Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գազ թանկացնելով, ադրբեջանցուն զենք ծախելով ռուս կառավարողն ավելի շուտ իր ապագան է փորձության ենթարկում

Գազ թանկացնելով, ադրբեջանցուն զենք  ծախելով ռուս կառավարողն ավելի շուտ  իր ապագան է փորձության ենթարկում
26.07.2013 | 12:00

Բազմիցս ասել եմ, որ ռուսները մեր լավը չուզող բարեկամներն են, բայց, այդուհանդերձ, մեր բարեկամներն են: Մոտ երկուհարյուրամյա այդ բարեկամությունը` իր բոլոր դրսևորումներով (դրական և բացասական), ոչ-ոք չի փորձել ենթարկել փորձության, հարցականի տակ դնել, թե այդ բարեկամությունը բոլորից շատ ո՞ւմ է ձեռնտու` բիրտ մուսուլմաններով (բիրտ մուսուլման ասելով միշտ նկատի եմ ունեցել թուրքին, նրա ածանցյալ ադրբեջանցուն) շրջապատված հայերի՞ս, թե՞ դարերով միշտ իր հզոր բազկին ապավինած ռուսին:

Ինչ խոսք, հզոր բազուկ ունենալը և նրան միշտ ապավինելը հիանալի է, բայց, ինչպես ցույց է տվել ռուսական պատմությունը, միայն այդ բազկին ապավինելը, մեղմ ասած, քիչ է, որովհետև նրա հակառակորդները լավ հասկանալով ռուսական կոշտ ուժի քաղաքականությունը, Ռուսաստանը միշտ (հարյուր տարին մեկ) քանդել են յուրովի: Ռուսաստանը Ֆրանսիայի հետ կիսելու ոչինչ չուներ, բայց անգլիական դիվանագիտությունը կարողացավ հասնել նրան, որ Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա: Ֆաշիստական Գերմանիան էլ եթե կատարեր 1939 թ. կնքված պայմանագիրը, հավանաբար այսօր աշխարհն այլ կլիներ: Ասել կուզեմ, որ Անգլիայի պատմությունը, հակառակ ռուսականի, դիվանագիտության պատմություն է, խելացի ու զուսպ, ինչը չես ասի Ռուսաստանի վերաբերյալ: Հայտնի քրդական ասացվածքը, թե աշխարհում քուրդը չունի բարեկամ, հավանաբար կարելի է վերագրել նաև ռուսին: Այսօր ռուսը աշխարհում բարեկամ չունի, իրենից բացի: Անգամ մեկ պատմություն ունեցող սլավոն եղբայրները հաշտ չեն իրար հետ: Ինչո՞ւ: Հաճախ եմ հարցրել ինքս ինձ և չեմ գտել պատասխանը: Ասես` ռուսը չար է, անշուշտ, սխալ կլինի: Ռուսական գրականությունը, արվեստը համամարդկային արժեքներ արտահայտող և ուսանելի գործեր են: Ռուս մտավորական մարդու հետ շփվող այլազգին նրանից սովորելու շատ բան ունի: Թեպետ նրանցից շատերը ռուսական ծագում չունեն: Այսօր նախկին խորհրդային երկրի ժողովուրդները սովից չմեռնելու համար լեգալ կամ անլեգալ ճանապարհով հատում են Ռուսաստանի սահմանը և այնտեղ աշխատում իրենց հանապազօրյա հացը: Ճիշտ է, ռուսը սիրալիր չէ նրանց նկատմամբ, կասեն շատերը, բայց թող թույլ տրվի հարցնել` իսկ նախկին խորհրդային ժողովուրդները սիրալի՞ր են ռուսի նկատմամբ: ԽՍՀՄ-ում ամենից վատ ապրում էր ռուսը: Գուցե ոմանք ասեն, թե ռուսը չաշխատող է, հարբեցող: Դժվար է միանշանակ պատասխան տալ, բայց որ այսօր ՌԴ-ում մոլեգնում է ռուսական մեծապետական շովինիզմը, փաստ է: Եթե այսօր ոմանք ասում են, թե Պուտինը փորձում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը, չարաչար սխալվում են: Գուցե Պուտինը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը տարածքային առումով, բայց ոչ ամենևին բովանդակային իմաստով: Լենինը ժամանակին տվել է ռուսական մեծապետական շովինիզմի գնահատականը, որը ԽՍՀՄ-ում լիովին ոչնչացված էր շնորհիվ կոմունիստական կուսակցության գաղափարախոսության: ԽՍՀՄ-ում երբևէ չէիր լսի «мы россияне» շովինիստական շեշտադրմամբ բառերը, ինչն այսօր ռուսական հեռուստաէկրաններից ցած չի իջնում: ԽՍՀՄ-ի վերականգնումն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե Պուտինն իր իշխանությունը կամովին հանձնի կոմունիստներին, և հավատացած եմ, որ այդ դեպքում ԽՍՀՄ նախկին ժողովուրդները ոտքի կելնեն հանուն լայնածավալ երկրի վերականգնման: Այսօր բոլորս էլ գիտենք, թե ինչպիսին է Ռուսաստանի քաղաքական, տնտեսական վիճակը: Գազ, հումք ծախելով երկիրը գուցե ռազմականորեն հզորացնես, բայց այդ հզորությունը քեզ չի պաշտպանի կործանումից: Փաստեմ օրինակով: Այսօրվա Ռուսաստանն ավելի հզոր չէ, քան ԽՍՀՄ-ը, որի տանկերը, ըստ Արևմուտքի ռազմական փորձագետների, 6 ժամում կարող էին հատել Լա Մանշը, բայց կյանքը ցույց տվեց, որ անգլոսաքսերը կարողանում են առանց պատերազմի հաղթել պատերազմում: ԽՍՀՄ-ի պես հզոր երկիրը մահացավ ինֆարկտից: Ինչո՞ւ: Որովհետև կոմունիստական հզոր գաղափարախոսությունը, որին քսաներորդ դարի սկզբում ծառայում էր ողջ առաջավոր մարդկությունը, դարավերջին կանգնած էր կործանման առաջ, և այդ աղետը գուշակում էին բազմաթիվ խելացի մարդիկ: Բայց նրանց լսող չկար, որովհետև բթամիտ կառավարողները հույսները դրել էին «Սմերչների» և «Տոպոլների» վրա: Անգամ Աֆղանստանը նրանց դաս չեղավ: Կամ մեկ ավելի ցայտուն օրինակ. առանց լեգեոնի որևէ զինվորի Քրիստոսը գրավեց աշխարհը: Այսօր աշխարհի տերերը այն գրավում են իրականում չեղած դեմոկրատիայով: Դեմոկրատ երկիրը որևէ ուրիշ երկիր ավերակ չի դարձնի: Եթե այսօր Ռուսաստանը որևէ տեղ ուժ կիրառի ԱՄՆ-ի նման, պատկերացնում եմ` ինչպիսի վայնասուն կբարձրացնի Արևմուտքը: Ռուսաստանին դարեր շարունակ չի հերիքել այդ դեմոկրատիայի շղարշը, չի հերիքել նաև իրեն նվիրված բարեկամների հետ պետականորեն շփվելու, հաղորդակցվելու քաղաքական մշակույթը: Ինչո՞ւ, որովհետև նրա ենթագիտակցության մեջ նստած է մեկ բան` мы россияне, այսինքն` մեր դեմ խաղ չկա: Եվ այդ «մեր դեմ խաղ չկա» գիտակցությամբ էլ Ռուսաստանի կառավարողները գործում են դարերով նվիրված հարևանների հետ: Վերցնենք կոնկրետ հայ-ռուսական վերջերս լարված հարաբերությունները: Մինչ այդ հարցին անդրադառնալը, ասեմ, որ այսօր Պուտինը կա, վաղը չի լինի, չի լինի նաև Սերժ Սարգսյանը, բայց դարավոր բարեկամությունը կլինի և կմնա, ոչ թե այն բանի համար, որ ռուսները չլինեն` մենք կկործանվենք, այլ որովհետև, եթե մենք չլինենք, ռուսական սահմանները վաղը կսկսվեն Վոլգայի ափերից և կարճ ժամանակ անց այդ սահմանները է՛լ ավելի կսեղմվեն: Բյուզանդական կայսրության դասերն ինձ այդպես են հուշում: Ռուսաստանն իր դարավոր փորձով չի համոզվել և չի էլ համոզվելու, որ փոքրաթիվ հայ էթնոսն իրեն թշնամի լինել չի կարող: Թող ռուսները ցույց տան գեթ պատմական մի դեպք, որ հայը դավաճանել է նրան: Իսկ ռո՞ւսը, որքան ուզես: Ամեն անգամ հայ-թաթարական բախումներ հրահրելով: Ռուսը որևէ բանի չի հասել, բայց հակառակը։ Այսօր արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետությունը որքան հայերիս է վտանգավոր, այդքան առավել ռուսին: Դեռևս անցած դարի վերջին ռուս բանաստեղծն է ասել` իսկ Բաքվում սրում են դանակն ընդդեմ Մոսկվայի: Ընդունենք մի պահ, որ Հայաստանը վերացավ, Թուրքիան միացավ Ադրբեջանին և Կասպից ծովով (եթե, իհարկե, Իրանի ադրբեջանցիները այդ ժամանակ իրենց զգալ չտան) վերադարձավ իր պատմական հայրենիք (Կովկասի մուսուլմանները, անշուշտ, նոր շնչով կարթնանան), և վայրագ հոները Ալթայից նորից կխուժեն ռուսական տափաստաններով դեպի Արևմուտք: Ինչո՞ւ են ներկայիս ռուս կառավարողները այդքան կարճատես և շարունակում են նախկին սխալները: Հզոր Հայաստանը երբեք Ռուսաստանին թշնամի չի լինի: Մեր ճակատագրերը պատմականորեն լուծվել են 1384-ին` Կուլիկովյան դաշտում: Այնպես որ, այսօր գազ թանկացնելով, ադրբեջանցուն զենք ծախելով ռուս կառավարողն ավելի շուտ իր ապագան է փորձության ենթարկում: Ռուսաստանը չի կարող շարունակել մի կրակոցով երկու նապաստակ սպանելու քաղաքականությունը: Ռուս կառավարողը պետք է հստակ հասկանա` ո՞վ է իր բարեկամը և ո՞վ` ժպտացող թշնամին: Այսօր էլ մեր տան անդամների վրա մեծ է ռուսական մշակույթի ազդեցությունը: Մի վառ օրինակ: Գաղտնիք չէ, որ գյուղում այսօր դժվար է մանկապարտեզ պահելը: Արի տես, որ գյուղի սուղ միջոցների պայմաններում անգամ մանկապարտեզի երեխաներին ռուսերեն սովորեցնելու համար ուսուցիչ ենք պահում, անգամ այն դեպքում, երբ գյուղապետարանի խնդրանքը ՌԴ-ի վարչապետին` գյուղի մանկապարտեզում ռուսաց լեզվի ուսուցման համար ՌԴ-ի բյուջեից հատկացնել տարեկան 100 հազար ռուսական ռուբլի, մնաց անպատասխան: Ես ՌԴ-ի վարչապետը չեմ, ես շարքային մտավորական եմ, որ բարձր եմ գնահատում ռուսական մշակույթը, բարեկամությունը:
Վերջում կուզենայի ավելացնել, որ ցանկացած միակողմանի կողմնորոշում սխալ է, բայց առավել ևս սխալ է այս բարդ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում նոր կողմնորոշում որոնելը: Մոտ 200 տարի առաջ հայերիս ռուսական կողմնորոշումը ճակատագրական եղավ մեր ազգի հետագա ճակատագրի համար: Ցանկացած կողմնորոշում ազգին զրկում է սեփական ուժերին ապավինելու հզոր հենարանից: Այսօր նոր կողմնորոշում փնտրելը առավել ևս բախտորոշ է լինելու: Քաղաքականության մեջ դատարկ խոստումները շատ են լինում, իսկ ռեալը սեփական հզոր երկիր ունենալն է, ինչը չես ասի մեր օրերում: Եթե հզոր խաղացող չես, ուրեմն որևէ կողմնորոշում քեզ չի օգնի, և Ռուսաստանն ու Արևմուտքը քեզ վրա կնայեն ոչ թե որպես պետության, այլ տարածքի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ