Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Բուժքույրը չպետք է ընկալվի որպես սպասարկող անձնակազմ, այլ պետք է լինի հավասար գործընկեր բժշկին»

«Բուժքույրը չպետք է ընկալվի որպես սպասարկող անձնակազմ, այլ պետք է լինի հավասար գործընկեր բժշկին»
26.09.2013 | 14:25

Հայաստանի առողջապահության ոլորտում կարևորվեց «Բուժքույրություն. անցում բուժքույրական մասնագիտացումից բուժքույրական պրակտիկայի» խորագրով Միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը, որը կազմակերպվել էր բուժքույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Ալինա Քուշկյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ։ «Ողջ աշխարհում բուժքույրը հիմնականում ընկալվում է նույն կերպ` իր կոչումին նվիրված և գթասրտությամբ օժտված մասնագետ, ով առավել շատ շփվելով պացիենտի հետ, բացի անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելուց, ավելի մեծ բարոյական ու հոգեկան աջակցություն է ցուցաբերում նրան: Հայաստանի 2-րդ միջազգային բուժքույրական համագումարին մասնակցող բուժքույրերը լավ գիտեն, որ ամենուր նույնն են նաև խնդիրները: Ես վստահ եմ, որ ներկայացուցչական այս հանդիպման ընթացքում դուք կանդրադառնաք դրանց, քննարկումների արդյունքում կհստակեցնեք այն մոտեցումներն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների միասնական ջանքերով հաղթահարմանը»,- համագումարին ուղղված ուղերձում նշել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և վստահեցրել, որ 2013-ին առողջապահական համակարգի առջև ծառացած գերակա խնդիրների իրականացումը կնպաստի բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացմանը։

Ամփոփելով երկօրյա աշխատանքները, համագումարը որոշեց միջազգային չափանիշների հասցնել բուժքույրական պրակտիկ ունակությունները, մշակել գործունեության գործնական չափորոշիչներ, խթանել հետազոտության զարգացումը բուժքույրական գործում, ինչը կնպաստի բուժքույրական որակի բարձրացմանը, կապահովի միջազգային համագործակցության շարունակականությունը՝ փորձի փոխանակման և բուժքույրական հանրության մեջ գլոբալ ինտեգրման համար։ «Համագումարի նպատակն է բարձրացնել Հայաստանում բուժքույրերի դերը, նպաստել բուժքույրական սպասարկման որակի բարձրացմանը։ Ինչպես նաև հնարավորություն ստեղծել բուքույրերին համախմբելու քույրական գործի, գիտական ապացույցների վրա հիմնված պրակտիկայի կարևորագույն հարցերի շուրջը»,- մեզ հետ զրույցում ասաց բուժքույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆԸ։
Վերջին չորս տարում արդեն երկրորդ անգամ է, ինչ «Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահը հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջատար բժիշկների ու բուժքույրերի։ Ի՞նչ տվեց առաջին համագումարը, և ի՞նչ սպասելիքներ կային երկրորդից՝ հարցրինք բարոնուհի ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ. «Ես այդ գործընթացներին հետևում եմ հեռվից: Երբ ուսումնասիրում ենք բուժքույրական գործի կազմակերպման դասավանդման օրինակները, ապա տեսնում ենք լուրջ առաջընթաց, և դրա համար կան լավ նախադրյալներ: Տարեց տարի նկատվում է բուժքույրերի մասնագիտական պատրաստվածության առաջընթացը՝ բժիշկների հետ նրանց աշխատանքը դառնում է համագործակցային: Կցանկանայի, որ այդ համագործակցությունը Հայաստանի բժշկական կենտրոններում և կլինիկաներում ավելի զարգանա: Բուժքույրը չպետք է ընկալվի որպես սպասարկող անձնակազմ, այլ պետք է լինի հավասար գործընկեր բժիշկին: Խորհրդային Միությունում բուժքույրերը հանդիսանում էին բժշկների սպասարկողներ և դրա համար էլ նրանց կրթական մակարդակը, աշխատելաոճը չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: Սակայն շուրջ տասը տարուց ավելի է, ինչ բուժքույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի բուժքույրերի աշխատելաոճի և կրթական ցենզի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Էապես շատ բան է փոխվել, բայց, իհարկե, դեռևս անելիքները շատ են: Հավատացեք, որ աշխարհի լավագույն բժշկի բուժումը լիարժեք չի լինում առանց բարձրակարգ բուժքրոջ: Շատ երկրներում բուժքույրը հավասարազոր է բժշկին, քանի որ նա չի ընկալվում որպես սպասարկող, այլ ընդունվում է որպես անհրաժեշտ բուժօգնություն իրականացնող: Այժմ փորձ է արվում բարձրացնելու բուժքույրերի դերն ու նշանակությունը՝ հասցնելով այն բարձր չափանիշի: Այս առումով էլ կարևորվում է բուժքույրերի միջազգային համագումարը»:
Ի դեպ, նկատենք, որ համագումարի աշխատանքներից դժգոհ չէին նաև մեր առաջատար կլինիկաների ղեկավարները։ «Ընդհանրապես բոլոր տիպի միջազգային համագումարները շատ կարևոր են փորձի փոխանակման տեսանկյունից: Այս համագումարին ներկա էին զարգացած երկրների առաջատար մասնագետներ: Նրանք իրենց փորձը փոխանցեցին մեր բուժքույրերին, որոնք աշխատում են «Արմենիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան» բժշկական կենտրոններում: Իհարկե, առաջին համագումարը իր դրական արդյունքները տվեց: Ի դեպ, պրոֆեսոր Մինասյանի ղեկավարած մեր կլինիկան դեռևս տարիներ առաջ, երբ Հայաստանը պատերազմական իրավիճակում էր, բժիշկներ և բուժքույրեր ուղարկեց արտերկիր վերապատրաստման: Իրականացվեց մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքում մեզ մոտ ձևավորվեց բուժքույրերի աշխատանքի նոր ձև՝ բուժքույրը դարձավ բժշկի օգնական: Այդ հմտությունները անհրաժեշտ է պահպանել և զարգացնել: Այս տեսանկյունից, այսինքն, միջազգային փորձին անընդհատ ծանոթանալու, հաղորդակցվելու համար այս համագումարը շատ կարևոր դեր ունի, ինչը զգացվեց առաջին համագումարից հետո»,- մեզ հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժգծով փոխտնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ