Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ամբողջ Խորհրդային Միությունում մենք միակ հանրապետությունն էինք, որ սթափարան չունեինք»

«Ամբողջ Խորհրդային Միությունում մենք միակ  հանրապետությունն էինք, որ սթափարան չունեինք»
18.10.2013 | 00:03

Զորի Բալայանի նամակն արդեն մի քանի օր է՝ քաղաքական դաշտում բուռն քննարկում-հակադարձումների պատճառ է դարձել։ Առավել սուր են բնութագրումները «ֆեյսբուք» սոցցանցում։ ՀԿԿ ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ իր հրապարակային խոսքը համեմում է խորհրդահայ գրողների՝ Ռուսաստանին նվիրված մեջբերումներով։ Զորի Բալայանի նամակը մերօրյա մտավորականի դիմումն է «ռուսաց թագավորին»։ Ինչպե՞ս է այն մեկնաբանում «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով առաջնորդվող ընկեր Թովմասյանը։

-Ժամանակներն այնքան են փոփոխվել, որ հիմա բավականին բարդ է կողմնորոշվելը։ Բայց հայ ժողովուրդը մշտապես Ռուսաստանի հետ է եղել, որը պատմականորեն արդարացված է։ Ժամանակին հայ բոլոր մեծերը դիմել են Ռուսաստանին և ստացել են արժանի պատասխան։
-Հիմա էլ, երբ Հայաստանը և Ղարաբաղն անկախ պետություններ են, նման բովանդակությամբ նամակների անհրաժեշտություն կա՞։
-Երբ այսօր արդեն Մաքսային միությանն անդամակցության հարցը խստորեն դրված է, ինչ-որ մի նամակով նման հարցեր չեն լուծվում։ Սա արդեն պետականորեն լուծված հարց է։ Կարծում եմ, այսօր նման նամակի անհրաժեշտություն չկար։ Քանի որ Զորին փորձված մարդ է, պետք է ինքը մտածեր՝ արժե՞ նման նամակ գրել։ Սա, իհարկե, Զորիի գործն է։ Այսօր հայ ժողովրդի մեծամասնությունը և իշխանությունը ռուս ժողովրդի հետ են։ Որքան էլ եվրոպական արժեքները մեջբերեն, միևնույն է, Հայաստանը Ռուսաստանի հետ է լինելու, և միանգամայն ճիշտ քաղաքականություն են վարում իշխանությունները՝ գնալով դեպի Մաքսային միություն։ Ժողովրդի վիճակն ավելի բարվոք կդառնա։ Ահա այս պահերին եմ ես հիշում մեր մտավորականներին, մասնավորապես, Շիրազի խոսքերը. «Դաշտն Արարատյան, իմ Սևանը գինի, ամպերի մեջ լուռ, բաժակս խփեմ Արարատ սարին, կենացդ խմեմ, ռուս ժողովուրդ»։
-Իսկ Բալայանն իր նամակում Ղարաբաղը Ռուսաստանին «միացնելու» քաղաքականությունն է առաջ քաշում։
-Ես նամակի այդ հատվածի հետ համամիտ չեմ, չեմ կիսում նրա տեսակետը։ Հակառակը, Ղարաբաղը լուծել է իր անկախության հարցը, ժողովրդավարական ընտրություններ է անցկացնում։ Ղարաբաղի ժողովուրդը դեռ ցարական ժամանակներից ապացուցել է, որ արի է։ Ղարաբաղը պետք է լինի անկախ, ազատ, հայ ժողովրդի հետ միացյալ հանրապետություն։ Մտածել, որ Ռուսաստանը պետք է Ղարաբաղը վերցնի իր տիրապետության տակ, անհեթեթ է։ Մենք չենք կարող այսօր մի հայի անուն տալ, որով հպարտանում ենք, և նա ռուսական միջավայրի ծնունդ չլինի։ Մեր բոլոր մեծերը ռուսական միջավայրի ծնունդ են՝ և՛ ցարական, և՛ խորհրդային տարիներին։ Այսօր էլ բավականին շատ են նմանատիպ մարդիկ Ռուսաստանում՝ գործարարներ, Պետդումայի անդամներ և այլն։
-Արդյո՞ք նաև այդ մտածողությունը չէ պատճառը, որ այսօր արդեն ոչ միայն Ղարաբաղն ենք Ռուսաստանին «միացնում», այլև վաղուց պետականության շատ խորհրդանիշեր զիջել ենք Ռուսաստանին։
-Երբեք նման բան լինել չի կարող, որ Հայաստանը Ռուսաստանին խորհրդանիշ զիջի։ Կլինի անկախ երկրների միություն՝ ընդհանուր տնտեսական դաշտով։ Թող չփորձեն հակառուսական հիստերիա սփռել։

-Ի դեպ, Բալայանն իր նամակում անդրադառնում է նաև բոլշևիզմին։
-Շատ են «ծամում» բոլշևիզմը, իբր Հայաստանի տարածքների կորստի պատճառ է եղել։ Սակայն մոռանում են, որ բոլշևիկների օրոք Հայաստանը 10 հազար քկմ-ից դարձավ 29 հազար քկմ, Երևանի 35 հազար բնակչությունը դարձավ 1,5 մլն։ Ահա բոլշևիկների ծառայությունների մի փոքրիկ մասը։ Բավական է իրենց անելանելիությունը վերագրեն բոլշևիզմին։ Խորհրդային Միությունը չի փլուզվել, եթե նման բան լիներ, կլիներ 1941-45 թթ., երբ Հիտլերն արդեն մտնում էր Մոսկվա։
-Հիմա ի՞նչ է եղել, չի՞ փլուզվել։
-Կարծում եմ՝ Գորբաչովի, Ելցինի, Շևարդնաձեի և ուրիշների դավաճանության պատճառով լուծարվել է ԽՍՀՄ-ը։ Հենց այդ ժամանակ Ռուսաստանում 73 %-ը քվեարկեց ԽՍՀՄ-ը պահպանելու օգտին։
-Հայաստանում էլ բնակչության 99 %-ն անկախության օգտին քվեարկեց։
-Իսկ ո՞վ է ասում, որ Հայաստանը խորհրդային տարիներին ավելի անկախ չէր։ Ամենաանկախ երկիրն էր։ Մեր գերբի վրա Մասիս սարն էր, դա առաջին պահանջատիրությունն էր։ Չկար մի բնագավառ, որտեղ հայերի «մատը խառը չլիներ»։ Հայաստանը մշտապես Ռուսաստանի հետ պետք է լինի, շրջվել դեպի Եվրոպա նշանակում է նրանց արժեքներով մեր ընտանիքները քանդել, հայ ժողովրդի գենոֆոնդը ոչնչացնել։ Իսկ ո՞վ է ասում, որ հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կողքին չի եղել՝ Ջուզեպպե Վերդի, Հյուգո, Ռավել, Շեքսպիր։ Եվրոպայից պետք է վերցնենք մեզ հարիր արժեքներ։
-Այնպես չէ, որ ռուսական բոլոր «արժեքները» հարիր են մեզ։
-Այո, այնտեղ էլ կան խնդիրներ՝ ջրհեղեղներ, սպանություններ...
-Խոսքը հարբեցողության, թմրամոլության, այլ արատների մասին է։
-Մենք պետք է վերցնենք այն, ինչը մեր արժեքներին համապատասխանում է։ Ամբողջ Խորհրդային Միությունում մենք միակ հանրապետությունն էինք, որ սթափարան չունեինք։ Այնպես որ, Ռուսաստանից ևս լավ արժեքներ պետք է վերցնել։ Վերցնողը մենք ենք, ընտրությունը մերն է։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ