Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

«Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»
25.07.2013 | 14:38

Վերդիի և Վագների 200-ամյակներին նվիրված համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է այս համերգաշրջանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ:
Հնչելու են արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից:
«1813 թվականը աշխարհին տվեց օպերային երկու գերհանճար` իտալական օպերայի Վերդիին և գերմանական օպերայի Վագներին, որոնք ամբողջ կյանքում արտաքուստ իրար հետ պայքարեցին, բայց ներքուստ, համոզված եմ, իրար շատ գնահատում էին,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:- Մանավանդ որ Վերդին «Աիդայից» հետո երկար տարիներ օպերա չգրեց, ասաց` իմաստ չունի այնպես գրել, ինչպես գրել եմ, եթե հիմա գրեմ, ուրիշ բան պետք է լինի: Եվ Վերդին գրեց «Օթելլոն» ու «Ֆալստաֆը»: Վագների ազդեցությունն ակնհայտ էր: Ես միշտ մտածում եմ, որ եթե Վերդին վեց տարի քիչ ապրեր, եթե չունենար «Օթելլոն» և «Ֆալստաֆը», պատմության առաջ նա կլիներ ուրիշ կոմպոզիտոր»:
Էդուարդ Թոփչյանը նշեց, որ մեր երգիչները կրթված են իտալական ուղղությամբ, ինչը հրաշալի է, բայց Վագներ, փաստորեն, մեզ մոտ չեն երգում, կամ եթե փորձում են երգել, առայժմ շատ հաջողված փորձեր չեն դրանք:
Է. Թոփչյանը ուրախալի փաստ է համարում այն, որ Երևանում Վագներ են կատարելու Հասմիկ Պապյանի հետ: Համագործակցությունը կշարունակվի: Կան նաև նոր մտահղացումներ, գուցե դրսից հրավիրեն ամբողջ մի կազմ կամ երկու-երեք դերակատարների` Հայաստանում Վագների օպերաներից կատարելու համար:
«Հա՞յ, թե՞ այլազգի կոմպոզիտորներն են ավելի շատ գրավում ֆիլհարմոնիկի ունկնդրին»:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին, Էդուարդ Թոփչյանն ասաց, որ եթե մեկն ասի, թե Վագները օտար է, գերմանացիներինն է, կամ Պուչինին իտալացիներինն է, կամ Բախը գերմանացիներինը, ինքը պատրաստ է վիճելու:
«Նրանք բոլորն իմն են: Եթե կասկածում եք, ես կապացուցեմ: Նույն կերպ Արամ Խաչատրյանն է իմը, Տիգրան Մանսուրյանը: Մենք հայ ազգանուններ ունեցող կոմպոզիտորների գործեր շատ ենք կատարում, բայց ես Երկանյանին չեմ կատարում, որովհետև նա հայ է, ես սիրում եմ այդ երաժշտությունը: Ես Վերդիով ծնվել-մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞: Հայ է: Երաժշտությունն ազգություն չունի: Խաչատրյան կատարելիս մտածում ենք, որ գերհանճարեղ երաժշտություն ենք նվագում: Իհարկե, հիանալի է, որ աշխարհին տվել ենք նման կոմպոզիտորներ, որ մենք էլ ունենք մեր բաժինը համաշխարհային երաժշտության ասպարեզում»:
Պարոն Թոփչյանը կոպիտ սխալ է համարում այն, որ անընդհատ ուզում ենք քաղաքականացնել երաժշտությունը, նրա կարծիքով, դրա պատճառն այն տգեղ հայտարարությունն է, թե ֆիլհարմոնիկը հայկական երաժշտություն քիչ է կատարում:
«Շատ-շատ է կատարում, ուղղակի հիմա կատարելը դրոշակ ենք դարձնում, առաջ լուռ էինք կատարում, ով չէր ուզում, չէր նկատում,- ասաց նա, կրկին շեշտելով, որ երաժշտությունը Բախ է, Վերդի, Պուչինի, Չայկովսկի:- Չակովսկին ինչ է, ռո՞ւս է: Ի՞մը չէ, ես դրանով ապրել եմ, ապրում եմ և ապրելու եմ: Այն պահին, երբ ես Չայկովսկի եմ նվագում, կամ ես եմ ռուս, կամ նա ռուս չէ: Եվ ցանկացած երաժիշտ, չեմ ուզում ինձ առանձնացնել: Գիտեք, բոլորը իրենց լեզուներով են խոսել, բոլորը եղել են համամարդկային, դա է ամբողջ հրաշքը»:
Հավելենք, որ նոր համերգաշրջանում ֆիլհարմոնիկ նվագախումբը կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի 110-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ