Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պուտինը լուծում է իմիջի խնդիր, մե՞նք ինչ ենք անում»

«Պուտինը լուծում է իմիջի խնդիր, մե՞նք ինչ ենք անում»
24.09.2013 | 00:19

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ:

-Սեպտեմբերի մաքսային սկիզբը Ձեզ համար և՞ս անակնկալ էր, թե՞ պատրաստ էիք այդ ընթացքին:
-Ինձ համար էլ անակնկալ էր` ես ռացիոնալ էի մտածում: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանն իր զարգացման համար մեծ կապիտալ ներդրումների և ժամանակակից տեխնոլոգիաների պետք ունի: Ո՞վ կարող է մեզ դա տալ: Միայն Արևմուտքը: Վստահաբար Ռուսաստանը չի կարող` ոչ այդքան փող ունի, ոչ տեխնոլոգիա, ոչ էլ ցանկություն: Ցավոք, ռուսական կողմը անօրինապես իր պարտականությունների կատարումը կապում է տնտեսական հարաբերությունների հետ:
-Ի՞նչ պարտականություններ նկատի ունեք:
-Ստորագրվել է համագործակցության պայմանագիր, հանձն են առնվել փոխադարձ պարտավորություններ, որոնք ի սկզբանե պայմանավորված չեն եղել այլ հանգամանքներով: Հանկարծ այսօր տարբեր քաղաքական վերլուծաբանների բերանով մեզ հասկացնում են, որ իրենց պարտականությունները կկատարեն, եթե մենք նոր պարտավորություն ստանձնենք: Լավ, եթե նույնիսկ ստանձնեցինք, մտանք Մաքսային միություն այն ակնկալիքով, որ ինչ-որ բան ենք շահում, այդ թվում` անվտանգություն, ի՞նչ երաշխիք, որ վաղը նորից իրենց պարտականությունների կատարումը չեն պայմանավորելու նոր պահանջով: Եթե մենք քաղաքական կարճաժամկետ առավելություն ենք ձեռք բերում, կես տարի, մեկ տարի հետո ամեն ինչ փոխվելու է: Արդյո՞ք ռուսներն ուզում են ՄՄ-ն սահմանափակել երեք պետություններով: Իհարկե ոչ: Հարավային Կովկասում Հայաստանից հետո առաջին թեկնածուն Ադրբեջանն է, որովհետև Վրաստանը դեպի Արևմուտք է նայում: Կարո՞ղ են Ադրբեջանին սպառնալ անվտանգության խնդիրներով: Ոչ, որովհետև Ադրբեջանը շատ ավելի անկախ է, իր զենքը իր փողով է առնում, իսլամական համերաշխություն կա, կողքին ունի Թուրքիան, որ ռազմական ու տնտեսական հզորությամբ չի զիջում Ռուսաստանին ¥եթե միջուկային զենքը չհաշվենք¤: Ի՞նչ պիտի առաջարկի Ադրբեջանին:
-Ղարաբա՞ղն է խայծ դառնում:
-Այո, Ղարաբաղը: Եթե մենք մտնում ենք ՄՄ, պիտի հասկանանք, որ ոչ թե Ղարաբաղի անվտանգությունն ենք ապահովում, ինչպես մեզ փորձում են համոզել, այլ Ղարաբաղը դարձնում ենք վճարման միջոց: Որո՞նք են մեր հետագա քայլերը: Չի՞ ստացվում, որ զրկվում ենք եվրոպական ինտեգրումից, Ղարաբաղից, վտանգում ենք պետության վարկը:
-Հասարակության արձագանքը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ես զարմացած եմ. անհամեմատ նվազ կարևորության խնդիրներ, որոնք կենսապահովման հետ կապված չեն, դառնում են հասարակական ընդվզումի պատճառ, այս հարցը, որ անպայմանորեն անդրադառնալու է հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի վրա, չի ընկալվում իր ողջ խորությամբ ու վտանգավորությամբ: Ակնհայտ է, որ մենք սկսելու ենք ավելի վատ ապրել:
-Վստա՞հ եք, որ եղած ձևաչափով ՄՄ-ն կկայանա` հիշենք ՌԴ-Բելառուս տարաձայնությունները, Ղազախստանում անդամակցության հարցը հանրաքվեի դնելու մտադրությունը: Նույնիսկ համեմատելի չէ ԵՄ-ի հետ. մի դեպքում հստակ կայացած ու գործող կառույց, մի դեպքում` մտադրությունների հանգույց:
-Բազմիցս նախագահներ Նազարբաևն ու Լուկաշենկոն տարբեր առիթներով իրենց դժգոհությունն են բարձրաձայնել, որ գործնականում իրենց շատ ապրանքների առջև ռուսական շուկան փակ է, մեխանիզմներ չկան կամ չեն գործում, ի վերջո Գենադի Օնիշչենկոն միշտ կա ու կա: Օրենքը այլ է, կյանքը` այլ: Այդ ամենը շատ անորոշ է հատկապես մեզ համար, որ սահման չունենք Մաքսային միության հետ, այսինքն` ապրանքդ բարձեցիր մեքենան, որպես տրանզիտ ամբողջ թղթաբանությունը պիտի անես Վրաստանում, հետո Ռուսաստանում ու ամեն տեղ վճարելու ես մուտքի ու ելքի համար, հավելած բրոքերային ծառայության համար, որ Ռուսաստանում տասնապատիկ բարձր է, քան Հայաստանում: Օրինակ` Հայաստանում թանկագին մետաղների ներմուծման համար մաքսատուրքը 0 տոկոս է, Ռուսաստանում` 40 տոկոս: Դա նշանակում է, որ ոսկու ու ադամանդի գործով զբաղվողները, որ դրսից ոսկի ու ադամանդ են ներմուծում, զարդեր պատրաստում ու արտահանում, կորցնում են իրենց բիզնեսը: Վստահ եղեք, որ Ռուսաստանը պարտադրելու է իր հումքը, որն ավելի թանկ ու անորակ է, քան Հնդկաստանից ու Աֆրիկայից ներմուծածը: Իսկ ո՞վ այսօր ռուսական սարքավորումներ կգնի որևէ արտադրություն սկսելու համար, եթե ուզում է իսկապես աշխատել:
-Ռուսներն իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց տեխնոլոգիաները հնացած են և տնտեսության մոդեռնացման խնդիր են դրել:
-Այսինքն` մենք վերամիավորվում ենք մի միության մեջ, որ շատ ավելի վատն է, քան ԽՍՀՄ-ը, որովհետև մենք իրավահավասար չենք լինելու, ինչը ԽՍՀՄ-ում գոնե իրավականորեն կար, այստեղ ամեն ինչ բաշխվելու է ըստ տնտեսական հզորության ու դերի: Երբ ասում են, թե մենք մասնակցելու ենք Եվրասիական միության ձևավորմանը, Դուք կարծում եք, որ մենք կարողանալո՞ւ ենք պարտադրել հօգուտ մեզ ինչ-որ հարց լուծել: Եթե պարտադրող ենք, ինչո՞ւ չենք պարտադրում արդեն ստորագրված համաձայնագրերը կատարել: Մենք իրականում ընտրում ենք արժեքային համակարգ, եթե ուզում ենք Ռուսաստանին նմանվել, ռուսական վատ բարքերը մեզ մոտ ծայրահեղ վատ են ընդօրինակվելու: Եթե ուզում ես եվրոպական ստանդարտներին համապատասխանել, գիտես, որ օրենքի գերակայությունն է, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանվածությունը, Ռուսաստանում դա չկա: Մարդը արժեք չէ, պտուտակ է, մեզ մոտ դա ավելի ծայրահեղ դրսևորումներ է ունենալու: Ինչպե՞ս են կարգավորվելու մեր հարաբերություններն Իրանի ու Վրաստանի հետ: Նկատի ունեցեք, որ արդեն կարգավորողը լինելու ենք ոչ մենք: Արևմուտքը շատ հարցերում ըմբռնումով է վերաբերվում հայ-իրանական հարաբերություններին, երբ այդ հարաբերությունների տնօրինողը դառնա Ռուսաստանը, արդյո՞ք Արևմուտքը չի վերանայի վերաբերմունքը: Վրաստանի հետ մենք երկար ջանքերից հետո հասել ենք հարաբերությունների որոշակի մակարդակի, երբ Ռուսաստանը հայտնվում է հայ-վրացական հարաբերությունների միջև, հաշվի առնելով ռուս-վրացական տարաձայնությունները, ի՞նչ ենք ունենալու մենք:
-Մի մոռացեք աբխազական երկաթուղու վերագործարկման հեռանկարը:
-Ի՞նչ կապ ունի Մաքսային միության հետ, դա խնդիր է Վրաստանի հետ ու Աբխազիայի: Վրացիներն էլ, աբխազներն էլ շատ զարմացան, երբ հայերը հայտարարեցին, թե երկաթուղին վերագործարկվելու է, զարմացան ու հերքեցին: Այսօր էլ այդ հարցով կարելի է բանակցել ու հաջողության դեպքում` բացել, առանց Մաքսային միության հետ կապելու: Հակառակը` Մաքսային միությունը բարդացնելու է հարցը, որովհետև այդ դեպքում Վրաստանը դառնում է միջնորմ, որ պետք է քանդել:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հայտարարությունը զուտ քաղաքական ակցիա էր և Ռուսաստանին պետք էր հենց սեպտեմբերի սկզբին, երբ պարզ դարձավ, որ ՈՒկրաինան հեռանում է դեպի ԵՄ: Մոլդովան էլ կողքից:
-Պուտինին հաղթանակներ են պետք: Նա պարտություն պարտության հետևից է կրում: ՈՒկրաինան, ռուս-ամերիկյան հարաբերությունները, Սիրիան: Ի սկզբանե պարզ էր, որ ԱՄՆ-ը իր խնդիրը լուծել է և Սիրիայում պատերազմ նրան պետք չէ: ԱՄՆ-ին պետք էր իր գազամուղը փակել, փակեց, երկիրն արդեն մի 10 տարի ուշքի չի գա: Ասադը կմնա, թե չի մնա, արդեն կարևոր չէ: Քայլը, իհարկե, քաղաքական է, և կա Պուտինի անձնական շահագրգռությունը` նա ներկայանում է իբրև ռուսական կայսրության վերականգնող: Քայլն ունի ընդամենը սիմվոլիկ նշանակություն և ցավալի է, որ այդ սիմվոլիկային կուլ է գնում Հայաստանի ճակատագիրը: Պուտինը լուծում է իմիջի խնդիր, մե՞նք ինչ ենք անում: Ակնհայտ է, որ ՄՄ-ն Հայաստանին բերելու է դանդաղ մահ, ԵՄ-ի հետ ասոցացումը վիրահատական քայլ էր, ուներ բավականին ռիսկեր, մանավանդ հետվիրահատական շրջանում, բայց փրկության շանս էր տալիս: Աշխարհի ամենամեծ գնողունակ շուկան էր ¥508-միլիոնանոց¤ մեր առաջ բացվում: ՄՄ-ում մենք գնալու ենք դանդաղ քրոնիկական մահվան ճանապարհով: Որևէ ներդրող այլևս իմաստ չի տեսնելու ՀՀ-ում փող դնելու, տեղական ներդրողն էլ ցանկություն չունի բարելավել ու իր արտադրանքը, որ, մեկ է, վաճառվում է, ի՞նչ է լինելու մեր վիճակը: Երբ այսօր հայտարարում են, որ ՀՀ արտադրանքը ¥այդ թվում` սնունդը¤ մրցունակ չէ ԵՄ-ի շուկայում, չի համապատասխանում ստանդարտներին, չի՞ նշանակում, որ այդ արտադրանքն անորակ է ու առողջության համար վտանգավոր: Եվրոպան մտածում է իր քաղաքացիների առողջության մասին, Հայաստանը` ո՞չ: Առողջապահության այս մակարդակն ունեցող երկիրը կարո՞ղ է ապավինել Ռուսաստանին կամ Ղազախստանին ու Բելառուսին: Ինչո՞ւ այսօր որևէ պաշտոնյա կամ փողատեր Հայաստանում չի բուժվում, Ռուսաստան չի գնում, Գերմանիա են գնում, Ֆրանսիա, Անգլիա, Իսրայել, բայց ոչ Աստանա կամ Մինսկ: Հայաստանում անգամ կույր աղիքի վիրահատությունից են խուսափում: Բոլոր բժշկական սարքավորումները մինչև հիմա Եվրոպայից ենք բերել, հավելեք` դեղերը: Հիմա այդ խողովակը փակվելու է, որովհետև մեծ մասը նվիրատվություն է եղել, զեղչեր են գործել, հայ բժիշկները տարբեր ծրագրերով վերապատրաստվել են Արևմուտքում, փակվելու են այդ ճանապարհները, որովհետև կա քաղաքական ինտեգրման խնդիր, որին մենք մեր «ոչ»-ն ասացինք:
-Ձեր գնահատականով` որոշումը կայացված է ու` վե՞րջ, թե՞ հնարավոր են այլ տարբերակներ, ասենք` ՌԴ-ն ինքն է մեզնից հրաժարվում, կամ` ԵՄ-ի հետ ասոցացման ինչ-որ տարբերակ է գտնվում:
-Ինչ-որ փաստաթուղթ միշտ էլ կարելի է ստորագրել, կարևորը դա չէ, այլ բովանդակությունը: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը 1500-ից ավելի էջ ուներ, այդ էջերը հենց այնպես չեն գրվել և շատ հստակ անդրադառնալու էին մեզնից յուրաքանչյուրի կյանքի որակի վրա: Մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Դարերով օտարի իշխանության տակ ապրելով` մենք կորցրել ենք ինքնուրույն բարեփոխվելու ունակությունը, եթե չկա պարտադրանք, մենք ոչ մի փոփոխություն չենք անի կամովին: ԵՄ-ին ասոցացման դեպքում գոնե գիտեինք, որ մեզ պարտադրվելու են բարեփոխումներ, աստիճանաբար արդարադատության համակարգն էր կարգի բերվելու, մոնոպոլիաներն էին վերանալու, ինչը տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման էր բերելու, ուրեմն և արտագաղթի կանխման: Ցանկացած փողոցով անցեք ու նայեք ցուցափեղկերին, քանիսի՞ վրա են հեռախոսահամարներ գրված` վաճառվում է, տրվում է վարձով: Ի՞նչ է նշանակում: Կամ բիզնեսի մեջ ձախողվել են, կամ հեռանում են: Այսինքն` փակվում են աշխատատեղերը և նվազում են հարկերը: Նորմալ մարդը երբեք իր տնից չի հեռանա ունենալով աշխատանքի նվազագույն պայմաններ, հեռանում են, երբ հարկադրված են: Գնալով դեպի ՄՄ, մենք անցանք իզգոյ երկրների շարքը: Առանց այդ էլ աշխարհի համար մեծ հետաքրքրություն չէինք ներկայացնում, եղած հետաքրքրությունն էլ հիմնականում պայմանավորված է հայկական համայնքի գոյությամբ: Հարաբերություններ են զարգացնում Հայաստանի հետ, հետո հայ համայնքից քվեներ են ստանում` վերջացավ: Երբ մենք մտնում ենք ՄՄ, հայ համայնքի հնարավորություններն իրապես կրճատվում են, որովհետև արդեն լոբբինգ են անում ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար: Իսկ դա չեն անի, ոչ ոք իր պետության դեմ չի գնա: Հետևանքները ինքներդ դատեք: Ինչո՞ւ կոմունիստական իշխանության ժամանակ Անթիլիասի թեմն առաջացավ, մի բացառեք, որ վաղը որոշ թեմեր անջատվեն Մայր Աթոռից ու անցնեն Անթիլիասին, զուտ քաղաքական պատճառներով: Իսկ եթե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սրվե՞ն:
-Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները կարող են և զարգանալ:
-Մենք դառնում ենք ինչ-որ համակարգի կցորդ, այլևս ինքնուրույն խաղացող չենք լինելու: Հայաստանի հզորացումն այլևս չի ընկալվելու Հայաստանի հզորացում, այլ` ռուսական ազդեցության ուժեղացում: Վստահեցնում եմ, որ աշխարհի երկրների 90 տոկոսը բոլորովին շահագրգռված չէ դրանով:
-Եվրոպան շատ հեշտ չհանձնվե՞ց:
-Ես չեմ էլ կարծում, որ Եվրոպան ընդհանրապես հանձնվել է: Որպեսզի Եվրոպան մեզ ինչ-որ հարցում կարողանա օգնել, մենք պիտի շանս տանք: Ի տարբերություն Եվրոպայի` Ռուսաստանը կարող է տապարով գործել, ոչ օրինական դաշտում: Եվրոպան չի կարող օդից որոշումներ ընդունել, պիտի իրավական դաշտ լինի, որ խորհրդարանում գումարներ հաստատի ու հատկացնի: Ասոցացման համաձայնագիրը իրավական դաշտ էր ստեղծում, մենք այդ դաշտից Արևմուտքին զրկում ենք, հետո ասում ենք` չի տալիս: Ինչպե՞ս տա:
-Լավ, եթե տնտեսական ու քաղաքական խնդիրներից դուրս ենք գալիս, ի՞նչ է կատարվելու Ղարաբաղի հետ:
-Եթե Հայաստանը դառնում է ՄՄ անդամ, ի՞նչ է լինում Ղարաբաղի հետ: Մաքսակետե՞ր ենք դնում: Եթե ճանաչած լինեինք Ղարաբաղը ժամանակին որպես ՀՀ-ի մաս, կասեինք, որ առանց Ղարաբաղի չենք կարող մտնել: Հիմա ծագում է ոչ միայն մաքսերի, այլև ապրանքի ծագման երկրի հարցը: Ներմուծված ցանկացած ապրանքի դեպքում նշվում է արտադրող երկիրը: Ի՞նչ է գրվելու Ղարաբաղից արտահանվող ապրանքի համար: Հայաստա՞ն: Չի կարող, որովհետև մենք Ղարաբաղը չենք ճանաչել Հայաստանի մաս: Ղարաբա՞ղ: Ղարաբաղը չի ճանաչվել իբրև անկախ պետություն: Ադրբեջա՞ն: Մի անգամ գրեցիր, փաստի առաջ ես կանգնում, կասեն` դուք եք ընդունում, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է: Սահմանդ վերահսկելու է Մոսկվան: Ինչպե՞ս ենք զենք գնելու, ասենք, Չինաստանից, կամ 20 տոկոս մաքսատուրք պիտի մուծենք, իսկ դա քիչ գումար չէ, կամ պիտի ստիպված լինենք ռուսականը գնել: Մի հարց էլ` տասնյակ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների պայմանագրեր ունենք, ի՞նչ պիտի լինեն այդ պայմանագրերը, որ երկկողմ պատասխանատվություն են ենթադրում, չես կարող միակողմանի փոխել: Իսկ այդ պայմանագրերով տնտեսական հարցեր են կարգավորվում` ստորագրվել են այլ պայմաններով, հիմա պայմանները փոխվում են, կարող են փոխվել և առաջարկները: Ամենակարևորը հեռանկարն է` ռազմավարական-քաղաքական նպատակը մարդկանց հույս է տալիս, հավատ, գոյության իմաստ: Հայաստանի գոյության իմաստը հայ ժողովրդի իդեալների վերահաստատումն է: Եթե պետության գոյության իմաստը դառնում է լավ ապրելը, հանգում ենք պարզ եզրակացության` լավ կարող ենք ապրել Ռուսաստանի կազմում, իսկ եթե ուզում ենք ավելի լավ ապրել, Թուրքիայի կազմի մեջ մտնենք: Թուրքիայում հաստատ ավելի լավ կապրենք` հարևան է, հսկայական շուկա ունի, անվտանգության խնդիր չենք ունենա, Ղարաբաղից էլ կհրաժարվենք ու շատ լավ կապրենք, բայց արդեն ոչ որպես հայ, ոչ էլ պետություն կունենանք:
-Չէ, ինչո՞ւ, հնարավոր է` ինչ-որ պահի ազգային ինքնավարության խնդիր դնենք:
-Եթե նպատակը լավ ապրելն է, հազիվ թե: Եթե ուզում ենք արժանապատիվ ապրել, ինքնուրույն պետություն լինել, պիտի հասկանանք` մեր ինչին է պետք անկախությունը: Եթե անկախությունը պետք է մեծ և հզոր Հայաստան ստեղծելու համար, ուրիշ քայլեր են պետք, եթե անկախությունը պետք է երրորդ երկրների շահերը սպասարկելու համար, այս ճանապարհն էլ ոչինչ:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ