Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից

ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից
17.10.2013 | 17:22

Սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշմանը, ԵՄ պաշտոնյաները, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Հայաստանի հետ եվրաինտեգրման ուղղությամբ, նախ՝ զարմացան, հետո՝ զայրացան, անակնկալի եկան, հիասթափվեցին, բայց վերջնահաշվում որոշեցին շարունակել Հայաստանին Եվրոպային ինտեգրելու դժվար ու անշնորհակալ գործընթացը: Եվ հիմա, դատելով որոշ արձագանքներից, մեր եվրոպացի գործընկերները չեն պատրաստվում պիղատոսաբար «ձեռքերը լվանալ» ու հետ քաշվել:

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՀ իշխանություններն, այնուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն ստորագրել 1,5 էջանոց մի փաստաթուղթ: Ըստ «ՀԺ»-ի դիվանագիտական աղբյուրների՝ փաստաթղթի անունը լինելու է հռչակագիր:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանից, որը վերջին տարիներին հաճախակի է շփվում եվրոպացի պաշտոնյաների հետ, հետաքրքրվեցինք, թե ինչ հեռանկարներ են տեսնում նրանք Հայաստան-ԵՄ հարաբերություններում և համագործակցության ինչ ձևաչափեր են պատկերացնում:

«Եվրամիությունը ոչ թե դեմ է Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուն, այլ ԵՄ-ն չի հասկանում դրա օգուտը, թե ինչ կտա այն Հայաստանին և ինչ կտա այն ԵՄ-ին: ԵՄ-ն տեսել է, թե ինչպես ՀՀ-ի հետ նախկինում ստորագրված փաստաթղթերը չեն իրականացվել: Այդ իսկ պատճառով էլ ԵՄ-ն հապաղում է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ ԵՄ-ն հարկադրված է չզիջելու և մեր երկիրը ՌԴ-ին չնվիրելու:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ եվրոպացի պաշտոնյաները հիասթափված են Հայաստանից և կարող էին հրաժարվել մեր երկրի հետ համագործակցությունից: Սակայն, ըստ մեր զրուցակցի, նրանք հասկանում են պահի լրջությունը և գիտեն, որ ՀՀ իշխանությունները կարող են մեր երկիրը ավելի հեշտությամբ տանել դեպի Եվրասիական միություն, այդ իսկ պատճառով էլ նրանք փորձում են հարաբերությունները չփչացնել ՀՀ իշխանությունների հետ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ