Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր պատմությունը միայն արցունք ու ողբերգություն չէ»

«Մեր պատմությունը միայն արցունք ու ողբերգություն չէ»
17.10.2013 | 15:19

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի է ունենում «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» թեմայով հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցում են նաև արտերկրից ժամանած հայագետներ, գիտնականներ:

Մաթեմատիկոս, նաև պատմագիտության դոկտոր Արմեն Կլոդ-Մութաֆյանը, ով զբաղվում է միջնադարյան պատմության, Կիլիկյան հայոց թագավորության շրջանի ուսումնասիրությամբ, մասնակցում էր համաժողովին: Արմեն Կլոդ-Մութաֆյանն ապրում է Փարիզում, սակայն պարբերաբար այցելում է Հայաստան, մասնակցում հայագիտությանը վերաբերող գիտաժողովներին, հանդես գալիս դասախոսություններով:

Ամռանը նա Բուենոս-Այրեսում և Մոնտեվիդեոյում կարդացել է դասախոսություններ հիմնականում Ցեղասպանության, Կիլիկայի մասին: Նա կարևոր է ոչ միայն հայկական միջավայրում, այլ նաև արտերկրում Ցեղասպանության մասին դասախոսություններ ընթերցելը:

«Ես պատրաստ էի Ցեղասպանության մասին իմ դասախոսությունը Մոնտեվիդեոյում ուղարկել արտաքին գործերի նախարարություն»,- ասաց Կլոդ Մութաֆյանը:

irates.am-ի հետ Արմեն Կլոդ Մութաֆյանի զրույցը ներկայացնում ենք ստորև:

-2010 թ. Դուք լույս էիք ընծայել «Հայաստանի տասներկու մայրաքաղաքները» գիրքը՝ ֆրանսերեն լեզվով, որի շնորհանդեսը կայացավ Երևանում: Անցել է երեք տարի, ի՞նչ արձագանք է գտել Ձեր գիրքը Ֆրանսիայում:

-Այդ գիրքն ամբողջությամբ սպառվեց Ֆրանսիայում, երեք հազար տպաքանակով, և, կարծում եմ, հետաքրքրեց հայագիտությամբ զբաղվող շրջանակներին: Զուգահեռաբար լույս տեսավ այդ գրքի ժողովրդական տարբերակը, որն ավելի հանրամատչելի է:

-Դուք հաճախ եք այցելում Հայաստան, ծանոթ եք Հայաստանի գիտության խնդիրներին: Հայագիտությունն այն ոլորտն է, որը չի ստանում դրամաշնորհներ. այսօր այդ ոլորտը հրապուրիչ չէ երիտասարդ գիտնականների համար:

-Գիտեմ, շատ սուղ են միջոցները, որոնք հատկացվում են հայագիտությանը: Ես հերոս եմ համարում այն մարդկանց, ովքեր այդ պայմաններում աշխատում են: Ես կարող եմ ասել, որ արտերկրում էլ զարգանում է հայագիտությունը: Այստեղ է, օրինակ, Ժիրայր Դեդեյանը` Մոնպելյեյի համալսարանից և ազգությամբ ոչ հայ երկու աղջիկներից պատրաստել է փայլուն հայագետների: Եվ մեկն իրեն հաջորդեց Մոնպելյեյի համալսարանում:

-Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, մեր հայագետների մեծ մասը կենտրոնացել Ցեղասպանության թեմայի վրա:

-2015թ. լրանում է Ցեղասպանության հարյուրամյակը: Իմ վերջին գիրքը, որի շնորհանդեսը եղավ, կոչվում է «Հայոց աշխարհը 10-11-րդ դարերում»: Դա լավ առիթ է՝ ցույց տալու, որ մեր պատմությունը միայն արցունք ու ողբերգություն չէ, այլ ունենք նաև փառավոր էջեր: Իմ կարծիքով, այդ փառավոր էջերը եղել են 13-րդ դարում, Հեթում թագավորի օրոք, և դա պետք է ցույց տալ: Ցեղասպանությունը հայագիտության, հայ մշակույթի վերջը չէ, և դա պետք է ցույց տալ:

-Ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանում հասարակական հարաբերություններում, դեպի ո՞ւր է գնում Հայաստանը:

-Հայաստանում մնացել են նվիրված մարդիկ: Շատ ահավոր է, որ արտագաղթում են ոչ միայն աղքատները, այլև՝ հարուստները, զարգացած մարդիկ, ովքեր այստեղ աշխատանք չեն գտնում: Եվ պետք չէ այդ մարդկանց մեղադրել: Քսան-երեսուն տարի հետո կարող է վիճակն այլ լինել, եթե Հայաստանի մեծահարուստ մարդիկ չմտածեն այս մասին: Հիմա դեռ ժամանակ կա:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ