ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Հայաստանում ընդդիմություն լինելը շատ ծանր փորձություն է»

«Հայաստանում ընդդիմություն լինելը շատ ծանր փորձություն է»
13.10.2013 | 11:10

Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածության հայտնի քվեարկությունից հետո ընդդիմության քաղաքական վարկանիշը զգալի անկում արձանագրեց: «Հայաստանում ընդդիմություն չկա». այս տեսակետը սկսել է ավելի հաճախ հնչել, ընդ որում, ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր գործիչների շուրթերից: Օրերս վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն անգամ նկատեց, որ ընդդիմության այս ճանապարհը Հայաստանը կործանման է տանում: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում անընդունելի համարեց, որ ընդդիմության մասին նման կարծիք են հայտնում իրենց ընդդիմություն համարող ուժերը: «Նախ այդ հայտնի քվեարկության մասին. ես չեմ կարող ասել, թե ով ինչ աջակցություն է ցուցաբերել, կամ ինչ կերպ են քվեարկության արդյունքները խեղաթյուրվել, բայց հստակ է, որ առնվազն ութ-ինը «դեմ» եղել է: Անձամբ չեմ տեսել, բայց մեխանիզմներն այնքան բազմազան են, որ չեմ բացառում, որ այդ «դեմ»-երն ինչ-որ ձևով հանվել են: Սրանով ընդդիմության դերակատարությունն ու կարևորությունը չի կարելի նսեմացնել: Մենք շատ լավ գիտենք, թե իշխանությունն ինչ մեխանիզմներ է կիրառում, երբ իրեն պետք է ինչ-որ արդյունք ստանալ»:

-Իսկ ինչպե՞ս բացատրել, երբ ընդդիմադիր հատվածն է ընդդիմությանը քննադատող հայտարարություններ հնչեցնում:
-Այ, այստեղ ես մտահոգվելու առիթ եմ տեսնում: Եթե ընդդիմությունը փորձում է բացառել ընդդիմության գոյությունը, նման կարծիք հայտնողն ինձ համար ընդդիմություն չէ: Եթե մենք ուզում ենք, որ ժողովուրդն ապագայի նկատմամբ քիչ թե շատ հույս ունենա, ապրի ու արարի սեփական երկրում, ոչ միայն ընդդիմությանը պետք է պաշտպանենք, գուրգուրենք, հզորացնենք, այլև իշխանության կողմից ընդդիմության դեմ կատարվող յուրաքանչյուր քայլ համատեղ կասեցնենք:
-Այսինքն, Հայաստանում ընդդիմություն կա:
-Բնականաբար` կա: Ամեն ուղղությամբ աշխատանք տանում է: Տեսեք, ՀԱԿ-ը, որը, ըստ իս, ամենաուժեղ ընդդիմադիր կառույցն է, տարածքային կառույցներ է ձևավորում, գրասենյակներ բացում: Թող մի ընդդիմադիր կուսակցություն ցույց տա, որ ունի այդքան տարածքային կառույցներ և այնպիսի թիմ, ինչպիսին ՀԱԿ կուսակցությանն է, որն ինձ համար հարազատ տուն է, չնայած ես այդ կուսակցությանն անդամագրված չեմ: Բայց, քանի որ այդ կուսակցությունը ձևավորվել է շարժման իմ ընկերների համախմբման արդյունքում, ինձ համար այն շատ հարազատ կուսակցություն է: Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, այո, ընդդիմությունը համախմբման անհրաժեշտություն ունի: Բայց այդ գործընթացին խանգարում են տարբեր հանգամանքներ, զորօրինակ, կառավարման համակարգին առնչվող մոտեցումների տարբերությունը և այլն:
-Դժվար չէ՞ տարանջատված պայքարել համախմբված իշխանական թիմի հետ:
-2007-ին էլ ընդդիմությունը միասնական չէր, բայց երբ եկավ այն խարիզմատիկ լիդերը, որը կարողացավ համախմբել բոլորին (խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է), համախմբումը կայացավ: Ընդդիմությունը միավորվում է հատկապես նախագահական ընտրությունների շեմին, որովհետև այդ ժամանակ միասնական ճակատ ստեղծելն ամենակարևորն է, իսկ մինչ այդ ամեն մեկը փորձում է իր դերակատարությունն ընդդիմադիր դաշտում ավելի մեծացնել` ընդգծելով իր բացառիկությունը:
-Այսինքն, պիտի սպասենք հերթական ընտրությունների՞ն, որ ընդդիմադիր ճամբարում համախմբում տեղի ունենա:
-Համախմբումն անհրաժեշտ է հատկապես հիմա, երբ մենք բազմաթիվ մարտահրավերների դիմակայելու խնդիր ունենք: Առայժմ այդ համախմբումը մասամբ տեղի է ունենում ԱԺ-ում, ինչը, կարծում եմ, կտարածվի ընդհանուր քաղաքական դաշտում: Բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իշխանությունը որքան լավ է «աշխատում» նաև ընդդիմադիր դաշտի որոշ հատվածում, այսինքն՝ շատ սկզբունքային ընդդիմադիրներ այսօր հրաժարվել են ընդդիմություն լինելուց կամ հրապարակավ չեն հրաժարվել, սակայն իրենց գործողություններն այլ բան են հուշում` հակված են ավելի շատ իշխանության, քան ընդդիմության դաշտում աշխատելու: Հայաստանում ընդդիմություն լինելը շատ ծանր փորձություն է: Եբ մարդիկ ընդդիմադիր են, զրկված են աշխատանքից, ամեն հնար գործադրվում է, որ նրանց կոտրեն: Իշխանության մեջ գտնվողներից որևիցե մեկը թող չփորձի հեգնախառն արտահայտվել ընդդիմության հասցեին, այլ մեկ տարի, զրկվելով ամեն ինչից, ընդդիմություն լինել: Տեսնեմ` ինչքա՞ն կդիմանան: 2007-ից մինչև 2013-ի սկիզբը (սա կարճ ժամանակահատված չէ) շարժումը կար և բավականին դրական ներգործություն ունեցավ իշխանության կայացրած տարբեր որոշումների վրա: Քաղաքական դաշտը միայն ուրախ պիտի լինի, եթե ընդդիմությունը հնարավորություն ունի ուժեղանալու, որովհետև, եթե չկան հակակշիռներ, իշխանությունն էլ ոչնչացման ենթակա է, քանի որ չի կարող իր որոշումները վերահսկել: Հենց իշխանության շահերից է բխում Հայաստանի ընդդիմության հզորացմանը չխանգարելը:
-Եթե օբյեկտիվ լինենք, ընդդիմության հզորանալուն խանգարում է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմության սխալները, բացթողումները:
-Գիտե՞ք ինչ, սխալներ գործում են նրանք, ովքեր ինչ-որ բան են անում: Շատ կուսակցություններ, որոնք շարժումից դուրս էին, ոչ մի գործընթացի չէին մասնակցում, նրանցից ի՞նչ սխալներ ակնկալել: Եթե մարդը ոչինչ չի անում, չի էլ սխալվում: Չեմ բացառում, որ ինչ-որ հարցում մենք էլ ենք բացթողումներ ունեցել, երբեմն սխալվել ենք, ու այսօր մեր քայլերը վերանայելու անհրաժեշտություն կա, ինչն էլ անում ենք: Մարտավարության խնդիրներ կան, ժամանակ առ ժամանակ պիտի կարողանալ դադար վերցնել, վերլուծել անցած ուղին, իմաստավորել ապագան: Այնպես որ, սխալներ միշտ էլ կլինեն, ովքեր շատ գործ են անում, շատ էլ սխալվում են:
-Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր պահվածքի դրսևորո՞ւմ է, երբ Եվրոպայի սրտում` ԵԽԽՎ-ում, այնպիսի հարցեր են հնչեցնում, ինչպես Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց:
-Դասական իմաստով՝ ընդդիմություն են բոլոր նրանք, ովքեր իշխանություն չեն: Ինչ վերաբերում է Զարուհուն, ես չէ, որ պետք է գնահատական տամ նրան, առավել ևս, որ նա իմ ընդդիմադիր գործընկերն է: Բայց ամեն դեպքում, ԵԽԽՎ-ի ամբիոնն այս կարգի հարցեր տալու տեղը չէ: Եթե խնդիր էր դրված Սերժ Սարգսյանին հարվածելու, բազմաթիվ հարցեր կային, որոնց միջոցով կարելի էր դա անել: Ամեն դեպքում չեմ խորանում մանրամասների մեջ, և ես չէ, որ պիտի գնահատականներ հնչեցնեմ, դա «Ժառանգության» և իշխանության խնդիրն է:

Հարցազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ