Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արեգ Ազատյանի «Թռչող աֆրիկացին» վեպը` «Underground» փաբում

Արեգ Ազատյանի «Թռչող աֆրիկացին» վեպը` «Underground» փաբում
23.10.2013 | 11:17

Հոկտեմբերի 26-ին «Underground» փաբում տեղի կունենա երիտասարդ արձակագիր ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ «Թռչող աֆրիկացին» գրքի շնորհանդեսը: Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է, չորս գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ: «Թռչող աֆրիկացին» չի համարում արկածային, բայց կարծում է, որ արկածային գրականության սիրահարներին այն նույնպես կհետաքրքրի: «Երիտասարդ արձակագրի վեպի հերոսը ճանապարհորդում է աֆրիկյան երկրներում, հանդիպում անծանոթների, ծանոթանում տարբեր մարդկանց հետ: Վեպում սյուժետային ընդհանուր գիծ չկա, հերոսն է, որ միավորում է տարբեր նովելները, որոնք ընկալվում են առանձին-առանձին, սյուժետային ինքնուրույն պատումով, մեծ մասամբ պրիտչաներ են` իրենց անսպասելի լուծումներով»,- այսպես է բնութագրում Արեգ Ազատյանի նոր գիրքը արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը:

-Արեգ, ինչո՞ւ ընտրեցիք Աֆրիկան:
-Չգիտեմ: Ինչ-որ բան ստիպեց ուսումնասիրել այդ մայր ցամաքը: Ստույգ չեմ կարող ասել, թե ինչը: Բայց վստահ եմ, որ հենց Աֆրիկան պետք է լիներ...
-Գիրքը ճամփորդությունների արդյունքո՞ւմ է ծնվել: Իրակա՞ն Աֆրիկայի հետ գործ ունենք, թե՞ սիմվոլիկ տարածքի:
-Գիրքը գրելու ընթացքում ճամփորդել եմ, սակայն «Աֆրիկա» ասելիս այն կարելի է թե իրական տեսնել, թե սիմվոլիկ, այսպես ասած, այլաբանական ենթատեքստով:
-Մեր օրերում շնորհանդեսները վերափոխվել են շնորհանդես-վաճառքի: Ինչո՞վ պետք է գրավի գիրքը, որ ընթերցողը գնի այն:
-Բովանդակությամբ: Լավ գովազդով: Բայց առաջինն ավելի կարևոր է: Եթե ընթերցողն իսկապես ցանկություն ունի տվյալ գիրքը կարդալու, ապա նա հաստատ կգնի: Նվիրված գրքերից ոչ բոլորն են ընթերցվում:
-Գիտեմ, որ հինգ տարի ուշացումով է լույս տեսել գիրքը: Երկա՞ր եք աշխատել, թե՞ խոչընդոտներ կային:
-Հիմնական պատճառը ֆինանսն էր: Ընթերցողը, կարծում եմ, կգնահատի գրքի որակը: 504-էջանոց հաստ շապիկով գրքի համար, որտեղ նաև հատուկ քարտեզներ կան, մեծ գումար էր հարկավոր: Դրան գումարած` այս ժամանակն օգնեց վերստին ուղղումներ մտցնելու գրքում:
-Կթարգմանվի՞ գիրքը: Գուցե աֆրիկացիների՞ն էլ գրավի:
-Այո, անպայման կթարգմանվի: Առաջիկայում պլանավորում եմ թարգմանել ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն: Աֆրիկյան երկրներում տարածելու գործընթացը կսկսեմ 2014-ի երկրորդ կեսից:
-Եթե Ձեր հերոսը ճամփորդեր Հայաստանում, ի՞նչ կփոխվեր:
-Իմ հերոսը հայ երիտասարդ է, երբեմն նույնիսկ նրան է թվում, թե ճամփոդում է Հայաստանում: Սակայն եթե ճամփորդեր Հայաստանում, կարծում եմ, բոլորովին այլ գիրք կստացվեր:
-Արեգ, ամբողջ աշխարհը նավով շրջելու ցանկություն ունեցե՞լ եք:
-Այո:
-Իբրև գրող ո՞ր տարածքն եք գերադասում` ծո՞վը, երկի՞նքը, թե՞ գնացքի ռելսերի չխկչխկոցը:
-Նախընտրում եմ ինքնաթիռը: Հատկապես, որ լավ երկրներում գնացքները չեն չխկչխկում: Ինքնաթիռով ճամփորդելը հոբբի պես բան է դարձել:
-Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:
-Հուսով եմ` հաջորդ գիրքս, որն արդեն ավարտված է, եկող տարի կտպագրվի: Իսկ 2014-ի սեպտեմբերին տեղի կունենա «Ռոմանտիկներ»-ի երևանյան պրեմիերան: Որը, ի դեպ, իմ և համահեղինակիս (Շողիկ Թադևոսյան) առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է: Իսկ ընդհանրապես, պատրաստվում եմ երկու տղաներիս ու կնոջս հետ ճամփորդելու, որքան հնարավոր է երկար...


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ