«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դիվանագիտության շարքային զինվորների մասին. Սուրհանդակներ

Դիվանագիտության շարքային զինվորների մասին. Սուրհանդակներ
20.07.2013 | 12:36


ԱԳՆ-ն բարդ և բազմաճյուղ կառուցվածք է` բաղկացած բազմաթիվ օղակներից: Համակարգի կենսունակությունը մեծապես կախված է նրա հստակ և անխափան աշխատանքից: Այստեղ հատուկ տեղ ունեն դիվանագիտական սուրհանդակները: Այդ մարդիկ բանակցություններ չեն վարում, պայմանագրեր չեն ստորագրում, ընդունելություններին և ճաշկերույթներին չեն մասնակցում: Ընդհակառակն, աշխատում են մնալ ստվերում: Նրանք կանոնավորապես ապահովում են գաղտնի և ոչ գաղտնի փոստային կապը արտգործնախարարության և արտերկրում նրա ներկայացուցչությունների միջև:

Սուրհանդակների ինստիտուտը շատ հին է: Հելլադայում, օրինակ, հույն-պարսկական պատերազմների ժամանակ ինֆորմացիայի փոխանցման հետաքրքիր ձև էին գտել: Խուզում էին կապավորի գլուխը, չջնջվող թանաքով վրան գրում անհրաժեշտ տեքստը և սպասում, որ մազերն աճեն, ապա «կենդանի փոստն» ուղարկում էին տուն: Կապի այս միջոցը երկար չգործեց. պարսկական հակահետախուզությունը մատնությամբ հայտնաբերեց «գլուխ-փոստերը» և դրանք… հեռացրեց մարմիններից:

Սուրհանդակների «փոստը» այդ տարիներին հատկապես զարգացրին պարսիկները: Նրանց կապն այն ժամանակների համար գործում էր ռեկորդային արագությամբ: Այնքան օր, որքան տևում էր փոստի տեղափոխումը, նույնքան թվով մարդ ու ձի էին կարգում ճանապարհին` յուրաքանչյուր օրվա համար մեկ մարդ և մեկ ձի: Ոչ ձյունը, ոչ անձրևը, ոչ տապը, ոչ գիշերը, ոչինչ չէր կարող սուրհանդակներին խանգարել, որ յուրաքանչյուրն արագ և ժամանակին անցնի իր համար սահմանված ճանապարհը: Փոխանցումը շղթայական էր. առաջին սուրհանդակն իրեն հանձնարարվածը հանձնում էր երկրորդին, երկրորդը` երրորդին, և այսպես` մինչև նշանակված կետը: Այս հեծյալ սուրհանդակներին պարսիկներն անվանում էին «անգարիոն»: Մինչև վերջին մանրուքը մշակված դիվանագիտական երթուղին ապշեցնում է իր օպերատիվությամբ: Հաղորդագրությունը Պերսեպոլիսից Էգեյանի ափեր հասնում էր 9–10 օրում:

Կապի մյուս` ոչ պակաս արդյունավետ ձևերից էր կրակի ազդանշանը, երբ իրադարձության վայրից տեղեկությունը կայծակնային արագությամբ հասնում էր արքայից արքային: Կապի այս ձևին չէր զիջում ձայնային կապը: Օգտագործելով բնական ակուստիկայի և ռելյեֆի հնարավորությունները` պարսիկները, իրար ձայն տալով, լուրը տեղ էին հասցնում այնպիսի հեռավորությունից, որը ոտքով անցնելու դեպքում կպահանջվեր առնվազն մեկ ամիս: Դարեր շարունակ, այսօր ևս, երբ առկա են տեխնիկայի վերջին նվաճումները, պետությունները սուրհանդակային կապը շարունակում են օգտագործել դիվանագիտական, ռազմական, հետախուզական և այլ նպատակներով: Այդ աշխատանքը միշտ էլ վտանգաշատ է համարվել, քանի որ դիվանագիտական փոստի հափշտակումը բոլոր ժամանակներում եղել է հատուկ ծառայությունների հիմնական թիրախներից մեկը:

…1918 թվականին Կովկասի գործերով խորհրդային կառավարության արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանը դիվանագիտական առաքելությամբ Իրան է գործուղել Կոլոմինցևին և սուրհանդակ Կաշկարովին: Երկուսն էլ սպանվել են: Ութ տարի անց Եվրոպա փոստ տեղափոխելիս, երբ գնացքն անցնում էր Լիտվայի տարածքով, զինված հարձակում են գործել խորհրդային սուրհանդակներ Թեոդոր Նետտեի և Մախմալստալի վրա: Նետտեն սպանվել է, ընկերը` ծանր վիրավորվել:

...Այդ տարիներին խորհրդային արտաքին գործերի կոմիսարիատի դիվանագիտական սուրհանդակների մեջ աչքի էր ընկնում Արշակ Բարաթյանը:

Քարտաշի տասնհինգամյա ղարաբաղցի աշակերտը կամավոր կռվում է Թուրքեստանում խորհրդային կարգերի հաստատման համար, հետո Մոսկվայում ավարտում է արևելյան լեզուների ինստիտուտը և դառնում սուրհանդակ: Նա կոմիսարիատ է գալիս նախարար Գեորգի Չիչերինի երաշխավորությամբ: Ու քանի դեռ վերջինս աշխատում էր որպես նախարար, կապեր է ունեցել անվանի դիվանագետի հետ, կատարել է նրա անձնական ու գաղտնի հանձնարարությունները հատկապես Աֆղանստանում, Իրանում և Թուրքիայում:

Արշակը հնարամիտ էր, սառնասիրտ, ճարպիկ ու ֆիզիկապես կոփված: Օտար լեզուների իմացությունը, տեղական բարբառներին տիրապետելը, մարդկանց հետ դյուրությամբ շփվելու հատկությունն օգնում էին նրան դուրս գալու ամենավտանգավոր իրավիճակներից և կատարելու տրված առաջադրանքը:
1923 թվականին խորհրդա-բրիտանական հարաբերությունները ծայրաստիճան լարված էին: Բրիտանական կառավարությունն արտգործնախարար Քերզոնին հանձնարարում է վերջնագիր ուղարկել Մոսկվա՝ պահանջելով հետ կանչել խորհրդային դեսպաններին Պարսկաստանից և Աֆղանստանից: Բարաթյանը նոր էր վերադարձել Քաբուլից, երբ նրան իր մոտ է հրավիրում Չիչերինը:

– Այս հույժ գաղտնի ծրարը պետք է անձամբ հասցնես Քաբուլում մեր դեսպանին: Ժամկետը` 25 օր:

Այն ժամանակ Մոսկվայից Քաբուլ սովորական ուղևորությունը տևում էր 40–45 օր: 25 օրում կարելի է ընդամենը հասնել մինչև Մազարա: Իսկ այնտեղից Քաբո՞ւլ…

– Գիտեմ,– գուշակում է նախարարն Արշակի միտքը:– Գտեք կարճ ուղի` լեռնաշղթայով:

Երբ սուրհանդակն անցնում է Աֆղանստանի սահմանը, ծանոթ ցեղապետը հայտնում է, որ Քաբուլ տանող ճանապարհն անգլիացիները փակել են. փնտրում են ինչ-որ բոլշևիկի: Մնում էին Հինդուկուշի անանցանելի կածանները: Արշակն այլընտրանք չուներ…

Նրան թվում էր, թե քայլում է աշխարհի տանիքի վրայով, և ամպերը շոյում են գանգուրները: «Կույր» կեռմաններից մեկում ձին գահավիժում է անդունդը:

Բարեբախտաբար, Արշակը քայլում էր կողքից և կարողանում է ժամանակին ձեռքն ազատել սանձից ու մի կողմ ցատկել: Հովտում` աուլներից մեկում, Արշակին հաջողվում է ավանակ գնել: Մինչև Քաբուլ հասնելը փոխում է մի քանի գրաստ և ծրարը հասցնում դեսպանություն: Մոսկվայից Քաբուլ է հասնում տասներեք օրում. այն ժամանակների համար` անհավատալի, ռեկորդային արագություն: Երկու օր ու գիշեր քնելուց հետո, երբ Արշակն ուշքի է գալիս, հրավիրում են դեսպանի մոտ: Վերջինս ժպիտով դիմավորում է սուրհանդակին, հետո թղթապանակից մի թուղթ է հանում և ասում:

– Այս շիֆրհեռագիրը Մոսկվայից է, քեզ է վերաբերում: Լսիր.
«…Կարևոր և շտապ հանձնարարությունն անբասիր և անձնվիրաբար կատարելու համար դիվանագիտական սուրհանդակ Արշակ Քրիստափորի Բարաթյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել անվանական ոսկե ժամացույցով»:

Հեռագիրն ստորագրել էր Չիչերինը:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ