«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եթէ Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում` Կուտինայում, շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող Յարութիւն հորեղբայրս էլ կոշկակար էր»

«Եթէ Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում` Կուտինայում, շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող  Յարութիւն հորեղբայրս էլ կոշկակար էր»
11.10.2013 | 12:10

Ազգը պահպանում են իր հանճարների անմահ ոգիները: Բարերարության հանճար Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհիվ մեր ժողովուրդը ձեռք բերեց մյուս հանճարին` Կոմիտասին: Առանց առաջինի չէր լինի երկրորդը:

Եվ երբ 1896 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը Ալ. Մանթաշյանցին խնդրեց իր 27-ամյա տաղանդաշատ վարդապետին բարձրագույն երաժշտական ուսումնառության ուղարկել Գերմանիա, բարերարն արդեն «Թիֆլիսի առևտրային բանկի» սեփականատերն էր, Բաքվի «նավթարքա» ու Թիֆլիսի «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» փոխնախագահ: Մանթաշյանցը հոժարությամբ համաձայնեց, և այստեղ հարկ է որոշ պարզաբանումներ կատարել:
Նա ասում էր. «ՈՒսանողը մեր ազգի ապագան է», և արդեն Եվրոպայի ու Ռուսաստանի բուհերում պահում էր բազմաթիվ խոստումնալից ուսանողներ: Իսկ ինչպե՞ս էր ընտրում կրթաթոշակավորներին: Նախ, ցանկացած հայցվոր կարող էր թակել Պասկևիչի փողոցում գտնվող նրա առանձնատան դուռը և խնդրանքը ներկայացնել: Այդ դեպքում Մանթաշյանցն ինքն էր հարցուփորձ անում, քննում` բառի ուղղակի իմաստով: Երկրորդ, առավելություն էր տալիս հայտնի մարդկանց զավակներին (օրինակ, Շիրվանզադեի որդիներին, Խ. Աբովյանի թոռանը և այլոց), հավանաբար, առաջնորդվելով այն սկզբունքով, թե` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Երրորդ, չէր մերժում հեղինակավոր մարդկանց միջնորդությունները: Կոմիտասի պարագայում գործեց վերջին մոտեցումը, մանավանդ որ վեհափառն ու բարերարը անձնական ջերմ հարաբերություններ ունեին: Սակայն կար ևս մեկ նրբություն. Մանթաշյանցն անչափ սիրում էր երաժշտություն, մասնավորապես Սայաթ-Նովա, որի բանաստեղծություններն անգիր գիտեր, Պետերբուրգում պարտադիր այցելում էր օպերա, իսկ Փարիզի երաժշտական թատրոններից մեկում ուներ մշտական օթյակ:
Կոմիտասի եռամյա ուսումնառության համար նա հատկացրեց 6000 ռուբլի: Այս թիվն իմանալու համար մենք «պարտական» ենք այն նախանձ և ուրիշի փողերը հաշվել սիրող մարդկանց, որոնք կան բոլոր ժամանակներում: Այդ գումարի մասին պատկերացում տալու համար ասեմ միայն, որ Երևանի շուկայում 1 ֆունտ (400 գրամ), տավարի միսն արժեր 7 կոպեկ, իսկ Թիֆլիսում ամերիկյան ոսկե ժամացույցը` 12-15 ռուբլի:
Մանթաշյանցի առատաձեռնության շնորհիվ Կոմիտասը Բեռլինում ուսանեց Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում, ուսումնասիրեց կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակեց ձայնը, սովորեց դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրեց երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակեց ժողովրդական երգեր: ՈՒսումնառությունից հետո Բեռլինի օպերայի տնօրենը նրան առաջարկում է մնալ որպես օպերային երգիչ` խոստանալով ամսական 1000 մարկ ռոճիկ, սակայն վարդապետը մերժում է. «Իմ երգչի կարողութիւնները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտութիւնը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերէն ունեցեր է իր ինքնուրոյն երգն ու երաժշտութիւնը»:
Կոմիտասի զուտ մարդկային առաքինություններից մեկը անհուն երախտագիտությունն էր Մանթաշյանցի նկատմամբ, որը շարունակվեց ընդհուպ մինչև բարերարի մահը: Նամակներից մեկում նա գրում է. «Երաժշտութեան երկնապարգև շնորհը միայն Կոմիտաս վարդապետի վրայ չէ իջել... ինձ «միակ երաժշտագէտ» կամ «հայ երաժշտութեան աստուած» համարելու և հռչակելու ոչ յավակնությունն եմ ունեցել և ոչ էլ երևակայել: Ընդհակառակ, շատ տեղ քանիցս առիթ եմ ունեցել մեծ բազմութեան առաջ խոստովանալու, որ եթէ բաղդն ինձ չժպտար և ես Ս. Էջմիածին և ապա իմ անգին բարերար պ. Աղէքսանդր Մանթաշեանի միջոցաւ Գերմանիա չգնայի, կը լինէի իմ հայրենիքում` Կուտինայում, շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող Յարութիւն հորեղբայրս էլ կոշկակար էր և ակնյայտնի բան է, որ ես էլ, ամենայն հաւանականութեամբ, նրան պիտի աշակերտէի»:
Երբ 1904 թ. հոկտեմբերի 2-ին Փարիզում կայացավ Ալ. Մանթաշյանցի կառուցած Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, նույն ամսվա 30-ին Կոմիտասը գրեց. «Որքա՞ն ցավեցայ, երբ լսեցի, որ անշուք կերպով եղավ Փարիզի հայ գաղութի եկեղեցու բացումը. մի այնպիսի հարմար առիթ փախցրինք, որ շատ քիչ անգամ կպատահի. մի՞թե այնքան կորել էր նախանձախնդրութիւնը դեպի մի բազմաչարչար եկեղեցի, դեպի մի նահատակ եկեղեցի մեր սերն ու կապը, որ նկատվեցավ, իբր թէ մի նոր բնակարան են փոխում մարդիկ»:
1906 թ. նամակ գրեց Ա. Չոպանյանին` նաև ուղարկելով «Հայ գեղջուկ երաժշտություն» վերնագրով ուսումնասիրության տետրը, խնդրելով մաս առ մաս թարգմանել ֆրանսերեն, մինչև ինքը հնարավորություն ունենա ուղարկելու մյուս տետրերը։ Այդ նամակում մասնավորապես նշում էր. «Աշխատութիւնս էլ նուիրեցի պ. Ա. Մանթաշեանին, որովհետև նորան եմ պարտական արդի ուսման պաշարովս` եւրոպական մտքով»։
Կոմիտասը դաշնամուր չուներ, Էջմիածնի միաբանության հանդիսասրահում կար մի հնամենի, նահապետական ֆիսհարմոն, որի վրա ցուրտ ձմռանը ծնկները փաթաթում էր պլեդով և գրում-ջնջում իր ստեղծագործությունները: 1907 թ. Մանթաշյանցը նրան նվիրեց թանկարժեք դաշնամուր, որն այժմ պահպանվում է Ե. Չարենցի անվան արվեստի ու գրականության թանգարանում: Ահա թե ինչպիսի հրճվանքով արձագանքեց վարդապետը. «Այժմ տանս Schröder ֆիրմայի մեծ դաշնամուր ունեմ: Դուք կզգաք իմ ուրախութեան չափը, երբ առաջին անգամ դաշնակը հարայ-հրոցով սենեակ բերելուց, սարքելուց, մարդոց ճանապարհ դնելուց հետո մենակ մնացի: Աչքերիս չէի հավատում, որ վերջապես ես էլ մարդահաշիվ եմ դառնում, հարմարութիւն ունենում աշխատելու, էլի` աշխատելու: ՈՒրախութիւնիցս քարացել էի մեկ վայրկեան, ապա արտասուքի հեղեղը սկսավ գլորվել աչքերիցս, ես էլ, սիրտս էլ, միտքս էլ, կյանքս էլ հանգստացավ, հաշտվեցավ, որ այժմ աշխատելու միջոց ունեմ և այն` անհրաժեշտ միջոց»:
1909 թ. հոկտեմբերի 18-ին Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում վախճանվեց Ալ. Մանթաշյանցի կինը` 8 երեխաների մայր Դարյա Մանթաշյանցը: Հուղարկավորությունը տեղի ունեցավ Թիֆլիսում, և հոկտեմբերի 30-ին Կոմիտասը համառոտագրեց. «Երեկ վերադարձայ Տփխիսից. գնացել էի տիկին Մանթաշեանի թաղման»: Սակայն Թիֆլիսի «Հովիւ» շաբաթաթերթը ավելի մանրամասն անդրադարձավ այդ փաստին. «Էջմիածնից Թիֆլիզ էր եկել յատկապէս յուղարկաւորութեանը ներկայ լինելու յամար Մանթաշեանի նախկին որդեգիր բարձրապատիւ Կոմիտաս վարդապետը, որ երկու-երեք մեղեդի երգեց։ Հայր Կոմիտասի երգեցողութիւնը մեծ տպաւորութիւն գործեց բոլորի վրայ, շատերից նոյնիսկ արցունք կորզեց»։
1911 թ. ապրիլի 19-ին վախճանվեց հայոց բազմադարյա բարեգործության հսկա Ալ. Մանթաշյանցը, որի մահը և հուղարկավորությունը վերածվեցին համազգային կորստի: Ալեքսանդրիայում գտնվող Կոմիտասը ցավակցական հեռագիր ուղարկեց: Նա կորցրեց իր հենարանին, և հետագա կյանքն անցավ Գողգոթայի ճանապարհով:
Ալ. Մանթաշյանցը հայ ժողովրդի հիշողության մեջ մնաց 45 տարի տևած իր բարերարությամբ:
Կոմիտասը դարձավ հայ դասական երաժշտության հիմնադիրը, ժողովեց ու մշակեց հայ, բուլղար, քուրդ, թուրք ժողովուրդների երգերը: Որպես խոնարհումի արգասիք` կանգնեցվեցին հուշարձաններ, նրա անունն են կրում Երևանի կոնսերվատորիան, պողոտան, 90-ամյա լարային քառյակը… Իսկ Խորհրդային Հայաստանում արտադրվում էր «Կոմիտաս» մակնիշի դաշնամուր…
Մեր ազգը հիմա էլ են պահպանում Ալեքսանդր Մանթաշյանցի և Կոմիտասի անմահ ոգիները:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ