Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հօգուտ քրիստոնեական արմատների, ընդդեմ…

Հօգուտ քրիստոնեական  արմատների, ընդդեմ…
26.09.2013 | 23:47

«Իրատես de facto»-ի հարգարժան լրագրողներից մեկը` Սոկրատ Հովսեփյանը, թերթում կարծիք էր հայտնել, թե Հայաստանն այնքան խնդիրներ ու հոգսեր ունի, որ հազիվ թե տեղին է հայոց մամուլում հանգամանորեն քննարկել Եվրոպայի մուսուլմանացման հարցը: Գուցե և այդպես է: Բայց և, մյուս կողմից, եթե մենք կազմում ենք քրիստոնեական աշխարհի մի մասնիկը, ապա հազիվ թե կարող ենք անտարբեր լինել հավատակից հսկա մայր ցամաքի հեռանկարի հանդեպ: Իսկ այդ ապագան այնքան մռայլ է ուրվագծվում, որ շատերը դրա կանխումը տեսնում են միայն մի դեպքում, երբ եվրոպական երկրներում իշխող ներկա անողնաշար լիբերալներին փոխարինեն ծայրահեղ աջերը, նացիոնալիստները և նույնիսկ ֆաշիստները: Ի դեպ, նման երևույթ սկսում է նկատվել Հունաստանում` ներգաղթողների դեմ:
Վերջերս «ՀՏրրՌÿ-24» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը մի ամբողջ շաբաթ հաղորդումների շարք էր նվիրել ժամանակակից Եվրոպայի կյանքի ամենատարբեր կողմերին, այդ թվում` կրոնական: Իրենց կարծիքներն էին արտահայտել եվրոպացի տարբեր մակարդակների քաղաքագետներ, մեկնաբաններ, մասնագետներ և ուրիշներ: Ահա և Շվեդիայում ցույց տվեցին կաթոլիկ մի մեծ եկեղեցի, որտեղ արարողությանը ներկա էր մոտ 10-15 հոգի, և հոգևոր այրը խոր դժգոհություն հայտնեց, որ մարդիկ ավելի ու ավելի են հեռանում քրիստոնեական հավատից, դառնում աթեիստ: Բոլորովին հակառակ պատկերն էր հարևան մզկիթում, որտեղ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Իմամի հետ զրույցի վերջում ռուս լրագրողը հարցրեց նրան, թե ինչպես են զգում իրենց մուսուլմանները քրիստոնեական երկրում: Եվ գիտե՞ք ինչ պատասխանեց իմամը` իսկ դուք վստա՞հ եք, որ Շվեդիան… քրիստոնեական երկիր է: Ոչ ավելի, ոչ պակաս:
Նշված հաղորդաշարում եվրոպացի որոշ քաղաքագետներ մերժում էին Եվրոպայի մուսուլմանացման վտանգի առկայությունը: ՈՒրիշները, մասնավորապես ֆրանսիացի նացիոնալիստ Մարի Լե Պենը, խնդիրը ներկայացնում էին մերկ տեսքով` թվերով ու փաստերով արտահայտելով խոր անհանգստություն ու վրդովմունք: Բոլոր դեպքերում պատկերը հուսադրող չէր, քրիստոնեությունն առայժմ իր հայրենի աշխարհամասում ակնհայտ պարտություն է կրում:
Իսկ հիմա խոսենք նույն վտանգի առջև կանգնած Ռուսաստանի մասին: Բայց սկսենք ահա թե ինչից: Օրերս Մոսկվայում մեծ շուքով բացվեց հայկական եկեղեցական շքեղ համալիրը: Հայերիս համար դա, անտարակույս, պատմական-կրոնական խոշորագույն իրադարձություն է: Սակայն եթե հարցին ավելի լայն նայենք, ապա կտեսնենք, որ այդ երևույթը նշանակալից է նաև Ռուսաստանի կրոնական կյանքում: ՈՒշադիր լսենք, թե ինչ ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը համալիրի բացման արարողության ժամանակ. «Նրանք, ովքեր XXI դարը հետքրիստոնեական դարաշրջան են հռչակում, խորապես սխալվում են: Ռուսաստանը և Հայաստանը այն բանի վառ օրինակն են, որ կրոնական չափանիշը չի վերանում ժողովրդական կյանքից, այլ, ընդհակառակը, ամրապնդվում է, և Մոսկվայում հայկական տաճարի կառուցման փաստը դրա փայլուն ապացույցն է»: Հենց քրիստոնեական արմատների ուժեղացումը ինքնապահպանության հզոր հենարան կծառայի, ու այդ ասպարեզում երկու եկեղեցիները միասնական են: Եվ այս առումով նույնիսկ ոչ ռուսական, իսկ տվյալ դեպքում կոնկրետ հայկական տաճարի կառուցումը ողջունվում է ինչպես ռուս եկեղեցու, այնպես էլ երկրի իշխանությունների կողմից: Մանավանդ որ առայժմ կանգնեցված է նոր մզկիթների կառուցումը Մոսկվայում:
Ռուսաստանը փորձում է հնարավորինս հակազդել եվրոպական որոշ բարոյակրոնական այլասերվածությունների ագրեսիվ ներթափանցմանը: Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճային ակումբում Արևմուտքի հայտնի շատ քաղաքագետների ու փորձագետների ներկայությամբ, մեղմ ասած, տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարելի է հավասարության նշան դնել ավանդական և միասեռական ընտանիքների միջև, ինչպես կարելի է օրինականացնել պեդոֆիլիան` մանկապղծությունը, և այլն: Ավելին, Պուտինը անսեթևեթ հայտարարեց, որ կտրվելով քրիստոնեական արժեքներից, եվրոպական ժողովուրդները պարզապես մեռնում են: Ասել, թե Ռուսաստանին հաջողվում է հեշտորեն դիմակայել եվրոպական հակաքրիստոնեական քաղաքականության նկրտումներին, ճիշտ չի լինի: Այդօրինակ ամեն մի քայլ առաջ է բերում Արևմուտքի վայնասունը: Անչափահասների շրջանում միասեռականության քարոզումն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ նույնիսկ կոչեր հնչեցին բոյկոտելու Սոչիի օլիմպիադան:
Ռուսաստանի իշխանությունները հսկայական նյութական միջոցներ են հատկացնում պահպանելու ավանդական ընտանիքը, մեծացնելու ծննդաբերությունը և այլն: Ռուսների համար վաղուց գաղտնիք չէ, որ ժողովրդագրական վիճակը չշտկելու դեպքում դարի կեսին սեփական (և ոչ եկվոր` սա շատ կարևոր է) մուսուլմանները իրենց քանակով կգերազանցեն քրիստոնյաներին (նորից վերադառնում ենք «հարազատ» թեմային): Եվ ռուսների հոգևոր-բարոյական, ազգային ինքնության վերածննդի ասպարեզում իրոք մեծ դեր է հատկացվում ռուս ուղղափառ եկեղեցուն:
Ինչ է արվում գործնականում: Եթե խոսենք միայն Մոսկվայի մասին, ապա մշակված է մեգապոլիսում մոտ 200 տաճար ու եկեղեցի կառուցելու ծրագիր: Պատրիարք Կիրիլի ասելով, մայրաքաղաքում ազգային պաշտամունքային կառույցների մեծ պակաս կա և նույնիսկ այդ 200-ը չի լրացնի բացը: Նշված ծրագրի իրագործումը պահանջում է 16 տարի, սակայն Մոսկվայի նորընտիր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոստացել է ամեն ինչ անել այդ ժամկետը կրկնակի կրճատելու համար: Ասել է` խնդիր է դրված ամեն ամիս հավատացյալներին տրամադրել մեկ նոր հոգևոր օջախ:
Ծրագրի իրականացումը առավել քան տպավորիչ կդառնա, եթե նկատի ունենանք, որ դրա դեմ ագրեսիվորեն հանդես է գայիս ռուսաստանյան հասարակայնության ազդեցիկ լիբերալ խավը: Իսկ թե ովքեր են կազմում այդ խավի ուղեղը, կարող եք հեշտորեն կռահել։


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ