Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Օդանցք» է, որ բացվում է դեպի վարդաստան

«Օդանցք» է, որ բացվում է դեպի վարդաստան
26.07.2013 | 12:49

Աշուղը բլբուլ է, երգում է միշտ վարդ,
Բայց յուր սիրած վարդը ուրիշ է, ուրիշ,
Աշխարհը շատ ունի զարդարանք ու զարդ,
Սակայն նրա զարդը ուրիշ է, ուրիշ։


ՋԻՎԱՆԻ

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադրման 15-ամյակին։
Այն նշանավորվեց դպրոցի շրջանավարտների` երգիչ Արթուր Մնացականյանի սաների հաշվետու համերգով, որը բանաստեղծական ներշնչանքով վարում էր Կարինե Սարգսյանը։ «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, հիմնադրելով դպրոցը, նպատակ է ունեցել ստեղծելու մի «դարբնոց», օջախ, որը պիտի կրթի աշուղական արվեստը կրող, շենացնող նորանոր սերունդներ։ 15 տարվա ընթացքում դպրոցն ավարտել են բազմաթիվ սաներ։ «Նրանցից թեպետ ոչ բոլորն են աչքի ընկնում վառ անհատականությամբ,- ինչպես մեր զրույցում նշեց Թ. Պողոսյանը,- բայց բոլորն էլ կրթվել են, ձևավորվել որպես ազգային մշակույթը կրող, տարածող, հայրենասեր-նվիրյալներ»։
Դպրոցի շրջանավարտներից ոմանք կրթությունը շարունակում են երաժշտական ուսումնարաններում, կոնսերվատորիայում, նրանցից լավագույնները կոչված են ընդգրկվելու «Սայաթ-Նովա» անսամբլի կազմում, ապահովելու սերնդափոխությունը։ Հիշյալ համերգը նման էր մի «մեջլիսի», որտեղ յուրաքանչյուր սան իր սրտի ծաղիկները հյուսում էր ընդհանուր փնջին։ Մեկը մյուսին հաջորդում էին երգիչներ Արայիկ Ավետիսյանը, Լուսինե Հարությունյանը, Սուրեն Գևորգյանը, Սիրանուշ Պետրոսյանը և այլ շնորհալիներ։ Սայաթ-Նովայից մինչև մերօրյա աշուղներ` Շիրին, Ջիվանի, Շերամ, Հավասի, Շահեն, Աշոտ, Բագրատ, Երան, Նազելի, Երազ և այլք։ Թվում էր, թե ամբողջ Հայաստանն է երգում։
Աշուղական երգի ազնիվ ոգով հնչեց նաև Չարենցի խոսքերով գրված Վլադիլեն Բալյանի «Ամեն տեսակ երգ երգեցի» երգը։ Ծրագրի «աշխարհագրությունը» ևս լայնարձակ էր` Շիրակ, Սյունիք, Արցախ, պարսկահայոց Փերիայի շրջան և այլն։
Ժանրային առումով նույնպես հարուստ էր երկացանկը` սիրային, հայրենասիրական, խոհա-փիլիսոփայական, հոգևոր և այլ բնույթի երգեր։
Երիտասարդ երգիչներին նվագակցում էր «Սայաթ-Նովա» անսամբլի գործիքային կազմը, որն իր նրբագեղ նվագով թևավորում էր երգիչներին, օգնում հաղթահարելու հուզմունքը։
Այս հարցում ևս Թովմաս Պողոսյանը ղեկավարվում է «մատաղ սերնդին` լավագույնը» հայտնի սկզբունքով և համերգները հաճախ ներկայացնում է «Արամ «Խաչատրյան» մեծահամբավ համերգասրահում։
Ջիվանու անվան աշուղական դպրոցի, և առհասարակ «Սայաթ-Նովա» անսամբլի փայլուն նվաճումները պայմանավորված են վարպետաց վարպետ Թ. Պողոսյանի գիտական, հրատարակչական, մանկավարժական գործունեությամբ, նրա` որպես երգչի, անձնական օրինակով, որին ձգտում են հետևել նաև իր սաները։ Եվ թվում է, թե նա ջանում է երաժշտականացնել առևտրականացված, քաղաքականացված Հայաստանը։ Համերգն ավարտվեց աշուղ Շիրինի «Այգեպան» երգով, որը վարպետորեն կատարեց դպրոցի ուսուցիչ Արթուր Մնացականյանը։ Շոու-բիզնեսի սանձազերծած անբարո երգերի հեղեղում, ապազգային հակամշակույթի հեղձուցիչ մթնոլորտում նման համերգները, և ընդհանրապես, «Սայաթ-Նովա» անսամբլի յուրաքանչյուր ելույթ, կարելի է ասել, «օդանցք» է, որ բացվում է դեպի վարդաստան։
Երեկոյին ներկա էին հյուրեր սփյուռքից, հոգևորականներ։ Ողջույնի խոսք ասաց կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը։
Հանդիսությունն ամփոփվեց Կոմիտաս վարդապետի օրհնությամբ և մաղթանքով, որ շրջանավարտները հետագայում ևս անաղարտ պահեն ազգային ինքնությունը և առավել շենացնեն հայրենի մշակույթը։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ