռանդով ու ջերմեռանդությամբ հաճախ կրկնում էր բոլշևիկյան պատվիրանների այն սնամեջ ֆրազաբանությունը, որ երեկ նույնպիսի եռանդով այպանում ու քննադատում էր:
Թե որքա՞ն հոգիներ է փչացրել բոլշևիզմը, կամ թե որքա՞ն փչացած հոգիներ են ավելի և ավելի այլասերել ու այլանդակել բոլշևիզմը, Աստված գիտե:
Այլ կատեգորիայի էր պատկանում Դովլաթյանը:
Նա միայն տարրական կրթություն էր ստացել, տարիներ շարունակ Բաքվում մի հասարակ գրագիր էր եղել Մանթաշյանի նավթարդյունաբերական ձեռնարկության գրասենյակում, համարվում էր մեր կազմակերպության անդամ, իսկ վերջին հեղափոխության շրջանում անցել էր բոլշևիկների շարքերը: Նա քիչ գաղափար ուներ այն գործից, որին ծառայում էր և մինչև վերջ սոցիալիստական հասկացությունների այբուբենը մուրում էր ավագ ընկերներից: Այժմ նրա բոլոր իմաստությունների աղբյուրը Լենինն էր:
«Եթե մի շարժում ճիշտ չլինի և ապագա չունենա, մի՞թե Լենինը այդքան մոլեռանդորեն կպաշտպանե»,- ահա Դովլաթյանի ըմբռնումների ալֆան և օմեգան: Եվ այդ պարոնը Հայաստանի «սոցիալիստական» Հանրապետության ներքին գործերի կոմիսարն էր:
Արդեն դեկտեմբերի 10-ն էր, ուրբաթ: Վաղ առավոտ Օվին արթնացավ և տերտերի ձայնով ասաց. «Եւ եղեւ երեկոյ եւ եղեւ առաւօտ, օր եօթներորդ: Ահա յոթ օր է, իսկ ես դեռ չգիտեմ, թե ինչի համար են ինձ բռնել: Իսկ այդ պարոնների կանոններով, եթե չեմ սխալվում, 24 ժամվա ընթացքում պետք է ձերբակալվածին հարցաքննեն ու մեղադրանք հայտնեն կամ, եթե արդար է, բաց թողնեն»:
-Օվի, եթե մի օր էլ ավելացնես քո նստածին, կստացվի իմ բաժինը: Նրանց կանոններից ես խոսում, դարձյա՞լ այդքան միամիտ ես: Մարդիկ Ռուսաստանի զանազան մասերում «կարմիր տեռորի» շաբաթներ էին հայտարարում և առանց հարցուփորձի հարյուրներով անխնա գնդակահարում, իսկ դու մի շաբաթ նստել ես ու նրանց գրավոր կանոններն ես մտաբերում: Է՜հ, Օվի, այդ բոլորը դատարկ բաներ են, հավանաբար քեզ շուտով բաց կթողնեն, չէ՞ որ ընկերներդ աշխատում են և քեզ շարունակ հուսադրում: Հենց այն հանգամանքը, որ քեզնից շատ ավելի պատասխանատու դաշնակցական գործիչներից մինչ այժմ ոչ ոքի չեն բռնել, ապացուցում է, որ քեզ բռնել են ոչ քաղաքական նկատառումներով: Փաստորեն, ինչպես տեսնում ես, քաղաքական հողի վրա մինչև հիմա բանտարկել են բացառապես միայն ինձ:
Նոր էինք հագնվել, երբ պահակ զինվորների ավագը մի թուղթ բերեց և ասաց, որ մինչև ժամը 2-ը պիտի տեղափոխվենք զինվորական բանտ: Թղթում գրված էր. «Ընկերներ… (այսինչ մարդկանց` ինձ, Օվուն, անգլիացուն), որոնք հաշվառված են Արտակարգ հանձնաժողովի վրա, տեղափոխել զինվորական բանտ»: Ստորագրված էր` Արտակարգ հանձնաժողովի նախագահ Այվազյան:
-Օհո՜,- միաժամանակ գոչեցինք ես ու Օվին և գրության բովանդակությունը հասկացրինք նաև անգլիացուն, որը ոչ միայն զարմացավ, այլև վախեցավ:
-Հը՞, Օվի, հիմա՞ ինչ կասես, Արտակարգ հանձնաժողովի` Չեկայի ձեռքն ենք հանձնվել: Գաղափար ունե՞ս այդ բացառիկ հաստատության մասին: Բավական է քեզ ասեմ, որ անգամ հին ցարական բյուրոկրատիան չէր հղացել ու կյանքի կոչել նման զարհուրելի հաստատություն: Բոլշևիկյան վարչակարգի բոլոր հրեշային կողմերն ամփոփված ու մարմնացած են չեկաների մեջ: Չեկա ասածը, սիրելիս, միայն ոստիկանատուն չէ և ոչ էլ սոսկ վարչական մարմին, դա բանտ չէ միայն և ոչ էլ դատաբանական հաստատություն: Դա ամեն բան է, հասկանո՞ւմ ես, ամեն բան, որ լիազորված է և՛ ձերբակալելու, և՛ քննելու, և՛ մեղադրական կայացնելու, և՛ բանտ նստեցնելու, և՛ աքսորելու, և՛ կախելու, գնդակահարելու կամ կացնահարելու: Դա «Արտակարգ հանձնաժողով» անվանումն է կրում և լիազորված է ամեն բան անելու: Բոլշևիկյան «իրավագիտական» գաղափարը այդ հաստատությանը վերապահել է «հակահեղափոխության, սպեկուլյացիայի և սաբոտաժի» դեմ պայքարելու կոչումը, և վայը տարել է այն քաղաքացուն, որի մասին փողոցներում վխտող գործակալներից մեկը կասկածելի լուր հաղորդի Չեկային` վերոհիշյալ երեք կարգի «հանցանքներից» մեկը վերագրելով նրան. մարդն արդեն ենթակա է խուզարկության ու ձերբակալության, նրան այլևս փրկություն չկա: Եվ այժմ մենք, ես` հակահեղափոխականս, դու` չարաշահության մեջ մեղադրվողդ, և այս օտարերկրացին, որպես անգլիացի, ընկել ենք Երևանի նորահաստատ Չեկայի ձեռքը:
-Տեսնենք ինչ կլինի: Իսկ ո՞վ է այդ Այվազյանը, որ նշանակել են այդպիսի պատասխանատու պաշտոնի,- հարցրեց Օվին:
-Դա գանձակեցի ռուսախոս մի երիտասարդ է, անհայտ մեկը, որ դեռ անցյալ տարի ծառայում էր Բաքվի կոոպերատիվում, որպես հասարակ հրահանգիչ: Ո՞վ գիտե, երևի մի որևէ գարշելի արարքով արժանի է դարձել Չեկայի նախագահ լինելու կոչման: Բայց դու ուշադրություն դարձրի՞ր, Օվի, թե ինչպես էր գրության մեջ մեր հասցեին գործածված «ընկերներ» բառը: Դա էլ է բոլշևիկյան տարօրինակություններից մեկը` բոլորին անխտիր ընկերներ կոչել: Դեռ բոլշևիկներից առաջ մեր հանգուցյալ Սեդրակ Թառայանը «Ընկեր» անվամբ մի շաբաթաթերթ էր հրատարակում, ուր թերթի ճակատին բնաբանի տեսքով միշտ խոշոր տառերով շարել էր տալիս. «Բոլոր մարդիկ ընկերներ են իրար հետ»: Բայց կարո՞ղ էր ենթադրել մեր խեղճ Թառայանը` շիլլերական տիպի այդ վերասլաց իդեալիստը, որ կյանքի վերջին տարիներին դարձել էր Տոլստոյի բարոյափիլիսոփայական հայացքներով տոգորված մի դերվիշ, թե իր կուսական ու եղբայրասիրական իմաստով գործածած «ընկեր» գաղափարը փողոցայինի չափ կապականվի գազանային ու մարդասպանական բնազդներով օժտված չեկաների հերոսների բերանում:
Մեզ երեքիս տեղափոխեցին չորրորդ բանտավայրը: Սա արդեն հասարակ բանտավայր չէր, այլ իսկական բանտ: Երբ մեկը մյուսին հաջորդող երկաթե դռները փակվեցին մեր հետևից, ու երեքիս խիստ խուզարկելով, վերցնելով դրամը, ժամացույցներն ու բոլոր արժեքավոր իրերը, ձգեցին մի խոնավ խուց, այդ ժամանակ միայն զգացինք, որ նստած ենք իսկական բանտում:
-Էհ, Օվի, այժմ մնաք բարյավ, շարունակական այցելություններ, արտաքին աշխարհի հետ կապ ու հարաբերություն և, ո՞վ գիտե, առատ ուտելիքներ:
Բարեբախտաբար, այդտեղի ծառայողները` բանտապետը, հսկիչները, պահակ զինվորները ¥բոլորը մեր հանրապետության նախկին ծառայողներ էին և բոլշևիկների հետ կապ չէին ունեցել¤, շատ քաղաքավարի էին վերաբերվում մեզ հետ, մասամբ նաև այն բանի պատճառով, որ նրանցից շատերը ծառայել էին Օվու մոտ` հիվանդանոցում: Նրանք անարգել թույլ էին տալիս դրսից կերակուր ստանալ: Ես ու Օվին, մանավանդ ես, ուտելիքի հարցում բախտավոր էինք, այնքան առատ էինք ստանում, որ բաժին էինք հանում թե անգլիացուն, թե մեզ ծառայող բանտարկյալին:
-Եղբայր, ես դրսում երբեք այսքան լավ չեմ կերակրվել, այսքան ուտել կլինի՞,- հաճախ ասում էր Օվին:
-Ես ևս, պետք է խոստովանեմ,- լրացնում էի Օվու ասածը:
Այդ բարեբերությունը, անշուշտ, մեզ պատճառում էին մեր լավ բարեկամներն ու ընկերները: Երևանում ես անտեր էի, ընտանիք չունեի, իսկ Օվու ռուս կինը երեխաներով, տարիներ ի վեր գտնվում էր Խարկովում, որտեղից հնար չէր գտնում բոլշևիկներից թույլտվություն ստանալ և տուն վերադառնալ: Խեղճ Օվին ուղղակի տանջվում էր: Ինձ կերակուր էր ուղարկում իմ ընկեր Աշոտ Մելիք-Հովսեփյանի ընտանիքը, որին հազիվ թե կարողանամ երբևէ երախտիքս հատուցել:
Հաջորդ օրը, դեկտեմբերի 11-ին, հակառակ մեր սպասելիքների, այցելուներ եկան թե ինձ և թե Օվու մոտ, բայց այս անգամ արդեն Չեկայի հատուկ թղթով, այն էլ բանտապետի հսկողության ներքո: Ինձ մոտ եկել էին Մելիք-Հովսեփյանի կինը` տիկին Սիրանը, և իմ բաժանմունքում ծառայող օրիորդներից մեկը, ովքեր ձևանալով իմ քույրեր` հաջողեցրել էին ամենակարող Չեկայից թույլտվություն ստանալ: Բժիշկ Օվու մոտ եկել էին եղբոր աղջիկը և իր բժիշկ ընկերներից մեկը: Տիկին Սիրանն ինձ ուրախ-ուրախ հաղորդեց, որ իր հորեղբորորդի Սերյոժան ¥Սարգիս Բաղդատյանը, հայտնի բոլշևիկներից մեկը, ով կարճ ժամանակ մնաց Հայաստանում որպես արդարադատության կոմիսար¤ եկել է և իմանալով իմ բանտարկության մասին` խոստացել ամեն կերպ աշխատել ինձ ազատելու համար: Բայց մեր այցելուները հաղորդեցին նաև, որ Ղարաքիլիսայի մատույցներում բռնված խումբն արդեն բերել են և առայժմ տեղավորել խորհրդարանի շենքում: Այդ խմբի մեջ էին կառավարության նախկին անդամներ Համո Օհանջանյանը, Արտաշես Չիլինգարյանը ¥նա, ում ատամները սրած հետևում էին բոլշևիկները¤ և խորհրդարանի պատգամավորներ, բժիշկ Հ. Տեր-Դավթյանը, Վարշամյանը, Վ. Նավասարդյանը, բժիշկ Մելիքյանը, Երևանի քաղաքագլուխ Ա. Տեր-Աստվածատրյանը և այլք, մոտ 15 հոգի: Այսպիսով, ճշտվեցին համառորեն տարածվող լուրերը: Նրանց բռնել էին հայկական գյուղերից մեկի մոտ, վրացական սահմանից ընդամենը չորս վերստ հեռավորության վրա:
Այդ լուրը մեզ շատ վշտացրեց:
Վերոնշյալ Ս. Բաղդատյանին ճանաչում էի շատ վաղուց, դեռևս ուսանողության տարիներից: Նա էլ մի այլ տիպի բոլշևիկյան գործիչ էր, և, դժբախտաբար, նրա նմանների թիվը չնչին էր բոլշևիկների (մանավանդ հայ) մեջ: Նախ, նա սկզբից ևեթ եղել ու մնացել էր բոլշևիկ: Երկրորդ, խոստովանելով հանդերձ իր կուսակցության հոռի կողմերը, մի տարօրինակ մոլեռանդությամբ և անխախտ հավատով ու սիրով նվիրվել էր իրենց շարժմանը, ընդունելով վերջինիս ճշմարտությունը և ապագա հաղթանակը: Երրորդ, ազատ էր կեղծ դերակատարի մտավախությունից, քսությունից, կարիերիստական ու շահախնդրական ձգտումներից, անկեղծ էր, ազնիվ ու համեստ, ամենից լավ պատրաստվածն ու ազդեցիկն էր հայ բոլշևիկների մեջ, Լենինի անձնական ծանոթը: Այդպիսի բոլշևիկի դեմ կարելի էր պայքարել իբրև գաղափարական հակառակորդի, բայց և չէր կարելի նրան չհարգել որպես անկեղծ, շիտակ հակառակորդի:


(շարունակելի)

Դիտվել է՝ 2693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ