Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այսօր ամեն գյադա-գյուդա հրոսակախմբով է ման գալիս, իսկ այն ժամանակ երկրի առաջին դեմքն ընդամենը մի դուռ բացողով էր շրջում

Այսօր ամեն գյադա-գյուդա հրոսակախմբով է ման գալիս, իսկ այն ժամանակ  երկրի առաջին դեմքն ընդամենը մի դուռ բացողով էր շրջում
25.10.2013 | 00:00

Հայ կոմունիստ ղեկավարների ճնշող մեծամասնությունն իր փառավոր հետքն է թողել հայ ժողովրդի պատմության մի կարճ հատվածի պատմության մեջ: Այդ նրանց շնորհիվ է, որ ստեղծվեցին Հայաստանի հզոր արդյունաբերությունը, ծաղկուն գիտությունը, արվեստը, գրականությունը, ինտենսիվ զարգացող գյուղատնտեսությունը: Այդ նրանց շնորհիվ էր, որ դաստիարակվեց նոր սերնդի հայ, որի միջից դեն նետվեցին ազգային թերարժեքության բարդույթը և ոչ միայն, իր հայրենիքում, իրեն լիարժեք մարդ զգալու արժանապատվությունը:
Ղեկավար հայ կոմունիստների մեջ իր փառավոր հետքն է թողել ԱՆՏՈՆ ԵՐՎԱՆԴԻ ՔՈՉԻՆՉԱՆԸ, որը շուրջ 25 տարի եղել է Հայաստան երկրի առաջին և երկրորդ դեմքը: Չունենալով բարձրագույն կրթություն, ավարտել էր ԽՄԿԿ բարձրագույն կուսակցական դպրոցը, բնատուր շնորհքով, խելքով օժտված այդ անհատը թողեց իր շնորհալի հետքը. նրա օրոք կառուցվեց Հայաստանի էներգետիկ անկախության հիմքը՝ ատոմակայանը, մեր մեծ վշտի սրբավայր հուշարձանը (հանուն ճշմարտության ասենք, որ այդ համալիրի գաղափարը ստեղծվել էր նույնպես արժանավոր ղեկավար, արժանավոր մարդ Յակով Զարոբյանի օրոք), մեր պրկված Սարդարապատը, որտեղ ղողանջել էին մեր ազգի հավերժ լինելու հպարտ զանգերը: Նրա օրոք շատ բան է կառուցվել: Ընդամենը 60 տարեկան էր, երբ նրան թոշակի ուղարկեցին: Եռանդով, կյանքով լեցուն մարդուն ինչ-որ չարամիտ ուժեր որևէ աշխատանք չտվեցին, ու նա չլցվեց չարությամբ և հպարտորեն կրեց իր խաչը: Այդ հոյակապ մարդուն չարամտորեն վարկաբեկում էին, փորձում էին նրա բարի համբավի շուրջ ստեղծել անբարո մի շղարշ և բյուրեղյա այդ մարդուն անվանում էին Անտոն Բրիլիանտովիչ: Այդ մասին ինքը լավ գիտեր, բայց հպարտորեն տանում էր իրեն այդ ձևով վարկաբեկել ցանկացողների չարամիտ բամբասանքները: Քինոտ չէր և ոչ էլ չարամիտ: ՈՒներ բարի ժպիտ և խոսում էր շատ մեղմ ու հանգիստ: Երկու անգամ եմ հանդիպել նրան: 1969 թվականին երկրում նշվում էր երկու մեծ տոն՝ Թումանյանի և Կոմիտասի 100-ամյակները: Երևանի երիտասարդական դրամատիկական թատրոնում Հրաչյա Ղափլանյանը բեմադրել էր «Անուշ» պոեմը: Ոչ թե անհատներ, այլ կոլեկտիվներով էին գնում դիտելու այդ ներկայացումը, այն էլ ասեմ, որ այդ կոլեկտիվ դիտումները հարկադրաբար չէին: Ես հայտնի Մերգելյան ինստիտուտի ազատված կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղարն էի, կազմակերպություն, որն ուներ 1200 անդամ: Ամբողջ ԽՍՀՄ-ում հաշվիչ տեխնիկայի երեք հզոր կենտրոն կար, որից մեկը Մերգելյան ինստիտուտն էր: Ինձ զանգահարեց ՀԼԿԵՄ կենտկոմի բաժնի վարիչը և հարցրեց` այսօր դրամատիկական թատրոնի «Անուշ» ներկայացման բոլոր տոմսերը վերցրել է ձե՞ր կոլեկտիվը:
-Այո,- ասացի ես:
-Ընկեր Քոչինյանը ցանկացել է այսօր դիտել այդ ներկայացումը: Մենք շատ ուրախ ենք, որ ներկայացման բոլոր տոմսերը վերցրել եք դուք: Կոլեկտիվը կուլտուրական է, հիմնականում երիտասարդներ են: Ներկայացումից մի տասնհինգ րոպե առաջ թատրոնի մուտքի մոտ կդիմավորեք Անտոն Երվանդովիչին:
Ներկայացումն սկսվում էր ժամը 19.00-ին: Քանի որ Մերգելյանում հիմնականում աշխատում էր տեխնիկական մտավորականություն, ես կոլեկտիվին թատրոն էի հրավիրել ժամը 18.00-ին, որովհետև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդ. Ջրբաշյանին նախապես հրավիրել էի կոլեկտիվին ներկայացնելու հայ մեծ բանաստեղծին: Դասախոսությունն ավարտվեց 15 րոպե շուտ: Մենք մի խումբ կոմերիտականներով, այդ թվում նաև՝ Ջրբաշյանը, դուրս եկանք դիմավորելու Անտոն Քոչինյանին: Ճիշտ ժամանակին Քոչինյանի սև «Վոլգան» կանգնեց դրամատիկականի մուտքից փոքր-ինչ հեռու: Հետևի դռնից իջավ մեկը և բացեց մեքենայի առաջին դուռը: Քոչինյանն իջավ մեքենայից: Դուռը բացող տղամարդը հեռացավ և կանգնեց բավականին հեռու (հետո հասկացա, որ նա թիկնապահն էր: Հե՛յ գիտի ժամանակներ: Այսօր ամեն գյադա-գյուդա հրոսակախմբով է ման գալիս, իսկ այն ժամանակ երկրի առաջին դեմքն ընդամենը մի դուռ բացողով էր շրջում): Մենք մոտեցանք Անտոն Երվանդիչին: Նա բարի ժպիտով, սիրալիր բարևեց բոլորիս և հարցրեց.
-Կոմսոմոլը ո՞նց է,- ստանալով դրական պատասխան, շարունակեց,- լավ է, որ տեխնիկական մտավորականությունը կապված է արվեստին, թատրոնին: Ազգը որքան էլ տեխնիկապես զարգացած լինի, միևնույն է, ազգի դեմքը պարզ են անում նրա արվեստը, գրականությունը, պոեզիան:- Ապա, նկատելով Ջրբաշյանին, հարցրեց,- Դուք ի՞նչ եք անում կոմսոմոլների հետ:
Ես ասացի, որ ընկեր Ջրբաշյանին կանչել էինք Թումանյանի մասին դասախոսություն կարդալու:
-Լավ է, շատ լավ, որ Թումանյանին այդքան սիրում եք:
Երկրորդ անգամ հանդիպել եմ այդ հոյակապ մարդուն Ծաղկաձորում՝ հանրապետական երիտասարդական հավաքի ժամանակ: Խոսում էր հանգիստ, բառերն ընտրելով: Խոսեց պետական, կուսակցական շինարարությունից, հայրենասիրությունից, գրականությունից: Խոսքի ժամանակ մեջբերում կատարեց Թումանյանից.
-Հե՛յ, ագահ մարդ, հե՛յ, անմիտ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,- ավելացնելով, որ մարդու կյանքը այնքան կարճ է, որ նա պիտի հասցնի միայն բարին արարել, հայրենիքը շենացնել:
Եղան հարցեր տարաբնույթ: Վերջում մեկը հարցրեց.
-Ընկեր Քոչինյան, Դուք հայ պոեզիայից միայն Թումանյա՞ն եք սիրում:
Նա ծիծաղեց և ասաց հարց տվողին.
-Արի սիմվոլիկ մի բանի վրա գրազ գանք, թե մեզնից ո՞վ շատ Տերյան կարտասանի:
Մեկ, երկու բանաստեղծությունից հետո հարցրեց՝ շարունակե՞մ էլի, թե՞ գրազը տանուլ ես տվել: Վերջում, թե՝ ինձ շատ է հետաքրքրում՝ ինչ է արտասանում ջահել տղան սիրած աղջկան հանդիպելիս:
-Միայն Տերյան,- եղավ տեղից մի պատասխան:
-Ճիշտ է:
Բաժանումից անցել են տարիներ: Այսօր շատ ուրախ եմ, որ այդ մեծ ղեկավարին հիշում և մեծարում են, որ նրա անունով գյուղակադեմիան են կոչում: Հավատում եմ, որ մեր ժողովրդի արժանավոր զավակները, անկախ կուսակցական պատկանելությունից, այսուհետ կգնահատվեն արժանիորեն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ