Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մինչև չիմանանք, թե ինչ է կատարվում, չենք կարող դեմն առնել»

«Մինչև չիմանանք, թե ինչ է կատարվում, չենք կարող դեմն առնել»
01.10.2013 | 17:01

Irates.am-ի հարցերին պատասխանում է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆԸ:

-Դուք նշում եք, որ մեր քաղաքական ուժերի բռնած ճանապարհը՝ իշխանափոխություն անելու, սխալ է եղել, և պարտություններն էլ կանխատեսելի էին: Ինչո՞ւ, ի՞նչ պետք է անեին, որ չեն արել:
-Հայաստանն օրենքի երկիր չէ և Սահմանադրությամբ նախատեսված եղանակով հնարավոր չէ իշխանություն փոխել: Միակ տարբերակը պալատները գրավելն է: Դա էլ չի ստացվում, քանի որ իշխանության զորքը մեծաթիվ է, իսկ հանրությունը՝ չընդվզող: Բայց մենք սևեռվում ենք իշխանափոխության վրա ու էլ առաջ չենք գնում: Ասենք, թե եկաք իշխանության, հետո՞: Կարո՞ղ եք ասել, թե ընդդիմադիրներից ո՞վ չի եղել իշխանության կամ իշխանությանը մերձ: Ի՞նչ են փոխել դեպի լավը: Ասում են՝ մեր ժամանակ այսպես չէր: Գուցե: Բայց հետո էլ նույնը ՍԵրժ Սարգսյանն է ասելու, քանի որ իրենից հետո ավելի վատ է լինելու: Մենք գահավիժման ընթացքի մեջ ենք ու մարդիկ առանձնակի դերակատարություն չունեն էլ: Այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ էր դեռ հարյուր տարի առաջ: Այ, հիմա գնացեք քաղաքական գործիչների մոտ և ասեք՝ Արծրուն Պեպանյանն այսպիսի բան ասաց, տեսեք կկռահե՞ն՝ ինչ նկատի ունեմ: Մինչև չիմանանք, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, ինչու է կատարվում, չենք կարող դեմն առնել: Մակերեսային պատասխաններ են միայն շրջանառության մեջ: Մեր քաղաքական դաշտը մտածել չի սիրում, դրա համար էլ գնում-պարտվում է ու բարոյապես մեռնում:
-Կցանկանայի նշեիք, թե ինչ հետևանքներ են թողնում այդ պարտությունները՝ սոցիալական, հոգեբանական, ֆրուստրացիոն տեսանկյունից:
-1997 թվականից ես ընդդիմադիր եմ ընդդիմությանը, ամեն ընտրությունից առաջ դիմում եմ իրենց, որ թերմտածված շարժումներով մարդկանց չտանեն հուսալքության, քանի որ դա քանդում է պետության հիմքերը: Ամեն ընտրությունից առաջ մի նոր գիրք եմ հրատարակում, անձամբ հասցնում քաղաքական երևելիներին, բայց մեկ է, գնում են տրորված ճանապարհով՝ մեր պրոբլեմների վրա լուրջ խորհելու փոխարեն: Այս վերջին շարժման ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձեցի ետ պահել հանրությանը, որ նորից հուսալքության չմատնվի: Տեսա՞ք արդյունքը ինչ եղավ. մարդիկ, կորցնելով վերջին հույսը, քարավաններով հեռանում են երկրից: Էական փոփոխություն դեպի վատը չի եղել, պարզապես հույսն է մարել: Իսկ սա ահավոր բան է: Ու այս վիճակի համար ընդդիմություններն ավելի մեծ մեղք ունեն, քան՝ իշխանությունները: Վաղուց իշխանությունների հետ մարդիկ հույս չեն կապում, հետևաբար չեն էլ հուսազրկվում: Այս հուսահատությունը ատոմային ռումբի վարակիչ ամպի պես տարածվում է մարդկանց հոգիներում ու կազմալուծում երկիրը: Ամենուր արգելակված վիճակ է: Սովորաբար, եթե հասարակության հիասթափված վիճակը տևում է բավականին երկար, ապա այն կարող է հանգեցնել զանգվածային ֆրուստրացիայի. հոգեվիճակ, որը հագեցած է բացասական կենսաէներգիայով, անբավարարվածությամբ, զայրույթով, հուսահատությամբ: Այդպիսի հոգեվիճակ ունեցող հասարական շերտերը հետզհետե դադարում են մասնակցել քաղաքական գործընթացներին, կրել նորի գաղափարները: Արդյունքում` անհրաժեշտ արձագանք չստանալով, անարդյունավետ են լինում թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության նախաձեռնությունները: Այսպիսի հասարակության իշխանությունները մշտապես գտնվում են ջղաձիգ վիճակում. ձեռնարկած ծրագրերը տապալվում կամ աղավաղվում են: Որպես կանոն, այս ամենն իշխանությունների ներսում մակածում է անհուսություն, հետզհետե քաղաքական էլիտայի մոտ այն մտայնությունն է իշխում, թե հասարակությունն անուղղելի է ու իր հետագա ծրագրերը ևս դատապարտված են կործանման: Սովորաբար իշխանությունների դժվարությունները սրանով չեն ավարտվում. նման հասարակությունը չի նկատում կամ չի ցանկանում նկատել իշխանությունների գործադրած ջանքերը, ոչ միայն չի գնահատում արվածը, այլև բոլոր անհաջողությունների և կաշկանդումների համար շարունակում է մեղադրել իշխանություններին: Սա կարող է հանգեցնել իշխանական ֆրուստրացիայի, և այս դեպքում իշխանություններն ակամա դառնում են ագրեսիվ, քննադատությունը չընդունող, երբեմն կատարում են ջղաձիգ քայլեր, որոնցում նրբորեն քողարկված է իրենց արհամարհանքը ժողովրդի նկատմամբ: Մենք հիմա այս ճանապարհի ավարտին ենք ու եթե մոտ ապագայում մի դրական ցնցում, շոկ չլինի, ապա շատ տխուր կլինի երկրի համար:
- Ինչու՞ են քաղաքական «էլիտաները» կտրվում հասարակությունից և լուծում լավագույն դեպքում նեղ կուսակցական խնդիրներ՝ մի կողմ թողնելով իրենց առաջ քաշած նպատակներն ու գաղափարները:
- Իրենց առաջ քաշած նպատակներն ու գաղափարները իրենք իրականացնել չեն կարող վերը նշածս պատճառով: Նրանք դա հասկանում են մի որոշ ժամանակ հետո, բայց չեն խոստովանում բացեիբաց, քանի որ դա իրենց բարոյական մահը կլինի: Եվ իրենց այլ բան չի մնում անել նեղկուսակցական խնդիրներ լուծելուց բացի: Եթե, իհարկե, հենց դրա համար էլ ստեղծված չեն:
-Կցանկանայի նշեիք, թե սոցիալական տարբեր խավեր ինչպե՞ս, ի՞նչ հարցերի շուրջ կարող են միավորվել:
-Մեր հանրությունը կառուցվածքայնացված չէ ընդհանրապես, այն որպես այդպիսին չկա էլ: Սա, իհարկե, իր բացատրությունն ունի, պատասխանը պատմության մոխրի տակ է: Մեր քաղաքական դաշտի խնդիրը պիտի լիներ սոցիալական խավերին որոշակի նպատակների ու շահերի շուրջ միավորելը, փոքր նպատակների համար պայքարել սովորեցնելը, փոքր հաղթանակներով առաջ գնալը: Դա արվում է հիմնականում ըստ մասնագիտությունների, զբաղմունքի, նախասիրությունների, բնակութան վայրի: Ասենք՝ արհմիությունների միջոցով, ՀԿ-ների, նախաձեռնությունների: Եթե նկատել եք, հանրության տարբեր շերտեր ինքնաբերաբար կազմակերպվելու փորձեր են անում իրենց սրացած խնդիրները լուծելու համար, սակայն քաղաքական ուժերը միշտ կողքից դիտորդի դերում են: Մի հեռուստահաղորդման ժամանակ թունդ ընդդիմադիր հյուրիս ուշադրությունը հրավիրեցի այդ օրերին առկա բազմամարդ մի բողոքի դրսևորման վրա, պատասխանը եղավ հետևյալը՝ «Մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք աշխատում ենք ծրագրային դրույթների վրա»: Հիմա նա բարձր պաշտոնի է, իսկ հանրությունը շարունակում է անկումը: Մեր կուսակցությունները հանրությանը կազմակերպելու, նրան կառուցվածքայնացնելու ուղղությամբ ոչինչ են անում ու հինգ տարին մեկ այդ չկազմակերպված հանրությանը տանում են մեծ ճակատամարտերում պարտվելու: Բայց կարծես թե այդ փուլը հաղթահարեցինք: Կուսակցությունների թուլանալը բարերար ազդեցություն կթողնի, և հիմա իսկը ժամանակն է հանրությանը կառուցվածքայնացնելու: Միտք կրողները հիմա ձեր այս հարցի շուրջ պիտի խորհեն, լուծումներ առաջարկեն: Դե, իհարկե, նաև ասածս դրական ցնցումի մասին է պետք մտածել: Առանց դրա ճահիճը հաղթահարել չի լինի: Մտավորական մտահոգ շերտերում ընթացող խմորումները հույս են ներշնչում, որ լուծումը յոթ սարի ետևում չէ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ