Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»

«Ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը»
17.09.2013 | 14:42

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համանուն միջազգային փառատոնի շրջանակներում միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն հանդես եկան համատեղ համերգով։ Երեկոյի ընթացքում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը առաջին անգամ ներկայացրեց Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը:

2011-ին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Հայաստանում սա նրանց առաջին համատեղ համերգն էր: Անվանի ջութակահարը մինչ համերգը հանդիպեց լրագրողների հետ:
Շատերի մեջ հարց է առաջանում. ազգակցական որևէ կապ ունի՞ ջութակահարը Արամ Խաչատրյանի հետ, և պարտավորեցնո՞ղ է Խաչատրյան ազգանունը: Հետաքրքրվողներին երիտասարդ ջութակահարը ստիպված է հիասթափեցնել, ասելով, որ ինքը Խաչատրյանի թոռը չէ: Նա հավելեց նաև, որ ոչ թե Խաչատրյան ազգանունն է պարտավորեցնում, այլ հայ լինելը:
Անվանի ջութակահարին խնդրեցի բնորոշել խաչատրյանական երաժշտությունը: Ինչպես և կարելի էր ենթադրել, նա ասաց, որ այդ հարցին լավագույնս կարող է պատասխանել համերգի ժամանակ: Ըստ նրա` Ջութակի կոնցերտը Խաչատրյանի ամենամեծ գործերից է: «Շատերը սխալմամբ նրան համարում են խորհրդային շրջանի կոմպոզիտոր: Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է առանձնահատուկ։ Ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը, նշեց նաև, որ եթե Հայաստանում չես եղել, ծանոթ չես նրա երաժշտությանը, պատմությանը, ի վերջո, եթե արյանդ մեջ չունես այդ երաժշտությունը, դժվար է Խաչատրյան մեկնաբանելը: Խոսքը, իհարկե, այլազգի երաժիշտների մասին էր: Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտություն՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունում դրսի հանդիսատեսը: Նրանց համար ժողովրդականը շատ հետաքրքիր է և էկզոտիկ: Երաժշտի կարծիքով՝ դա նաև նրանից է, որ մեր ֆոլկլորը շատ խոր և յուրահատուկ է, ինչը չես կարող ասել ուրիշ ֆոլկլորների մասին:
«Կա՞ն ստեղծագործություններ, որ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ձեր համերգային ծրագրերում, և ինչո՞վ է պայմանավորված` սեփակա՞ն նախընտրությամբ, թե՞ հանդիսատեսի համակրանքով»: Անդրադառնալով «Իրատես de fato»-ի այս հարցին, Ս. Խաչատրյանն նշեց, որ երաժշտությունը, նախ և առաջ, պետք է անցնի իր միջով, ինքը պետք է սիրի ու զգա այդ երաժշտությունը: «Այն գործը, որ ես չեմ սիրում, երբեք չեմ կատարում,- ասաց նա,- եթե անգամ այդ գործերը շատ հայտնի են ու սիրված: Ոչ միայն ես, բոլոր երաժիշտները պետք է այդպես վարվեն: Ջութակի կոնցերտներից առանձնացնում են Բեթհովենի, Շոստակովի չի և Խաչատրյանի գործերը: Շատ եմ սիրում, մանկուց, առանձին անկյուն է ունեցել ինձ համար Բախը: Ժամանակի ընթացքում ճաշակը փոխվում է, բայց Բախի երաժշտությունը միշտ ինձ հետ է»:
Ի՞նչ զգացողություն եք ունենում Հայաստանի բեմում: Կա՞ արդյոք տարբերություն` հարենիքո՞ւմ եք, թե՞ արտերկրում: Մեր հաջորդ հարցն այսպիսին էր: «Իհարկե կա, ու դժվար է ասել՝ որքանով է իմ մեջ ինչ-որ բան փոխվում և որքանով է ունկնդրից կախված այդ փոփոխությունը: Կարծում եմ, երկու կողմն էլ մեծ դեր ունի,- ասաց Ս.Խաչատրյանը և նշեց, որ երբ իր ժողովրդի համար է նվագում, կամա թե ակամա, մոտեցումը, զգացողությունը փոխվում են:
Անվանի ջութակահարը հաճախ է գալիս հայրենիք, բայց կարճ ժամանակով, մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասցնում տեսնել Հայաստանը, հայաստանյան իրադարձությունների, փոփոխությունների մասին որևէ բան չի կարող ասել:
Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740-ի Ջ. Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը: Ի դեպ, 2005-ին Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական մրցույթում արժանացել է առաջին` Թագուհու մրցանակի և ստացել է 1704-ի Ստրադիվարիուս ջութակը, որը տրվում 4 տարով:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է։ Նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ