Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես շատ հեշտ շփվում եմ և՛ քաղաքական շրջանակների, և՛ քրեական աշխարհի հետ»

«Ես շատ հեշտ շփվում եմ և՛ քաղաքական  շրջանակների, և՛ քրեական աշխարհի հետ»
15.10.2013 | 00:28

Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ազատազրկման մի քանի օրերից հետո վստահեցնում է, որ նորից շարունակելու է օբյեկտիվ գնահատել իրողությունները, անկախ այն բանից, դա դուր կգա՞ որոշ շրջանակների, թե՞ ոչ:

-Քաղաքական հայացքների փոփոխություն լինելո՞ւ է:
-Բնականաբար` ոչ, որովհետև ինձ հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: ՈՒղղակի մի քանի օր ազատազրկվել եմ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Գործը կարճվել է, ու այն իմ քաղաքական կենսագրության, առավել ևս հայացքների փոփոխության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ:
-Տեսակետ էիք հայտնել, թե առիթ կունենաք «այդ օրերի» մասին խոսելու: Ինչի՞ մասին եք ակնարկել:
-Ինձ շատ մտահոգում է այն վիճակը, որ տիրում է քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Բանտերը գերծանրաբեռնված են, մարդիկ ապրելու տարրական պայմաններ չունեն, չեն կարողանում հետևել հիգիենայի կանոններին, քիչ թե շատ որակյալ սպասարկում չկա: Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ նախնական կալանքի տակ գտնվող մարդկանց առնվազն կեսը կարող է լինել ազատության մեջ, այսինքն, չեն կատարել այնպիսի արարքներ, որ, որպես խափանման միջոց, անխուսափելիորեն ընտրվեր կալանքը: Սա լուրջ խորհելու առիթ է տալիս: Մեր դատարանները պետք է սովորեն, որ ամեն պարագայում կալանքը, որպես խափանման միջոց, չընտրվի: Չնչին սայթաքում կատարած անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում և իր վրա կրում այնտեղ տիրող հոռի բարքերի ողջ ազդեցությունը: Այսինքն, մենք կորցնում ենք քաղաքացուն, որը հենց այնպես ազատազրկվում է ու խեղված է վերադառնում հասարակություն: Իմ անձի հետ կապված նման բան չի եղել, որովհետև ես, բարեբախտաբար, բնավորության այնպիսի գծեր ունեմ, որ միշտ շատ հեշտ շփվում եմ և՛ քաղաքական շրջանակների, և՛ քրեական աշխարհի հետ:
-Մինչ ձերբակալումը Դուք նշել էիք, որ այս քայլը ձեռնտու է որոշակի մարդկանց: Ո՞Ւմ մասին է խոսքը:
-Չեմ ցանկանում անձնավորել: Իմ դեմ կազմված գործը հետևանք է դատախազության և ոստիկանության միջին օղակների դիլետանտության կամ միտումնավորության:
-Հիմա վերացե՞լ են Ձեզ սպասող «վտանգները»:
-Քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի, որ միշտ կարող են լինել շրջանակներ, որոնք իր դեմ կգործեն: Չեն լինի շրջանակներ, որոնց ես չեմ նեղացնի, չեմ կարող ասել: Բայց չեմ էլ կարող ասել, որ ռիսկային բաներ ինձ հիմա սպասում են: Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը շատ վտանգավոր բան է:
-Ձեր հայացքներն առավել ընդդիմադի՞ր են դառնալու:
-Շարունակում եմ օբյեկտիվ գնահատել իրողությունները: Իշխանամետ կամ ընդդիմադիր դառնալու խնդիր չունեմ, քանի որ, որակական իմաստով, իշխանության և ընդդիմության միջև մեծ տարբերություն չեմ տեսնում:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ