ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Լևոնը «դավադրաբար» լքեց մեզ, ու մենք հիմա պարտադրված հայտնվել ենք անպարկեշտ վիճակում»

«Լևոնը «դավադրաբար» լքեց մեզ, ու մենք հիմա պարտադրված հայտնվել ենք   անպարկեշտ վիճակում»
13.09.2013 | 11:45

Նոր-նոր ենք հողին հանձնել ՀԳՄ վարչության երկարամյա նախագահ Լևոն Անանյանին, որի աթոռի, զբաղեցրած դիրքի նկատմամբ անհանգիստ խմորումները չէին դադարում այն տասից ավելի տարիների ընթացքում, երբ գործունյա, կազմակերպչական բացառիկ որակներով օժտված այդ մարդը դեռ ողջ-առողջ էր, լի ապրելու և ստեղծագործելու նախանձելի կամքով ու հեռավոր կասկածի տեղիք էլ չէր տալիս, թե այսպես շտապ ու անակնկալ պիտի լքի իր գործն ու այս մեծ, լուսավոր աշխարհը:
Եղածը եղած է. մահվան դեմ բոլորս ենք անզոր: Բայց կարող ենք, չէ՞, մեզ կոռեկտ ու մարդավայել պահել, համբերել` մինչև մայր հողի փափուկ վերմակը կիջնի, կգրկի իր խորքում ննջող նորաթաղ հանգուցյալին:
Այնինչ, ՀԳՄ վարչության նախագահի թափուր մնացած աթոռը կրքեր է բորբոքում, ու դժվար է ակնկալել, թե դրանք կհանդարտվեն տեսանելի ապագայում: Ասենք, որ հանդարտվեն, թե ոչ այդ կրքերը, հարցի քննարկման և այնքա՜ն սպասելի լուծման ընթացակարգը մեկն է ու անփոփոխ. ՀԳՄ նոր նախագահի անունը հայտնի կդառնա միության արտահերթ համագումարի ժամանակ միայն, իսկ համագումարը կկայանա ոչ հեռու ապագայում: Թեև արդեն մամուլում ու բանավոր խոսակցություններում շրջանառվող անունների առատության մեջ դժվար է կողմնորոշվել ու կանգ առնել դրանցից որևէ մեկի վրա, այնուամենայնիվ, «Իրատես de facto»-ն իր հարցերն ուղղեց մեր ընթերցողին «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հրապարակումներից լավ ծանոթ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ, ում վարչական գործունեությունը վերջին տարիներին հիմնականում ծավալվում է ՀՀ մշակույթի նախարարության` Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն-համալիրում և միտված է մեր ժողովրդական մշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը:

-Պարոն Հովեյան, ի թիվս այլ անունների` ՀԳՄ նախագահի թափուր աթոռի հավակնորդների մեջ շրջանառվում է նաև Ձերը: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:
-Անկախ նրանից` տեղյա՞կ եմ ես, թե՞ ոչ, բոլոր անհամբերներին ուզում եմ հորդորել, պարտադրել հարգել մեր սիրելի եղբոր` Լևոն Անանյանի հիշատակը: Այդ մահն այնքան անժամանակ էր: Լևոնը «դավադրաբար» լքեց մեզ, ու մենք հիմա պարտադրված հայտնվել ենք մի անպարկեշտ վիճակում, երբ քննարկումներ ենք ծավալում նրա լքած աթոռը ճանկելու թեմայով: Մի՞թե ժամանակն է խոսելու այդ մասին:
-Ես նույնպես կարծում եմ, որ ժամանակը չէ, բայց մամուլն ունի առաքելություն` ապահովել հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ: Եվ քանի որ հանրության ուշադրությունը սևեռված է այդ խնդրի վրա, և քանի որ շրջանառվում են կոնկրետ անուններ, այդ թվում և` Ձեր, մենք ևս անդրադառնում ենք խնդրին: Այս պարագայում լռելն այլևս անիմաստ է, ջայլամային վարքի նման մի բան: Եվ ուրեմն, ի՞նչ եք ակնկալում առաջիկա համագումարից Դուք անձամբ:
-Ես ակնկալում եմ, որ մարդիկ ողջախոհ լինեն ու նախ և առաջ ճիշտ ընտրեն համագումարի անցկացման ժամկետները, անհարկի շտապողականության չդիմեն այս հարցում, որպեսզի բոլորս հասցնենք ուշքի գալ կատարվածից, իրատեսորեն վերլուծել այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի գրողների միությունը Լևոնի կորստից հետո: Գրողների միությունը մանրածախ առևտրի օբյեկտ չէ, որ նրա ղեկավարին ընտրեն ոտքի վրա, ի միջի այլոց, գլխառադ անելով: Ժամանակը շատ բան իր տեղն է դնում, ու պետք է սպասել, որ հասունանա այդ ժամանակը: Իսկ թե ում կընտրեն իմ գրչակից ընկերները նախագահի պաշտոնում, կրկնեմ, պարզ կլինի համագումարից հետո միայն:
-Դուք մոտ երկու տարի աշխատեցիք որպես ՀՀ մշակույթի նախարար: Սովորաբար բարձր պաշտոններն արագ են լքում այն անձինք, ովքեր պատրաստ չեն իրենցից ակնկալվող այլևայլ փոխզիջումների: Չե՞ք կարծում, որ այդպիսի որակներ ունեցողը, նախընտրելի թեկնածու լինելով ստեղծագործական միջավայրի համար, չի կարող համագործակցել բազմացանց այն համակարգի հետ, որին անխուսափելիորեն առնչվում է գրողների միությունը:
-Նախ մշակույթի նախարարի պաշտոնը չի կարելի համեմատել որևէ ստեղծագործական միության նախագահի դիրքի հետ: Իսկ թե որքանով եմ ես փոխզիջումային կամ սկզբունքային, նոր չէ, որ պիտի ինձ ճանաչողներն իմանան: Եվ բացի այդ, ես բոլորովին չեմ պնդում, թե պատրաստվում եմ դառնալու ՀԳՄ նախագահ: Դեռ վաղ է այդ մասին որոշակիորեն խոսել:


Ճեպազրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ