Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկու դպրոցի պատմություն

Երկու դպրոցի պատմություն
01.10.2013 | 11:40

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ

Իրական կյանքի համար պիտանի, ինչպես նաև ծովագնացության ասպարեզում գիտուն, բանիմաց, մասնագետ երիտասարդներ պատրաստելու նպատակներով վաճառական Նիկողայոս Հովհաննեսի Աղաբաբյանը (1754, Նոր Ջուղա-1809, Աստրախան) մտադրվում է նոր տեսակի ուսումնական հաստատություն ստեղծելուն: Նա հոր մահից հետո, 1754-ին եղբոր` Հակոբի հետ տեղափոխվում է Ռուսաստան, ընդունում ռուսական հպատակություն, որոշ ժամանակ ապրում Մոսկվայում: Ապա մշտական բնակություն է հաստատում Աստրախանում և առևտրական լայն գործունեություն ծավալում: Առևտրային գրասենյակներ է բացում նաև Մոսկվայում, Պետերբուրգում, Կոստանդնուպոլսում, Լոնդոնում և այլ քաղաքներում: 1804 թ. խնդրագրով դիմում է Ալեքսանդր I-ին, խնդրելով թույլ տալ իր միջոցներով (25 հազար ռուբլի) և մահացած եղբոր` Ստեփանոսի, որպես ժառանգություն թողած գումարով (15 հազար ռուբլի) Աստրախանում հիմնել հայոց կանոնավոր երկսեռ ուսումնարան: 1804 թ. դեկտեմբերի 22-ին ցարը թույլ է տալիս, 1805 թ. Ն. Աղաբաբյանը ձեռնամուխ է լինում գործին: Դպրոցի ծախսերը հոգալու համար նա 10 հազար ռուբլի կանխիկ փող է ներդնում առևտրային շրջանառության մեջ, գնում է մի քարաշեն իջևանատուն, որի տարեկան եկամուտը տրամադրում է դպրոցին: Այդ բոլոր եկամուտները կազմում են 100 հազար ռուբլի: Նա հայոց Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ դպրոցի համար կառուցում է նաև փայտաշեն տուն, որտեղ սենյակներ է հատկացնում ուսուցիչների համար: Բացի այդ, դպրոցի բակում կառուցում է քարաշեն տուն` 12 գիշերօթիկ սաների համար: Այդպես հիմնվում է Ռուսաստանում առաջին հայկական աշխարհիկ դպրոցը:
Ն. Աղաբաբյանի կտակի համաձայն, ուսումնարանի կառավարման գործը հանձնվում է ավագ որդուն` Հովհաննեսին (1785-1821): Վերջինս նախ ուսանում է Մոսկվայի մասնավոր ուսուցիչների մոտ, ապա ավարտում Աստրախանի Կղեմես Շահվերդյանի հայկական կաթոլիկ դպրոցը, որը գոյություն ուներ մինչ Աղաբաբյան ուսումնարանի բացվելը:
Դպրոցի պահպանումն անցնում է Աստրախանի այլ հայերի: ՈՒսումնարանի պատվավոր բարերար, վաճառական Գրիգոր Դանիելի Սերգեյանը իր սեփական երկհարկանի քարե տունը նվիրում է ուսումնարանին և Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու բակում կառուցում երկհարկանի առանձնատուն` ուսուցիչների և ծառայողների համար:
1847 թ. օգոստոսի 20-ին տեղի է ունենում հրդեհ, ինչի պատճառով ոչնչանում են ուսումնարանի գույքը, գրենական պիտույքները, ավերվում է շենքը, այրվում են 1809-1836 թթ. արխիվային փաստաթղթերը, գրադարանի գրքերը (317 կտոր): ՈՒսումնարանի համար վարձվում է վաճառական Խալաթյանի տունը, որտեղ նույն թվականի օգոստոսի 25-ից շարունակվում են դասերը մինչև 1849-ը: Ապա հաստատությունը տեղափոխվում է պատվավոր բարերար Գ. Սերգեյանին պատկանող տուն և այնտեղ գոյատևում շուրջ 18 տարի:
1866-ից ուսումնարանը Գ. Սերգեյանի տնից փոխադրվում է Վարդան Ալեքսանի Պաստակյանի հարմարավետ շենք, ուր, դասասենյակներից, ուսուցիչների և մյուս ծառայողների զբաղեցրած սենյակներից բացի, գործում են առանձին ընդարձակ խոհանոց, ճաշարան, բաղնիք, խաղահրապարակ:
Ժամանակավոր կառավարության 1917 թ. օգոստոսի 19-ի որոշմամբ ուսումնարանը վերափոխվում է Աստրախանի Աղաբաբյան երկսեռ լրիվ գիմնազիայի: Դա մասնավոր կրթական հաստատություն էր, որը պահպանվում էր հայ հասարակության միջոցներով: Վերջիններս բաղկացած էին գիմնազիային պատկանող շենքերից ստացված գումարներից, գիմնազիայի ունեցած կապիտալի տոկոսներից, ուսման վարձից, նվիրատվություններից և հոգաբարձական խորհրդի ջանքերով քաղաքային վարչությունից ու կառավարությունից հայթայթված դրամական գումարներից:
Գիմնազիային կից գոյություն ուներ պանսիոն` չքավոր հայ երեխաների ուսման ու դաստիարակության համար: Պանսիոնի 12 սաներ սովորում ու խնամվում էին գիմնազիայի, իսկ մյուսները` վաճառական Գ. Ս. Կազակչյանի կտակած և Բ. Գ. Ասատուրյանի նվիրած շենքից ստացված գումարների հաշվին:
Գիմնազիան 1917 թ. սեպտեմբերի 5-ից գործում է Հայոց թեմական սեմինարիայի համար կառուցված եռահարկ հարմարավետ շենքում և ուներ 4 դասարան ու 110 աշակերտ-աշակերտուհիներ:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո ՌՍՖՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի 1918 թ. հուլիսի 19-ի որոշման հիման վրա Աստրախանի արքունական (պետական, թվով 24) ուսումնական հաստատությունները, այդ թվում և Աղաբաբյան հայոց երկսեռ լրիվ գիմնազիան, փակվում են, վերածվելով նոր միասնական աշխատանքային սոցիալիստական դպրոցների: Աղաբաբյան հայոց երկսեռ գիմնազիան վերափոխվում է խորհրդային միասնական աշխատանքային հայկական դպրոցի (9-ամյա ծրագրով), որը գոյատևում է մինչև 1922 թվականը:
Հավելենք, որ այժմ Աղաբաբյան գիմնազիայի շենքում գտնվում է Աստրախանի թիվ 14 միջնակարգ հանրակրթական դպրոցը:

ԳՈԳՈՅԱՆ ԻԳԱԿԱՆ
ԳԻՄՆԱԶԻԱ
Մկրտիչ Քրիստափորի Գոգոյանը (1796, Նոր Նախիջևան-1865, Նոր Նախիջևան) 18 տարեկանում մեկնում է Լեհաստան, որտեղ վարձակալում է սաթի հանքերի շահագործումը: Տարիներ ի վեր զբաղվում է այդ գործով, սակայն ի վերջո վնաս է կրում, կորցնում հորից ժառանգություն ստացած 4000 ռ. և 1822 թ. սնանկացած վերադառնում Նոր Նախիջևան: Նույն թվականին որբերի և այրիների դատարանից փոխարինաբար վերցնում է իր քույրերի 4000 ռ. օժիտը և այդ գումարը գործադրում Ղզլարում` օղու վաճառքի մեջ: Երեք տարվա ընթացքում շահույթ է ստանում և ավելացնում դրամագլուխը: 1825-ին, քույրերի ամուսնանալու կապակցությամբ, վերցրած 4000 ռ. ու վաստակած գումարը տալիս է նրանց և դարձյալ մնում առանց փողի: Սակայն օղեվաճառության տարիներին շահել էր ղզլարցիների վստահությունը, որոնք սիրահոժար համաձայնում են նրան ապառիկ ապրանք տրամադրել: Այդ ձևով առևտուր է անում և որոշ ժամանակ անց կուտակում 3000 ռ.: Վերադառնալով Նոր Նախիջևան, նա մեկ այլ բարերարի` Հարություն Խալիբյանի հետ առևտրային ընկերություն է հիմնում: Նրանք համատեղ հատկացնում են 10 հազար ռուբլի, հույն վաճառական Սկարամանգայից փոխարինաբար վերցնում 25 հազար ռուբլի և այդ ամենը ներդնում Աստրախանի ձկան, ձկնկիթի և ձկնասոսնձի առևտրի մեջ: Ձկնեղենի առևտուրը շարունակվում է հինգ տարի` ամեն տարի նրանց 15 հազար ռուբլու զուտ եկամուտ բերելով: 1830 թ. գործընկերներն արդեն քաղաքի երևելի հարուստներից էին, և յուրաքանչյուրն ուներ 100 հազար արծաթ ռուբլի կապիտալ:
Ձկնեղենի առևտրին զուգահեռ` Մ. Գոգոյանն ու Հ. Խալիբյանը Սիբիրից կովի յուղ են ներկրում և վաճառում արտասահմանից ժամանող վաճառականներին:
1840 թ. նրանք Պողոս Սուլթան-Շահի և մի հույն վաճառականի հետ ձեռք են բերում Սև ծովի ձկան մենավաճառությունը և այդ գործը շարունակում վեց տարի: Միաժամանակ Սիմեոն Մալայանի հետ Սևաստոպոլի զորքին մատակարարում են կովի յուղ և ալյուր:
Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) գործընկերները ռուսաց զորքին ալյուր են մատակարարում: 1855 թ. դաշնակիցների զորքը բռնագրավում է 15 հազար պարկ ալյուր, որով երկու հայ վաճառականները զգալի վնաս են կրում: Չնայած անհաջողություններին, նրանք համառորեն շարունակում են իրենց առևտրային ձեռնարկումները, և դարձյալ բախտը ժպտում է` Դոնի մերձակա ածխահանքերից հինգ տարի շարունակ քարածուխ են մատակարարում Կասպից ծովում լողացող արքունի նավերին:
Մ. Գոգոյանի և Հ. Խալիբյանի առևտրային համագործակցությունը շարունակվում է մինչև վերջ, դրսևորվելով հատկապես յուղի, ցորենի ու ձկնկիթի առևտրում:
1863 թ. Մ. Գոգոյանն անբուժելի հոգեկան հիվանդություն է ստանում և երկու տարի անց վախճանվում:
1882 թ. Մ. Գոգոյանի կտակի շահութատոկոսներով Նոր Նախիջևանում հայ չքավոր օրիորդների համար բացվում է 4-դասյա դպրոց, որը 1910-ական թթ. դառնում է 7-դասյա և ստանում պետական գիմնազիայի կարգավիճակ: Դասավանդումը հայերեն էր: Դա Ռուսաստանի միակ հայկական իգական գիմնազիան էր, որն իրավունք էր տալիս ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել: Սփյուռքի գրեթե ամեն մի վարժարան, որպես հայության ինքնապահպանության առաջնային հաստատություն, հիմնվել ու պահպանվել է հարուստ մարդկանց, նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մարդիկ, ովքեր գիտակցում էին իրենց պարտքը առ ազգ և առատաձեռնորեն վարձահատույց լինում:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 10237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ