Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քաղաքական ոլորտը ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է»

«Քաղաքական ոլորտը ՀՀ նախագահի  բացառիկ իրավասությունն է»
10.09.2013 | 00:49

ԱԺ քառօրյայի մեկնարկին խորհրդարանական ընդդիմադիրները, մեկը մյուսին հերթ չտալով, նշում էին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է միանձնյա, առանց խորհրդարանը հաշվի առնելու: Ավելին, նրանք պահանջում էին արտգործնախարարին և նախագահին հրավիրել ԱԺ` պարզաբանումներ տալու: Խորհրդարանում դահլիճից դուրս գալիս նախագահի ներկայացուցիչ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ խնդրեցինք որոշակի պարզաբանումներ ներկայացնել այս առնչությամբ:

Դալլաքյանը նախ վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետը. «ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, ԱԺ-ի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրերը և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը»: «Սահմանադրության այս հոդվածը նախագահին տալիս է բացառիկ իրավասություններ արտաքին քաղաքականության բնագավառում, հետևաբար նախագահը ՀՀ-ի անունից կարող է միջազգային հարաբերություններում ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»,- ընդգծեց նախագահի ներկայացուցիչը:
Անդրադառնալով ԱԺ-ն հաշվի առնել-չառնելու ընդդիմադիրների հայտարարություններին` Վիկտոր Դալլաքյանը վերստին նախընտրեց ընդդիմադիրներին սահմանադրորեն բացատրել իրավիճակը: Սահմանադրության 81-րդ հոդված. «ԱԺ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում ՀՀ միջազգային պայմանագրերը»: «Սա նշանակում է, որ եթե ՀՀ նախագահը ստորագրում է որևէ միջազգային պայմանագիր, ԱԺ-ի բացառիկ իրավունքն է հանրապետության նախագահի առաջարկությամբ վավերացնել կամ չվավերացնել դա»,- փաստեց Վիկտոր Դալլաքյանը, օրինակներ բերելով ԱԺ այս քառօրյայի օրակարգից, որտեղ նշված են ՀՀ նախագահի ներկայացրած միջազգային պայմանագրերը, որոնք ԱԺ-ն կարող է վավերացնել կամ մերժել: Նա նշեց, որ, որպես ժողովրդի կողմից ուղղակիորեն ընտրված ներկայացուցչական մարմին, ԱԺ-ն Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կարող է լրջորեն ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա մասնավորապես օրենքների, ԱԺ որոշումների, ուղերձների, հայտարարությունների, միջազգային պայմանագրերը վավերացնելու մեխանիզմների միջոցով, խորհրդարանական լսումների կամ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործմամբ:
Սահմանադրության տրամաբանությունը, ըստ նախագահի ներկայացուցչի, այն է, որ, ի դեմս ԱԺ-ի, կա արբիտր: «Ի դեպ, հարկ է նկատել, որ Մոսկվայում երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել, այսինքն` նախագահը քաղաքական հայտարարություններ է արել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը որևէ պայմանագիր չի ստորագրել: Սահմանադրության համաձայն` որևէ պայմանագիր ստորագրելուց հետո այն պետք է ներկայացվի ԱԺ-ի վավերացմանը, որը կարող է նաև պայմանագիրը մերժել»,- շեշտեց Վիկտոր Դալլաքյանը և ըստ 81-րդ հոդվածի թվարկեց այն պայմանագրերը, որոնք պետք է ԱԺ-ն պարտադիր վավերացնի` ռազմական կամ քաղաքական բնույթ ունեցող, պետական սահմանի փոփոխություն նախատեսող, մարդու իրավունքներին, ազատություններին վերաբերող, ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող պայմանագրեր և այլն:
Արձանագրելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում Սահմանադրությունը հստակ սահմանել է և ԱԺ, և հանրապետության նախագահի լիազորությունները, Դալլաքյանը նշեց. «Որևէ մեկնաբանություն, թե ՀՀ նախագահը պետք է թույլտվություն խնդրեր որևիցե մեկից, անհասկանալի է: Սահմանադրությամբ արտաքին քաղաքական ոլորտը ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է: Երբ ԱԺ-ում կլինի նման համաձայնագրի քննարկում, պատգամավորներն իրենց վերաբերմունքը կարտահայտեն քվեարկությամբ: Ոմանք մտածում են, թե ՀՀ նախագահը Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններն իրականացնելու ընթացքում պետք է գնա իրենց հարցնի` կարելի՞ է այսինչ նախագահի հետ հանդիպել, թույլ կտա՞ք համատեղ հայտարարություն անել»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների առաջարկին, թե Մաքսային միության անդամակցության հարցը պետք է հանրաքվեի դրվեր, 2001-ին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքի հեղինակ Վիկտոր Դալլաքյանն այս հարցում էլ է հստակեցումներ անում` նման տեսակետ հայտնողներին խորհուրդ տալով ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 111-րդ հոդվածը և «Հանրաքվեի մասին» օրենքը, որտեղ ամրագրված է, որ հանրաքվեի կարող են դրվել միայն սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու հարցերը: «Ցավոք, ՀՀ Սահմանադրությունն արգելում է հանրաքվեի դնել այլ հարցեր»,- ավելացրեց Դալլաքյանը, միաժամանակ կարևորելով հասարակության կարծիքն այս հարցում, նշելով, որ Հայաստանը չունի օրենք հասարակական հարցման կամ պլեբիսցիտի մասին, չնայած շատ երկրներում այդ հարցումները պարտադիր իրավական ուժ չունեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ