Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը»

«Ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը»
23.10.2013 | 14:23

irates.am-ի հարցերին է պատասխանում գրող, թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

-Սամվել, այս տարի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատվավոր հյուրը Բրազիլիան է, որի յուրօրինակ դեսպանը հայտնի գրող Պաոլո Կոելյոն է: Վիճակագրական տվյալներով` առայսօր ամբողջ աշխարհում վաճառվել է Կոելյոյի գրքերից 150 000 000 օրինակ: Կոելյոն թարգմանվել է 80 լեզվով, նրա գրքերը վաճառվում են 200 երկրում: Կոելյոն մեծ պահանջարկ է վայելում նաև Հայաստանում: Նույն վիճակագրությունից ելնելով` ո՞ր սանդղակում են այսօր Ձեր թարգմանած Ջեյմս Ջոյսի, Վիլյամ Ֆոլքների ստեղծագործությունները, անգլո-ամերիկյան պոեզիան:
-Անկեղծ ասած, տեղյակ չեմ, բացի «Ալքիմիկոս»-ից, Կոելյոյից կա՞ որևէ այլ գործ թարգմանված հայերեն: Ինչ վերաբերում է հեղինակներին, ապա նրանք բավականին տարբեր են: Կոելյոյի ստեղծագործությունների վրա աշխատում է թիմ, Կոելյոն ինքը զբաղված է ինքնագովազդով: Նա, ցավոք, ամեն ինչ անում է անազնիվ մեթոդներով, որ լատինաամերիկյան գրականության մեջ իր անունն ավելի առաջնային տեղ զբաղեցնի, քան Գաբրիել Գարսիա Մարկեսի և Խորխե Լուիս Բորխեսի անունները: Նա շատ լեզուներով է թարգմանվում ու դրա համար վճարում է: Եվ տեղին չէ նրան համեմատել Ջեյմս Ջոյսի հետ, որի ֆինանսական «կարողությունը» մահվանից հետո ընդամենը տասը դոլար էր: Այդ առումով ինձ համար ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը: Ընդ որում, Կոելյոն իր հարցազրույցներից մեկում վատ էր արտահայտվել Ջոյսի մասին: Այսինքն, նա փորձում է հարվածել գրական հեղինակություններին, որ իր մասին ստեղծի լավագույն գրողի պատրանք, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Կոելյոյի մակարդակի գրողներ շատ կան աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում:
-Բայց երբ Կոելյոն ինը տարի առաջ եկավ Հայաստան, այստեղ էլ նրան շատ լավ ընդունեցին, հատկապես երիտասարդները, որոնք մեր ժամանակակից գրողներին այնքան էլ լավ չեն ճանաչում:
-Դե, մի գրող էր եկել արտասահմանից, հայտնի գրող էր, պետք է լավ ընդունեին: Այն ժամանակ ով էլ գար գրողների միություն, Ջենիֆեր Լոպեսը գար, թե Լեդի Գագան, ավելի բուռն ընդունելության կարժանանար, քան Կոելյոն: Մենք չունենք արժեքային համակարգ: Մարդիկ նախընտրում են կարդալ Կոելյո, թող կարդան, ես ուրախ եմ: Ավելի լավ է կարդան Կոելյո, քան ընդհանրապես չկարդան: Ես չեմ կարծում, թե լավ գրականությունը պետք է գովազդվի, քանի որ ճշմարիտ ընթերցողը ինքն է գտնում լավ գրականությունը: Մենք շատ քիչ ընթերցողներ ունենք, բայց այդ քիչ ընթերցողները ճիշտ գրականություն են նախընտրում կարդալ: Եթե Հայաստանում այլ գրողներ են ավելի շատ հայտնի, քան Ջեյմս Ջոյսը, Վիլյամ Ֆոլքները կամ Ռոբերտ Մուզիլը, դա հենց մեր խնդիրն է, ոչ թե այդ գրողների:
-Սովետահայ ընթերցողը, որին խորթ է գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, ինչպե՞ս արձագանքեց Ջոյսի «ՈՒլիսես»-ին: Ընկալե՞ց, հասու դարձա՞վ այդ գրականությանը, վերծանե՞ց տեքստը, թե միայն, ինչպես սովետի օրոք էր, փորձեց իր գրապահարանը հարստացնել քանիցս գովազդված մի գրքով ևս:
-Ես չեմ կարծում, թե գրապահարանը հարստացնելու համար այսօր մարդիկ կարող են գնել թանկարժեք գիրք: Որպես «ՈՒլիսես»-ի թարգմանիչ` ես դժգոհ չեմ: Միայն 2012-ին Ջեյմս Ջոյսի «ՈՒլիսես»-ը ունեցել է երկու հրատարակություն` հազար օրինակով. երկրորդ հրատարակությունն ամբողջովին սպառվել է, հաշված օրինակներ են մնացել առաջին հրատարակությունից: Ջոյսի գրական ոճը նույնիսկ փորձառու ընթերցողի համար է դժվար հաղթահարելը:
-Թեկուզ ուշացումով, մենք այսօր հնարավորություն ունենք մայրենի լեզվով ընթերցելու համաշխարհային գրականության լավագույն գործերը: Ի՞նչ ուղերձ կհղեիք մեր թարգմանիչներին, գրական բարձրարժեք ի՞նչ գործեր դեռ կան, որոնք մեզ անծանոթ են կամ որոնց հաղորդակցվում ենք օտար լեզվով:
-Կոնկրետ մեկ գործի անուն չեմ կարող տալ: Այնքան գրական գործեր կան չթարգմանված: Թարգմանությամբ Հայաստանում միայն անհատներն են զբաղվում, որոնք էլ տեսնում են մեր թարգմանական գրականության բացը, պակասը և փորձում այն լրացնել: Թարգմանական գրականությունը դառնում է մեր գրականության փաստը և հարստացնում մեր լեզուն: Որևէ լավ գիրք թարգմանելու գլխավոր շարժառիթը հենց դա պետք է լինի` ի՞նչ է տալիս նա հայոց լեզվին, ի՞նչ թարմ գաղափար է տալիս, ընդհուպ մինչև նոր բառեր:
Հակոբ Մովսեսն է հսկայական թարգմանական գործ կատարում, «Փրինթինֆո» հրատարակչությունն է տպագրում փիլիսոփայական գործեր: Լավ գործ է անում նաև «Անտարես» հրատարակչությունը: Սակայն չկա պետական մոտեցում, համակարգված աշխատանք: Գրողների միությունը «ձեռքերը լվացել», մի կողմ է քաշվել, այնտեղ բոլորի ուշք ու միտքն այն է, որ իրենց գործերը թարգմանվեն օտար լեզուներով, որպեսզի իրենք ճանաչվեն աշխարհում: Բան չունեմ ասելու, բայց այսօր շատ քիչ գրողներ ունենք, որոնց կարելի է պատվով ներկայացնել դրսում: Մինչդեռ կա հսկայական գրականություն, որը հայերեն թարգմանելու դեպքում հայոց լեզուն կհարստացնենք:
Մեզ մոտ թարգմանական գրականության վիճակն ուղղակի աղետալի է: Ռուսաստանում, օրինակ, ցանկացած նոր լույս տեսած օտարալեզու գիրք մեկ-երկու ամսվա ընթացքում անմիջապես թարգմանվում է ռուսերեն: Առանձին թարգմանիչներ աշխատում են մեկ գրքի վրա, և նույնիսկ բեսթսելլերներն են արագ թարգմանվում ու հասցվում ընթերցողին:
-Մենք ամեն տարի հոկտեմբերին նշում ենք Թարգմանչաց տոնը: Արժևորվա՞ծ է մեր հասարակության մեջ թարգմանական արվեստը, մեր ընթերցողները ճանաչո՞ւմ են թարգմանիչներին:
-Ժողովուրդը իր գրողներին, մշակույթի գործիչներին էլ նորմալ չի ճանաչում, ուր մնաց` թարգմանիչներին ճանաչի: Առանձին մարդիկ են միայն ճանաչում, գնահատում: Ինչ վերաբերում է Թարգմանչաց տոնին, ապա այդ տոնը կղերական տոն է, որը թարգմանական արվեստի, գրականության հետ բացարձակ կապ չունի: Թարգմանական արվեստը զարգացնելու համար պետությունը պետք է հովանավորի բուհերի բարձր կուրսերում սովորող լեզվաբան-ուսանողներին, ուղարկի արտերկրի բուհերում վերապատրաստվելու, որպեսզի նրանք վերադառնան և զբաղվեն թարգմանչական գործով: Իսկ այսօր ի՞նչ պետք է սպասես մի երկրից, որտեղ փակվում են գրախանութները: Եթե երկրում փակվում են գրախանութները, դա երկրի կործանման նշան է:
-Անցյալ դարաշրջանում, Ջորջ Գորդոնը, անգլիական գրականության պրոֆեսոր Օքսֆորդում, իր պաշտոնադրման հանդիսավոր արարողության դասախոսության մեջ նշում է. «Անգլերենը հիվանդ է, և... անգլիական գրականությունը պետք է պահպանի նրան: Եկեղեցիները (ինչպես ես եմ հասկանում) ձախողված են, և հասարակական դեղամիջոցները ուշացած։ Անգլիական գրականությունն այժմ եռակի գործառույթ ունի` դանդաղորեն, ենթադրում եմ, հիացնել և ուսուցանել մեզ, բայց նաև, և առավել ևս, փրկել մեր հոգիները և ապաքինել Պետությունը»: Ըստ Ձեզ` այսօր նույն գործառո՞ւյթն ունի հայ գրականությունը:
-Բոլոր ժամանակներում էլ մեր ազգը ունեցել է լավ գրականություն և լավ լեզու: Փառք Աստծո, դարասկզբին մենք ունեցանք Մասեհյանի, Տերյանի, Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի նման մարդիկ, որոնք զարգացրին մեր մանուկ լեզուն, պահպանեցին: Հրանտ Մաթևոսյանն էլ բերեց իր մեկնությունը լեզվի, որն անչափելի է և հետագա ուսումնասիրությունների թեմա: Հիմա էլ ունենք գրողներ, որոնք խնդիր ունեն լեզուն զարգացնելու: Ես, օրինակ, չեմ կարողանում կարդալ այն գործերը, որոնցում տեսնում եմ լեզվի նկատմամբ արհամարհանք, փնթի վերաբերմունք: Այդպիսի գրողներն ու բանաստեղծներն ունեն թիթեռի կյանք:
-Շատ է քննադատվում գրողների միությունը, անընդհատ ասում են, որ այն սպառել է իր առաքելությունը և այլն: Ի՞նչն է խանգարում, որ ժամանակակից ազատ մտածող գրողները մեկտեղվեն և ստեղծեն մի նոր գրական միավորում, որտեղ չի մերժվի այլակարծությունը:
-Չի բացառվում, որ ստեղծվի նման միավորում: ԳՄ-ն միշտ պաշտպանում է իշխանության տեսակետը, այնտեղ չկա այլակարծություն: ԳՄ-ն չի արձագանքել նաև հասարակության ցավոտ թեմաներին: Հնարավոր է, որ ազատ մտածող մարդիկ միավորվեն, ու ԳՄ-ն էլ պետք է ողջունի այդ քայլը: Իրենք էլ ուրախ կլինեն, որ այդ ձևով կարող են մեզնից ազատվել:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 4644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ