ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Տանձափարախի վանական համալիրը պետք է հասնի հաջորդ սերունդներին» (ֆոտոշարք)

«Տանձափարախի վանական համալիրը պետք է հասնի հաջորդ սերունդներին» (ֆոտոշարք)
18.10.2013 | 11:17

«Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Երկիր և մշակույթ» կազմակերպության (ԵՄԿ) նախաձեռնությամբ 2012-ին կազմակերպված գիտարշավին, որի ընթացքում մաքրվել էին Սյունիքի մարզի Բեխ ավանի տարածքում գտնվող Տանձափարախի անապատի խոտածածկ խաչքարերը, սրբապատկերները, վանական համալիրի ներսի աղբի կույտերը, քանդված քարերը: Հատվել էին այն ծառերը, որոնք աճել էին անգամ վանքի պատերի վրա: Գիտարշավը շարունակվել է նաև այս տարի:

Վանական համալիրը, որի կենտրոնում գտնվում է բազիլիկ եկեղեցին, Կապան քաղաքի Բեխ թաղամասից մոտ 5 կմ հեռավորության վրա է, բարձր լեռան արևելյան լանջին, խիտ անտառի մեջ: Ճանապարհը դժվարամատչելի է, այնտեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով: Գիտարշավը ղեկավարել Է «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: «Այնպիսի միջոցներ ենք ձեռք առնում, որ պատմամշակութային կարևորագույն այս միջավայրը հասնի հաջորդ սերունդներին»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Նալբանդյանը: Նրա տեղեկացմամբ` անցյալ տարի մաքրել են հիմնական եկեղեցին, այս տարի փորձել են ծառերից հնարավորինս ազատել տարածքի մյուս կառույցները, գավիթը, զուգահեռաբար իրականացրել են փլատակների մաքրման, նաև որոշակի ամրակայման աշխատանքներ, հնագիտական ուսումնասիրություններ, ճարտարագիտական չափագրումներ, որոշ հատվածներում` պեղման աշխատանքներ:
Արշավի ընթացքում Տանձափարախի անապատում հայտնաբերվել են խաչքարի բեկորներ, սրբապատկերներ, արձանագիր, քանդակազարդ քարեր, կառուցողների, ուխտավորների, բարձրաստիճան հոգևորականի տապանաքարեր, պատերի մեջ` ատամնավոր քիվի քարեր, որ բնորոշ են հեթանոսական շրջանին: Վերջինս վկայում է, որ վաղ միջնադարում այստեղ նշանավոր կառույց է եղել, 1728-ին Արիստակես անունով վարդապետը վերակառուցել է այս վանքային միաբանությունը: Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է, որ այստեղ խարազանված վանականներ էին ապրում 13-րդ դարում:
«Արիստակես վարդապետը այստեղ է թաղվել, մենք ուզում ենք գտնել գերեզմանը: Անապատական կառույցները հայտնի են բոլորին, բայց ստեղծողների անունը չգիտենք: Այս դեպքում անունը հայտնի է»,- ասաց Ս. Նալբանդյանը:
Տանձափարախի վանական համալիրը տեղացիներն անվանում են Նապատ, այսինքն` անապատ: Եկեղեցու անունը հայտնի չէ:
Առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում, երբ Սյունյաց Վահան իշխանը, ըստ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, «հրաժարվեց աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագավ ու երկար ժամանակ ճգնում էր Տանձափարախի սուրբ վկայարանում»: Կարծիք կա, որ դա պատմության մեջ հիշատակվող Փառավարտո վանքն է: Որոշ պատմաբաններ «փառավարտո» բառը ստուգաբանում են «փառավոր ավարտ» իմաստով: Տանձափարախը եղել է անապատ. պատմիչը նշում է, որ նրա կրոնավորները «խարազնազգեստ ու սակավապետ էին»: Այն լքվել և ավերվել է ուշ միջնադարում, իսկ 17-րդ դարի առաջին կեսին վերականգնվել է: Ինչպես հայտնում է պատմիչ Առաքել Դավրիժեցին, «Տաթևի Մեծ անապատից տեր Արիստակեսը գնաց Տանձափարախ անվանված վայրը, այստեղ շինեց անապատ և մնաց մինչև իր կյանքի վերջը ու այստեղ թաղվեց»: Տանձափարախը եղել է մշակութային կենտրոն, որտեղ գրվել են ձեռագրեր: Այստեղ աշխատել է Գրիգոր Տաթևացու աշակերտ Մաթևոս վարդապետը, ով 1393-ին «Քարոզգիրք» է գրել: 17-րդ դարում վերականգնվելուց հետո գործել է մինչև 18-րդ դարի վերջը:
Հարկ է նշել, որ հնագույն այս սրբավայրի մասին այսօր շատերը ոչինչ չգիտեն:
«Ի՞նչ գիտեն շատերը` Հաղպատ, Գառնի, Գեղարդ, իսկ ասֆալտի ճանապարհից եթե մի քիչ շեղվեն, Գեղարդավանքի վերևում կտեսնեն վանականի խցեր, մատուռներ, բայց չգիտեն դրանց մասին»,- նկատեց զրուցակիցս: Վերադառնալով արշավի թեմային, պատմեց, որ անտառում կային զկեռ, ալոճ, մասուր, շլոր, խնձոր: «Կենդանական աշխարհն աննկարագրելի է. շուրջդ ապրում են արջեր, եղնիկներ, գայլեր, վարազներ: Գիշերային կյանք են վարում, գիշերը մեզ անհանգստացնում են այդ ձայները, բայց պարսպից ներս` վանքի տարածք չեն մտնում կենդանիները: Զարմանալի է, պարիսպն էլ ավերված է, աջ ու ձախ՝ բաց: Հարց է առաջանում` Տանձափարախի տարածքում ինչո՞ւ են դարեր ի վեր կառուցվել սրբավայրեր: Աննկարագրելի ու հատուկ վայր է, էներգետիկ դաշտը` հզոր: Կարծում եմ, Արիստակեսը պատահաբար չի ընտրել այս վայրը: Այսօր եկեղեցիները կառուցվում են պատահական վայրերում»,- ասաց Ստեփան Նալբանդյանը, նշելով, որ մտադիր են ամբողջական ծրագիր կազմելու, հասկանալու համար, թե ինչ են անելու հետագայում: «Միևնույն է, վանքը չի գործելու, ոչ մի վանական այսօր չի ապրի անտառի մեջ, այն կմնա որպես սրբատեղի: Մեր նպատակն է հուշարձանը ամրացնել, պահպանել, նաև՝ զարգացնել զբոսաշրջությունը այս վայրում»,- ասաց նա:
Արշավի կազմակերպիչները գյուղում մի դատարկ տուն են գտել, վերանորոգելու են զբոսաշրջիկների գիշերակացի համար: Ամբողջությամբ կվերանորոգեն մատուռը, սեղանատունը: Համայնքի ղեկավարության հետ պայմանավորվել են, որ պահակակետ կառուցեն, հսկիչ կարգեն: Իրենք ծրագրերը կներկայացնեն համապատասխան մարմիններին: Հաջորդ տարի կշարունակեն արշավը: Այս անգամ ավելի ծավալուն աշխատանք կտարվի, բնական է, կլինի ավելի ծախսատար: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր արշավի վրա ծախսվում է մոտ 2 միլիոն դրամ:
Սյունիքի մարզի Բեխի կամ Տանձափարախի անապատի բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներին մասնակցել են «ԵՄԿ» կամավորականներ, արշավականներ, օտարերկրացի կամավորներ, ֆրանսահայ Ժիրայր Գասպարյանը, ով տանիքների ջրահեռացման մասնագետ է, Բեխ թաղամասի բնակիչներ և այլք: Խմբում ընդգրկվել են նաև ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ: Արշավականներին աջակցել են նաև Ռաֆայել Հայրապետյանը, հուշարձանների պահպանության մարզային ծառայության ղեկավար Աստղիկ Հակոբյանը: Ծրագրին աջակցում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որոշակի ֆինանսական ներդրում ունի նաև «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը:
Ստեփան Նալբանդյանը անդրադարձավ նաև «Երկիր և մշակույթ» կազմակերպության ծրագրերին, ընդգծելով, որ ամեն տարի արշավային ծրագիր են իրականացնում: Այս տարի նպատակ ունեն Շիրակամուտ գյուղի Չիչխանավանքը վերականգնելու, ամբողջապես վերանորոգելու Սյունիքի մարզի Շիկահողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Մոտ 20 կամավորներ Հայաստանից, Բելգիայից, Անգլիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից մասնակցելու են Շիկահողի պեղումների աշխատանքներին: Կիրականացվեն ծառերի մաքրման աշխատանքներ, ակնկալիքով, որ հաջորդ տարի շինարարություն են սկսելու:
Հայաստանյան ծրագրերից դուրս շուտով Փարիզում կտպագրվի «100 հայոց կալվածքները» գիրքը, Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների հետ կապված վերանորոգման աշխատանքներ են տարվում և այլն: Գումարները բարերարների նվիրատվությունից են հավաքվում, բայց, զրուցակցիս խոսքով, ամեն տեղ չի կարող հասնել «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ