Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ասաց, որ եթե իմանան Արփա-Սևանի շինարարներից ես, քեզ կվնասեն»

«Ասաց, որ եթե իմանան Արփա-Սևանի շինարարներից ես, քեզ կվնասեն»
13.09.2013 | 11:25

Կես դար է անցել Արփա-Սևան համաժողովրդական կառույցի մեկնարկից։ Ժամանակն արդեն հիմնավորել է` դարի սխրանքը Սևանի փրկօղակն է։ Մեր զրուցակիցը թունելի առաջին պայթեցումից մինչև վերջին ակնթարթը Արփա-Սևանում էր։ Զրուցում ենք ճանաչված շինարար, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր ՅՈՒՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։

-Արփա-Սևանը շատերի համար այսօր հեռավոր, մի քիչ էլ միֆականացված երևույթ է։
-1963 թ. մայիսի 8-ին ընդգրկվեցի համաժողովրդական շինարարության մեջ որպես լեռնային աշխատանքների վարպետ։ Արփա-Սևանը համալիր էր, բաղկացած 48 կմ-ից ավելի երկարությամբ ձեզ հայտնի թունելից և Կեչուտի նշանավոր ջրամբարից։ Մինչ այդ աշխատում էի որպես լեռնային աշխատանքների աշխղեկ։ Այսինքն` 28 տարեկանում միացա թունելի շինարարությանը, 48 տարեկանում իջա լեռներից։ 1963-1967 թթ. Կեչուտի տեղամասում էի, երբ առաջին պայթեցումը Կեչուտում կատարվեց` 1963-ի դեկտեմբերի 24-ն էր։ Շինարարությունը սկսեց «Հայհիդրոէներգոշինը», հետո ձևավորվեց Արփա-Սևան շինտրեստը։ Պայթեցումներից բացի, հորաններ էինք կառուցում, 1963-ին սկսվել էին Կարմրաշենի N1` 192 մ խորությամբ հորանի աշխատանքները, «Բելառուսշախտսպեցստրոյ» կազմակերպության կողմից։ Այդպես սկսվեց թունելաշինարարի կենսագրությունս։
-Փակագծերն ավելի բացենք։
-Սևանի փրկության խնդիրն էր դրված շինարարների առջև` ժողովրդի և պետության կողմից։ Այսինքն, սա մի անհավանական փորձություն էր յուրաքանչյուրի համար, փորձություն և պայքար` բնության և մարդու միջև։ Կեչուտում երեք տարի աշխատեցի, Կեչուտը իմ փորձաքարն էր, 1 կմ թունել փորեցինք, ամբողջը կավի մեջ, սև կավ էր, բավականին դժվարանցանելի։ Նախ կավի մեջ մեկ մետրի չափ կետիչն էինք մխրճում կռանի հարվածներով, հետո լիցքավորում և պայթեցնում։ Ընդ որում, օրական առաջ էինք գնում 23 մետր, ոչ ավելի։ Թունելի ապարների կարծրությունից ելնելով` ընտրում էինք բետոնի կարգը, հինգ կարգի բետոն կար, ամենաբարձրը 5-րդ կարգն էր, բետոնի հաստությունը` 40 սմ-ից ոչ պակաս, և երկու շերտ ամրաններ։ 1967-ից 1969-ը Կարմրաշենի տեղամասում էի, որպես գլխավոր ինժեներ։ Սակայն իսկական փորձությունն առջևում էր, 1969-ի դեկտեմբերին ինձ փոխադրեցին թիվ 3 հորան, ամենադժվարը ողջ Արփա-Սևան թունելում։
-Հասկանալի է, ղեկավարությունը գնահատել էր Ձեր ջանասիրությունը և նման «պատիժ» սահմանել։ Բայց որն էր թիվ 3 հանքահորի առանձնահատկությունը։
-Այն Մարտունու լեռներում էր, 2700 մ բարձրության վրա, հանքահորի խորությունն էլ 668 մետր էր։ Այսինքն` 668 մետր պետք է խորանայինք երկրի ընդերքում և հետո թունելում առաջ գնայինք։ Դիմանալ էր պետք, դիմացա 16 տարի, դիմացան շատերը, չէ՞ որ 500-ից ավելի մարդ էր բնակվում թիվ 3 հանքահորի բանավանում։
-Մեր ընթերցողին, համոզված եմ, կհետաքրքրի թունելի ներքին կյանքը։
-Ինձ համար դա հայրենասիրության դրսևորում էր։ Համոզված եմ, նաև շատերի համար։ Այդ հորանում, ի դեպ, կատարվեց վերջին պայթեցումը, այսինքն` բախտ վիճակվեց և՛ առաջին, և՛ վերջին պայթեցումների ականատեսը և մասնակիցը լինելու։ Շինարարությունը գտնվում էր հանրապետության ղեկավարության սևեռուն ուշադրության ներքո։ Տարին երկու անգամ ընդունում էի ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին և մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանին։ Նրանք երազում էին, թե երբ կգա այն երանելի օրը, երբ «Վիլիսով» ծայրեծայր կանցնեն Արփա-Սևանը ու դուրս կգան լճի ափ։ Շինարարության ավարտի օրը, 1980-ի դեկտեմբերի 30-ի երեկոյան զանգահարեցի ընկեր Քոչինյանին և զեկուցեցի` Ձեր երազանքն իրականացավ, Կեչուտից մինչև Սևան թունելը պատրաստ է։ Ինչ ասի, որ լավ լինի. «Ես քո լեռնային արծիվ ջանին մատաղ»։

«ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՄԵԶ ՊԱՏԺՈՒՄ, ԻՐ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
-Շուրջ 50 կմ ձգվող թունելը բաժանված էր 11 թունելախորշերի միջև։ Յուրաքանչյուրն ուներ իր կարմիր գիծը։ Երրորդ հորանում ինձ հաջողվեց առաջինը հատել կարմիր գիծը, որը միավորում էր 8-րդ և 9-րդ թունելախորշերը, ես առաջ էի գնում 8-րդ թունելախորշից։ Ցավոք, մարդկային կորուստ ունեցանք, այդ նույն կարմիր գծի հաղթական հատվածից դեպի 9-րդ թունելախորշ։ 1977-ի մարտի 13-ին ապշելու չափ զարմանալի բան կատարվեց. ածխաթթու գազը ահռելի ճնշումով 4,5 կմ երկարությամբ թունելախորշի թթվածինը դուրս նետեց, հորատողները պայթեցման վայրից հեռու էին 800 մետր, գտնվում էին օդամուղ սարքի մոտ, հանգիստ նստած ծխում ու զրուցում էին, սպասում շարունակելու աշխատանքը։ Օդը արտահոսեց և մարդիկ զոհվեցին։ Այս դեպքից հետո շինարարներն աշխատում էին ռեսպիրատորներով, այսինքն` թթվածնի բալոններով զինված։ Աշխատանքի տևողությունը երեք ժամ էր, թթվածինը երեք ժամ էր բավականացնում, պետք էր նաև թթվածինը խնայել և հասնել մինչև հորանի տակ։ Հանդերձանքի քաշը 17 կգ էր։ Այդ գազը հիմա էլ է արտահանվում։ Առաջինը ինքս հագա սարքը և իջա թունել։ Շատերը հեռացան, շատերն էլ հետևեցին ինձ։ Կյանքի խնդիր էր, մեղադրելի չէ։ Արփա-Սևանը աննախադեպ կառույց էր, շատ բաներ կատարվում էին առաջին անգամ, դժվար էր ամեն ինչ կանխատեսել։ Մինչ օրս չեմ մոռանում նրանց և այդ ողբերգությունը, հավանաբար, բնությունն էր մեզ պատժում, իր գործերին միջամտելու համար։ Սակայն ինչ կարող էինք մենք անել, Սևանը շնչահեղձ էր։ Մի անգամ էլ երեք ժամ մնացի 300 մետր բարձրության վրա, հորանի վերելակում ու մեն-մենակ. հորանի էլեկտրասնուցումն էր անջատվել։ Դրսում փոթորիկ էր, և վնասվել էին էլեկտրալարերը։ Շրջապատում մթություն էր, ցուրտ և ահավոր լռություն։ Այս արտակարգ պատահարի մասին զեկուցել էին կենտրոնական կոմիտե։ Իհարկե, ձեռք առան բոլոր միջոցները, միացրին հոսանք մատակարարող երկրորդ գիծը և ինձ լույս աշխարհ հանեցին։ Իսկ դրսում փոթորիկն էր մոլեգնում։
-Անկեղծ լինենք, Դուք կոմունիստ էիք, Աստծուն հիշեցի՞ք։
-Իհարկե, նրան էի դիմում մի խնդրանքով, շնորհ անի և թույլ տա մի անգամ էլ արժանանալ երեխաներիս տեսնելու բախտին, երեք մանկահասակ տղա ունեի։
-Լավ, այդ ծանր ժամերին ի՞նչն էր Ձեր փրկությունը։
-Աղոթում էի, դիմում Բարձրյալին և ծխում։ Գրպաններումս միայն «Ռոնսոն» մակնիշի կրակվառիչ էր և ծխախոտ, կարծեմ «Մալբորո»։
-Ի՞նչ հիշողություններ են օրերի հեռվից Ձեզ կապում նշանավոր Անտոն Երվանդի Քոչինյանի հետ, ինչպիսի՞ն էր նա։
-Հայաստանը ճանաչում էր հինգ մատի նման։ Մի օր շրջկոմի քարտուղարին հարցրեց, թե Սանասար, ո՞նց է Մադինա գյուղի չոբան Համբարձումի վիճակը։ Մադինան էլ կորած-մոլորած մի գյուղ էր լեռներում։ Անտոն Քոչինյանը հանրապետության փայլուն ղեկավար էր, քանզի ապրում էր երկրի ու ժողովրդի հոգսերով։ Մի օր նրան և Բադալ Մուրադյանին իջեցրինք թունելախորշ, ծանոթ էր շատերին, զրուցեց, լավն ու վատը հարցրեց ու մեկ էլ դիմեց Մինիստրների խորհրդի նախագահին, թե` Բադալ, էս Յուրայենց գյուղի ժողովուրդը իր նման սիրուն է։ Անակնկալի եկած հարցնում եմ, թե` ընկեր Քոչինյան, ինձնից ինչ սիրուն, պատասխանեց` «որ իմ աչքերով նայես, սիրուն ես»։ Այսինքն` ձևականությունից հեռու էր, ուրախանում էր ժողովրդի ուրախությամբ, տրտմում նրա տխրությամբ։
-Հետաքրքիր է, ո՞րն է Ձեր «սիրունների գյուղը»։
-Վայոց ձորի Հորադիզ գյուղն էր, հիմա չկա։
-Անտոն Քոչինյանի կերպարը ուշագրավ ամբողջացում ունի։ Հայտնի էր, որ նա սերտ կապեր ուներ կայսրապետության առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ և կարողանում էր ինչ-ինչ արտոնություններ ապահովել Հայաստանի համար։ Հայտնի էր նաև մի պատմություն. թունելի շինարարության ժամանակ խիստ ջանասեր մեկն առաջ է մղվում և զեկուցում Քոչինյանին, թե շրջակա գյուղերի բնակիչները գողանում են շինարարության համար նախատեսված ցեմենտը, ամրանները և այլն։ Ի պատասխան այս «ընդվզման», հանրապետության ղեկավարը հետաքրքրվում է` արդյոք շինանյութերը Հայաստանից Թուրքիա՞ են տանում։ Եվ հավելում է, մարդիկ տուն են կառուցում, թող կառուցեն։
-Միանշանակ այդպես էր, նա իմաստուն մարդ էր, հիանալի գիտակցում էր, որ սովետական համակարգը կամա-ակամա առանձնապես չէր խրախուսում ժողովրդի բարեկեցության աճը, երկրում շատ բաների սակավություն էր, նաև շինարարական նյութերի։ Արփա-Սևանը ֆինանսավորվում էր համամիութենական բյուջեից, շինանյութը ծով էր, ինչու թույլ չտալ հայ մարդուն իր տունը կառուցել և բարեկեցիկ ապրել։ Եվ շատ կարևոր մի բան ասեմ. խստորեն պահպանում էինք Արփա-Սևանին անհրաժեշտ շինանյութերի և՛ քանակը, և՛ որակը։ Հարևան գյուղերի նախագահները հաճախ էին դիմում ինձ, թե մի քանի տոննա ցեմենտի խիստ կարիք ունենք, գյուղի դպրոցը կամ անասնագոմը պիտի նորոգել։ Ավելցուկը նվիրաբերում էինք մեր գյուղերին, մենք շինանյութը չէինք վաճառում, դա խայտառակություն կլիներ։ Շինարարությունն ապահովված էր պետության կողմից, հորատանցող բանվորների աշխատավարձը 800 ռուբլուց պակաս չէր։ Առհասարակ բոլորն էին լավ վաստակում։ Այսինքն` Արփա-Սևանի կառուցմանը զուգընթաց որոշակիորեն Հայաստանն էր կառուցվում։ Շինարարության մասնակիցները բազմաթիվ բնակարաններով ապահովվեցին մայրաքաղաքում, ինքս երկու հարյուրից ավելի բնակարան եմ հատկացրել աշխատողներիս։ Նրանց թվում շատ էին Ռուսաստանից և մյուս հանրապետություններից ժամանած շինարարները։ Նրանք անկախացումից հետո հեռացան Հայաստանից։
-Արփա-Սևանը դարի կառույցն էր, որքա՞ն գումար ծախսվեց շինարարության վրա։
-Արփա-Սևանը կես գնով է կառուցվել, 123 մլն ռուբլով։ Հիմա հնարավո՞ր է 123 մլն դոլարով նման թունել կառուցել։
-Դե, այն ժամանակ «ատկատ» ասվածը գոյություն չուներ։
-Իհարկե, 123 մլն ռուբլով կառուցվեց 48 կմ 300 մ թունել, 4 հորան և 6 բանավան։ Համաձայն նախագծի, յուրաքանչյուր 1500 մետրի վրա պիտի նոր թունելախորշը բացվեր, մեր լեռները դա թույլ չտվեցին, թունելախորշերի միջև տարածությունը 4500 մետր էր, սա շատ էր բարդացնում շինարարության ընթացքը, պատկերացնենք միայն, թե ինչպես պետք է կազմակերպվեր թունելների օդափոխությունը 4,5 կմ երկարությամբ։
-Պարոն Մկրտչյան, 50 տարի է անցել, և՛ պայմանական, և՛ ուղղակի իմաստներով շատ ջրեր են հոսել Արփայից Սևան, արդարացվա՞ծ էր այն։
-Իսկ մի՞թե որևէ կասկած կա։ Արփայից Սևան է հասել շուրջ 15 մլրդ խմ ջուր։ Դա Սևանի փրկությունն էր, հիմա ինքներդ որոշեք, արդարացվա՞ծ էր դարի կառույցը, թե՞ ոչ։ Հիմա այս կառույցը կարծես մոռացության է մատնվել։
-Սևանի գերխնդիրը համազգային-համապետական մակարդակի վրա է այսօր, տարիների հեռվից և ներկա օրվա հայացքով` ի՞նչ է կատարվում Սևանի հետ։
-Առանձնապես ոչինչ, «ընդամենը» Գեղամա թագուհին խեղդվում է ափամերձ շինություններից, և լճի մակարդակը պայմանավորված է ներկա որոշ իշխանավորների մասնավոր շահով։ Սևանն ի՞նչ է այսօր, դժվարանում եմ ասել, խեցգետինների բուծարա՞ն, չգիտեմ, այնինչ մենք ծանր, երբեմն էլ ուղղակի դաժան պայմաններում աշխատելով, երազանքով էինք ապրում, Սևանի փրկության երազանքով։ Անցյալ տարի լճափին էի, տեղաբնակներից մեկը ճանաչեց և խորհուրդ տվեց հեռանալ, պատճառաբանելով, որ եթե ափամերձ վիլլաների տերերն իմանան, որ թունելի կառուցողներից մեկն ես, կարող է քեզ վնասեն, չէ՞ որ Արփայի ջրերը վտանգում են Սևանը օղակած այլանդակությունների գոյությունը։ Եվ սա ասում էր միանգամայն լրջորեն։ Այսօր հաղորդում են, թե Սևանում ինչ-որ գիշատիչ ձկնատեսակ է հայտնվել, որը հոշոտում է իշխանն ու սիգը։ Այդ գիշատիչը երկնքից չի ընկել, հատուկ բերել և բազմացրել են լճում ինչ-ինչ հեռահար նպատակներով։


Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ