«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է ապրելակերպի»

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է ապրելակերպի»
11.09.2013 | 22:48

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո: Ստեփան Դանիելյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու և Մաքսային միությանը միանալու որոշման դեմ բողոքի ակցիա նախաձեռնելու մտադրության մասին: «Քաղաքական ուժերը Հայաստանում կանգնած են լուրջ ճգնաժամի առաջ և դրա առաջ կանգնած են վաղուցվանից: Հիմնական պատճառն այն է, որ ընտրությունները կեղծում են, և քաղաքական կուսակցությունները չեն կարողանում զբաղվել քաղաքական գործունեությամբ: Եվ եթե շարունակում են մնալ քաղաքականության մեջ, ուրեմն ունեն այլ շարժառիթներ. դա վերածվում է ապրելակերպի: Եվ շատ դեպքերում այդ ապրելակերպը քիչ առնչություն ունի քաղաքական գործունեության հետ, դա առաջին հերթին բիզնեսի ձև է: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը Հայաստանում կայացած չեն և չունեն անելիք, ուղղակի պետք է շարունակեն իրենց ապրելակերպը, բիզնեսը: Նրանցից այլ սպասելիքներ ես չեմ էլ ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը: Այսինքն՝ նրանք չե՞ն կարող ազդել Մաքսային միությանը միանալու որոշման վրա: «Ոչ միայն Մաքսային միության որոշման վրա, այլև՝ շատ երկրորդական-երրորդական օրենքներում փոփոխություններ մտցնելու հարցում չեն կարող ունենալ ազդեցություն: Հայաստանում նույնիսկ Հանրապետական կուսակցությունը չունի ռեալ իշխանություն: Ռեալ իշխանությունը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում: Դրա վառ օրինակը Մաքսային միությանը միանալն էր: Մի քանի տարի պատրաստվում էին ԵՄ ասոցացման համաձայնագրին, և շատ քիչ մարդիկ տեղյակ էին գործընթացներին: Միանգամից փոխվեց ամեն ինչ, ու պարզվեց, որ այդ մարդիկ որևէ ազդեցություն չունեն որոշումների վրա: Շատերը նույնիսկ արժանապատվություն չունեն, որովհետև համոզված էին մի բանում, սակայն ասում էին այլ բան: Եվ այդ մարդիկ հրաժարական չտվեցին: Երբ ասում եմ, որ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, դա առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին»,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ