Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սփյուռքահայերին ամենաշատը հետաքրքրում են ընտրությունները»

«Սփյուռքահայերին ամենաշատը հետաքրքրում են ընտրությունները»
13.10.2013 | 11:31

irates.am-ի հարցերին պատասխանում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

-Պարոն Ասատրյան, Դուք երկար տարիներ է, ինչ ապրում եք Չեխիայում, խմբագրում եք «Օրեր» ամսագիրը: Շփվելով տարբեր տարիներին Հայաստանից արտագաղթած հայերի հետ՝ ի՞նչ կարող եք ասել նրանց մասին: Նոր երկիրը, մշակութային բոլորովին այլ միջավայրը ի՞նչ է վերցնում սփյուռքահայից և ի՞նչ է տալիս նրան: Հաջողվու՞մ է միջին վիճակագրական հային նոր խարիսխ ձգել օտար երկրում:
-Արդեն տասնհինգ տարի է, ինչ բնակվում եմ Չեխիայում եւ այս տարիներին շփվել եմ Հայաստանից Եվրոպա գաղթած ամենատարբեր խավերին պատկանող հայաստանցիների հետ։ Բնականաբար, ամեն մարդ կայանում է այն միջավայրում, որտեղ ապրում եւ աշխատում է։ Եվ դա կախված է մասնագիտությունից , աշխատանքից, նախասիրություններից։ Կան հայեր, որոնք շատ լավ ինտեգրվել են չեխական հասարակությունունում, փորձում են իրենց առօրյան լցնել ավելի չեխական, քան հայկական ավանդույթներով, եւ հակառակը, կան հայեր, որոնք ունենալով սահմանափակ շփման հնարավորություն, մնացել են իրենց ազգային ավանդույթների սահմաններում։ Կա նաեւ երրորդ խումբը, որին կարելի է դասել մարդկանց, ովքեր ե՛ւ ազգային ավանդույթներն են պահպանում, հաճախում են հայկական շաբաթօրյա դպրոց, բաժանորդագրվում են հայկական ամսագիրը, մասնակցում են համայնքային միջոցառումներին, չեն խորշում հայերեն խոսելուց, ե՛ւ միաժամանակ բավականին լավ ինտեգրված են չեխական միջավայրին, ունեն չեխ ընկերներ։ Այս խմբի մեջ են մտնում նաեւ խառը ամուսնություններով ընտանիքները, որոնց մեծ մասը ձգտում է ապահովել, որպեսզի երեխաները հայերեն խոսեն։ Նրանք շատ լավ ինտեգրվում են, հայկական մշակույթի լավը փոխանցում են չեխերին, եւ հակառակը՝ չեխերից վերցնում են այն ամենը, ինչը համարում են ընդունելի։ Փոխարենը, շատ հայկական ընտանիքներ նույնիսկ չեն ցանկանում իրենց երեխաներին շաբաթօրյա հայկական դպրոց տանել։ Երեխաները մեծանում են՝ չտիրապետելով հայերենի։ Սա է, որ մեզ համար մտահոգիչ է եւ դուռ է բացում սփյուռքի ուծացման համար։
-Դուք ժամանակին Հայաստանում աշխատել եք որպես լրագրող առաջատար թերթերից մեկում՝ «Ազգ» օրաթերթում: Հիմա էլ Պրահայում զբաղված եք Ձեր նախընտրած մասնագիտությամբ: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այսօրվա Հայաստանի կարևորագույն իրադարձությունները, որոնք հետաքրքրում են չեխահայերին:
-Չեխահայությունը շատ բազմախավ է։ Կան նկարիչներ ու երաժիշտներ, գործարարներ ու լրագրողներ, բժիշկներ ու տնտեսագտեներ, եւ վերջապես բանվորներ, որ աշխատում են շինարարական ընկերություններում։ Ըստ այդմ էլ նախասիրություններն ու հետաքրքրությունները տարբեր են։ Ե՛ւ քաղաքական կյանքն է հետաքրքրում, ե՛ւ մշակութային ու տնտեսական։ Ամեն դեպքում, մարդիկ ավելի շատ դժգոհում են անարդարություններից, երբ իրենց անձնական փորձից ելնելով կամ բարեկամներից լսելով, կարծիք են կազմում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական ընթացքների մասին։
Բնական է ամենամեծ հետաքրքրությունը միշտ էլ առաջացնում են նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները , խոշոր մարզական կամ մշակութային միջոցառումները։
-Հեռվից հետևելով հայաստանյան իրադարձություններին՝ ըստ Ձեզ, որոնք են այն խոչընդոտները, որոնք մեզ խանգարեցին միանալ ԵՄ ասոցացման համաձայնագրին:

-Այս հարցի պատասխանը շատ կարճ է։ Հիմնական խոչընդոտը մեր աշխարհագրական դիրքից ու հնարավորություններից ելնելով՝ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական շահերն են մեր տարածաշրջանում։ Իհարկե, ինչ -որ տեղ դրանք նաեւ մեր շահերն են։ Ամեն դեպքում, ըստ վերջին զարգացումների, գոնե առերես, Հայաստանը չի ուզում հրաժարվել ԵՄ հետ սերտ հարաբերություններից։
-Դուք նաև ժամանակ առ ժամանակ այցելում եք Հայաստան: Ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստանում, որոնք համարում եք դրական, և որ փոփոխությունները կցանկանայիք, որ ընդհանրապես չլինեին:
-Հայաստանում արտաքին որոշ փոփոխություններ եղել են, օդանավակայանի շենքից ու սպասարկման որակից սկսած մինչեւ առեւտրի որոշ օբյեկտների առաջարկած ծառայությունները։ Սակայն շինարարության ոլորտում կատարվել են աններելի եւ չմտածված նախագծերի իրականացում, որոնք լիովին խաթարել են Երեւանի կենտրոնի տեսքը։ Դա ես երբեք չէի ցանկանա, որ շարունակվեր։ Պրահայի կենտրոնում էլ հին շենքեր են քանդվում եւ նորերն են կառուցվում, երբեմն միայն շենքի արտաքին պատն է պահպանվում եւ մնացյալը զրոյից է կառուցվում։ Բայց ոչ ոք տվյալ թաղամասին բնորոշ հիմնական բարձրությունից ավելի բարձր շենք չի կառուցում։ Քաղաքի ծայրամասերում որքան ուզում եք, կարող եք կառուցել։
Հաջորդը հասարակության մեծ շերտավորումն է։ Չեխիայում մեծամասնությունը միջին խավն է, որը չի դժգոհում իր ապրելակերպից։ Հայաստանում միջին խավը գրեթե մոռացվել է, եւ մեր հասարկությունը երկու ծայրահեղ խավերի է բաժանվել՝ հարուստների եւ աղքատների։ Սա է մեր հիմնական խնդիրը։
-Հաճախ լսում ենք, որ զանգվածային լրատվության միջոցները ճգնաժամ են ապրում, ամբողջ աշխարհում կորել է հետաքրքրությունը մամուլի նկատմամբ, համացանցը հետին պլան է մղել թերթերին: Ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք այդ ճգնաժամը Եվրոպայում, եթե այո, ապա ինչպե՞ս է դրսևորվում: Մենք ունենք միայն ԶԼՄ-ների՞ ճգնաժամ, թե՞ նաև որակյալ ընթերցողի պահանջարկ: Ինչու՞ հանկարծ զրկվեցինք թերթ կարդալու հաճույքից:
-Իհարկե , կա այդ ճգնաժամը։ Նույնիսկ Եվրոպայում մեծ տպաքանակ ունեցող թերթերի տպաքանակն է նվազել, որոշ թերթեր փակվելու վտանգի առաջ են։ Դրան նպաստում է հատկապես համացանացի լայնածավալ գրոհը, որն ստիպում է բոլոր օրաթերթերին անցնել համացանցային տարբերակների թողարկմանը եւ գովազդի զգալի մասը տեղափոխել համացանց։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, Չեխիայում ոչ միայն մամուլ, այլ նաեւ գիրք կարդալու ավանդույթը շատ մեծ է։ Մարդիկ մեծ քանակությամբ ե՛ւ թերթ ու ամսագիր են գնում, ե՛ւ գրականություն։ Եվրոպայի ամենամեծ գրախանութները գտնվում են Պրահայի կենտրոնում։ Մետրոյի կայարններում գովազդում են ոչ միայն թերթերի այդ օրվա հրապարակումները, այլեւ՝ նոր լույս տեսած գրքերը։ Ցավոք, այս ավանդույթն իսպառ բացակայում է Հայաստանում։ Ընդամենը նկատել եմ, որ «Արմենպրես» եւ «Մեդիամաքս» գործակալություններն են պարբերաբար գովազդում նոր լույս տեսած գրքերը, որոշ գրախոսականներ տպագրում դրանց մասին։ Իսկ մամուլի պարագայում աշխատեց նաեւ այլ գործոն։ Նախ վատացավ մարդկանց սոցիալական վիճակը, քանի որ մտավորական մարդու համար ամեն օր թերթ գնելը դարձավ մեծ շռայլություն։ Իսկ երկրորդ պատճառը, որ թերթերն այլեւս դարձան տարբեր իշխանական կամ ընդդիմադիր խմբերի շահերը արտահայտող մամուլի միջոցներ, եւ բամբասանքը տեղափոխվեց մամուլի էջեր, ավելացան պատվերով հոդվածները, այդպիսով մամուլը կորցրեց իր վստահությունը։ Կան նաեւ այլ գործոններ, բայց դա շատ երկար թեմա է եւ անվերջ կարելի է խոսել այս մասին. տնտեսական վիճակի, գովազդի լուրջ շուկայի բացակայությունից մինչեւ լրագրողների մասնագիտական որակների անկումը։


Զրուցեց՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ