Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հրաշալի երեկո քաղաքականության մեջ

Հրաշալի երեկո քաղաքականության մեջ
23.07.2013 | 00:20

Հայաստանի աշխարհաքաղաքական դերը ժամանակակից միջազգային հարաբերությունների համատեքստում քննարկելու համար Հայաստանի քաղաքագետների միությունը հուլիսի 20-ին հանդիպման էր հրավիրել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, քաղաքագիտության դոկտոր Անատոլի Տորկունովին: Իրեն անվանելով Հեռավոր Արևելքի հարցերի մասնագետ` պարոն Տորկունովը ի սկզբանե ասաց, որ Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ բացահայտումներ չի անելու, այնուհանդերձ, ունի որոշակի նկատառումներ: Կասկած չկա, որ համաշխարհային քաղաքականության մեջ կան պետություններ, որ շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան իրենց ՀՆԱ-ի ցուցանիշներն են, ավելին են իրենց պատմությամբ, աշխարհաքաղաքական դիրքով, բազմապլան ու բազմաճյուղ սփյուռքով: Ժամանակակից Հայաստանը իր դարավոր պատմությանն անգամ կարողացել է նոր գծեր հաղորդել: Հայաստանը կապում է դասական հետխորհրդային տարածքը Արևելքի ու Փոքր Ասիայի հետ, քիչ երկրներից մեկն է, որ կարողացել է համակարգված հարաբերություններ հաստատել այնքան բարդ մի պետության հետ, ինչպիսին Իրանն է, Կովկասում Ռուսաստանի ռազմաստրատեգիական ներկայության հենակետն է, ընդ որում, կարողանում է հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, որ ռուս գործընկերների որոշակի հարցերն է հարուցում: Հայաստանը և՛ պատանդ, և՛ բանալի է Հարավային Կովկասի հակամարտությունների համար: Պարոն Տորկունովն այս տարրերում ներքին հակասականություն է տեսնում, թեպետ համարում է, որ այդպիսին է Հայաստանի ընկալումը միջազգային ասպարեզում: Ընկալում, որ ենթակա է փոփոխությունների: Փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը լինելու է տնտեսությունը: Անդրադառնալով պրոբլեմներին` պարոն Տորկունովը ժամանակին մեծ սենսացիա համարեց հայ-թուրքական շփումները բարձր մակարդակում և արձանագրությունների ստորագրումը: Այս ուղղությամբ շարժվելը բարդ է, բայց արդյունքները կարդարացնեն ջանքերը: Մոսկվայի և Երևանի ռազմաստրատեգիական փոխգործակցությունը չի ավարտվում նրանով, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: Նշվեց, որ 20-30 տարի առաջ կազմված համագործակցության գծակարգերն արդեն հնացել են և չեն կարող արդյունավետ լինել նոր պայմաններում: Ողջունելի է Հայաստանի` Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ձգտումը: Այս հարցում մոսկվացի քաղաքագետը միանգամայն տեղին է համարում ռուսական կողմի մասնակցությունը: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ կատարված լուրջ աշխատանքը Հայաստանի համար կարող է պրոբլեմ դառնալ, եթե այդ նախագծում հաշվի չառնվի հյուսիսային ուղղությամբ հարաբերությունների համակարգը:
Ընդունվեց նաև ռուսական կողմի թերացումը և բացատրվեց հոգեբանական դիսկոմֆորտով` դաշնակցի հետ դժվար է խոսել չափազանց բարդ հարցերի մասին: Այնուամենայնիվ, Անատոլի Տորկունովը համարում է, որ մինչև նոյեմբեր բավականին ժամանակ կա քննարկումների համար, և արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է գտնել թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի համար ընդունելի քայլեր: Եվրոպական և եվրասիական ինտեգրումը միմյանց լրացնող գործընթացներ են, քանի որ ինտեգրման բոլոր նախաձեռնությունները հիմնված են Առևտրի համաշխարհային կազմակերպության ունիվերսալ նորմերի վրա և ուղղված են ապրանքների ու ծառայությունների անխափան հոսքին, ի վերջո, կոնսոլիդացնում են ընդհանուր մայրցամաքային տարածքը: «Հույս ունեմ, որ Հայաստանը, որի համար կենսականորեն կարևոր է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալն ու որակը, կարող է անկրկնելի դեր ունենալ եվրոպացի գործընկերներին այս ակնհայտ ճշմարտությունները բացատրելու հարցում: Հարավային Կովկասում իրավիճակի արմատական բարելավման հեռանկարը, տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի ներդրումային գրավչության մեծացումը հետագա քաղաքական կայունացման հետ են կապված: Զսպվածությունն ու զգուշությունը, որ դրսևորում են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարող վերնախավերը խաղաղության պահպանման համար, պետք է ողջունել: Սակայն կարելի է ավելի մեծ վճռականություն դրսևորել` անկայունության օջախի վերացման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու համար: Պետք է ռեալիստ լինել. ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, ո՛չ Ստեփանակերտը չունեն հարցի լուծման միանշանակ տարբերակ: Մինսկի խմբի ջանքերը արդյունավետ կլինեն, եթե լուծումները ձևակերպեն հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը համատեղ»,- ասաց Անատոլի Տորկունովը: Նա համարում է, որ միջազգային քաղաքականության մեջ սերնդափոխություն է կատարվում, և քաղաքագետների, դիվանագետների ամեն նոր սերունդ ձերբազատվում է հին բարդույթներից ու դրական փոփոխությունների շանսեր բերում: Նրա կարծիքով` նոր սերունդը հայ-ռուսական հարաբերություններում ավելի շատ հրապարակայնություն ու պրագմատիզմ պետք է բերի, միջազգային համապատկերի ավելի խոր ընկալում` պահպանելով փոխադարձ հարգանքը և մարդկային ջերմությունը, որ դարեր շարունակ միացրել է երկու քրիստոնյա ժողովուրդներին: Իհարկե, նա նաև հիշեցրեց, որ, 2010-ի մարդահամարի տվյալներով, Ռուսաստանի քաղաքացիներ են 1200000 հայեր: Ժամանակ առ ժամանակ ծագող հուզական բռնկումների հետ կուտակվել է փոխհարաբերությունների վիթխարի փորձ, որ պետք է գնահատել ու պահպանել:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի առաջարկով` հետագա քննարկումը շարունակվեց ժողովրդի և քաղաքական վերնախավերի տեսակետների վերաբերյալ: «Էլիտան արժանի է էլիտա կոչվելու միայն այդ դեպքում, երբ արտահայտում է հասարակության մեջ իշխող տրամադրությունները, հակառակ դեպքում իշխող դաս է, որ իշխանության է եկել` օգտագործելով քաղտեխնոլոգիաներ և չի արտահայտում ժողովրդի շահերը»,- կարճ ու բովանդակալից ձևակերպեց քաղաքագիտության դոկտոր Անատոլի Տորկունովը: Ընտրության ժամանակ նա ապավինում է պրագմատիզմին և ողջամտությանը: Այսօր, երբ ձևավորվում են նոր կառույցներ, նոր միավորումներ, քաղաքական նոր երկրաչափություն է ծագում, ամեն քայլ պետք է գնահատել ողջամտության տեսակետից: Մի կողմից` հզոր ինտեգրային գործընթացներ են տեղի ունենում, որ ամբողջ շարք երկրներ են ընդգրկում, մյուս կողմից` միջազգային ասպարեզում իշխում են ռեգիոնալացման միտումները: Եվրասիական տարածքում գլոբալացման ու ռեգիոնալացման գործընթացները զուգահեռ են, բայց դա չի նշանակում, որ պետք չէ գերակայությունները որոշարկել: Ինտեգրման բարձր աստիճան կա Եվրամիությունում, գործում են հստակ ու կոշտ կանոններ, որոնց պետք է հետևել: Եվրասիական միության առավելությունն է, որ որոշումներն ընդունում են բոլոր կողմերը, խաղի կանոնները մշակում են խաղի մասնակիցները, բոլոր որոշումներն ընդունվում են համատեղ: Եվրասիական, թե Եվրոպական միություն կողմնորոշվելիս` պարոն Տորկունովն առաջարկեց նորից հիշել, թե որքան հայեր են այսօր բնակվում Ռուսաստանում և որքան հայեր են մեկնում արտագնա աշխատանքի, 1 200 000-ին ավելացվեց ևս 200 000: «Որքան համարժեք ու ճիշտ է էլիտան արձագանքում հասարակության տեսակետներին, այնքան ամուր կլինեն նրա դիրքերը և՛ այսօր, և՛ վաղը»,- եզրակացրեց նա:

Հանդիպումը Ա1+-ով ուղիղ հեռարձակվում էր և ժամանակ առ ժամանակ Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում էր պատասխանել համացանցային կապով ստացված հարցերին: Առավել մեծ թվով ունկնդիրների էր հետաքրքրել Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի հարցը, առավել ևս, որ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանը գնած մեկ միլիարդին պատրաստվում է հավելել ևս երկու միլիարդ դոլարի զենք ու զինամթերք: Ի պատասխան պարոն Տորկունովը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է տալիս անհատույց, նա կարևորեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը, որը գործառնում է ՀԱՊԿ-ի շրջանակներում և ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Ադրբեջանին զենքը վաճառվել է բացարձակ շուկայական գներով, և եթե ոչ Ռուսաստանից, միևնույն է, մեկ այլ երկրից այդ զենքը Բաքուն գնելու էր` կարծում է քաղաքագետը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հետաքրքրում էր` հնարավո՞ր է, որ մի երկիր իր ռազմաքաղաքական հարցերը լուծի մեկ միության հետ, մնացած հարցերը` մեկ այլ միության: Պատասխանը ենթադրելի էր և միանշանակ` ոչ: Արամ Կարապետյանը կարծում է, որ Ռուսաստանը հստակ մշակված քաղաքականություն չունի ԱՊՀ երկրների և Հարավային Կովկասի նկատմամբ: Ի պատասխան հնչեց. «Աշխարհն այսօր այնքան փոփոխական է, այնքան շատ գործոններ են ազդում միջազգային հարաբերությունների ձևավորման վրա, որ երկաթբետոնե ռազմավարություն մշակել նպատակահարմար չէ: Կա հայեցակարգ, որ հստակ սահմանում է Հայաստանի հետ մեր ռազմավարական դաշինքը, ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը, գործընկերային հարաբերությունները Հարավային Կովկասի բոլոր պետությունների հետ»:
Քննարկումների զիգզագները հանգեցրին Եվրամիության ճակատագրին` ի՞նչ փոփոխություններ կկրի կառույցը և, ընդհանրապես, կպահպանվի՞, թե՞ ներքին հակասություններից կտրոհվի։ Անատոլի Տորկունովը կարծում է, որ կպահպանվի, բայց կփոփոխվի անպայման։ Իսկ ի՞նչ վերաբերմունք կլինի հին ու նոր անդամների նկատմամբ, այն երկրների նկատմամբ, որ նոր են պատրաստվում անդամակցել. այս հարցերը, նրա կարծիքով, դեռ պատասխան չունեն: Համենայն դեպս, երջանկությունից չեն շողշողում նոր անդամակցած երկրները, նույնիսկ հին երկրներում հնչում են ԵՄ-ից դուրս գալու կոչեր: Վերստին «աղետյալ Եվրամիությունը» համեմատելով ստեղծվող Եվրասիական միության հետ` ռուս քաղաքագետը կոչ արեց հաշվի առնել, որ այս դեպքում որոշումները մասնակիցները համատեղ են ընդունում` բազմագործոն վերլուծության հիման վրա:
Շոգ երեկոյի քամիների մեջ ընդարմացած քաղաքի փոշոտ փողոցներով տուն գնալիս մի քանի հարցեր էին պտտվում հոգնած գլխումս։ Նախ` ես չհասկացա, որևէ մեկին էլ չհետաքրքրեց, թե ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մասնակցի Հայաստանի արտաքին քաղաքականության մշակմանը, եթե Հայաստանը չի մասնակցում Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձևավորմանը և ոչ մի հավակնություն չունի մասնակցելու: Ճի՞շտ է ռուս քաղաքագետը, երբ ասում է. «Զսպվածությունն ու զգուշությունը, որ դրսևորում են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարող էլիտաները խաղաղության պահպանման համար, պետք է ողջունել»: Ֆորմալ առումով` իհարկե, դիվանագիտական առումով` թերևս, բայց որտե՞ղ է նա տեսել Ադրբեջանի զսպվածությունն ու զգուշությունը` մեկ, ապա նաև երեք միլիարդի հարձակողական զենք գնելի՞ս, «Սմերչ» ձեռք բերելի՞ս, օրը մի քանի անգամ պատերազմի սպառնալիքներ հնչեցնելի՞ս, թե՞ հայերին Ադրբեջանի թիվ մեկ թշնամի հայտարարելու մեջ: Հարցը, ի դեպ, բնավ հռետորական չէ: Եվ, վերջապես, պարադոքս է, բայց վերջին մեկ-երկու ամսվա քննարկումներից հետո ինձ սկսել է թվալ, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան մեզ պաշտպանում է... Ռուսաստանից: Այլ երկրներից կպաշտպանի, թե ոչ, դեռ հայտնի չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քաղաքագետների միության նախորդ հյուրի` Սերգեյ Կուրղինյանի համեմատությամբ Անատոլի Տորկունովը ուղղակի հայասեր ու հայամետ էր, թեպետ նրա գաղափարները նվազ վիճելի ու հակասական չեն: Ե՛վ քարոզչության տեսակետից, և՛ քաղաքականության, և՛ հեռանկարի: Պարզապես նա ռուս ինտելիգենտ է` հասկացության ողջ խորքով ու հմայքով: Ափսոս, որ հանդիպմանը ներկա չէր Հայաստանում ՌԴ դեսպանը: «Որքանո՞վ են նրա գաղափարները համարժեք հայ իրականությանն ու Հայաստանի նպատակներին»,- հարցրի հանդիպումից հետո «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանին: Այդ և ածանցյալ հարցերի պատասխանները կարդացեք «Իրատես de facto»-ի հուլիսի 26-ի համարում:

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ