Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երբ զբոսաշրջիկները հիմնականում սփյուռքահայերն են

Երբ զբոսաշրջիկները  հիմնականում սփյուռքահայերն են
30.09.2013 | 23:05

Պաշտոնական տեղեկագրերում նշված է, որ 2012 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 843330 զբոսաշրջիկ, 2011 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 11,3 %-ով: Այս տարվա հունվար-հունիսին հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը 321279 է, ինչը 2012 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 14,3 %-ով: Նշենք, որ զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամկետով։
Պաշտոնական թվերը հուշում են, որ տարեցտարի աճում է Հայաստան այցելողների քանակը։ Սակայն նշված ցուցանիշներն այնքան էլ զբոսաշրջության իրական պատկերը չեն. Հայաստան ժամանողների մեծագույն մասը սփյուռքահայերն են կամ հայրենիքը վերջին տարիներին լքած մեր հայրենակիցները, ովքեր Հայաստան են գալիս ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ կարոտից, հարազատներին տեսակցելու նպատակով: Եթե զբոսաշրջիկների ընդհանուր թվից դուրս բերենք նրանց, ապա ցուցանիշները կլինեն բավական համեստ: Պետք է նկատել նաև, որ սփյուռքի ռեսուրսն անսպառ չէ: Սերնդափոխության արդյունքում կարող է նվազել Հայաստանը տեսնել ցանկացողների թիվը, ինչը նշանակում է, որ եղածով բավարարվել պետք չէ, և լրջագույն ներդրումներ ու ծրագրեր են անհրաժեշտ զբոսաշրջության ոլորտում:
Մեր զրուցակիցները մարզային իշխանությունների ներկայացուցիչներ են, ովքեր հավաստիացնում են, որ քայլեր ձեռնարկվում են զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Կոտայքի մարզպետի տեղակալ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է, որ Կոտայքի մարզն ունի մշակութային հարուստ ավանդույթներ: Մարզը 3 տարածաշրջան է ներառում՝ Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մշակութային առանձնահատկությունները, որոնք լավ հիմք են մարզում զբոսաշրջությունը զարգացնելու գործում: Հայտնի է, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է, դեռևս 2011 թվականին հաստատվել է մարզի զարգացման քառամյա ծրագիր, որտեղ առանցքային դերակատարում է հատկացված զբոսաշրջությանը` սկսած զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների զարգացումից, մինչև մարզի մշակույթի, ավանդույթների արդյունավետ համադրում արդի զբոսաշրջության պահանջներին:
Որպես կանոն, զբոսաշրջության զարգացման գործում մեծ ներդրում ունի մասնավոր հատվածը: Փոխմարզպետը նկատում է, որ Կոտայքի մարզում կա պետություն-մասնավոր հատված համագործակցությունը` ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը. «Կոտայքում պետություն-մասնավոր համագործակցությունը, ի շահ տուրիզմի զարգացման, շատ ցայտուն է: Մեզ մոտ ավելի ակնառու է պետական հոգածությունը զբոսաշրջային ոլորտի նկատմամբ: Պատահական չէ, որ մարզում, հատկապես վերջին շրջանում, բավականին լայնորեն ընթանում են զբոսաշրջային ենթակառուցվածքների ընդլայնում և զարգացում, բազմաթիվ նոր հյուրանոցային համալիրներ եկան մաս կազմելու մարզի զբոսաշրջային ասպարեզին: Եվ կարող եմ ասել, որ այդ կառույցները հնչեցնում են ժամանակի խոսքը զբոսաշրջության բնագավառում: Կարծում եմ՝ պետական հոգածությունն առաջիկայում ևս իր դրական ազդակները կհաղորդի, և մենք կկարողանանք ծրագրային հենքով նախատեսված այն բոլոր դրույթները, որոնք ուղղակիորեն միտված են տուրիզմի զարգացմանը, կյանքի կոչել»:
Արմավիրի մարզպետարանի մշակույթի, սպորտի բաժնի պետ ԱՐՄԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ էլ նշում է, որ Արմավիրն ունի զբոսաշրջային գրավչություն: Վերջերս մարզպետարանի և USAID-ի հետ համագործակցության արդյունքում գծվեցին մարզի տուրիստական երթուղիները: Անցկացվում են սեմինարներ զբոսավարների, տուրօպերատորների, տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ըստ պաշտոնյայի՝ ձեռնարկված միջոցառումներն արդեն արդյունքներ տվել են: Նա նույնպես նշում է, որ զբոսաշրջության զարգացման հարցում մեծ դեր ունի մասնավոր հատվածը, որի հետ մարզպետարանն աշխատում է՝ նաև համակարգելով աշխատանքները:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ