Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կյանքն այնպիսի անակնկալների առջև է կանգնեցնում, որ անկախ քեզնից հասկանում ես՝ չափի մեջ եղիր, թե չէ կպատժվես»

«Կյանքն այնպիսի անակնկալների առջև է  կանգնեցնում, որ անկախ քեզնից հասկանում ես՝ չափի մեջ եղիր, թե չէ կպատժվես»
15.10.2013 | 11:16

Անցած հինգշաբթի միջազգային Առողջապահության ոլորտում նշվեց ակնաբուժության համաշխարհային օրը։ Բնականաբար, մասնագետներին շնորհավորելուց բացի, այդ օրը միջազգային հանրությունը խոսեց և՛ ձեռքբերումներից, և՛ խնդիրներից։ Այդ առումով Հայաստանը բացառություն չէր։ Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԻ հետ զրույցում «Իրատես de facto»-ն անդրադարձավ ոլորտի հայաստանյան զարգացումներին և խնդիրներին։

-Զարգացման ի՞նչ փուլում է Հայաստանում ակնաբուժությունը։
-Առաջընթացի։
-Այսինքն, եթե 10-բալանոց սանդղակով այն գնահատելու լինենք...
-Ընդհատեմ Ձեզ։ Ընդհանրապես, չեմ սիրում բալային սանդղակն առողջապահության ոլորտում, քանի որ այն ինչ-որ տեղ ենթադրում է վերջնական մակարդակ, որից հետո կանգ է։ Իսկ գիտությունն այդ սանդղակը չունի, այն աճի հակում ունի։ Կյանքն առաջ է բերում տարբեր խնդիրներ, որոնց գիտությունը պետք է պատասխանի։ Եթե խոսեմ մեր կլինիկայի անունից, ապա մեր հիվանդների 92-93 %-ի խնդիրները կարողանում ենք լիովին լուծել։
-Քանի որ Դուք, ակնաբուժական կլինիկայի ղեկավարից բացի, առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն եք, կցանկանայի, որ խոսենք ընդհանուր առմամբ ոլորտի զարգացումներից։ Օրինակ, եթե համեմատենք 1993-ը 2013-ի հետ, ապա ի՞նչ ձեռքբերումներ կան ոլորտում, և արդյոք դրանք համարժե՞ք են միջազգային զարգացման միտումներին։ Ինչո՞ւ եմ սա հարցնում, որովհետև կան մարդիկ, ովքեր նախընտրում են բուժում ստանալ արտերկրում։
-Յուրաքանչյուր մարդ իր բուժման հարցն ինքն է տնօրինում։ Վերջին 20 տարվա անկախության վերափոխությունների առաջին նվաճումներից մեկն էլ առողջապահության ոլորտում այն էր, որ մարդն ազատ է որոշելու՝ որ երկրում կամ որ կլինիկայում, կամ որ բժշկի մոտ բուժում ստանա։ Ինչ վերաբերում է Հայաստանում ակնաբուժության մակարդակի զարգացմանը, ապա այն շատ դժվար է միանշանակ գնահատել, քանի որ մայրաքաղաքում ոլորտի զարգացումը, կարելի է ասել, գագաթնակետին է՝ համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ մարզերում «հարթավայր» է։ Այս իրավիճակում ընդհանուր գնահատական տալը ճիշտ չեմ համարում։ Իհարկե, այս բացը լրացնելու նպատակով առողջապահության նախարարության աջակցությամբ «Լույս աչքերիդ» բարեգործական կազմակերպության հետ մենք մարզերում պարբերաբար կազմակերպում ենք կոնսուլտացիաներ և, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերում բուժօգնություն։ Սակայն, բնականաբար, դա բավարար չի կարող լինել։ Թեև, դրան զուգահեռ, ես տասը տարի առաջ Գյումրիում բացեցի նաև մասնաճյուղ, սակայն դեռևս խնդիրներ կան։ Մասնավորապես, Գյումրիում հիմնական խնդիրն ամենաշատը պայմանավորված է մարդկանց մտածողությամբ։ Կան կարծրատիպեր բժշկի նկատմամբ վստահության հարցում՝ հաճախ նախընտրում են իրենց մարզի բժիշկներին մեր բժիշկներից։ Սրա հետ մեկտեղ, հայ մասնագետների ասածին չեն հավատում, սակայն արտերկրի մասնագետի խոսքը դառնում է այդ հիվանդի համար օրենք։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ մտածողության որոշակի փոփոխություն, այնուհանդերձ, տարեցտարի կատարվում է, և գնալով նկատվում է մեր հայ մասնագետների նկատմամբ վստահության բարձրացում հիվանդների կողմից։
-Գուցե դա նաև բժշկի՞ց է, քանի որ վստահությունը պետք է վաստակել, և այն փոխադարձ պետք է լինի։
-Իհարկե, այդպես է, բայց դա նաև ազատության գործոնն է։ Եթե մարդը ոչնչի հետ չի շփվել, ապա նրան ժամանակ է պետք, որպեսզի աստիճանաբար ընտելանա նորությանը։ Եվ դա, իրոք, ազատության մեծ նվաճումն է, բայց ոչ սանձարձակության։ Կուզենայի, որ յուրաքանչյուր մարդ ազատությունը կարողանա տարբերել սանձարձակությունից։
-Այսինքն, Դուք կողմնակից եք չափի մեջ ասվածին։
- Այո։ Բժշկությունը սիրում է չափ, քանի որ անկախ նրանից, թե 2, թե 40 տարվա բժիշկ ես, կյանքն այնպիսի անակնկալների առջև է կանգնեցնում, որ անկախ քեզնից հասկանում ես՝ չափի մեջ եղիր, թե չէ կպատժվես։
-«Պատժվես» ասելով՝ ի՞նչ գործոն նկատի ունեք. հավատի՞, թե վերադասի՞։
-Նկատի ունեմ մասնագիտական տեսանկյունից։ Թվում է, թե ամեն ինչ գիտես և հանկարծ տեսնում ես, որ կյանքն անհասկանալի մի փաստի առջև է կանգնեցնում ու հասկանում ես, որ սովորելու շատ բան կա։
-Նման դեպքեր Ձեր կյանքում շա՞տ են եղել։
-Չեմ կարծում, որ որևէ բժիշկ նման դեպքեր իր կյանքում չունենա։ Այդ առումով հիշեցի Խորհրդային Միության ժամանակաշրջանի շատ հայտնի ընդհանուր վիրաբույժ Յուդինի խոսքերը. «Յուրաքանչյուր վիրաբույժ իր գերեզմանատունն ունի»։
-Ծանր ճշմարտություն է։
-Ծանր է, բայց բժշկության մեջ այդպիսի բան կա։ Եվ որևէ մեկը եթե մտածի, որ ինքը բժշկության մեջ անթերի է, ուրեմն լուրջ խնդիրներ կունենա։
-Կարծում եմ, ցանկացած ոլորտում, երբ մարդն ինքնագոհության նման աստիճանի է հասնում, լուրջ խնդիրների է բախվում։
-Կյանքը պատժում է, և դա շատ լավ երևում է բժշկության ոլորտում։ Այն բժշկին, ով իրեն համարում է ամենակատարյալը, ամենագիտակը, որոշ ժամանակ անց կյանքը կանգնեցնում է անդունդի առջև։
-Պարոն Մալայան, կյանքի ընդհանուր փիլիսոփայությունից վերադառնանք կրկին ակնաբուժությանը։ Դուք նշեցիք, որ մարզերում լուրջ խնդիր կա, և դա իսկապես ակներև է։ Որքան գիտեմ, առողջապահության նախարարությունում այս պահին ծրագրվում է զարգացնել մարզային ակնաբուժությունը։ Կմանրամասնե՞ք՝ ինչ է այն ենթադրում, և խնդիրը Դո՞ւք եք ներկայացրել նախարարությանը, թե՞ նախարարությունն է կարևորել այն։
-Նախ՝ ասեմ, որ խնդիրը ներկայացնելու կարիք չկար, որովհետև թե՛ կառավարությունը, թե՛ մենք՝ մասնագետներս, դրան լավատեղյակ ենք։ Մարզային այցելությունների ժամանակ բնակիչները ներկայացնում են իրենց գանգատները և նշում ակնաբուժական բաժիններ չլինելու մասին։ Խնդիրը կա և ուսումնասիրվում է։
-Իմ ունեցած տեղեկությամբ, առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռնամուխ է եղել մարզային ակնաբուժության զարգացման ծրագրի իրականացմանը։
-Կներեք, չեմ ուզում խոսել այդ մասին կամ մեկնաբանել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։
-Իսկ ես լսել եմ, որ առաջին մասնագիտացված կլինիկան բացվել է Տավուշի մարզում։ Դա այդպե՞ս է։
-Եթե ասեմ այո, կբավարարվե՞ք։
-ՈՒրեմն իմ աղբյուրը ճիշտ է։
-Նորից եմ ասում, մենք այնպիսի ժամանակ ենք ապրում, որ նախապես ծրագրերի մասին խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ այն ոչ թե օգնում է, այլ աղավաղում է ստեղծագործական գործընթացը։
-Իսկ ի՞նչ եք կարծում, մի քանի տարի առաջ մարզերում վերակառուցված և արդիականացված բժշկական կենտրոններում հնարավոր չի՞ լինի բացել ակնաբուժական կլինիկաներ։
-Այդ հիվանդանոցները մեզ տալիս են հնարավորություն՝ չմտածելու տարածքների մասին։ Այնպես որ, այդ բարդ խնդիրը դուրս է գալիս, և մեզ մնում է լուծել մասնագիտական ներուժի ապահովման և սարքավորումներով հագեցածության հարցերը։
-Լավ, եթե նախատեսվող ծրագրի մասին որոշել եք չխոսել, ապա խոսենք արդեն իրականացվող՝ մանկական կուրության կանխարգելման ռազմավարական ծրագրի մասին։ Ո՞Ւմ հետ է այն իրականացվում։
-Ծրագիրն իրականացվում է առողջապահության նախարարության կողմից, հակառակ դեպքում անհնարին կլիներ այն մեկուսացված իրականացնել։ Ծրագիրը ռազմավարական չէ, քանի որ ներառում է միայն թերհաս երեխաների աչքի ցանցաթաղանթի բնածին սնուցման խանգարման հիվանդությունը։ Թեև այս հիվանդությունը մանկական աչքի ընդհանուր հիվանդությունների մեջ զգալի տոկոս չի կազմում, այնուհանդերձ, վտանգավոր է, քանի որ հանգեցնում է կուրության, և նկատվում է հիվանդության որոշակի աճ։ Այս խնդրի լուծումն առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է, և մենք չէինք կարող առանց նախարարության աջակցության ծրագիրն իրականացնել։ Այն պարզ պատճառով, որ բուժման գործընթացում ընդգրկված են մանկաբարձ գինեկոլոգներ և այլ մասնագետներ։ Լազերային վիրահատությունը կատարում ենք հենց մանկաբարձական կլինիկաներում։ Եթե մեզ հաջողվի ծրագիրը լիարժեք իրականացնել, ապա այն մեծ հնչեղություն կունենա նաև արտերկրում, և Հայաստանի ակնաբուժության զարգացումը կմտնի որակական նոր փուլ։

Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ