Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քաղաքատնտեսական շիզոֆրենիա կամ «ԿԲ-Հայաստանի կառավարություն» տանդեմ «Currency board» ռեժիմով

Քաղաքատնտեսական շիզոֆրենիա կամ  «ԿԲ-Հայաստանի կառավարություն» տանդեմ «Currency board» ռեժիմով
26.07.2013 | 12:13

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

Եթե ներքին իրավիճակը չի հասկացվում, ապա վերածվում է ճակատագիր հիշեցնող արտաքին իրադարձությունների։
ԿԱՌԼ ԳՈՒՍՏԱՎ ՅՈՒՆԳ
Շվեյցարացի հոգեբան և փիլիսոփա

«Currency board» թարգմանաբար նշանակում է «արժույթի ֆոնդային բորսա» կամ «արժույթի կառավարման վահանակ»։ Այդ համակարգի էությունն այն է, որ մեր հանրապետության Կենտրոնական բանկի բոլոր պարտավորությունները (փողի բազան)* լիովին ծածկված են արտարժույթի (հիմնականում ԱՄՆ-ի դոլար) պահուստներով։ Այդ պայմաններում Կենտրոնական բանկը, փաստորեն, հրաժարվում է իր դիսկրեցիոն (հայեցողական) իրավունքներից (տնտեսության մեջ փողի ծավալի կարգավորման իրավունք), այդ թվում` փողի քաղաքականությունը լիովին պասիվ է դառնում, և ԿԲ-ն ազգային արժույթն ուղղակի փոխանակում է արտարժույթով, առավել ևս, որ դրսից հանրապետություն արժույթի տրանսֆերտային հոսքերի մասին այստեղ արդեն ավելորդ է խոսել։
Հայաստանը ծպտյալ պարտավորություն է ստանձնել հետևելու այդ կանոնին` «արևմտյան ժողովրդավարությունների» ճանաչման դիմաց «վճարելով» իր նախագահների լեգիտիմությամբ... Այստեղ պետք է նկատել, որ «Currency board» ռեժիմով «իրական փոխարժեքը» չի կարող «տեսականից» բարձր լինել, քանի որ, հակառակ դեպքում, լիովին ազատ փոխանակության պարագայում արժույթի արտահոսքը կհանգեցնի ԿԲ պահուստների ու փողի բազայի սպառմանը։ ՈՒստի փոխարժեքը արհեստականորեն պահում են «տեսականից» մի փոքր ցածր մակարդակի, ինչը խթանում է արտահանությունը, ուրեմն և առևտրի դրական հաշվեկշիռը, և դա թույլ չի տալիս, որ պահուստները սպառվեն։ Բայց արդյունքում մենք երկրի ներսում ստանում ենք փողի հավելյալ զանգված (որը սովորաբար ուղղում են պետպահուստ, կայունացման ֆոնդեր) և ապրանքային զանգվածի պակաս (այսինքն` ինֆլյացիա)։ Այսինքն, հանուն արտարժույթների հանդեպ «դրամի կայունության» (ինչը շատ հարմար է, այսպես կոչված, «հումքավաճառների» համար), կանխավ ներքին խնդիրներ են ստեղծում, անտեսելով սեփական արժույթի հիմնական գործառույթը որպես ազգային տնտեսության սուբյեկտների միջև վճարումների կայուն միջոցի։ Ընդ որում, պետք չէ շփոթել «դևալվացիան» (այլ արժույթների հանդեպ դրամի փոխարժեքի անկումը) և «ինֆլյացիան», որը բնորոշում է երկրի ներսում դրամի գնողունակությունը։ Այսպես, դևալվացիան կարող է ոչ մի ազդեցություն չունենալ ներքին ինֆլյացիայի վրա։ Բայց դրա համար տնտեսության մոդելը պետք է կրի «ոչ հումքային» բնույթ, իսկ արտահանումը բաղկացած լինի բարձր հավելարժեք ունեցող արտադրանքից։
Եվ այսպես, մենք ի՞նչ ունենք այսօր։
«Currency board» ռեժիմը Հայաստանում բացարձակ բան չէ. 20-րդ հարյուրամյակի վերջում ազատական պապուասների համար սկզբից էլ 5-7 տոկոսի կարգի «միջանցք» էր թույլտրված։ 21-րդ հարյուրամյակի սկզբից ՀՀ ԿԲ-ն սկսեց վարել արտարժույթի հետ կապված ավելի խիստ քաղաքականություն, քան մինչ այդ էր։ Նա չմեծացրեց դրամի զանգվածը` միջազգային պահուստներին համամասնական չափով (ունենալով այդ կապիտալը երկարաժամկետ նախագծերի մեջ հետագա ներդրման հնարավորություններ... Դե, դա ՀՀ ֆիննախի խնդիրների մեջ չի մտնում)։ Դրա փոխարեն դրամը էժանացվեց իր իրական արժեքի առնվազն 1,5 անգամի չափով։ Առանձնապես պետք է ընդգծել երկու հանգամանք. նախ, մեր սեփական արժույթի արժեքի նվազեցմամբ և նրա ծավալի սահմանափակմամբ մենք, փաստորեն, այդ ամբողջ ընթացքում նեցուկ ենք լինում օտարերկրյա արժույթներին։ Երկրորդ, ինֆլյացիան (որի դեմ պայքարը յուրօրինակ «մոնետարական ղազավաթ» է կամ, այլ կերպ` փոխարժեքի կամ փողաքանակի «սրբազան պատերազմ») շարունակում էր ծավալվել բնական մենաշնորհների տարիֆների մեծացման հաշվին, որոնց չէր կարող մերժել մեր «բարի հրեշտակ» կառավարությունը։ Այսպես է ՀՀ Կենտրոնական բանկը «պայքարում» ինֆլյացիայի դեմ, որը ստեղծվում է ի՛ր իսկ կառավարության ձեռամբ։
Ստացվում է այնպես, որ երկրի ներսում բոլոր պայմանները ստեղծված են եղել կայուն արտահանման համար, բայց հնարավորություն չի եղել փող ներդնելու երկարաժամկետ ներդրումներ պահանջող սեփական վերամշակման և բարձրտեխնոլոգիական արտադրությունների մեջ։ Փոխարենը մոնետարային պայմաններ էին ստեղծվել օտարերկրյա կապիտալների տեր երկրում ներդրումներ կատարելու համար։ Դրա հետևանքով, անգամ ամենահարուստ հայրենական ձեռնարկությունները նետվեցին պարտքով փող մուրալու արտասահմանում (հընթացս գրավադրելով իրենց ակտիվները)։
Ընդ որում, մենք պետք է հասկանանք, որ մեզ մոտ տեխնոլոգիաների փոխարեն սպեկուլյատիվ կապիտալներ են գալիս (քանի որ արդյունաբերությունը խիստ բարձր է հարկվում)։ Բայց իրականում վիճակն ավելի վտանգավոր է։ Բանն այն է, որ առանց այլոց արժույթների հետ համապատասխանեցնելու փողի թողարկման հնարավորություն ունեցող երկրների` «կայուն արժույթով» ժամանակակից կապիտալները իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ վերացական համակարգչային գրառումներ։ ՈՒ նման «կապիտալները» պետք է ոչ թե ներգրավել, այլ պետք է դրանցից պաշտպանվել։ Ինչո՞ւ։ Որովհետև նման «համակարգչային գրառումներ» պետք է սեփականն ունենալ։
Երկրի «ղեկի մոտ» եղած երեք նախագահներից յուրաքանչյուրը, մի կողմից, հստակորեն հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել հայրենական օլիգարխիայի խրախճանքին, մյուս կողմից, շատ մշուշոտ պատկերացում ունենալով տնտեսության մասին, հույս ուներ, որ առանցքային պաշտոններում նշանակելով «իր թիմի» անդամներին, կկարողանա կառավարել իր իմացած սովետական ղեկավարման մեթոդներով, միաժամանակ պահպանելով վերարտադրության և շահույթի բաշխման կապիտալիստական եղանակը։ Միաժամանակ, հենվելով ազատական «փորձագետների» կարծիքի վրա, որ իրեն բաժին են ընկել «ժառանգաբար» և պաշտպանում են համաշխարհային օլիգարխիայի շահերը։
Այդ երկու գործոնները անսահմանափակ անձնական հարստացման հնարավորություն են, և ազատական խորհրդատուները «մարսել» են ցանկացած նախագահական նախաձեռնություն։ Բեկումը կարելի էր հստակորեն տեսնել արդեն 2004-ին։ Զուգահեռաբար, երկրի` մի քիչ ավելի լավ ապրել սկսած ժողովրդի կարծիքը լիովին բացառվել էր կապիտալիստական երկու խմբավորումների, այսպես կոչված, «պետականամետների» և «արևմտամետների» միջկլանային բախումներից, քաղաքական դաշտը «վերջնականորեն մաքրվել» էր, իսկ ժողովրդավարական ընտրությունները երկրում, փաստորեն, վերացվել են։ Արդյունքում մենք սկսել ենք խրվել գերթունդ «Currency board» ռեժիմի մեջ` 2007-ին գրեթե երկու անգամ արժեզրկելով ազգային արժույթը և վերջնականորեն ավերելով մեր տնտեսության մնացորդներն իսկ։ Այնուհետև իրավիճակը տնտեսության մեջ (երբ շեշտը դրված էր բացառապես հումքի արտահանման և վարկերի վրա) շարունակում էր միայն ցած գլորվել` անընդհատ արագանալով ազատական կապիտալիզմի համընդհանուր ճգնաժամի հետ։ Չկարողանալով հաղթահարել դժվարություններն ու չհասկանալով, թե ինչ պիտի արվի հետո, հանրապետական կառավարությունը (այս «պետականամետները») հաջորդ քայլն արեց, որ պահանջում էին ազատականները` ծախեց հանրային հարստությունների մնացորդները (մնացած շենք-շինությունները և այլն)։
Պետք է հասկանալ, որ այդ գործողությունները ոչ միայն պարզապես «սխալ» են, այլև նշանակում են ազգային ինքնիշխանության լիակատար կորուստ` սկսած պարենայինից (ասենք, կոնյակի գործարան) և վերջացրած հաղորդուղիներով (երկաթուղի)։ Մեզ սպասում է ֆինանսականը (այն պետբանկերի վաճառքը, որոնք այսօր էլ վերահսկում են ֆինծառայությունների ներքին շուկան)։ Իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի «կարմիրների` ժողովրդական զանգվածների, ու «սպիտակների»` ֆինանսական վերնախավի իրական «արյունոտ գոտեմարտի»։ «Ինձ հնարավորություն տվեք վերահսկելու փողի թողարկումը, և պետքս էլ չի լինի, թե ովքեր են օրենքները գրում»,- ժամանակին ասել է Ռոտշիլդներից մեկը։
ՈՒստի եկեք հստակորեն հասկանանք, որ մեր երկիրը, փաստորեն, գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Հասկանալով, թե ուր է դա տանում, անձամբ ես պատրաստ եմ ամեն գնով պաշտպանելու իմ երկրի ինքնիշխանությունը։ Եվ առայժմ կարող եմ ասել միայն մի բան. այս «քաղաքատնտեսական շիզոֆրենիան» երկար շարունակվել չի կարող։ Հաղթողները, որոնք անխուսափելիորեն կառանձնանան գալիք գոտեմարտի ընթացքում, վաղուց արդեն իրենք էլ չեն հասկանում, թե ում և ինչի հետ գործ ունեն։
Վախենում եմ միայն, որ վաղուց արդեն այդ բանը չի հասկանում նաև ինքը` հանրապետության նախագահը։
Բայց մենք պետք է գիտակցենք, որ մեր երկիրը չի վերջանում այդ «սահմանադրության երաշխավորով» և մենք, ամեն պարագայում, պետք է առաջ շարժվենք։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ: Ես երբեք հարկ չեմ համարել ճղճիմ հրապարակախոսական բանավեճի մեջ մտնելու որևէ մեկի հետ։ Ո՛չ երկրի կառավարող «վերնախավի» հետ, որը պետական դավաճանություն է կատարել և շարունակում է կատարել, ո՛չ նրանց պալատամերձ քարոզչական-տեղեկատվական դատարկ սպասյակների հետ։ Թե՛ առաջիններին, թե՛ երկրորդներին համարելով սոսկ ստորաքարշ թշնամական գործակալներ, որոնք աշխարհի ցանկացած երկրում քրեական պատասխանատվության են ենթակա իրենց հակապետական և հակահասարակական գործունեության համար։ Ո՛չ ցածրակարգ, ամեն չափ անցնող սնափառ, կեղծ ընդդիմադիր այլախոհների հետ, որոնք սոսկ ջուր են լցնում երկրիս թշնամիների ջրաղացին։ Ո՛չ նրանց քարոզչական ճղճղան ու բութ ջատագովների հետ։
Ես լիովին համոզված եմ, որ այդ երկու սոցիալական խմբերն էլ ¥ազատական և կառավարող, որը, ըստ էության, նույնպես ազատական է¤ հոգեկան դանդաղ զարգացման պատճառով մարդկային էությունը լիովին կորցրած մարդ կոչեցյալներն են։ Այդ իսկ պատճառով լիովին զուրկ են որևէ բարոյական սկզբունքից։ Արագորեն կորցնում են մարդկային բանականության մնացորդներն ու վաղուց անցել են երկրիս թշնամիներին ծառայություն մատուցողների շարքը։
Իմ կարծիքով, այդ խմբի հետ որևէ բանավեճի մեջ մտնելը միանգամայն անօգուտ է, ասենք բանավեճի առարկա էլ չկա։ Քանի որ նրանք իրենք էլ են ասում, թե բարու և չարի հասկացությունները կախված են «իր նմանների» տեսակետից։ ՈՒստի և նրանք իրենք, ապացուցելով իրենց ավերիչ գործունեության անհրաժեշտ անխուսափելիությունը, միշտ արտահայտում են այնպիսի (իրենց ձեռնտու) տեսակետ, որը համապատասխանում է բանավիճային իրադրությանը։ ՈՒ եթե պետք լինի ապացուցել, որ երկու անգամ երկու հավասար է հինգի, ապա նրանք անընդհատ ու անդադրում, ուղղակի կատաղորեն կաղաղակեն ամեն խաչմերուկում, ամենևին բանի տեղ չդնելով որևէ խելամիտ հակափաստարկ։ Եվ համոզել նրանց, թե երկու անգամ երկու, այնուամենայնիվ, չորսի է հավասար, ժամանակի անիմաստ կորուստ է, քանի որ նրանք արդեն գտնվում են դատողության մթագնման եզրին...
Ես երբեք փորձ չեմ արել բանավիճելու նաև, այսպես կոչված, ազգայնականների հետ (այդ թվում նաև արմենոիդների), որոնց թիվը մեր ժամանակներում անհամար է դարձել։ Ես նույնիսկ կասեի, որ շատ լայն ընդգրկում ունեցող ազգայնականների բուն այդ անհամար քանակությունը` բացահայտ ֆաշիստամետներից մինչև տարօրինակ, այսպես կոչված, «արիացիներն» ու չափազանց ցուցադրական «քրիստոնեականները», ախր շա՜տ է կասկածելի։ Ընդ որում, այս բոլոր կազմակերպություններն ունեն մանրադիտակային թվակազմ։ Եվ ես շարունակ հանդիպում եմ տեղեկությունների, որ այդ ազգայնականներին բուծում են հատուկ ծառայությունները, նրանց բազմացնելով «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով։ Այդ ազգայնականների ճնշող մեծամասնության գաղափարախոսությունը «գավառամտածողության» բնույթ է կրում։ Այնպես որ, ազգայնականների հետ էլ ես բանավիճելու բան չունեմ, քանի որ դրանց պարագլուխները, ոչ մի լուրջ գաղափար չունենալով, պարզապես իրենց ստացած բարիքների համար են վարձահատույց լինում և մոլորեցնում են առավելապես երիտասարդներից բաղկացած իրենց համախոհներին։
Ես բանավիճելու բան չունեմ սովետաբաղձների, հետկայսրապետական հայրենասերների հետ, ովքեր գլխավոր նպատակն են համարում (որին հարկավոր է ձգտել) մարդկային կեցության իմաստների վերականգնումը։ Եվ որ այդ իմաստների վերականգնման համար անհրաժեշտ է վերականգնել ԽՍՀՄ-ը` իբրև Ռուսական մեծ կայսրություն, ընդ որում, ցանկացած ձևով` լինի դա ԱՊՀ, Եվրասիական տնտեսական ընկերակցություն, թե մեկ այլ։ Եվ վերականգնել հասարակության և պետության հոգևոր ու նյութական կեցության խորհրդային կենսակարգը։ Ի՞նչ առարկություն կարող եմ ես այստեղ ունենալ։ Ես ինքս էլ նույն աշխարհընկալումն ու աշխարհայեցողությունն ունեմ։


Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

* Փողի բազան ներառում է.
. շրջանառության մեջ դրված կանխիկ փողը (վարկատու կազմակերպությունների դրամարկղերում միջոցների մնացորդների հաշվառմամբ),
. վարկային կազմակերպությունների ավանդադրած պարտադիր պահուստների հաշիվներում եղած մնացորդները,
. թղթակցային հաշիվներում (ներառյալ պարտադիր պահուստների միջինացված մնացորդները) և վարկային կազմակերպությունների ավանդային հաշիվներում եղած միջոցները,
. ԿԲ պարտատոմսերում վարկային կազմակերպությունների ներդրումները (շուկայական արժեքով),
. արժութային գործառնությունների գծով պահուստավորման` ԿԲ մուծված միջոցները,
. ՀՀ արժույթով վարկային կազմակերպությունների հետ գործառնությունների գծով Հայաստանի ԿԲ այլ պարտավորություններ։
Փողի բազան փողի ագրեգատ չէ, այն փողի ագրեգատների ձևավորման հիմք է, ուստի կոչվում է նաև «բարձրարդյունավետ փողեր»։

Դիտվել է՝ 10324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ