Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն

Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն
27.10.2013 | 13:16

ՓՐԿԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ ԿՐՈՆԻՑ, ԽՆԱՅԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ
Ինչքա՜ն բան կա աշխարհիս երեսին մարդկությունն ու մարդկանց իբր միավորող, բայց, ըստ էության, պառակտող. ռասաներ, ազգեր ու ազգություններ, ցեղեր, պետություններ ու պետական սահմաններ, հազար ու մի կազմակերպություններ, կուսակցություններ, լեզուներ, կրոն և, ի վերջո, վերջին տասնամյակներում մարդկության գլխին ուղղակի պատուհաս դարձած հազար ու մի աղանդներ: Երբ մտովի, փիլիսոփայորեն, Տիեզերքի հեռուներից դիտում, զննում ես Երկիր մոլորակը և տեսնում, թե ի՜նչ է կատարվում այստեղ... Մի փշուր հողակտոր, գեղեցի՜կ, ինչ-որ մանրիկ էակներ, դեսուդեն վազվզող, ինչ-որ բաներ են տանում-բերում, իբր մտածում-հորինում, ու մեկ էլ իրար հոշոտելու-ոչնչացնելու դավեր նյութում, իրենց համար խնդիրներ են մոգոնում ու սկսում են իբր մտածել դրանք լուծելու մասին, մեծեր կան` առաջնորդներ, բևեռներ կան` ուժի, ազդեցության, զենքեր են հնարել` իրենք իրենց և իրենց հողակտորը ոչնչացնելու այս մի բուռ մժեղները... Այնքա՜ն նման մրջյունների: Բացի ինքնաոչնչացման անհագուրդ ծարավից: Եվ երբ Տիեզերքի հեռուներից ես նայում, ինչքա՜ն ծիծաղելի է այս ամենը: Իսկ երբ դառնում, այդ երկրագունդ կոչված հողակտորի վրա ապրելով ես այս ամենը գնահատում, տեսնում ես, թե այս «մժեղներին» որքա՜ն չի հերիքում համաշահեկան խելքը, ինքնապահպանման փիլիսոփայությունը, առաջնորդող հեղինակությունը, Աստված... Իսկ Աստված հենց այս փոքրիկ հողակտորի վրա հազար հակառակորդ ու թշնամի ունի, և առաջին հերթին` կրոնը: Հիմա էլ այս աղանդները:
Ես չեմ ասել, ես ուղղակի կրկնում եմ. փրկե՛ք Աստծուն նրանցից, Աստված մեկ է, և Նա որևէ կրոնի (առավել ևս` աղանդի) չի պատկանում, առավել ևս` ծառայում: ՈՒզո՛ւմ են ծառայեցնել... «Աստծո զորությամբ» օրհնական խոսքը բարբաջելով` սեփական անմաքուր նկրտումները հետապնդել:
Փրկեք Աստծուն կրոնից, և թող Նա իր նախասկզբնական արարչագործությամբ շարունակի պաշտելի մնալ մարդկության համար իբրև վերամենինչյա վեհություն ու անհասանելիություն: Փրկեք Աստծուն կրոնից: Փրկեք «ճիշտ» և «սուտ» հավատալիքներից, և մի կոչեք սպանության հանուն Աստծո, այս պարագայում` հանուն Ալլահի:
Ահա մոլորեցնող ու կործանարար կառույցներից մեկի մասին է ստորև ներկայացվող հրապարակումը, մի աղանդի, որից ոչ միայն զգուշանալ, այլև դրա դեմ պայքարել է պետք։ Ճանաչել ու պայքարել...

«Իրատես de facto»-ի 63-րդ համարում Մոսկվայի մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանի հեղինակությամբ տպագրվել էր «Գյուլենը մուսուլմանական աշխարհի Սորոսն է» վերտառությամբ խիստ մտահոգիչ հոդվածը, որն ահազանգ է այն գլոբալ վտանգի մասին, որ այսօր աշխարհիկ քաղաքակրթության համար ներկայացնում են կրոնական արմատականությունը, մասնավորապես արմատական իսլամականությունը, և առավել ևս` հազար ու մի գուներանգի աղանդները։ Երկյուղներ ունենալով նաև մեր երկրում այդ ազգակործան խավարամտության մետաստազների հնարավոր գոյության կամ դրա վտանգի առնչությամբ և հասարակության, Հայ առաքելական եկեղեցու և իշխանական մարմինների զգոնությունն արթնացնելու նպատակով, մեր թերթի առաջիկա համարներում կհրապարակվի աշխարհում «Նուր» կրոնական աղանդի, նրա աշխարհասփյուռ «Նուրջուլար» բջիջների, աղանդավորական շարժման նպատակներին ու գործունեության եղանակներին, տարածման ընդգրկումներին նվիրված այս ծավալուն հոդվածը։

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ
Իրեն կրոնափիլիսոփայական շարժում հորջորջող «Նուր» աղանդը երկար պատմություն չունի։ Այն, ըստ էության, հիմնադրվել է 20-րդ դարի մայրամուտին, երբ նրա հիմնադիր, թուրք գաղափարաբան ՖԵԹՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆԸ, հետագայում աշխարհահռչակ իսլամական քարոզիչ, խույս տալով Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով պատասխանատվության ենթարկվելու վտանգից, 1998-ին հեռացավ Թուրքիայից և հիմնվեց ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում։
«Նուր» աղանդավորական շարժման գաղափարախոսական հիմքը թուրքական մահմեդական աստվածաբան, ըստ որոշ աղբյուրների` ծագումով քուրդ, Սայիդ Նուրսին է, իսկ աշխարհասփյուռ «Նուրջուլար» կազմակերպությունների անդամներ համարվում են Նուրսիի գաղափարները քարոզողներն ու թուրք կրոնական և հասարակական գործիչ, «Նուր» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները ¥Թուրքիայի Բիթլիսի նահանգի Նուրս (այստեղից էլ ազգանունը) գյուղում ծնված աստվածաբանի գրչին է պատկանում «Լուսո նամակներ» 14-հատորանոց աշխատությունների ժողովածուն, որը դատողություններ է պարունակում աստվածհայտնության, դրախտի ու դժոխքի, հարության, հավերժության մասին։ Նուրսեցի աստվածաբանը պարզաբանում է սուֆիզմի տերմինները, նա հեղինակել է Ղուրանի ինքնատիպ մեկնաբանությունը, որը տարբերվում է արաբական «տիրացուական, պարզունակ» մեկնությունից։ Փորձել է քրիստոնեական եկեղեցու հին հայրերի ոգով հասկանալ մահմեդականների Սուրբ գրքի ներքին, բարոյական իմաստը։ Անցած դարի 20-ականների կեսերին Նուրսին Մուստաֆա Քեմալի վարչակազմի ներկայացուցիչներին կոչ էր անում մնալ ջերմեռանդ մահմեդականներ և օրական հինգ անգամ աղոթել։ Դրա համար նա մի քանի անգամ բանտ է ընկել, աքսորվել¤։
Ֆեթուլլահ Գյուլենը սիրում է ճամարտակել աշխարհի խաղաղության և քաղաքակրթությունների երկխոսության մասին։ Նա առաջարկում է մեղմ «անմորուք» վահաբամերժ իսլամի իր վարկածը, որը պատրաստ է համագործակցելու Արևմուտքի և Իսրայելի հետ։ Քչերն են կասկածում, որ նրա թիկունքին կանգնած է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)։

ԳՅՈՒԼԵՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԴԻ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ
Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի ներկա վարչապետ Էրդողանի հոգևոր դաստիարակն է, որը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կդառնա երկրի նախագահ։ Էրդողանի անձնական նպատակն ու ձգտումն է մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալը, իսկ դրա համար պետք է հրաժարվել «մեկ երկիր-մեկ ազգ» գաղափարից։ Չէ՞ որ նա չի կարող թատերաբեմ բարձրանալ սոսկ որպես թուրք ազգի հայր, որովհետև մահմեդականների մեծ մասն արաբ է։ ՈՒստի նա բանակցություններ է վարում քրդերի հետ և օրերս նաև պաշտոնապես ճանաչեց փոքրամասնությունների իրավունքները։ Նրա երազանքը Մահմեդական միությունն է։ Ըստ էության, Էրդողանն ուզում է հանդես գալ ազգի հոր` Աթաթուրքի դերում, սակայն իսլամական Աթաթուրքի։ Բայց կայսրության նորօսմանյան նախագիծը, որը ներառում է հայերին, հույներին, քրդերին, արաբներին, թեև գրավիչ, բայց վտանգավոր խաղ է։ Այդ նախագծի քննադատներն ասում են, որ եթե Թուրքիան նորից միջամտի Մերձավոր Արևելքի գործերին, ապա փուլ կգա այնպես, ինչպես փուլ եկավ Օսմանյան կայսրությունը։
Թուրքիայում Գյուլենին մեղադրում են իսլամական վերնախավ ստեղծելու փորձի մեջ, որը ձգտում է երկրի պետական կառույցներ ու հատուկ ծառայություններ ներթափանցելու միջոցով աստիճանաբար հասնել թուրքական պետության նոր կառուցվածքի ստեղծման ու միաժամանակ Աթաթուրքի հիմնած աշխարհիկ իդեալների ոչնչացման։ Վերն ասացինք, որ 1998-ին Գյուլենը մեղադրվեց երկրում գոյություն ունեցող աշխարհիկ կարգերի տապալման փորձի մեջ։ Նույն տարում նա արտագաղթեց ԱՄՆ, խույս տալով Թուրքիայում պատժվելու հեռանկարից։ Արդարության և զարգացման կուսակցության իշխանության գալուց հետո բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվեցին։

Ի՞ՆՉ Է ԳՅՈՒԼԵՆԻԶՄԸ
Տարբեր տվյալներով, Թուրքիայում և արտասահմանում (մասնավորապես Ադրբեջանում ու Միջին Ասիայում) մոտ հինգ միլիոն մարդ է ընդգրկված Գյուլենի աղանդի մեջ։ Աշխարհի հիսուն երկրներում գործում են հազարավոր դպրոցներ, հիմնադրամներ, ֆիրմաներ ու լրատվամիջոցներ, որոնք պատկանում են Գյուլենի գլխավորած կազմակերպությանը, որի ունեցվածքը գնահատվում է 26 մլրդ դոլար։ Գյուլենը, ինչպես սառը պատերազմի տարիներին, շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը Թուրքիայի և Ռուսաստանի փոխհարաբերություններում։ ԱՊՀ մահմեդական տարածաշրջաններում և առաջին հերթին Ռուսաստանում նրա ծավալած գործունեությունը չի կարող անհանգստություն չպատճառել Մոսկվային։
Եվ այսպես` ի՞նչ է գյուլենիզմը։ Համառոտ բանաձևմամբ` փորձ է իսլամը եվրոպացիներին ու առհասարակ Արևմուտքին ներկայացնելու մատչելի և հասկանալի ձևով, կարելի է ասել` «համակրական փաթեթավորմամբ»։ Այսինքն թե` դրանք ջիհադի կոչող «փռչոտներ» չեն, այլ շատ բարեկիրթ ու դաստիարակված մարդիկ, որոնք ակտիվորեն դատողություններ են անում քաղաքակրթությունների երկխոսության ու փոխըմբռնման մասին։ Գյուլենիզմն այն նույն իսլամն է, որպիսին կուզեր նրան տեսնել արևմտյան աշխարհը։
Որտեղի՞ց է «լույս աշխարհ» ընկել ինքը Գյուլենը։ Դյոնմեից... Իսկ ի՞նչ է դյոնմեն։ Դյոնմեն մահմեդականացած հրեաների աղանդ է, որը ծնունդ է առել 1683 թ. Սալոնիկում, Օսմանյան կայսրությունում։ 16-17-րդ դարերում մի խումբ սեֆարդցի հրեաներ իսպանական ինկվիզիցիայի կողմից արտաքսվեցին Իսպանիայից։ Փախստականներին թույլատրեցին հիմնավորվել Օսմանյան կայսրությունում։ Նրանք աստիճանաբար սկսեցին անցնել իսլամական մի աղանդի, որը հրեական կաբալայի ¥միստիկական հոսանք¤ և մահմեդական կիսամիստիկական հավատի` սուֆիզմի, խառնուրդ էր։ Հետօսմանյան Թուրքիայում այդ աղանդը պաշտպանում էր խորհրդային պետությանը և հայտնի էր թուրքերեն «դյոնմե» անունով։ Թարգմանաբար նշանակում է «նա, ով այն չէ, ինչ ներկայանում է»։ Հիմնադիրը Շաբթայ Ցվին է, կաբալիստ և հրեական ամենահայտնի կեղծ մեսիաներից մեկը, որն այն ժամանակվա Եվրոպայի հրեական համայնքներում առաջ էր բերում խելագարություն հիշեցնող զանգվածային թմբիր։ Ձերբակալվեց և կանգնեց սուլթանյան դատարանի առջև, որը նրան առաջարկեց ընտրություն կատարել` մահ կամ իսլամի ընդունում։ Կնոջ հետ իսլամ ընդունեց։ Շաբթայ Ցվիի հետևորդների թիվը դյոնմեում մեծ չէ, բայց Թուրքիայում խիստ ազդեցիկ և հարուստ համայնք է։
Գաղտնագործական տեսությունների կողմնակիցները պնդում են, թե Թուրքիան աշխարհիկ պետության վերածած և իսլամը ընդհատակ քշած Աթաթուրքի հայրը ևս ծագումով դյոնմեից է եղել։ Ի վերջո, դյոնմեն վերածեցին օսմանյան հասարակության ներսում գաղտնի կլանի նման մի բանի։ Հաջորդ փուլը Թուրքիայում իշխանության զավթումն էր նրանց կողմից։ Սալոնիկում այդ քողարկված հրեական փախստականները շուտով քաղաքական ու առևտրական ազդեցիկ գործիչներ դարձան։ Նրանք հայտնվեցին երիտթուրքերի գաղտնի կազմակերպությունների շարքերում։ 1908 թ. հեղափոխության ժամանակ նրանք տապալեցին Աբդուլ Համիդ Երկրորդ սուլթանին և Առաջին համաշխարհային պատերազմից հետո հռչակեցին հետօսմանյան Թուրքական Հանրապետությունը։ «The Secret Sews» գրքում, որը 1973 թ. լույս ընծայեց ռաբբի Յոախիմ Պրինցը, ասված է, որ Աթաթուրքն ու նրա ֆինանսների նախարար Ջավիդ բեյը մոլի դյոնմե են։ Հայտնի է, որ Սալոնիկում Աթաթուրքը սովորել է Սեմսի էֆենդու տարրական դպրոցում, որն այն ժամանակ ղեկավարում էր դյոնմե Սիմոն Ցվինը։ Դյոնմեի ազդեցությամբ իրականացվող թուրքական քաղաքականությունն է ընկած Իսրայելի և Թուրքիայի լավ հարաբերությունների հիմքում։ Դյոնմեի ներկայության շնորհիվ էր, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան դաշինքի մեջ չմտավ Գերմանիայի հետ, Հիտլերին զրկելով դեպի Բաքվի նավթահորեր տանող ուղիղ ճանապարհից։ Նկատի առնելով Իսրայելի և Թուրքիայի սերտ հարաբերությունները, հեշտ է հասկանալ, թե ինչու է Իսրայելը միշտ խուսափել 1915 թ. թուրքերի կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն որակելուց։ Հատկապես, երբ ավելի ու ավելի շատ ապացույցներ են կուտակվում այն մասին, որ հայերի ցեղասպանությունը զգալիորեն երիտթուրքական շարժման` դյոնմեի հետևորդ ղեկավարների ձեռքի գործն է եղել։ Պատմաբան Ահմեդ Ռեֆիկը ¥օսմանյան բանակի հետախուզության սպա¤ ապացուցում է, որ երիտթուրքերի նպատակն է եղել ոչնչացնել քրիստոնյա հայերին, որոնք հրեաների գլխավոր մրցակիցներն էին առևտրական գործարքների կնքման ասպարեզում։ Աթաթուրքի ղեկավարությամբ երիտթուրքերը թուրքական քաղաքներից արտաքսում էին հույն քրիստոնյաներին, միաժամանակ ձգտելով, արդեն ավելի փոքր չափերով, ցեղասպանություն սարքել նաև ասորիների գլխին, որոնց մի մասը ևս քրիստոնյա էր։
Իրենք թուրքերն էլ են դյոնմեներին համարում «շուռ տված» մահմեդականներ, որոնք իսլամ են ընդունել մահու վախով և իշխանություն ներթափանցելու նպատակով։ Հրեաների մեծ մասը դյոնմեներին համարում է ուրացողներ, սակայն կան և այնպիսիք, ովքեր Շաբթայ Ցվիի կողմից իսլամի ընդունումը դիտում են իբրև մեծ զոհողություն` հանուն օտարի լծից հրեաների ազատման։
Գյուլենն առաջինը դատապարտեց «Ազատության տորմիղը», որը փորձում էր ճեղքել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը 2010-ին։ Ի դեպ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը հետաքրքրություն էր ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ դյոնմեներն էին լիովին վերահսկում երկիրը։ Հետո եվրոպական ու ամերիկյան քաղգործիչները փակեցին այդ նախագիծը։ Այսպես, գոնե, Թուրքիան չի կողոպտվի խոշոր բանկերի կողմից, ինչպես եղավ Հունաստանի պարագայում։ Ակնհայտ է դառնում, որ 2010 թ. մայիսի 31-ին «Ազատության տորմիղի» կազմում մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական անզեն նավի վրա իսրայելական զինվորականների հարձակումը հատուցման քայլ էր Էրգենեկոնի նկատմամբ թուրքական կառավարության կազմակերպված բռնությունների, դյոնմեների դեմ ուղղված զտումների համար, որ կատարվել էին թուրքական բանակի բարձրաստիճան հրամանատարության ու հետախուզության շարքերում, և հակամահմեդական կրոնական ու մշակութային քաղաքականության արմատական փոխման համար, որ 90 տարի առաջ հիմնել էր դյոնմեների սիրելի Աթաթուրքը։
Բոլորին է հայտնի, որ իրենց ամբողջ պատմության ընթացքում դյոնմեներն ու Էրգենեկոնը կապված են եղել իրար հետ իբրև քեմալականներ, իբրև աշխարհիկ իշխանության մոլի պաշտպաններ և իբրև Իսրայելի ու սիոնիստների կողմնակիցներ։ Բայց բանն ամենևին էլ դրանով չի սահմանափակվում։

(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ