«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Եվրոպայի ողջամիտ քաղաքական գործիչները հասկանում են Հայաստանի ազգային շահերը»

«Եվրոպայի ողջամիտ քաղաքական գործիչները հասկանում են Հայաստանի ազգային շահերը»
05.09.2013 | 15:10

irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ նախկին սոցապնախարար Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

-Պարոն Մարտիրոսյան, Դուք եղել եք սոցապնախարար, ԵԿՄ վարչության անդամ և ՀՀԿ խորհրդի անդամ: Վաղուց չեք երևում հրապարակային քաղաքականության մեջ, ինչո՞վ եք հիմա զբաղվում:

-Ես հիմա դասավանդում եմ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում, նաև՝ Սոցիալական ներդրումների հիմնադրամի փոխտնօրենն եմ: Հիմա էլ եմ, ի դեպ, ՀՀԿ խորհրդի անդամ:

-Ձեզ այսօր գոհացնու՞մ է ՀՀԿ-ի գործունեությունը, որը երկար տարիներ է, ինչ Հայաստանի իշխող քաղաքական ուժն է:

-Իմ հարազատ կուսակցության գործունեությունը ես գնահատում եմ իմ կուսակցությունում: Իսկ իմ հրապարակային կարծիքը ես այսօր արտահայտեցի այստեղ՝ «Դեբատ» ակումբում, արտագաղթի թեմայի շուրջ:

-Այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության, համաձայն որի՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Ձեզ համար, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, կանխատեսելի՞ էր Սերժ Սարգսյանի այս քայլը:

-Անկախությունից ի վեր Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ ցանկանում է ունենալ նորմալ հարաբերություններ և՛ Եվրամիության երկրների, և՛ ՌԴ-ի հետ: Մենք դեռ 1995 թ. կնքել ենք մեծ պայմանագիր ՌԴ-ի հետ, որի շնորհիվ Թուրքիայի սահմանին մեր անվտանգությունը պաշտպանում են ռուս սահմանապահները: Ես հիմա չեմ ուզում խորը աշխարհաքաղաքական վերլուծություններ անել:

-Բայց տևական ժամանակ պաշտոնական աղբյուրներից կարելի էր այն տպավորությունը ստանալ, որ ՀՀ-ն պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը:

-Իմ անձնական տպավորությամբ՝ Հայաստանը մնում է նույն տեսակետին: ՀՀ-ն կարող է և՛ Մաքսային միության մաս կազմել, և՛ նորմալ հարաբերություններ պահպանել Եվրամիության անդամ պետությունների հետ:

-Սակայն ԵՄ-ն ներկայացնող պետությունների պաշտոնյաներից ոմանք անակնկալի էին եկել Սերժ Սարգսյանի այս քայլից: Օրինակ, Կարլ Բիլդտը հայտարարել էր, որ սա 180 աստիճանի շրջադարձ է, այլոք հայտարարել էին, որ առկա են ՌԴ-ի կողմից սպառնալիքներ Հայաստանի նկատմամբ:

-Ես հիմա անունները չեմ հիշում, բայց հենց ԵՄ-ն ներկայացնող որոշ պաշտոնյաներ էլ ասել էին, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը չի կարող խոչընդոտել եվրաինտեգրմանը: Նրանք այդպիսի տեսակետներ արտահայտել էին նաև Երևանում: Ինչ մնում է արդյունքներին, ապա՝ կապրենք՝ կտեսնենք: Հենց Եվրոպայում կան ողջամիտ քաղաքական գործիչներ, մասնագետներ, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի ազգային և պետական շահերը: Ես կարող եմ օրինակ բերել 1998 թվականից, երբ այստեղ էր գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Նա հանդիպում էր կազմակերպել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի նախագահը ես էի: Նա հանդիպել էր նաև Վազգեն Սարգսյանի հետ, վերջինս էլ, առանց դիվանագիտական սեթևեթանքի, ասել էր՝ քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Վերցնենք թեկուզ Կիպրոսի օրինակը. երբ Թուրքիան մտավ Կիպրոս, ՆԱՏՕ-ն որևէ քայլ չձեռնարկեց: Հայաստանի ազգային և պետական շահերն այս տեսանկյունից չեն փոխվել: Տեսեք, որքան ջանքեր գործադրվեցին, որպեսզի բարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները: Հենց Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ, քանի դեռ սահմանները չեն բացվել, չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ, մենք Թուրքիային համարելու ենք հակառակորդ երկիր և նրանից զգալու ենք շատ ռեալ վտանգ: Արևմուտքին չհաջողվեց լուծել այդ խնդիրը, այդ իսկ պատճառով էլ ազգային անվտանգության երաշխիքը մնաց ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը: Եթե ԱՄՆ-ն հսկայական ջանքեր գործադրելուց հետո ունեցավ զրոյական արդյունք, ապա Հայաստանը պետք է մտածի իր անվտանգության մասին: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք այրում ենք բոլոր կամուրջները: Մենք ունենք Եվրոպայի հետ հաղորդակցվելու բազմաթիվ կամուրջներ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային առումներով: Իսկ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի կհստակեցվեն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ