Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպան Ռուսաստանի նման շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ

Եվրոպան Ռուսաստանի նման շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ
04.09.2013 | 17:29

Irates. am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ.

-Պարոն Իգիթյան, մինչ երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի`Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը, Հայաստանի որոշ պաշտոնյաներ եթե ոչ ուղիղ տեքստով հայտարարում, ապա գոնե ակնարկում էին, որ Հայաստանը նախաստորագրելու է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում, ինչ փոխվեց կամ ինչը պատճառ դարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության:

-Նախ` ոչ թե անուղղակի, այլ ուղղակի: Հայաստանի բոլոր բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաները և քաղաքական գործիչները հայտարարում էին, որ Հայաստանը նոյեմբերին գնալու է Վիլնյուս նախաստորագրելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որի մաս է կազմում Խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծումը: Դուք կարող եք իրենց հարցնել` ի՞նչ տեղի ունեցավ կամ կարո՞ղ է Սերժ Սարգսյանը իրենց չի ասել, որ մտքում ունի այլ տեսակետ, որը չէր հայտնում իր ենթակա մարդկանց և հանկարծ միայն Պուտինին հայտնեց: Ես կարող եմ մի քանի ենթադրություն անել, կամ երևի այդ պաշտոնյաները չեն պատկերացնում ինչ է նշանակում Մաքսային միություն և ինչ է նշանակում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր, և թե որքանով են դրանք մեկը մյուսին բացառում: Այստեղ պետք է ընտրություն կատարվի և տնտեսական հաշվարկ: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ես փորձում եմ լավատես լինել և ենթադրել, որ այս արձագանքների և տնտեսական հաշվարկների արդյունքում Սերժ Սարգսյանը գուցե փոխի իր միտքը:

-Իսկ կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա, որի մասին արդեն ակնարկել են եվրոպական ընտանիքի յոթ երկրների արտգործնախարարներ:

-Կարող եմ ենթադրել, որ ճնշում է եղել: Քանի որ բացահայտ ճնշում չեմ նկատել, չեմ բացառում նաև, որ դա Սերժ Սարգսյանի հենց անձնական դիրքորոշումն է` լինել Ռուսաստանի հետ մինչև վերջ: Կարծում եմ ` ցանկացած քաղաքական գործիչ կարող է ունենալ իր տեսակետը, բայց կա երկու կաշկանդող հանգամանք: Առաջինը` այն ծրագիրը, որով հանդես է գալիս տվյալ քաղաքական ուժը: Նա գոնե պետք է հետևի այդ ծրագրին և երկրորդ` հարգի ընտրողներին, նույնիսկ եթե ընտրվում է կեղծված ընտրություններով:

- Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց Հայաստանի ողջ հասարակության անունից, սակայն հասարակության կարծիքը Մաքսային միության վերաբերյալ իրականում չկա հրապարակում: Արդյո՞ք անհրաժեշտ է այս հարցով հանրաքվե:

-Իհարկե նորմալ պայմաններում կարող էր լինել նաև հանրաքվե, բայց Հայաստանի այս ընտրական համակարգի պարագայում հանրաքվեն նման կլինի այն պատկերին, ինչ մենք տեսնում ենք, օրինակ, Փակ շուկայի մոտ:

-Նկատի ունեք` հանրաքվեի արդյունքները կարո՞ղ են կեղծվել:

-Քիչ է ասել` կեղծել: Ոչ թե կեղծել, այլ այդպիսի ստորացուցիչ ձևով անցկացնել: Այո, իհարկե, հանրաքվեի ժամանակ այս ընտրական համակարգով,այսպիսի անհարգալից մոտեցումներով հասարակության հանդեպ կարելի է ունենալ ցանկացած որոշում:

-Եվ ի՞նչ, Մաքսային միությամբ կփակվե՞ն Եվրոպայի դռները մեզ համար:

-Եվրոպան, ի տարբերություն Ռուսաստանի, ճնշմամբ, շանտաժով կամ վերջնագրով չի խոսում Հայաստանի հետ: Եվրոպան կա, իր տեղում է, իր տնտեսական համակարգը հայտնի է, իր չափանիշները հայտնի են մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վերաբերյալ, և ցանկացած պահի ցանկացած երկիր կարող է այնտեղ գնալ: Պարզապես հետո կարող է ուշ լինել Հայաստանի զարգացման տեսակետից: Հայաստանը կարող է բաց թողնել հնարավորությունը այլ երկրների հետ նույն մեկնարկային իրավիճակում լինելու: Հետագայում շատ դժվար կլինի հասնել նրանց, երբ Հայաստանի հետ նույն շարքում գտնվող այս երկրները տնտեսական բարեփոխումներով բավականին առաջ գնացած լինեն, և Հայաստանը ուշ հասկանա, որ դա է ճանապարհը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ