Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տրանսպորտը Երևանում գործում է ոչ իբրև փոխադրամիջոց

Տրանսպորտը Երևանում գործում է ոչ իբրև փոխադրամիջոց
07.10.2013 | 12:15

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հարցրի.

-Տրանսպորտի ուղեվարձը բարձրանալո՞ւ է:
-Ես կարծում եմ, որ համակարգը պետք է արմատապես փոխել: Դեռևս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ես առաջարկում էի տրանսպորտային մեկ ձեռնարկություն ստեղծել` Երևան քաղաքին պատկանող համայնքային տնտեսություն, որը սուբսիդավորում է քաղաքապետարանը: Տեսած կլինեք փողոցներում քաշված կարմիր գծերը, «Փարքինգ սիթիի» տնօրինությանը հանձնված այդ հատվածը ևս պետք է քաղաքապետարանի տնօրինության տակ լինի, և ավտոմեքենաների կայանումից ստացված գումարը պետք է ուղղվի տրանսպորտի աշխատանքի սուբսիդավորմանը: Ամբողջ աշխարհում հասարակական տրանսպորտը համարվում է սոցիալական ծառայություն և սուբսիդավորվում է, որ մատչելի լինի: Հասարակական տրանսպորտը շահույթ ստանալու հարց չի լուծում: Իսկ մեզ մոտ հակառակն է` տրանպորտը շահույթի միջոց է, որովհետև տրվել է մասնավոր ընկերությունների, որոնց տերերը, լինելով իշխանությունների նեղ շրջանակում, փորձում են գերշահույթ քամել: Պետք է փոխել տրամաբանությունը: Այդ պարագայում 100 դրամ ուղեվարձով էլ կարելի է ունենալ քաղաքային տրանսպորտ, որը ծառայում է իր բուն նպատակին: Բացի այդ, Երևանի ծայրամասերից` «ննջարանային» թաղամասերից, պետք է տրանսպորտ գործի մինչև մետրոների կայարաններ` ավելի մատչելի գներով, որը կնպաստեր և մետրոյի ուղևորաշրջանառության մեծացմանը, և քաղաքի կենտրոնական հատվածի, որտեղ մետրոների կանգառներն են, տրանսպորտից բեռնաթափմանը: Բայց քանի որ մինչև հիմա տրանսպորտը Երևանում գործում է ոչ իբրև ուղևորների փոխադրամիջոց, այլ գծատերերի գերշահույթի ապահովման միջոց, ունենք այս վիճակը: Նրանք ընտրությունների ժամանակ բազմաթիվ ծառայություններ են մատուցել իշխանություններին, և հիմա հասել է այդ ծառայությունների դիմաց հատուցելու ժամանակը: Նոր ընտրություններ են լինելու` նրանց նեղացնել չի կարելի:
-2014 թ. քանի՞ դրամով ենք մտնելու` Ձեր կանխատեսմամբ:
-Չեմ կանխատեսի, որովհետև Հայաստանում ամենահանգիստ իրավիճակ կարող ես կանխատեսել, իսկ ստանալ ամենամեծ պայթյունը, կարող ես պայթյուն կանխատեսել, ստանալ ամենահանգիստ վիճակ: Ես չգիտեմ, թե քաղաքացիները որ պահին ինչ կորոշեն` կպայքարե՞ն իրենց իրավունքների համար և այստեղ նորմալ կյանք կունենան, թե՞ վերջնականապես կհարեն արտագաղթի շարժմանը և իրենց խնդիրները կլուծեն Հայաստանից դուրս:
Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի հոկտեմբերի 8-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ