«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դարձյալ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ

Դարձյալ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ
24.09.2013 | 00:05

Ռազմական ուժը և որպես հետևանք նաև քաղաքական կշիռը կորցնելուց հետո Հայաստանն արդեն երրորդ դարում կռվախնձոր է դառնում օր օրի հզորացող Հռոմի և նույնքան հզորացող Պարսկաստանի միջև։ Երկու հզոր պետություններից յուրաքանչյուրը քաղաքական, բարոյական և ռազմական ճնշման տակ ձգտում էր Հայաստանը դարձնել իր դաշնակիցը մյուսի դեմ և այդպես մինչև 428 թ., երբ վերացավ մեր թագավորությունը` մեր հզոր հարևանների «թեթև» ձեռքով։ Իսկ երբ կորցրինք մեր պետականությունը, Հռոմն ու Պարսկաստանն այլևս խնդիր չունեին հայերին «դիվանագիտորեն» իրենց կողմը գրավելու. յուրաքանչյուրն իր տիրապետության տակ եղած Հայաստանի հետ վարվում էր այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու։ Տասնյակ հազարավոր հայեր բռնագաղթեցվում էին` Բյուզանդիայի սահմաններն ամրացնելու և պաշտպանելու վայրի ցեղերի հարձակումներից կամ պարզապես բնակեցնելու կայսրության սակավամարդ կամ չբնակեցված տարածքներ, որտեղ հայերը կարճ ժամանակում շենացնում էին և դարձնում գյուղմշակության, արհեստների և առևտրի զարգացած բնակավայր։ Նույնն արել է Պարսկաստանը` տանելով իր երկիր հայոց հզոր հեծելազորային գնդեր` իր թշնամիների դեմ կռվելու նպատակով։ Դարերով մեր ժողովուրդը երկատվել է բարոյապես, գաղափարապես և կորցրել ամենակարևորը` սեփական շահը գնահատելու և գերադասելու գաղափարը։ Նույնիսկ մշակույթի հարցերում բաժանվել են հունամետ և պարսկամետ թևերի և միմյանց ծաղրել ու քարկոծել։ Հիշենք Մաշտոցի, Խորենացու ժամանակները.
Մինչդեռ մենք մեր ռազմական ուժի, արհեստների և հողամշակման փորձառությամբ ու վաճառականական արվեստի հանրագումարով կարող էինք հզորանալ և հզորացել ենք Արտաշեսի ու Տիգրանի օրոք։ Հայերին իրենց դաշնակից դարձնելով` նրանց հանդեպ թշնամացնում էին իրենց թշնամիներին` «Թշնամուդ բարեկամը քո թշնամին է» սկզբունքով։
Միջնադարում` Բագրատունյաց և Արծրունյաց թագավորությունների ժամանակաշրջանում, դարձյալ դամոկլյան սրի նման կախվեց հայերի և Հայաստանի գլխին «Բյուզանդիա՞, թե՞ արաբներ» հարցը։ Եվ այս խաղը, որ պարտադրում էին մեզ օտարները, և որի կանոնները մենք չգիտեինք, վերջնականապես Հայաստանը տարավ կործանման։ Մենք հաճախ ենք կրկնում, որ պատմությունից պետք է դասեր քաղել. ասում ենք, բայց ո՛չ մեզ համար, քանի որ դարձյալ ու կրկին, նորից ու վերստին կրկնում ենք նույն սխալը, բայց արդեն նոր ժամանակաշրջանում, քաղաքական այլ իրադրության պայմաններում և այլ պետությունների հանդեպ «մետ» լինելու նկրտումներում։ Այսօր էլ Հայաստանն ու հայերը կանգնած են չարաբաստիկ երկընտրանքի առաջ` Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան` կամ-կամ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մասը հակված էր Ռուսաստանի կողմը և ակնկալում էր նրա օժանդակությամբ ազատագրվել թուրքական լծից։ Բայց կային նաև քաղաքական գործիչներ, ովքեր փորձում էին ոչ թե դաշնակցային փոխշահավետ գործոնը խաղարկել, այլ Եվրոպայի «գութը» շարժել և նրա քաղաքական միջամտությամբ լուծել հայոց հարցը։ Եվրոպան գուցե և քայլ աներ հայերի կողմը, բայց քանի որ մենք մեր ազատագրական ծրագրերը կապում էինք Ռուսաստանի` Եվրոպայի ժանդարմի հետ, այս անգամ էլ ենք սխալվում` «թշնամուդ բարեկամը քո թշնամին է»։
Ես չեմ ուզում քաղաքական վերլուծություն անել. թող դա քաղաքագետներն անեն, որ հաճախ զլանում են կամ ուշանում։ Պարզապես նայենք մեր երկրի ու տարածաշրջանի քարտեզին. խաչմերուկ է Հայաստանը, թեև հզոր և տարածուն Մեծ Հայքից մնացել է մի ափ, բայց այս մի ափն էլ չի կորցրել իր ռազմավարական և քաղաքական արժեքը։ Կարո՞ղ է արդյոք խաչմերուկում կանգնած մարդը միայն մի ուղղությամբ գնալ, երբ նրա առջև չորս կողմից ճանապարհներ են բացվում, որ պահին նրան որ ճանապարհը հաջողություն կբերի, այն կողմ էլ կգնա` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Թող եվրոպական երկրները սովորեն, որ աշխարհը միաբևեռ չէ, և քաղաքականության մեջ միայն նրանք չէ, որ հմուտ են ու մանավանդ որոշող։
Հայաստանին ձեռնտու է այսօր տնտեսական, քաղաքական, հետևաբար նաև ռազմական դաշինք կնքել իր հարևան և ոչ հարևան այն երկրների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունի։ Մենք արդարանալու կամ նեղանալու կարիք չունենք։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր սահմանը Թուրքիայի հետ մենք պահպանեինք, բայց ռուսական սահմանապահները ոչ միայն մեր սահմանն են պահում, այլև ապահովում են Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Գուցե որոշ մարդիկ Հայաստանում, այդ թվում` Ռուսաստանում, չեն ուզում խոստովանել, բայց դա փաստ է, և մենք այդ խաղաթուղթը ևս պետք է խաղացնենք Ռուսաստանի առաջ, այլ ոչ թե հեզ ու խոնարհ երախտագետ ու երախտապարտ լինենք։ Հայտնի բան է, հաշվի են նստում այն պետության հետ, որն ինքնուրույն և իր շահերից բխող քաղաքականություն է վարում։ Արևմուտքը պիտի հասկանա, կամ մենք պիտի հասկացնենք, որ ինքնիշխան պետությունն իրավունք ունի ընտրելու իր քաղաքական և տնտեսական գիծը։ Մենք այսօր կարող ենք թեքվել նաև Արևելք, միայն թե մեզ շահավետ լինի։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ.- Հայաստանում չի եղել ստրկատիրություն, անգամ ճորտատիրություն։ Չմոռանանք։

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ