Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այսօր, ինչպես երեկ

Այսօր, ինչպես երեկ
19.09.2013 | 23:51

Երբ ամիսներ առաջ «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանն առաջարկեց թերթի 5-ամյակի կապակցությամբ հոդված գրել (այդպիսի մտահղացում էր` լրագրի աշխատակիցներն ու մշտական հեղինակները հանդես պիտի գային, և այդ կերպ հոբելյանը նշվեր), հրաժարվեցի: Պատճառն այն էր, որ ներդրումս աննշան էի համարում (այդպես եմ համարում և հիմա) ու բարոյական իրավունք չէի տեսնում: Երբ մի քանի օր առաջ նույն հարցով զանգահարեց, համաձայնեցի, որովհետև այլևս մերժել չէի կարող (այս գրվածքի ամբողջ հենքից պարզ կդառնա` ինչու): Բայց նախապայման առաջադրեցի` ոչ մի տող ու բառ չէր փոփոխելու: Իմանալով պատճառը, ըմբոստացավ ու փորձեց այլ հուն ուղղորդել: Ինքն էլ գիտեր, որ զուր է, որովհետև ինձ ուղղորդելը նույնն է, թե յուրօրինակ պատվեր տալ, անհնար է: Սպառնացի, որ էդ դեպքում չեմ գրի, և համաձայնության եկանք:
Ինչու եմ այս նախաբանով սկսում: Որովհետև մտադիր եմ անձամբ Փիրուզայի մասին գրել, որովհետև «Իրատես de facto»-ն ինձ համար հենց Փիրուզան ինքն է: Մեր արդի մամուլը գլխավոր խմբագիրների յուրատեսակ հեղինակային ստեղծագործություն է, հեղինակային երգի կատարողների նմանությամբ: Եվ որքան ուժեղ է գլխավոր խմբագրի անհատականությունը, բարձր են մարդկային հատկանիշները, այնքան հեղինակավոր է նրա լրագիրը: Ես ճանաչում կամ շփվել եմ գրեթե բոլոր խմբագիրների հետ, բայց առաջին անգամ եմ գրելու նրանցից մեկի մասին: Եվ այստեղ շարադրվածի հետ Փիրուզան որևէ առնչություն չունի. մենք պայմանավորվածություն ունենք` նա ոչ մի բառ չպիտի փոփոխի, իսկ նա երբեք, երբևէ և ոչ մի անգամ իր խոստումը չի դրժել:
Ամեն մարդ ունի ժամանակակիցներ, այսինքն` մարդիկ, որոնց հետ բերկրանք կամ դատապարտվածություն ունի ապրելու: Ժամանակակիցները հիմնականում երկու կարգի են` հերոսներ ու տականքներ: Առաջինների հետ բերկրանքով ես ապրում, բայց չգիտես, որ հերոս է, դա գիտակցելու համար երբեմն տասնամյակներ են պետք: Երկրորդների հետ դատապարտված ես գոյատևելու, դրանց անմիջապես ես նկատում, դաղդղվում ես, բայց անմիջապես էլ մոռանում. դիցուք, եթե հարցնեք իմ ժամանակակից տականքների մասին, ստիպված կլինեմ շատ չարչարվել վերհիշելու համար, անգամ եթե երեկ հանդիպած լինեմ:
Փիրուզային այնքան վաղուց եմ ճանաչում, որ չեմ կարող ասել, թե կոնկրետ որ թվականից: Բայց կարող եմ պատմել որոշ դրվագներ: Աշխատում էինք Մամուլի տանը, տարբեր հարկերում: Նա աշխատում էր մի հանրահայտ թերթում, որը մայրամուտ էր ապրում և անկասելիորեն գլորվում անէության անդունդ: Էդ թերթի գլխավոր խմբագիրը կողքին դնում էր հաստլիկ սիրուհուն և օղու շիշը ու նարդի խաղում: Թերթի ամբողջ բեռը Փիրուզայի ուսերին էր, գնում-գալիս էր, ինչ-որ նյութեր տանում-բերում, խմբագրին հարցեր տալիս ու նարդին խանգարում:
Էդ ժամանակ էլ ծանոթացա Քռի ջուր խմած, թիֆլիսցի, բայց ոչ թբիլիսցի, Երևանի տղա Նիկօյին: Երբ Փիրուզան ներս էր մտնում, բարձրահասակ Նիկօյի բոյն ավելի էր ձգվում: Դա վերին աստիճանի զուսպ, ծանրաբարո, գրեթե աննկատ սիրահետում էր: Ասում եմ` գրեթե, որովհետև տղամարդիկս ինչ-որ բան նկատում-ենթադրում էինք, Փիրուզան էլ չէր կարող չնկատել, բայց ուշքումիտքը թերթն էր, որը ձգտում էր փրկել գահավիժումից:
Մի անգամ էլ, ցուրտումութ տարիներին, օբյեկտիվի մեջ ջինի նման նստած լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի «զապով» գնացինք ՀՀՇ վարչություն: Շագանակագույն, խավարչտին ինտերիերով շենք էր: Կանչել էին նորելուկ տարբեր բոսերի մոտ: Որոշ ժամանակ անց երկուսս էլ դուրս եկանք ոտից գլուխ աղբոտված, թքած-մրված, ցինիզմին, լպիրշությանն ու անսպեռությանը մեր զայրույթը միախառնած: Փիրուզան հազիվ էր զսպում փղձկոցը:
Հետո վրա հասավ շուրջ 20 տարվա բաժանումը, ժամանակակիցներիս զուգահեռ գոյատևումը: Փիրուզային «հետևում» էի հեռվից, նրա հոդվածները և հատկապես հարցազրույցները ոչ միայն կարդում, այլև խորհուրդ էի տալիս այլոց: Դրանք ազնիվ, բարձրակարգ պրոֆեսիոնալիզմի դրսևորումներ էին:
Ես գնացի այլ ուղիով: Թեպետ պատանեկան տարիներից էի երազել ժուռնալիստ դառնալ ու դարձա, բայց մամուլում աշխատելուց հրաժարվեցի: Ես, որ եղել էի ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, մի քանի թերթերի հիմնադիր-խմբագիր և զուտ մասնագիտական տեսակետից ձեռք բերել գոհացուցիչ արդյունքներ, հրաժարվեցի ժուռնալիստիկայով հաց վաստակելուց: Անկախությունը հանգեցրեց կրթական մակարդակի անկման, ժուռնալիստիկայի ոչնչացման ու ծնեց լրագրություն, ավելի ստույգ` լրագրողականություն, որը չէի ընկալում ու չէի կարող ընդունել:
Սակայն կար ավելի ծանրակշիռ պատճառ: Ծագեցին հարցեր` կատարվել էր իմ ժողովրդի դարավոր երազանքը, ձեռք էինք բերել անկախություն, ինքնիշխանություն, հապա ինչո՞ւ ենք վատ ապրում: Ինչո՞ւ էր փողն ավերում բարոյականությունը: Ինչո՞ւ էր լկտի տգետը դառնում փողատեր և իշխում: Ինչո՞ւ էր մեծամասնությունն աղքատանում, իսկ փոքրամասնությունը` հարստանում: Հարցեր, որոնք կային, և պատասխաններ, որոնք գոյություն չունեին: Մի՞թե հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդն իր գզրոցներում չէր պահպանել այդ հարցերի պատասխանները: Չէր կարող պահած չլինել: Եվ սկսեցի զուտ գիտական հետազոտությամբ զբաղվել: ՈՒսումնասիրեցի շուրջ 80 երկրների հայ համայնքների 25 դարերի տնտեսական, վաճառականական, բիզնես-պատմությունը: Առանց որևէ աջակցության 15 տարի նման գործով զբաղվելը եթե ոչ խելագարություն, ապա կիսախելագարություն էր: Գինը, որ վճարեցի ու շարունակում եմ վճարել, քչերին է հայտնի:
Ի՞նչ արդյունքի հասա: Պատասխանները, որոնք ստացա, օգնեցին, որ ինքս ինձ հետ ներդաշնակ ապրեմ: Հրատարակեցի 14 գիրք ու մամուլում տպագրեցի 250 հոդված: Եվ մեկ անգամ արժանացա գնահատանքի, որի մասին կուզեի պատմել: Յուրաքանչյուր գրքիս լույսընծայումից հետո մտքումս անուն եմ դնում: 2011-ին հրատարակեցի Ալ. Մանթաշյանցի մասին ջերմասիրտ աշխատանքը: Ճիշտ երկու տարի երկու օր առաջ` սեպտեմբերի 18-ին, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ այդ գրքի քննարկումը: Ներկա էին ռեկտորը, պրոռեկտորները, ամբիոնների վարիչներ, ասպիրանտներ, և տեղի ունեցավ մասնագիտական լրջմիտ խոսակցություն: Երբ աշխատակազմի ղեկավարը ցանկացավ միջոցառումն ամփոփել-ավարտել, սրահի ծայրից ոտքի կանգնեց մի տարեց, բարձրահասակ ու համակրելի արտաքինով մարդ: Նախ ասաց, որ ինձ չի ճանաչում, ապա զարմացավ, որ կրթությամբ ոչ թե տնտեսագետ եմ, այլ բանասեր: Հետո հայտնեց, թե իմ գրքերն ու հոդվածները ոչ միայն կարդում-ուսումնասիրում են իրենց ամբիոնում, այլև հանձնարարում ուսանողներին: Եվ գրեթե բառացիորեն ավելացրեց. «Պարոն Դադայանը գիտության, մասնավորապես հայագիտության, մեջ ստեղծել և հանդիսանում է նոր ճյուղի` տնտեսական մշակույթի տեսության հիմնադիրը»: Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը… Դուրս գալիս մոտեցա այդ մարդուն. փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Սարգիս Հայրապետյանն էր: Մեկ շաբաթ անց հանդիպում նշանակեցի ու նվիրեցի բոլոր գրքերս: Բայց մինչ օրս խուսափում եմ այդ մարդու հետ շփվելուց, մի մարդու, ով չարչարանքս աներևակայելի գնահատականի արժանացրեց: Ամաչում եմ:
Ինչո՞ւ եմ այս ամենը պատմում: «Իրատես de facto»-ի լրագրող Կարինե Ռաֆայելյանը հրապարակում պատրաստեց Ալ. Մանթաշյանցի գրքի մասին, և դա առիթ դարձավ, որ մեկ տարի առաջ ոտք դնեմ խմբագրություն ու երկարատև բաժանումից հետո կրկին հանդիպեմ Փիրուզային: Նա ինձ այնպես ընդունեց, ասես ընդամենը երեկ էինք միմյանց հրաժեշտ տվել, ոչինչ չէր փոխվել: Դեմքին նույն ժպիտն էր, որով ստիպում էր զենընկեց լինել: (Նույն զգացողությունն ապրեցի ողբալի ու ողբացյալ Վրեժ Իսրայելյանի հետ: Նրան էլ շուրջ 25 տարի չէի տեսել, բայց անցյալ տարի պատահմամբ հանդիպեցինք Ազգային գրադարանի դռան մոտ: Այնպես ողջագուրվեց, ասես երեկ էինք բաժանվել: Աստված հոգին լուսավորի…):
Ես տպագրվելու խնդիր չունեի, բայց համաձայնեցի հենց «Իրատես de facto»-ի համար գրել, և դա պայմանավորված էր բացառապես Փիրուզայի անձով: Նրա թերթում կա… ժուռնալիստիկա, և դա երիտասարդների համար հիանալի դպրոց է:
Սկսեցի գրել և «Իրատես de facto»-ում տպագրեցի իմ լավագույն հրապարակախոսական հոդվածը` «Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին»:
Հիմա ամիսը մեկ այցելում եմ խմբագրություն, նախ, հոնորար ստանալու: Թեպետ դրանք խորհրդանշական գումարիկներ են, բայց ծես է` Փիրուզան ժուռնալիստ է և գիտե, որ հեղինակին պետք է վճարել: Ես էլ եմ ժուռնալիստ և ստանում եմ, որովհետև աշխատանքի դիմաց եմ վարձատրվում: Ինչո՞ւ եմ ֆինանսական հարցի մասին խոսում: Մարդկային որոշակի տեսակի կուզեի հասկացնել, որ Փիրուզայից կախում չունեմ և քծնելու կամ շողոքորթելու դրդապատճառ չունեմ, մանավանդ իսպառ զուրկ եմ նման «բարեմասնություններից»:
Երբ հռչակվեց խոսքի, մամուլի ազատություն, բացարձակ մեծամասնությունը դա ընկալեց լեզվին եկածը ասել, լեզվա ու գրչաշարժություն: Այնինչ այդ ազատությունն առաջին հերթին նշանակում էր գաղափարների ու դրանք արտահայտելու ազատություն: «Իրատես de facto»-ում սրա գիտակցումը կա:
Կինոարվեստին երկարամյա, անձնվեր նվիրումի համար վաստակաշատ անձանց պարգևատրում են առանձին մրցանակով: Եթե ժուռնալիստիկայում նման մրցանակ գոյություն ունենար, և իմ խոսքը վճռորոշ լիներ, առանց վարանելու ես այն կհանձնեի Փիրուզա Մելիքսեթյանին:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ