Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՈՒզո՞ւմ ենք ինտեգրվել Եվրոպային, թե՞ մնում ենք Ռուսաստանի վասալը»

«ՈՒզո՞ւմ ենք ինտեգրվել Եվրոպային, թե՞ մնում ենք Ռուսաստանի վասալը»
03.09.2013 | 17:41

Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգի թիվ մեկ հարցը գոնե մինչև աշնան նախավերջին օրը շարունակելու է մնալ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ակնհայտ է, որ մինչ այդ օրը, «շատ ջրեր են հոսելու», քանի որ ՌԴ-ն կոշտ պայմաններ է առաջադրում և առաջարկում է ընտրություն կատարել երկու միությունների` Եվրասիական միության և Եվրոպական միության միջև: Իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ա. Վասիլևն էլ, խախտելով դիվանագիտական էթիկետը, «թեժ աշուն» է կանխատեսել Հայաստանում:

ՀԱԿ անդամ, քաղավիացիայի վարչության նախկին պետ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ բնական է համարում ՌԴ-ի քայլերը, քանի որ յուրաքանչյուր պետություն իր շահերն է հետապնդում տարածաշրջանում:
«Խնդիրն այն է, թե մենք` որպես պետություն, ինչպես ենք պատկերացնում մեր շահերն ու զարգացման ուղին: Անձամբ ես կողմնակից եմ, որ նախաստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, և մենք նորմալ հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ, ոչ թե վասալային: Բայց ես գրազ եմ եկել, որ չենք նախաստորագրելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը»,- ասաց Շահեն Պետրոսյանը: Նա կարծում է, որ ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կանխելու համար Հայաստանում օգտագործելու են «հինգերորդ շարասյունը»: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Հայաստանում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերով:
«Ես մեծ վտանգ եմ տեսնում, որ հենց այդ կուսակցությունների և կազմակերպությունների միջոցով էլ այստեղ կարող են հրահրվել քաղաքացիական բախումներ: Դրա համար ես առաջարկում եմ` անցկացնել հանրաքվե և պարզել` ո՞ր ճանապարհով ենք ուզում մենք զարգանալ: Այսինքն, մենք նորից պետք է վերահաստատենք մեր անկախությունը: Ժամանակին մեր ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության: Հիմա տեղի է ունեցել սերնդափոխություն, մեր առջև դրվել է ընտրություն` առաջ դեպի անցյա՞լ, թե՞ առաջ դեպի ապագա: Թող անցկացվի հանրաքվե` ուզո՞ւմ ենք ինտեգրվել Եվրոպային, թե՞ մնում ենք Ռուսաստանի վասալը: Կարծում եմ, որ հանրաքվե պետք է անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Շահեն Պետրոսյանը: Նա կարծիք հայտնեց նաև, որ հանրաքվեի ժամանակ դիտորդներ պետք է լինեն երկու կողմից` ԵՄ-ից և ԱՊՀ-ից: Շահեն Պետրոսյանի դիտարկմամբ` Հայաստանի կուսակցությունների մեծ մասը հակված է դեպի Եվրոպա, և միայն «Բարգավաճ Հայաստանն» ունի պրոռուսական կողմնորոշում:
Շահեն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ հանրաքվե անցկացնելու դեպքում մեր հանրության մի ստվար հատվածը կարող է կողմ քվեարկել հօգուտ Եվրասիական միության և ՌԴ-ի հետ վասալային հարաբերությունների պահպանման:
«Փակ շուկայի» մոտ, կան, իհարկե, ատամները թափած ռուսամետներ: ՈՒնենք նաև գիտակից երիտասարդներ, որոնք պայքարում են հանուն արժեքների: Թող հանրաքվե անցկացվի, մենք էլ պարզենք արդյունքները: Եթե այդ արդյունքներով պետք է ստրուկ մնանք, ես հանգիստ խղճով կարտագաղթեմ մեր երկրից»,- ասաց Շահեն Պետրոսյանը:
Նա առաջարկում է, որ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը հրապարակվի, դրվի քննարկման և բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարծիք հայտնեն: Ըստ նրա, եթե մեկ հոգի է ամեն ինչ որոշում, ապա այդ մեկ հոգու վրա էլ շատ հեշտ է ճնշումներ գործադրել:
«Օրինակ, Պուտինը կարող է ցանկացած պահի կանչել ու ասել` ի՞նչ ես անում, ես քեզ դրա՞ համար եմ նշանակել: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, ապա ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը պետք է դրվի քննարկման, ոչ թե ամեն ինչ որոշի օլիգարխիկ խմբավորում հիշեցնող ՀՀԿ-ն»,- ասում է մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ