Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարևոր է բոլորի հետ համագործակցությունը

Կարևոր է բոլորի հետ համագործակցությունը
11.09.2013 | 19:24

Լոկալ մինի միտինգները շարունակվում են. Մաքսային միությանը դեմ քաղաքացիների տարբեր խմբեր իրենց բողոքն են արտահայտում, ինչը մեր երկրում արգելված չէ, մարդու իրավունքների շրջանակներում լիովին տեղավորվող գործընթաց է։ Սակայն անհասկանալի է մեկ բան՝ բողոքողներն ի սրտե՞ են բողոքում, թե՞ ինչ-ինչ ՀԿ-ների թելադրանքով։

Եվ այսպես, Մաքսային միությանը դեմ կամ կողմ խոսելուց առաջ նախ վատ չէր լինի հասկանալ՝ ինչին են դեմ կամ կողմ։ Իրենց եվրոպամետ համարող մի խումբ մարդիկ համոզված են, որ Եվրոպան կփրկի Հայաստանը, իսկ ռուսամետները հակառակ կարծիքի են՝ Ռուսաստանը կփրկի Հայաստանը։
Երկու տեսակետի ջատագովներն էլ, անկեղծ ասած, չեն աճել, կարելի է ասել, մնացել են 20-րդ դարում կամ գուցե և ավելի հետ։ Դեռ 1915 թ. հայերը էլի բաժանված էին երկու մասի և նույն տեսակետներն էին արտահայտում։ Կարծում ենք՝ 21-րդ դարում անհրաժեշտ է ավելի պրակտիկ լինել և հասկանալ՝ մինչև ինքդ քեզ չփրկես, ոչ ոք չի փրկի։ Այսքանը՝ որպես լեյտմոտիվ, իսկ հիմա փորձենք խնդիրն ուղղակիորեն վերլուծել։
Երբ խոսվում է Եվրոպայի հետ համապարփակ և խորացված առևտրի գոտուն միանալու կամ Մաքսային միությանն անդամակցելու մասին, Եվրոպայի կողմնակիցները փորձում են համոզել, թե Հայաստանին ձեռնտու չէ Ռուսաստանը, քանի որ չունի նրա հետ ընդհանուր սահման։ Սա լուրջ փաստարկ է։ Բայց այդ մարդիկ մոռանում են մի կարևոր փաստ, որ Հայաստանը Եվրոպայի հետ ևս չունի ընդհանուր սահման։ Այսինքն, Եվրոպա, թե Ռուսաստան, միևնույն է, խնդիրը մեկն է։ Խնդիր, որը երկու դեպքում էլ լուրջ հակասություններ կարող է առաջացնել անդամակցության դեպքում։ Այսինքն, Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալու պատճառաբանությունը դատարկ բան է դառնում։ Երկրորդ. եվրոպամետ ուժերը համոզված են, որ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը։
Փորձենք հասկանալ, թե ինչու։ Նման ձևով մտածողները վկայակոչում են պատմությունը, հիշելով «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ» խոսքը. «Այն ժամանակ Հայաստանը կորցրեց իր պետականությունը։ Այսօր Եվրամիությանը անդամակցում են բազմաթիվ զարգացած երկրներ, որոնցից ոչ մեկը չի կորցրել իր պետականությունը։ Ռուսաստանը կձգտի, որպեսզի Հայաստանում տարածի իր լեզուն, կբացի դպրոցներ, Ռուսաստանը ԱՊՀ այլ երկրների զիջեց Խորհրդային Միության ժամանակ գոյացած պարտքը, բայց Հայաստանին՝ ոչ, և իրականացրեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, իր ձեռքն առավ մի շարք ձեռնարկություններ, ԳՀԻ-ներ ու չաշխատեցրեց։ Եթե խոսենք պատմությունից, ապա Սևրի պայմանագիրը Թուրքիայի հետ ո՞վ կնքեց՝ Ռուսաստանը չէ՞ր»,- այսպես հակադրվում են եվրոպամետ ուժերը, երբ որևիցե մեկը փորձում է կողմ խոսել ընդհանուր Մաքսային միությանն անդամակցելուն։ Միանշանակ, նշվածը փաստ է։ Բայց ինչո՞ւ դրանք դարձան փաստեր։
Երբ թերթում ենք պատմության էջերը, ապա ակնհայտ է, որ ոչ թե Եվրոպան, այլ Ռուսաստանը ձեռք մեկնեց Հայաստանին, և դրանից հետո Թուրքիայի ձեռքը կարճացավ։ Այսինքն, Ռուսաստանը «հա՛մ դեղեց, հա՛մ եղեց» Հայաստանին։ Իսկ ինչ էր անում այդ ժամանակ Եվրոպան. երեխաներին տեղափոխում էր իր երկիր, տեղավորում մանկատներում։ Ե՞րբ Եվրոպան փորձեց գործնականում զենքով և հմուտ քաղաքականությամբ կանգնել Հայաստանի թիկունքին. երբե՛ք։
Երբ խոսում ենք ռուսական դպրոցների վտանգի մասին, մոռանում ենք այսօր Հայաստանում առկա անգլիական, ֆրանսիական թեքումով դպրոցների, Ամերիկյան համալսարանի մասին։ Ինչո՞ւ երբ Եվրոպան փորձում է հային ամբողջությամբ իր արմատներից կտրել, շատ «հայանպաստ» գործ է համարվում։
Բարձր գնահատելով եվրոպական մշակույթը, քաղաքակրթությունը, այնուհանդերձ, չմոռանանք, որ այսօրվա Եվրոպան տարածում է արվամոլությունը, արդյո՞ք սա հային հարիր մտածելակերպ է, արդյոք հայ տղամարդը՝ հարսնացուի զգեստ հագած, եկեղեցում իր տղամարդուն պետք է ասի՝ «տեր եմ»։
Քննադատում են «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը և ճիշտ են անում։ Մենք ևս բազմիցս փաստերով այն քննադատել ենք և նշել ենք Հայաստանի համար այդ գործարքի անշահավետության մասին։ Սակայն ով է մեղավոր, որ ԱՊՀ այլ երկրներին ՌԴ-ն բաշխեց պարտքը, իսկ Հայաստանին՝ ոչ։ Իհարկե մեղավորը Հայաստանն է։ Համաձայնեք, որ ցանկացած մարդ, կազմակերպություն, առավել ևս պետություն, ինքն է իր հարգանքը վաստակում և պարտադրում, որ իր խոսքի հետ հաշվի նստեն։ Մենք՝ հայերս, օտարամոլության հիվանդություն ունենք՝ ընդունում ենք ամեն օտար բան, թեկուզ վատը՝ մերը խորթ ու օտար դարձնելով։ Ասվածում շատ հեշտ է համոզվել՝ հետևելով այսօրվա մեր քաղաքաշինությանը։ Ոչ մի երկիր այդպես փութաջանորեն չի քանդում իր արժեքավոր շինությունները և կառուցում նորը՝ օտար հայկական ճարտարապետությանը, ինչպես դա անում է Հայաստանը։ Այսինքն, ազգը, որն իր պետությունն անտեսում է, անտեսվելու է այլ երկրների կողմից, անկախ այն բանից՝ Եվրոպա՞ն է, թե՞ Ռուսաստանը։
Հիմա անդրադառնանք տնտեսությանը։ Եվրոպայի հետ համապարփակ առևտրի գոտուն անդամակցելը, ըստ որոշ վերլուծաբանների, լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Այս պնդումը նման է «почем опиум для народа» հայտնի խոսքին։ Այն պարզ պատճառով, որ եվրոպացի սպառողի համար Հայաստանի արտադրանքը խորթ է և անծանոթ։ Դրան ծանոթանալու, առավել ևս պահանջարկ առաջացնելու համար երկար ու ձիգ տարիներ են պետք։ Երկրորդ. եվրոպական շուկաները գերհագեցած են հզոր ընկերությունների, հանրահայտ բրենդների արտադրանքով, իսկ սա նշանակում է, որ հայկական այսօրվա արտադրանքը պետք է կարողանա դիմանալ այդ շուկայի մրցակցությանը, հակառակ դեպքում գերհզոր ընկերությունները նրան կուլ կտան։ Մրցակցությանը դիմանալու համար տեղական արտադրողին նույնպես անհրաժեշտ է ժամանակ, իսկ արդյո՞ք այդ ժամանակը կաշխատի Հայաստանի տնտեսության օգտին։ Եվ վերջապես, երրորդ. Հայաստանը Եվրոպայի հետ չունի ընդհանուր սահման, ինչն ուղղակիորեն ազդում է արտահանման գործընթացի վրա։
Ճիշտ է, ՌԴ-ի հետ ևս ՀՀ-ն ընդհանուր սահմաններ չունի, բայց կան մի քանի այլ առավելություններ։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների սպառողներին հայտնի է հայկական արտադրանքը և խիստ պահանջարկված։ Երկրորդ. մաքսային ընդհանուր սահմանին անդամակցելու դեպքում Հայաստանի արտադրողները շուկա գրավելու լուրջ խնդիրներ չեն ունենա։ Սրանք լուրջ գործոններ են Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։ Եվ վերջապես, Հայաստանը, շրջափակման մեջ լինելով հանդերձ, իր անկախությունից ի վեր ապացուցեց, որ կարողանում է ապահովել ապրանքաշրջանառություն Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և անգամ Եվրամիության երկրների հետ։
Այդուհանդերձ, ասվածը չի նշանակում, թե մենք գերադասում ենք Ռուսաստանը Եվրոպայից, ամենևին։ Համոզված ենք, որ Հայաստանը ճկուն քաղաքականություն կիրականացնի և կզարգացնի իր կապերը նաև Եվրամիության հետ, քանի որ այս միությանն անդամակցող երկրները Հայաստանի համար նույնքան կարևոր գործընկերներ են համարվում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ