Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գերակայել է «Лучше синица в руках, чем журавль в небе» սկզբունքը

Գերակայել է «Лучше синица в руках, чем журавль в небе» սկզբունքը
12.09.2013 | 12:09

Արտաքին քաղաքական վերջին զարգացումների շուրջ զրուցում ենք վերլուծաբան, քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

-Պարոն Հակոբյան, Հայաստանն իր արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձ կատարեց: Ի՞նչն էր պատճառը:
-Գոնե հայտարարությունների մակարդակով Հայաստանն ի սկզբանե ցանկություն ուներ հանդես գալու և-և ձևաչափով: Ինչպես ցույց տվեցին զարգացումները, ճիշտ էին այն փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները, որոնք պնդում էին, թե այդ քաղաքականությունն ընդամենը պատրանք է և ավելի շատ նման է առանց հիմնավորված հաշվարկի ցանկության: Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն այս կամ այն կերպ հասկացնում էին մեր իշխանություններին, որ և-և-ի քաղաքականությունն անհամատեղելի ձևաչափ է: Սակայն տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանում փորձում են թե՛ Ռուսաստանին, թե՛ Բրյուսելին պարզապես փաստի առաջ կանգնեցնել: Արդյունքում նախ փաստի առաջ կանգնեց Մոսկվան, ապա Բրյուսելը: Բայց ինչ արդյունք ստացավ դրանից Հայաստանը, մենք բոլորս ականատես ենք: Առանձնապես վերջին 3-4 ամսում Ռուսաստանն էր բոլորիս հայտնի եղանակներով շատ կտրուկ հասկացնում, որ և-և-ի քաղաքականությունն իր համար անընդունելի է, ու մտադիր չէ զիջել տարածաշրջանում իր դիրքերը: Եվրասիական ու Մաքսային միությունների ստեղծումը ՌԴ-ի համար դառնում է ամենակարևոր նախագծերից մեկը: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը վճռական Եվրասիական նախագիծն իրոք կյանքի կոչելու հարցում: Բազմիցս Ռուսաստանը հայտարարել է որոշ նախագծերի մեկնարկի մասին, սակայն դրանք չէին իրականանում` մնալով թղթի վրա: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ Եվրասիական միության նախագիծն այն եզակի ծրագրերից է, որի իրականացումը ՌԴ նախագահին բացառիկ հնարավորություն է տալիս և՛ Ռուսաստանը վերադարձնելու աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնի կարգավիճակին, և՛ ամրապնդելու սեփական դիրքերն իր երկրի ներսում: Հայաստանի իշխանություններին, այդ թվում` Արևմուտքի խորհրդականների հորդորներով, հավանաբար թվում էր, որ այս անգամ էլ Ռուսաստանը կյանքի չի կոչի իր նախագիծը և զուտ PR-ից այն կողմ չի անցնի: Սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները (այդ ամենը խթանեցին նաև Միջին Արևելքում ընթացող զարգացումները), Ռուսաստանը վճռական է իր մղումներում: Ռուսաստանի կոշտությունը, ինչ խոսք, պայմանավորված էր նաև Եվրամիության հետ ՈՒկրաինայի մերձեցման գործոնով: ՌԴ-ն ուղղակիորեն և անուղղակիորեն հասկացրեց Հայաստանին, որ շատ բաներից կարող է զրկվել: Կարծում եմ` վերջին փուլում Հայաստանի որոշումը պայմանավորված է շատ պրագմատիկ հաշվարկով: Վերջապես հաշվարկվեց. ոչ թե ինչ օգուտներ Հայաստանը կարող է ստանալ այս կամ այն ձևաչափին միանալով, այլ թե որին անդամագրվելու դեպքում քիչ վնաս կկրի: Երբ Հայաստանը դրեցին ընտրության առջև, ՀՀ իշխանությունները, կարծում եմ, առաջնորդվեցին ռուսական ասացվածքով` «Лучше синица в руках, чем журавль в небе»:
-Փորձագետները նշում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս անվտանգությունն ու խաղաղությունը գերադասել է ամեն ինչից: Համաձա՞յն եք այս տեսակետին:
-Եթե ՀՀ նախագահը, իրոք, առաջնորդվել է այդ սկզբունքով, ապա դա թերևս բնական է, որովհետև ամեն ինչ ի վերջո հիմնվում է անվտանգության բազայի վրա: Հայաստանի նման երկրների համար, որոնք գտնվում են բավականին բարդ տարածաշրջանում և ոչ պատերազմի, ոչ խաղաղության պայմաններում, առաջնայինը, ինչ խոսք, անվտանգության խնդիրն է: Փաստ է, որ այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից առաջարկվող և այսօր էլ գործող անվտանգության համակարգին լուրջ այլընտրանք (թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական) Եվրոպայի կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից չի առաջարկվել: Միակ այլընտրանքը հումանիտար ոլորտում էր, ինչը ստորադասվում է առավել կարևոր գործոնների: Եվ եթե նույնիսկ այդ այլընտրանքը կար, հանրությունն այդպես էլ դրան չկարողացավ ծանոթանալ: Բացի ընդհանուր բնույթի հայտարարություններից, Եվրամիությունն ասոցացման պայմանագրի մասին որևէ էական բան չասաց, գերադասեց փակագծերը չբացել: Դա, համաձայնեք, տարօրինակ է, եթե իրոք ձգտում ես այլընտրանք առաջարկել երկրի հանրությանն ու էլիտային:
-Մաքսային միությանը միանալն ի՞նչ տնտեսական օգուտներ կգրանցի Հայաստանի համար:
-Ցավոք, այսօր իրականությունն այնպիսին է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը հիմնականում պայմանավորված է ոչ այնքան մեր իշխանությունների վարած, որքան Ռուսաստանի քաղաքականությամբ: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Հայաստանում բնակչության սոցիալական վիճակը շատ բանով պայմանավորված է, օրինակ, էներգակիրների գնով, ապա իրոք ՌԴ-ն սոցիալական իրավիճակի վրա ազդելու ավելի մեծ լծակներ ունի: Այս առումով, իհարկե, կարելի է ենթադրել, որ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանում սոցիալական վիճակը կարող է մեղմվել: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում գուցե որոշակի տնտեսական աճ գրանցվի: Սակայն քաղաքական և տնտեսական պորտաբույծի կարգավիճակը չի կարող շատ երկար կյանք ունենալ, և ամենակարևորը` լավ հեռանկարներ չի խոստանում երկրի համար:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ