Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա

Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա
03.10.2013 | 15:50

Մի անգամ ուշ երեկոյան մոսկովյան շենքերից մեկի բակով անցնելիս լսողությունս «շոյեցին» հայկական անզուգական ռաբիսի ազերական կլկլոցները, որ հնչում էին մուտքի մոտ կանգնած մեքենայից: «Երաժշտությունն» այնքան բարձր էր միացրած, որ հնարավոր չէր անտարբեր անցնել ու դիտողություն չանել մեքենայում ինքնագոհ փռված երկու անթրաշ ապերոներին: Տղերք, ասում եմ, դուք օտար երկրում եք, խանգարում եք տեղի բնակիչների հանգիստը, նրանք ամենևին էլ պարտավոր չեն լսելու ձեր «Արա, վայը» կամ «Էրվում եմ»-ը: Ոչինչ, հոպար, թող լսեն-իմանան` ի՛նչ երգեր ունենք. սա էր իմ խրատաբանության պատասխանը: Մտածում ես, ա՜խր ինչ գործ ունեն Ռուսաստանում` Մոսկվայում, անդաստիարակ, տգետ ու հետն էլ լկտի այս տականքները:

Այս միջադեպը վերհիշեցի, երբ ռուսաստանյան մամուլում կարդացի մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում տեղի ունեցած համանման դեպքի մասին, որը, ավա՜ղ, ավարտվել էր ողբերգությամբ: Մի խումբ հայ երիտասարդներ կերուխում են սարքել քաղաքի շենքերից մեկի բակում` բարձր միացրած ազգային երաժշտության ուղեկցությամբ (երևի նույնպես ռաբիս, որովհետև իրեն հարգող քիչ թե շատ կիրթ հայը երբեք նման բան թույլ չէր տա): Բնակիչների բազմաթիվ դիտողությունները, որ նրանք խախտում են մարդկանց անդորրը, այս «հայերի» մեջ առաջացնում են միայն արհամարհանք և ագրեսիվություն (երևի, ձայներդ կտրեք, դուք ո՞վ եք): Ի վերջո, հերթական անտեսված նկատողությունից հետո բնակիչներից մեկը, նման լպիրշությունից կորցնելով ինքնատիրապետումը, հրազենով կրակում է գինովցածներից մեկի վրա: Սպանվածը 27-ամյա հայաստանցի էր: Հայերի վրա կրակեցին նրանց իսկ երաժշտության ներքո. նենգաթափվել էր լիբերալ սադրիչ թերթերից մեկը:
Զարմանալի մի երևույթ է նկատվում Ռուսաստան տեղափոխված շատ հայերի շրջանում։ Նույնիսկ ամենաանորակ, իր երկրում խեղճացած, վախվորած հայը, գլուխն առած հայտնվելով Ռուսաստանում, անգամ մոսկովյան մեգապոլիսում, չգիտես ինչու իրեն առյուծ է զգում` պատրաստ արտահայտելու իր արհամարանքն ու ագրեսիվությունը ռուսների հանդեպ: Համակովկասյան այս լկտի կեցվածքն էլ հակակովկասյան տրամադրությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկն է: Անուս հայերի մոտ դա ունի նաև «պատմական» արդարացում` արա, որ մենք ազգ էինք, ռուսները ծառերի վրա թռչկոտում էին: Մոռանում են, որ հիմա իրենք են թռչկոտում ուրիշի ծառերի վրա:
Եվ արդյոք միայն ցածրակարգ հայե՞րն են իրենց այդպես պահում: Եկեք մի փոքր նորօրյա պատմական էքսկուրս կատարենք, այս ֆոնի վրա ուշադրություն դարձնելով մի իրողության, որ դժվար բացատրելի է, անհասկանալի, հակասական: Երկու տասնամյակ առաջ բովանդակ հայ ժողովուրդը քաջաբար, թե արիաբար ելել էր խորհրդային «ատելի» կայսրության դեմ: Հսկա երկիրն ապշել էր հայերի հանդգնության վրա: Հետևեց ղարաբաղյան պատերազմը, և հայերը, իրոք, հերոսաբար հաղթեցին թշնամուն: Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո. մի քանի տարում մոտ մեկ մլիոն հայաստանցիներ անմռունչ, անծպտուն լքեցին տենչալի անկախ հայրենիքը, երես թեքելով երբեմնի միտինգավոր կուռքերից: Մութն ու ցուրտը միայն օբյեկտիվ պատճառներ չունեին: Սակայն մարդիկ հեռացան երկրից, նույնիսկ տարրական հակազդեցություն ցույց չտալով արդեն սաղմնավորվող անարդար օլիգարխիական կոռուպցիոն համակարգին: Ո՞Ւր կորան հանդգնությունը, հերոսությունը: Թե՞ դրանք նախատեսված էին միայն օտարների դեմ: Ընդ որում, այն տարիներին անկախությունից փախավ ազգի սերուցքը` ինտելեկտուալ ու գործարար խավը, դրանով իսկ խախտելով ազգի գենետիկ կոդը (այդ հիմա են Մոսկվայում հայտնվում ռուսերեն երկու բառ չիմացող խեղճ մարդիկ): Արդեն երրորդ տասնամյակն է թևակոխել Հայաստանի անարդարացի իրողությունների դեմ դժգոհության արտահայտման գրեթե միակ` ամենատեսանելի ձևը` արտագաղթը, որը պետք է սև շրջանակի մեջ առնել: Բայց չէ՞ որ կան անբավականության արտահայտման քաղաքակիրթ, օրինական ձևեր, որոնք գոնե կսթափեցնեին, կզգուշացնեին ղեկավարությանը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ երկրում դեֆակտո չկան նույնիսկ արհմիություններ, որոնք պաշտպանեին աշխատող մարդու շահերը: Արդյոք հարկ կա՞ այս պահին տեսական հանրահայտ դատողություններ անելու այն մասին, որ ամեն մի իշխանություն այլասերվում է, երբ չկան նրա գործունեությունը վերահսկող ընդդիմադիր, թե ժողովրդական ուժեր:
Ահա թե ինչու Հայաստանում քաղաքական, սոցիոլոգիական, հոգեբանական հետազոտությունների կենտրոնները, առանձին մասնագետներ չեն վերլուծում այն տարօրինակ ֆենոմենը (իսկ սա իրոք ֆենոմեն է), երբ խիզախորեն պայքարելով Հայաստանի ու Ղարաբաղի անկախության համար, մեր ժողովուրդը դարձավ պաղարյուն մի հանրություն` անընդունակ շտկելու սեփական անարդարությունները: Ինչո՞ւ է այդքան խեղճ հայ մարդը իր հայրենի երկրում: Գուցե ինքնահաստատման մղումով է նա իրեն առյուծ զգում, այս դեպքում, կոնկրետ Ռուսաստանում:
Ըստ վիճակագրության, այսօր անգամ ռուսահայ դարձած նախկին շատ հայաստանցիներ ավելի ու ավելի սակավ են այցելում հայրենիք, քանզի խեղդվում են համաժողովրդական անբավականության մթնոլորտից, երբ բնակչության մեծ մասը նյութական օգնության կարիք ունի: Ինչի մասին ենք խոսում, երբ արդեն երիտասարդության 70 տոկոսից ավելին է պատրաստվում արտագաղթելու, հեռանկար չտեսնելով իր համար: Ապշեցնում է, որ այդ համատարած «գաղջ» մթնոլորտը չի ծնում լիարժեք ու արդարամիտ ընդդիմություն, նոր մտածողությամբ հայրենասեր լիդերներ:
Ներհայաստանյան ընդարմության նշված ֆենոմենը, երբ մարդիկ սոսկ գերադասում են արտագաղթել, նույնիսկ չփորձելով որևէ ձևով ազդել ներքին կյանքի վերափոխմանը, իրոք պետք է դարձնել լայն ուսումնասիրության առարկա: Դատարկվում է Հայաստանը: Մարդիկ շարունակում են ապահովություն փնտրել արտերկրում ու առաջին հերթին Ռուսաստանում: Վերջերս հարկ եղավ Մոսկվայում դիմավորելու Երևանից եկած ավտոբուսը: Ծանոթս, որ եկել էր «երջանկություն» փնտրելու Մոսկվայում, ասաց, որ ավտոբուսի բոլոր ուղևորների տրամադրվածությունը մեկն է` բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով բուն դնել Ռուսաստանում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ