Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աստծո անստվեր ներկայությունը

Աստծո անստվեր ներկայությունը
20.09.2013 | 00:42

Ամենահրաշալի հիշողություններից մեկը իմ կյանքում. Հանրապետության հրապարակի զինվորական շքերթը 1999 թվականի սեպտեմբերի 21-ին: Արևն այրում էր այնքան անխնա, ինչպես կարող է այրել հայոց արևը անձրևից առաջ: Աղմուկն ավելի անողորմ էր, թվում էր` արդեն ներքին ձայնդ էլ խլացել` ու չես լսում: Ձայնասկավառակիս վրա համարյա տեղ չէր մնացել, չգիտեի` ինչ ձայնագրել, ինչ հիշել: Ամեն ինչ հակառակ էր, բայց այնպիսի մի հոգեպարար-կենարար հանգստություն էր հոսում աչքերիս մեջ, հպարտություն, որ ֆիզիկական էր, հոգուց բացի, մարմին ուներ: Ես սիրում էի երկինքը, ծառերը, Թամանյանին, շոգից ու ծանրությունից տարուբերվող ասֆալտը, զինվորներին, տանկերը, երբ հայտնվեցին ինքնաթիռները, ես արդեն լաց էի լինում, որովհետև խելահեղ ցավին անարցունք դիմանալն ավելի հեշտ է, քան խելահեղ ուրախությանը: «Մեծանաս, ի՞նչ ես դառնալու»,- հարցրի հոր ձեռքից անընդհատ պոկվել փորձող մի տղեկի, որ հաստատ անկախության սերնդից էր, ու ստացա աներկբա պատասխանը` «գելենալ», հայրը թարգմանեց` գեներալ: Հետո նրա ու մյուս «գելենալների» հետ, առանց ամաչելու, ասֆալտի վրա զինվորական ճտքակոշիկներից պոկված նալեր էի փնտրում, որովհետև բոլորն ասում էին, որ այդ թալիսմանը հաջողություն է բերում:
1999 թվականի սեպտեմբերի 21-ի զինվորական շքերթն ու վարչապետ Վազգեն Սարգսյանի տաք արցունքները, որ նաև պաշտպանության նախարար էր զգում իրեն ու պատասխանատու ամեն ինչի համար` երկնքից երկիր, որովհետև այդպես պիտի ապրես Հայրենիքումդ:
21-րդ դարը մերը պետք է լիներ` մեր գոյության ժամանակը սկսում էր մեզ համար Հայրենիք դառնալ:
21-րդ դարը դեռ մերը չի դարձել: Եվ այն, ինչ մենք անվանում ենք այսօր անկախություն, կապ չունի Ազատության հրապարակում բոլորին մեկ մարդ դարձնող զգացողության հետ, կապ չունի անգամ բառարաններում մաշված հասկացության հետ: Մենք չափազանց ինքնատիպ ենք, որ կրկնենք մեզ, նույնիսկ եթե այդ կրկնությունը փրկություն է խոստանում:
21-րդ դարը մերը կլինի երբևէ, գուցե 22-րդ դարում, որ իմ սերնդակիցները չեն տեսնի հաստատ, բայց կլինի, որովհետև մեր նախնիների ապրած հազարամյակները, մեր ապրած տասնամյակները մեզ սովորեցրել են կանաչ խոտի սինդրոմը` մենք, եթե ուզում ենք արևը տեսնել, ծակում ենք ասֆալտն էլ: Հայոց լեռներում հայոց աստվածները դեռ քայլում են բարկացած, բայց մեր մեջ կա Աստծո անստվեր ներկայությունը ու թեկուզ դաշտագլորի պես աշխարհում հենարան ու հաջողություն փնտրելով` մենք, միևնույն է, պահպանում ենք Հայրենիքում ուրախությունից լաց լինելու, հողն ու երկինքը զգալու ինքնահատուկ զգացողությունը, և ուրեմն, անկախությունը մեր հոգում ապրող այն կրակն է, որի դեմ Համաշխարհային օվկիանոսն էլ մի կաթիլ ջուր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ես երբևէ չեմ սովորի ապավինել գիտակցությանը, որովհետև բանականությունը սովորեցնում է մոռանալ, իսկ զգացողությունը` հիշել: Անկախության այբուբենը հիշողությունների մեջ չմեռնել ու ապագայում ապրել կարողանալն է: Ազգովին: Յուրաքանչյուրը և բոլորս:

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ