Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաստերը ինչ-որ պահից կարող են գործողությունների սկիզբ դառնալ

Փաստերը ինչ-որ պահից կարող են գործողությունների սկիզբ դառնալ
02.09.2013 | 11:26

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործընթացներում առաջիկայում կտրուկ փոփոխությունների հնարավորությանը չի հավատում: Նա գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել.

-Ես բազմիցս ասել ու կրկնում եմ, որ որևէ մեկը չի պնդի ժողովրդավար երկիրը ոչ ժողովրդավար երկրի կցելը: Որևէ մեկը չի կարող ասել Ֆինլանդիան Ռուսաստանի հարևանն է, փոքր երկիր է, նախկինում Ռուսական կայսրության մեջ է եղել, թող միանա Ռուսաստանին: Անհեթեթ է հնչում, չէ՞:
-Բայց Ադրբեջանը Ժողովրդավարության մասին չի խոսում, մեկ միլիարդի զենք է գնել, ևս երեք միլիարդի կգնի Ռուսաստանից ու ասում է` հարցը ռազմական ճանապարհով կլուծեմ:
-Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համագործակցությունը հատել է 4 միլիարդի սահմանը: Իհարկե, հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ թերահավատորեն է վերաբերվում այդ թվերին: Ինքս էլ թերահավատությամբ եմ վերաբերում: Ռուսական կողմն էլ որևէ կերպ չարձագանքեց` ոչ հաստատեց, ոչ հերքեց, թեպետ իբրև Հայաստանի ռազմավարական դաշնակից բացատրություն պիտի տրվեր: Որ Ադրբեջանը զենք է կուտակում, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն բազմապատկվում է, փաստ է: Իսկ փաստերը պետք է հաշվի առնել, որովհետև ինչ-որ պահից կարող են գործողությունների սկիզբ դառնալ: Հիմա հարմար պահ է` առանց պատերազմի հասնելու մեր ձեռքբերումների հաստատագրմանը: Դա պիտի մեր արտաքին քաղաքականության խնդիրը լինի: Բարեբախտաբար, չնայած Հայաստանում գործող ոչ լեգիտիմ իշխանությունների առկայության, մենք ավելի ժողովրդավար ենք դիտվում աշխարհում` նաև շնորհիվ ընդդիմության քայլերի: Բայց մենք մի քանի անգամ ավելի ժողովրդավար պիտի լինենք, մեր ուժը դա է: Այսօր դաշտում գործող որևէ ուժի պատերազմը ձեռնտու չէ: Մենք պետք է օգտագործենք այդ իրավիճակը, պիտի կարողանանք աշխարհին բացատրել, որ խաղաղության համար միայն Հայաստանը չպիտի վճարի: Այսօրվա հիմնական գործը դա պիտի լինի` չթողնել, որ տնտեսական ու ռազմական տարբերությունը, որ առաջացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ավելի խորանա, կամ մենք այդ տարբերությունը փոխհատուցենք որևէ երկրից խիստ կախվածությամբ: Որքան արագ լուծենք այդ խնդիրը, այնքան ավելի շահեկան վիճակ կունենանք: Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն այս առումով մեկ քայլ առաջ կտանի Ղարաբաղի անկախության ճանաչման ու ամրագրման հարցը: Հայաստանը դառնում է ԵՄ ասոցացված անդամ, Ադրբեջանը` ոչ: Սա քաղաքական փաստ է, չափանիշ, որը քաղաքակիրթ աշխարհը հաշվի է առնելու իր որոշումներում ու ծրագրերում:

Առաջիկա քաղաքական իրադարձությունների վերաբերյալ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես դե ֆակտոյի» սեպտեմբերի 6-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ