Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ամերիկացի ուսումնասիրողները գեղարվեստական գիրք չկարդացող մարդկանց անվանում են «ֆունկցիոնալ անգրագետներ»

«Ամերիկացի ուսումնասիրողները  գեղարվեստական գիրք չկարդացող մարդկանց անվանում են  «ֆունկցիոնալ անգրագետներ»
13.09.2013 | 11:38

ԳՐՔԻ ԲԻԶՆԵՍԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է


Հրատարակիչների ազգային ասոցիացիան, ՈՒկրաինայի, Վրաստանի գործընկերների հետ համատեղ և Բուլղարիայի Next Page հիմնադրամի գլխավորությամբ, 2012-ից իրականացնում է «Գրքի հարթակ» նախագիծը:
Ծրագրի շրջանակում արդեն կատարվել են ուսումնասիրություններ մեր երկրում ընթերցանության վիճակի և վերջին 20 տարում հայերենից 11 լեզուներով արված թարգմանությունների վերաբերյալ: Շուտով կհրատարակվի նաև երրորդ ուսումնասիրությունը, որն ընդգրկում է գրքի ոլորտն իր բոլոր ուղղություններով: Նախագծի համակարգող ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով` այս ուսումնասիրությունները հիմք են ստեղծում, որ հետագայում գրադարանների, թարգմանիչների, հրատարակիչների, գրավաճառների ասոցիացիաները, գրողների միությունը, պետական, հասարակական և ձեռնարկատիրական մյուս կազմակերպությունները կարողանան համարժեք եզրահանգումներ անել և զարգացնել իրենց գործունեությունը: Կարելի է ասել, որ գրքի բիզնեսն այսօր Հայաստանում թևակոխում է նոր` շրջադարձային փուլ:
Հրատարակիչների ազգային ասոցիացիան հիմնադրվել է 1998-ին: Կազմակերպել է գրքի ոլորտի զարգացմանն ու հեղինակային և հրատարակչական իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք սեմինարներ, կոնֆերանսներ, գրքի ցուցահանդես-տոնավաճառներ և այլ միջոցառումներ: Շուրջ 15 տարի անընդմեջ Ֆրանկֆուրտի գրքի համաշխարհային ցուցահանդեսին ներկայացել է սեփական տաղավարով, մասնակցել է նաև Լայպցիգի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Նյու Յորքի, Բուենոս Այրեսի, Ստամբուլի, Սալոնիկի, Թբիլիսիի, Հալեպի և գրքի միջազգային այլ տոնավաճառների: Ասոցիացիային անդամակցում են Երևանում գործող հրատարակչությունների, տպագրատների, գրախանութների և գրադարանների ներկայացուցիչներ ու տնօրեններ:


ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՐ 8 ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ԱՅՍՕՐ` ՄՈՏ 300
«Հրատարակիչների թիվն անսահմանափակ է, եթե հաշվի առնենք, որ հրատարակչական գործունեություն կարող են ծավալել գրախանութները, ինստիտուտները, անգամ հեղինակ-հրատարակիչները, այսինքն՝ անհատ քաղաքացիները: Պրոֆեսիոնալ հրատարակիչները մոտ 20-ն են»,- ասում է Վահան Խաչատրյանը, նշում, որ 1991-ից գրահրատարակչական գործը, ՀՀ կառավարության որոշմամբ, համարվեց ազատ գործունեության տեսակ, որի համար ո՛չ հրատարակչական, ո՛չ էլ տպագրական որևէ արտոնագիր այլևս չէր պահանջվում: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է հրատարակել ցանկացած գիրք: Գրահրատարակության մասին օրենք չկա, որպես սովորական բիզնես այն ղեկավարվում է… մամուլի մասին օրենքով, հեղինակային իրավունքի, ավելացված արժեքի, ձեռնարկատիրական գործունեության, շահութահարկի մասին և այլ օրենքներով: «Այսինքն, գիրքը չի դիտվում որպես ստրատեգիական, գաղափարախոսական զենք,- ընդգծում է զրուցակիցս,- բայց չէ՞ որ թերթն ավելի թույլ միջոց է, թիթեռի կյանք ունի, իսկ գիրքը մնայուն է, անհամեմատ երկար է գոյատևում ու շատ է տարածվում: Գրահրատարակչական գործունեությունը պետք է ինչ-որ ձևով կարգավորվի, որ ազատությունը չդառնա չարիք»:
Հաճախ է խոսվում խորհրդային գրաքննության մասին, մինչդեռ հատուկենտ գրքեր են արգելվել այդ տարիներին: Վահան Խաչատրյանը փաստում է, որ 1991-1992 թվականներին հրատարակիչները վերատպագրեցին արգելված ընդամենը 1,5 տասնյակ գրքերն ու վերջ դրեցին խորհրդավոր այդ պատմությանը:


ԳՐՔԱՆՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
Խորհրդային տարիներին գրքերը հրատարակվում ու վերահրատարակվում էին մեծ տպաքանակներով:
«Այսօր էլ վերահրատարակվում են որոշ գրքեր, հատկապես հեքիաթներ, հանրագիտարաններ և այլն»,- ասում է Վահան Խաչատրյանը:
Գրքերի տպաքանակը նվազել է, բայց գրքանունների թիվը կրկնապատկվել է, խորհրդային տարիներին տպագրվում էր 1100 անուն գիրք, մեր օրերում` 2200:
«Գրականության ոլորտում այսօր կան փորձված հրատարակիչներ, որ միջազգային մասշտաբով կապեր են հաստատում, կարողանում են համագործակցել դրսի հրատարակիչների հետ, Հայաստանը ներկայացնել իրենց գրքերով, ամենակարևորը, մեր գրքի պոլիգրաֆիական որակն ու ձևավորումը դարձել են եվրոպականին համարժեք, սակայն հրատարակչական ոլորտում անելիք դեռ շատ ունենք, որպեսզի մեր գրքերը թարգմանվեն ու տարածվեն»,- ասում է Վահան Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ «Գրքի հարթակ» նախագծի իրականացրած ուսումնասիրությունների` հայերենից վերջին 20 տարում 225 անուն գիրք է թարգմանվել եվրոպական 8 և տարածաշրջանային 3 լեզուներով:

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հրատարակիչների ազգային ասոցիացիան մասնակցում է նաև Ստամբուլի գրքի միջազգային տոնավաճառին` նրա իսկ հրավերով: Ներկայացվել են Հայաստանում հրատարակված գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի, արվեստաբանական, հանրագիտարանային և տարաբնույթ գրքեր: Ի դեպ, ցեղասպանությանն առնչվող որոշ գրքեր, հանրագիտարանում զետեղված հոդվածները և տարաբնույթ այլ հրատարակությունները որևէ խնդիր չեն առաջացնում նրանց տոնավաճառում: Ավելին, այսօր ցեղասպանությանն առնչվող գրքեր են հրատարակվում Թուրքիայում: Վահան Խաչատրյանի բնորոշմամբ` դրանց մի մասը էժան խաղերի է նմանվում: Նա չի հասկանում, թե մենք՝ հայերս, ինչու ենք ուրախանում, երբ կարդում ենք, որ այսինչի մեծ մայրը հայ է, տարիներ շարունակ չի ասել (և ճիշտ է արել) ու միայն մահվան մահճում է «խոստովանել»: «Տղամարդկանց կոտորել են, կանանց բռնի դարձրել են երրորդ, չորրորդ կին, երեխաներ են ունեցել… ՈՒ հիմա հորթի երջանկությամբ թարգմանում ենք, հրատարակում, հեղինակին կանչում Հայաստան, զրույցներ վարում ԶԼՄ-ներում: Ինչ է, արդարացնում ենք ոճրագործությո՞ւնը,- ասում է Վ. Խաչատրյանը:- Կարծում եմ, նրանք ամեն ինչի վրա խաղում են, ինչպես որ Փամուկին Նոբելյան մրցանակակիր դարձրին` շահարկելով ցեղասպանության թեման: Մինչդեռ Փամուկն ազատ գնում-գալիս է Ստամբուլ, նստում-վեր կենում մեծամեծների հետ, այնպես որ, այդ ամենը կեղծիք է»:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԴԱՍԱԿԱՆ` ՏՊԱԳԻՐ ԳՐՔԻՆ
«Էլեկտրոնային գիրքը շրջադարձային է այն իմաստով, որ զարգացման նոր աստիճանի հասցրեց կարդալու գործընթացը: Սակայն կարդալը ընթերցել չէ, գեղարվեստական գրքի ընթերցանությունը նաև հաճելի ժամանց է, դա մի ամբողջ արժեք է, ազգային ժառանգություն: Ընթերցանությունն ազգի համար և՛ սոցիալական նշանակություն ունի, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մարտավարական»,- ասում է Վ. Խաչատրյանը: Նրա խոսքով` ամեն տարի տգիտության` գիրք չկարդալու պատճառով ամերիկյան տնտեսությունը կրում է 500 մլրդ դոլարի վնաս: Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր տեքստն է նախընտրելի, դա այլ հարց է: Կինոֆիլմ, ներկայացում նայելը, գեղարվեստական գիրք կարդալը, թանգարան այցելելը և այլն ակտիվացնում են գլխուղեղի աջ կիսագունդը, ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության, «չոր ինֆորմացիայի» համար: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: «Ամերիկացի ուսումնասիրողները չկարդացող մարդկանց անվանում են «ֆունկցիոնալ անգրագետներ», երբ մի կիսագնդով տիեզերագետ են, իսկ մյուս կիսագունդը դատարկ է: Կյանքը ցույց է տալիս որ ֆունկցիոնալ անգրագետը վտանգավոր է հասարակության համար»,- ասում է զրուցակիցս:

ՆՈՐ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԹԵՐԻ ԵՆ
Պարզվում է՝ տառային սխալ համակարգն ավելացնում է աչքի հիվանդությունները. և ոչ միայն. ազդում է նյարդային, աղեստամոքսային համակարգերի վրա, հենաշարժողական խնդիրներ է առաջացնում:
«Այսօր 200-ից ավելի տառատեսակներ կան, բայց գիտականորեն կառուցված, աչքի համար անվնաս և հաճելի տառատեսակ գրեթե չունենք ո՛չ թերթերում, ո՛չ գրքարտադրության մեջ: Այդ տառերը թերի են ընթերցելու համար»,- փաստում է Վ. Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` հատուկ սարքի միջոցով, երբ նայում են լատինատառերը, աչքը սկզբում կծիկ է տեսնում, հետո աստիճանաբար ու անկաշկանդ ընկալում է տառապատկերը, իսկ հայերեն տառերը մենք ընկալում ենք մեծ դժվարությամբ, լարված, նյարդայնացած, քանի որ դրանք խժբժում են ու փչացնում տեսողությունը:
Լինոտիպ մեքենաների ժամանակ վարպետները ձեռքով էին հավաքում տառերը, որոնց միջտառային և միջտողային տարածքներն ու համադրությունները հաշվարկված էին գիտականորեն, կատարյալ էին, տեսողական և այլ խնդիրներ չէին առաջացնում ու նպաստում էին ընթերցանությունից հաճույք ստանալուն: Մերօրյա տառաստեղծները դեռևս շատ անելիք ունեն այս ոլորտում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ