USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Իմ ամեն կտավի տակ երբեմն երկու-երեք նկար կա»

«Իմ ամեն կտավի տակ  երբեմն երկու-երեք նկար կա»
23.07.2013 | 00:10

Հարցերին պատասխանում է թերթի գեղարվեստական խմբագիր ՆԻԿՕ-ն (ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

-Կենդանակերպի Ձեր նշանը ո՞րն է:
-Այծեղջյուր:
-Ձեր կյանքում որևէ կերպ արտահայտվե՞լ է Այծեղջյուր լինելը:
-Չեմ դժգոհում իմ կյանքից, ուրեմն արտահայտվել է: Ինքս իմ մասին այդքան խոր չեմ մտածել: Գուցե արտահայտվեց այն ժամանակ, երբ թողեցի ճարտարապետությունն ու արվեստը և երրորդ կուրսից հեռացա պոլիտեխնիկական ինստիտուտից: Դասախոսներս զարմացել էին, Վարազդատ Հարությունյանն առաջարկում էր ակադեմիական արձակուրդ վերցնել, որ նկարչական չընդունվելու դեպքում վերադառնամ: Ընդունվեցի Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական կուրսեր, սակայն ավարտեցի Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան:
-Հետահայաց գնահատականով` ճի՞շտ էր այդ որոշումը:
-Երբ հաճույքով ես զբաղվում քո գործով, ավելի մեծ երջանկություն չկա:
-Ի՞նչ է Ձեզ համար նկարչությունը, ինքնահաստատման հասե՞լ եք նկարչության մեջ` Ձեր գնահատականով:
-Ռուսները լավ խոսք ունեն` դար ապրիր, դար սովորիր: Ինձ չի հետաքրքրել մի կետի հասնել ու կանգ առնելը: Կան նկարիչներ, որ գտնում են իրենց հունը ու գնում են, ինձ հետաքրքրում է որոնումը: Տեղում մնալը նման է անթիկնակ աթոռ սարքելուն` ընդունվել է վաճառքի, սպառում ունի, արտադրիր որքան կարող ես: Բայց նստելու համար կան թիկնաթոռ, բազկաթոռ, գահավորակ, ի վերջո` բազմոց: Պիտի նորություն լինի, որ քեզ իր հետևից տանի: Կհասնես ինչ-որ տեղ, թե չես հասնի, հայտնի չէ, բայց պիտի գնաս: Ես չեմ հասկանում այն նկարիչներին, որ ասում են` առավոտյան ժամը 8-ին արթնանում եմ, սուրճ եմ խմում, զբոսնում եմ շանս հետ կամ մենակ ու տուն եմ գալիս` նկարակալի առաջ կանգնելու, հետո ճաշում եմ, զբոսնում եմ ու վերադառնում եմ նկարակալի առաջ` նկարելու: Ես չեմ մոտենում նկարակալին, քանի դեռ նկարելու պահանջ չունեմ: Միշտ էլ կարելի է կտավը քսմսել, բայց հենց այնպես քսմսել ես չեմ ուզում:
-Այսօր Հայաստանում նկարչության ազգային դպրոց կա՞:
-Հայաստանը այն երկրներից է, որտեղ նկարչությունը ազգային նկարագիր է: Տեսեք` ինչքան նկարիչ ունենք այս փոքրիկ հանրապետությունում: Քանիսն են դրսում: Եվ` լավ նկարիչներ, ճանաչում ունեցող: ԽՍՀՄ-ի ժամանակներում նկարիչների կյանքը բոլորովին այլ կազմակերպում ուներ, դա չպահպանվեց: Ճիշտ է` այն ժամանակ 40-50 տարեկանին դեռ ասում էին երիտասարդ նկարիչ, որովհետև իրենից մեծերն էլ կային, բայց պետությունը կազմակերպում էր նկարիչների կյանքը` նրանցից նկարներ էր գնում, պատվերներ էր տալիս (հիմնականում թեմատիկ պլակատներ, բայց դա վճարովի աշխատանք էր), նկարիչներն իրենց տեղն ունեին մամուլում` առանց գեղարվեստական խմբագրի թերթ ու ամսագիր չկար, և դա ձևական հաստիք չէր. իրենց գործն ունեին ու անում էին` մակետի, շարվածքի ու տառատեսակի, շապիկի ու վերնագրերի խնդիրներ կային: Այսօր այդքան թերթ չկա, որ բոլոր նկարիչներն աշխատանք ունենան, իսկ այն ժամանակ որևէ նկարիչ ներկի խնդիր չուներ, որևէ նկարիչ ներկ չէր վաճառում, որ հաց առներ, որովհետև ներկը նկարչի համար իր աշխարհի սկիզբն է: Ինչո՞ւ պիտի նկարիչը փողոցում կանգնի ու իր կտավը վաճառի, ի՞նչ Վերնիսաժ: Նկարչի տեղը նկարակալի առաջ է, նա ո՛չ վաճառական է, ո՛չ մենեջեր:
-Նկարիչների միությունը չի՞ ապահովում այն գործառնությունները, որ առաջ ստանձնել էր պետությունը:
-Մի ժամանակ ինչ-որ գործ արվում էր, երբ պետությունից փող էին ստանում: Կտավներ էին գնում: Լավ է, որ շենքը նորոգեցին, նորմալ ցուցադրության պայմաններ ստեղծվեցին, բայց դա շատ քիչ է:
-Դուք նկարիչների միության անդա՞մ եք:
-Ո՛չ, ժուռնալիստների միության անդամ եմ, որովհետև «Պիոներ կանչից» սկսած աշխատել եմ մամուլում, իսկ նկարիչների միության անդամ չեն ընդունել տեխնիկական պատճառաբանությամբ. երբ վերադարձա Թբիլիսիից, դիմեցի, բայց մերժեցին, որովհետև Երևանի գրանցում չունեի: Ես կարող եմ Երևանում ոչ մի օր չապրել, բայց Հայաստանի նկարիչների միության անդամ լինել իբրև հայ նկարիչ: 1000-ից ավելի գրքեր եմ ձևավորել, մրցույթների եմ մասնակցել ու մրցանակներ եմ ստացել արտասահմանում, իսկ նկարիչների միությունում դեռ պիտի գործերդ նայեն, քննեն, քննարկեն, որ որոշում կայացնեն:
-Ինքնարտահայտման համար այսօր Հայաստանում նկարիչն ի՞նչ պրոբլեմ ունի:
-Ֆինանսական: Ֆինանսական: Ֆինանսական: Պետությունը բացարձակ անտարբեր է իր նկարչի նկատմամբ, նրանց կտավների ցուցադրությանը ու վաճառքին չի աջակցում իր գերատեսչությունների ու կառույցների միջոցով: Ժողովրդին պահել է իր մշակույթը, գաղթի ժամանակ ժողովուրդն իր ունեցվածքը թողած` վանքի դուռն է շալակած փախցրել-փրկել, գրքերն է վրաները կապած բերել: Ստեղծագործական խնդիրները նկարիչն իր համար կլուծի, ֆինանսականը նրա միայնակ լուծելու հարցը չէ: Պետությունը պետք է մշակույթին տիրություն անի: Արտասահմանում ո՞նց է: 3-4 ամիս հրավերով աշխատեցի Գերմանիայում, ապրում էի Ախենում ու տեսա` ինչ մանրամասն մտածված է պետությունը կազմակերպում իր արվեստագետի կյանքը: Տարեկան երկու աշխատանք ռատուշան քեզնից գնում է, դու ունես ներկի փող, քո ընտանիքը կուշտ է ու հագնված, քո բոլոր հարկերը պետությունը մուծում է: Նվազագույն պայմանները պետությունը քեզ համար ստեղծում է, ստեղծագործիր` առանց օրվա հացի, ներկի փողի մասին մտածելու: Նկարը վաճառելն էլ նկարչի գործը չէ: Մշակույթի ինչ-որ կառույց պիտի ունենաս, որ այդ խնդիրները լուծի:
-Դուք այսօր զբաղվում եք թերթի ձևավորմամբ, Ձեզ համար դա նկարչության շարունակությո՞ւն է:
-Թերթը պիտի ձևով ու բովանդակությամբ ներդաշնակ լինի, դա նախ և առաջ հարգանք է ընթերցողի նկատմամբ: Այսօր թերթերը համարյա չեն ձևավորվում, առավելագույնը` ամեն նյութի հետ մի նկար է դրվում` կապ ունի, թե չունի նյութի բովանդակության հետ: Մատուցման ձևը շատ կարևոր է:
-Նկարչի Ձեր կյանքում «Իրատես de facto»-ն ի՞նչ դեր ունի:
-Ամեն օր շարժման մեջ լինելու: Չճահճանալու: Թերթի կոլաժներն ու ձևավորումը հենց այնպես չեն ստեղծվում, նյութերը կարդում եմ, որ ձևավորման թեման գտնեմ: Իհարկե, բոլոր նյութերը չէ, որ ձևավորում են պահանջում: Հարցազրույցների ձևավորումը, օրինակ, լուսանկարով ավարտվում է:
-Ձանձրալի չէ՞ այդքան նյութ կարդալը:
-Ոչ, եթե սիրով ես անում: Եթե գործն անում ես անելու համար, դաժան է: Սիրելով արած գործը անպատմելի հաճույք է պատճառում:
-Հե՞շտ եք նկարում:
-Երբեմն այնքան եմ տարվում, սկսում եմ գույները չտարբերել` աշխատում եմ, աշխատում եմ հավեսով, բայց սկսում եմ ոչինչ չտեսնել` լավ եմ անում, վատ եմ անում, թողնում եմ կտավը, գնում եմ այգում աշխատելու, մի երկու ժամ, հանգստացած աչքով վերադառնում եմ` կամ ջնջում եմ նկարածս, կամ փոխում եմ: Իմ ամեն կտավի տակ երբեմն երկու-երեք նկար կա, սկսում ես մի կտավ, ավարտում ուրիշը: Հանքափորի պես պիտի փորես, փորես մինչև հանքանյութի մեջ ոսկեհատիկները գտնես:
-Երբ փողոց եք դուրս գալիս ու նկարչի աչքով նայում եք, ի՞նչ Երևան եք տեսնում:
-Երևանն իր տեսքը փոխել է, ինչքան էլ գույնզգույն ներկեն, հին Երևանը չկա: Որևէ քաղաք եթե չի պահպանել իր հին հատվածը, ուրեմն իրեն չի հարգում:
-Հին Երևանը կա՞:
-Կար` քանդեցին: Այն մարդը, ում համար ճարտարապետական լավագույն կառույցը գոմն է եղել, հիմա փողի համար ինչ տեսնում` հերն անիծում է: Ճարտարապետության մեջ կա «քամիների վարդ» հասկացությունը, որ նշանակում է քամիների ուղղությունը հաշվարկել: Թամանյանը նախագծելիս նկատի էր ունեցել, թե որտեղ ինչ բարձրությամբ շենքեր պետք է կառուցել, որ քամին աշխատի: Այսօրվա Երևանում առավոտից սմոգը նստած է: Իսկ քաղաքի ինքնատիպ կոլորիտն ընդհանրապես լուսանկարներում մնաց:
-Թամանյանի Երևանն ուրի՞շ էր:
-Երևանցու Երևանն էր ուրիշ: Անգամ նախկին Նարիմանովի հողածածկ տնակներն ավելի շատ դիմագիծ ունեին, քան այսօրվա բարձրակարգ ճարտարապետների նախագծած բազմահարկերը: Հին քաղաքում ամեն ինչ իր համուհոտն ուներ, այդ պատճառով էլ իր կարաբալաներն ուներ, հիմա` ոչ: Լուսավորված ցուցափեղկերի գեղեցկությունը չի սքողում քաղաքի դատարկությունը: Երևանն այսօր անցյալի մասին պատմելու բան չունի: Քանդեցին, վերացրին նրա պատմությունը։ Համեմատեք Թբիլիսիի հետ, որ պահպանել է պատմական դեմքը: Ճիշտ է, նրանք էլ նորակառույցներ ունեն, նոր եկեղեցին, նախագահի պալատը, Քուռի վրայի կամուրջը, որ նման են տորթի վրա դրված արդուկի:
-Թամանյանի կառուցած հրապարակը կորցրեց տեսքն ու հեռանկարը, երբ շրջապատվեց անկապ ու անկարգ բարձրահարկերով:
-Ցածրն էլ պետք է այդ ոճի մեջ կառուցվեր: Հրապարակը այսօր խեղդված է: Վերջին 20-25 տարում Երևանի հերն անիծեցին: Հյուսիսային պողոտայի կատակոմբները Ձեզ դո՞ւր են գալիս: Քաղաքն ամբողջովին լույսերի մեջ է գիշերը, այդ հատվածում կարծես լուսաքողարկում է: Երևանին պակասում է երևանցին, և դա հասկանալու համար պետք չէ արդեն նկարիչ լինել:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao