Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիմա ԲՀԿ-ն պահանջելո՞ւ է կառավարության հրաժարականը

Հիմա ԲՀԿ-ն պահանջելո՞ւ է  կառավարության հրաժարականը
04.10.2013 | 00:09

ԲՀԿ պատգամավորների, մասնավորապես երիտասարդ, կառավարությանը փնովող հարցերն արդեն նորություն չեն, պարզ են նաև դրանք ծնող դրդապատճառները: Սակայն այդ ամենում «այլընտրանքին» վայել որոշակիություն չկա։ Այս քառօրյան ևս բացառություն չէր. ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ խոսեց տնտեսական վատ վիճակից, մենաշնորհներից։ Հենց նրանից էլ փորձեցինք ճշտել՝ եթե այդքան դժգոհ է ԲՀԿ-ն, ե՞րբ է վերջապես պահանջելու գործադիրի հրաժարականը: Երկխոսությունը ներկայացնում ենք առանց խմբագրման:

-Ձեր կողմից հարցի ծագման անհրաժեշտությունն ինձ զարմացնում է,- ասաց ուղիղ երեք անգամ «զարմացած» ՈՒրիխանյանը` շարունակելով,- բազմիցս խոսել ենք այդ թեմաների շուրջ, երբևէ չի փոխվել մեր դիրքորոշումը, հարցադրումների բովանդակությունը: Այնպես որ, աննպատակ է դրա մասին խոսելը: Կոնկրետացրեք Ձեր հարցադրումը:
-Դրանից ավելի էլ ի՞նչ կոնկրետացում: ԲՀԿ-ն պահանջելո՞ւ է վարչապետի հրաժարականը:
-Նորից կրկնեմ. հարցի ծագման անհրաժեշտությունն ինձ զարմացնում է, որովհետև այդ հարցն անցած քառօրյային ԲՀԿ պատգամավոր Բաբայանը տվեց կառավարությանը:
-Ի՞նչ է հարցրել. ասել է` չե՞ք պատրաստվում հրաժարական տալ:
-Ի՞նչն եք ճշգրտում:
-ՈՒզում եմ հստակ իմանալ:
-Հստակ իմանալու համար պիտի տիրապետեք ինֆորմացիային:
-Ինձ պետք չէ, թե ինչ է ասել Բաբայանը նախորդ քառօրյայում, ինձ հարկավոր է, որ հիմա Դուք ասեք` ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է պահանջելու վարչապետի հրաժարականը:
-Պատասխանում եմ Ձեր հարցին (գոհացնո՞ւմ է դա Ձեզ, թե՞ ոչ, Ձեր խնդիրն է). հարցի ծագման անհրաժեշտությունն ինձ զարմացնում է: Անցած քառօրյայում ԲՀԿ պատգամավորներից մեկը Ձեր իսկ ձևակերպումներով հարց տվեց կառավարությանը:

Որքան էլ կոնկրետ էր մեր հարցը, որը Տիգրան ՈՒրիխանյանին, չգիտես ինչու, այդպիսին չէր թվում, նա նույն պատասխանն էր տալիս: Փաստորեն, ԲՀԿ-ն, չնայած ԱԺ ամբիոնից պարբերաբար կառավարությանն ուղղվող «կսմիթներին», չի կարողանում հստակ ձևակերպել, թե որն է իր ուզածը. «կծմծոցներ» հանուն երկրի տնտեսական վերելքի՞, թե՞ հանուն վարչապետի աթոռի։
Ի դեպ, փորձերը՝ գտնելու նախորդ քառօրյայում Վահան Բաբայանի՝ «իմ ձևակերպմամբ» (ՈՒրիխանյանի բնորոշումն է) կառավարությանն ուղղված հարցը, զուր էին: Նման, ինչպես կասեր ՈՒրիխանյանը, ինֆորմացիայի ես չկարողացա «տիրապետել»:
Իսկ այդ օրվա իմ բացահայտումը պարզապես ցնցող էր. պարզվում է, ՈՒրիխանյանը լրագրողների հետ աշխատում է սեփական «դիկտաֆոնով», տվյալ պարագայում՝ հեռախոսի ձայնագրիչով: ՈՒշադրություն. երբ ավարտեցինք մեր կարճ զրույցը, նա ցույց տվեց հեռախոսը և հայտարարեց. «Նկատի ունեցեք, որ ձայնագրվել է մեր խոսակցությունը, շեղումներ չլինեն, չնայած չեմ կարծում, որ կլինեն»:
Հետաքրքիր է, միայն լրագրողների՞, թե՞ բոլորի հետ է նման աշխատաոճ ընտրել այս պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ