Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կոնստանտ մեծություն

Կոնստանտ մեծություն
25.10.2013 | 12:11

ՀՀ մշակույթի նախարարության հոգևոր երաժշտության կենտրոնը (տնօրեն՝ Անահիտ Պապայան) շարունակում է իր լուսավորչական գործունեությունը։ Բացի զուտ գիտական ուսումնասիրություններից և գիտաժողովներին մասնակցելուց, իրականացնում է համերգ-դասախոսություններ, կազմակերպում համերգաշարեր, որտեղ հանդես են գալիս այնպիսի անվանի երաժիշտներ, որպիսիք են Մեդեա Աբրահամյանը, Անահիտ Ներսիսյանը, Զավեն Վարդանյանը և այլ երախտավորներ։

Օրերս կենտրոնը հրավիրել էր Կոմիտասի անվան փառապանծ քառյակին (Էդուարդ Թադևոսյան՝ 1-ին ջութակ, Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Հասմիկ Վարդանյան՝ թավջութակ)։
Երբ քառյակը բնորոշում են որպես «լեգենդար», նկատի ունեն ոչ միայն նրա համաշխարհային համբավը, կատարողական բարձրագույն արվեստը, այլև նրա հարատևությունը՝ 90-ամյա անխոնջ գործունեությունը, նրա եզակիությունը, կայունությունը։ Նախքան համերգը լուսաբանելը, հարկ է մի քանի նրբագծով անդրադառնալ քառյակի այդքան հազվադեպ կենսունակությանը։
Ըստ Հյոլդեռլինի՝ ապրել կնշանակի պաշտպանել-պահպանել որոշակի ձև, կառույց։ Ահա շուտով կլրանան Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 90- և նրա ներկայիս ղեկավար, մաեստրո Էդուարդ Թադևոսյանի ստեղծագործական գործունեության 45-ամյակները։
Ի հեճուկս ժամանակի ավերիչ հողմերի, պատերազմների և այլ արհավիրքների, քառյակը ոչ միայն պահպանել է իր անկրկնելի դիմագիծը, այլև պայծառագրել այն, և ոչ միայն ապրում է, այլև ապրեցնում։ Եվ «կայենության», «հեղափոխականության» մեր ժամանակներում քառյակը մնում է կայուն, մաթեմատիկորեն ասած, կոնստանտ մեծություն։ Այո՛, կայուն, անփոփոխ մեծություն։ Մեծություն ասելով նկատի ունենք նախ քառյակի հիմնադիր, մեծ ջութակահար Ավետ Գաբրիելյանին և իր «զինակիցներին», բուն քառյակը, և այդ երաժշտական «տապանի» ներկայիս ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր և բազում այլ տիտղոսների «ասպետ» Էդուարդ Թադևոսյանին։ Հենց վերջինիս է վիճակվել ղեկավարել քառյակն ամենածանր ժամանակներում, և, կարծես թե, հենց նման նվիրյալներին է նկատի ունեցել Ռեդյարդ Կիպլինգը, որ գրել է իր հայտնի «Եթե» բանաստեղծությունը.
Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը
կորցնում են իրենցը և մեղավոր քեզ համարում...
Եթե կարողանաս անվրդով նայել քանդված այն ամենին,
որոնց նվիրել ես կյանքը քո,
Եվ կարողանաս մաշված գործիքներով
նորից դրանք վեր խոյացնել...
Եթե կարողանաս բազմության հետ քայլել,
ինչպես թագավորների հետ ես քայլում...
Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյանով լցնել
Անգթորեն առաջ շարժվող ու անցնող կյանքիդ
ամեն մի րոպեն,
Քոնն են աշխարհը և այն ամենը, ինչ նրա մեջ է
Եվ դեռ ավելին՝ այդժամ դու ՄԱՐԴ ես, որդիս։

Այսպիսին է Կոմիտաս-քառյակը, որին ունկնդրել են աշխարհի ամենաբարձրակարգ երաժիշտները, որի հետ ելույթներ են ունեցել Դմիտրի Շոստակովիչը, Հենրիխ Նեյհաուզը, Էմիլ Գիլելսը, Սվյատոսլավ Ռիխտերը և այլ մեծեր։ Կվարտետին ծափահարել են ոչ միայն սովետական ղեկավարները, այլև ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին և այլ երկրների իշխանավորներ։ Քառյակը հանդես է եկել ոչ միայն աշխարհի լավագույն բեմերում, այլև Ռուսաստանի, Հայաստանի ամենախուլ վայրերում։ Եվ ամենուր նույն նվիրումով է նվագում, ինչպես սոխակն է նույն կերպ դայլայլում՝ թե՛ իշխանի, թե՛ ռամիկի առջև։ Նույնքան ազնիվ, նույնքան առինքնող։
Այսպես էր և հիշյալ համերգին՝ Կամերային երաժշտության տանը։
Երեկոն բացվեց Գեորգ Հենդելի «Պասսակալիայի» կատարումով (մշակումը՝ քառյակի համահիմնադիր, թավջութակահար Սարգիս Ասլամազյանի)։
Հայտնի է, որ պասսակալիա երաժշտաձևը բյուրեղացել է բարոկկո ժամանակաշրջանում։ Բազմաձայն այս կառույցում թեման՝ հիմնանյութը, սովորաբար զետեղվում է ներքևի ձայնում՝ բասում, որն անփոփոխ կերպով, համառորեն (ostinato) բազմիցս կրկնվում է։ Եվ ամեն կրկնության ժամանակ մյուս ձայները ենթարկվում են փոփոխության, տարբերակման։ Ահա թե ինչու այս երաժշտաձևը կոչվում է վարիացիաներ բասսո օստինատոյի վրա։
Յուրաքանչյուր ձև ունի իր բնույթը, տարողունակությունը, գաղափարաբանությունը։ «Պահված բասով վարիացիաներին բնորոշ է բովանդակության վեհությունը, որը հաճախ մարմնավորվում է ձևի մեծակերտությամբ,- գրում է Վիկտոր Ցուկերմանը,- այստեղ գերիշխում է օբյեկտիվ սկզբունքը, սակայն դա չի բացառում հագեցած արտահայտչությունը, որը հասնում է ողբերգականության»:
Անդրադառնալով Բախի ջութակի «Չակոնային», որը պասսակալիայի «երկվորյակն» է, Ցուկերմանը նշում է. «Ինչպես հրաշագործ՝ Բախը կերտում է մի ամբողջ աշխարհ... Այն կոմպոզիտորի կյանքի ճանապարհի խորհրդանիշն է՝ դժվարին, սգալից, բայց անվեհեր» (անդ, էջ 215)։ Գրեթե նույնը կարելի է ասել Հենդելի «Պասսակալիայի» վերաբերյալ, որը քառյակը կատարեց մեկ շնչով և երկնասլաց։
Թեմայի զսպված ուժը, պոտենցիալ էներգիան, վերածվելով կինետիկ էներգիայի, առաջ են բերում նորանոր կոնտրաստային վարիացիաներ՝ մերթ պոռթկուն, մերթ քնարական, մերթ խիտ, մերթ նոսր, իսկ վերջում՝ ամփոփ, միաձույլ, ինչպես թեման, սակայն հասունացած, «հրափորձություն» անցած և ազատագրված...
Մոցարտի մեղմօրոր «Մենուետը», որը հաջորդեց «Պասսակալիան» եզրափակող սյունազարդ ակորդներին, ընկալվեց որպես անդունդի եզրին օրորվող ծաղիկ։ Ակամա հիշեցի ճապոնացի պոետ Ֆուձիվարա Տոսինարիի հետևյալ թանկան.
Ախ, եթե մեր աշխարհում
Լուսինը չթաքնվեր ամպերում,
Բալենիները չծաղկաթափվեին։
Այնժամ ես հանգիստ կապրեի՝
Առանց այս մշտական տագնապի։

Էդուարդ Թադևոսյանի աղեղը «գծագրում» էր այդ տեսիլվող ծաղիկը, իսկ ձախ ձեռքի նրբագեղ թրթիռը՝ «վիբրատոն», ասես օրորում էր, գունավորում այդ ծաղիկը, և «բուրմունքը» տարածվում էր ու համակում ունկնդիրներիս։
Մինչդեռ թախծոտ, մինորային դրվագները, պահերը ափսոսանք էին առաջացնում, որ մեր աշխարհում գեղեցիկը վտանգված է... Եթե այս «Մենուետում» ջութակահարի աղեղը նմանվում էր վրձնի, ապա Էդվարդ Միրզոյանի Կվարտետի 5-րդ վարիացիայի «մահվան պարում» Թադևոսյանի և մյուս նվագողների աղեղները փայլատակում էին հանց յաթաղաններ։
Հիշենք, որ այդ վարիացիան ներխուժում է Կոմիտասի «Անտունի» երգի մեղեդուց հետո, որը 4-րդ վարիացիայում Է. Միրզոյանն օգտագործել է մարմնավորելու համար հայրենազուրկ պանդխտի կերպարը։ 5-րդ սահմռկեցուցիչ վարիացիան ընկալվում է որպես «ապոկալիպսիս»՝ «Հայաստանի մարված դաշտերից մրրիկի նման, նման մահազանգ զարնող զուլումի» (Կոստան Զարյան)։ Այս մասին ազդարարում են նաև «Dies Irae» (Օրն ցասման) խորալի թաքնված «բեկորները», որոնք գուժում են Ահեղ դատաստանը։ Այս դարակազմիկ միջնադարյան թեմայով Է. Միրզոյանն ասես արձագանքում է Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի 3-րդ մասում, ինչպես նաև Սերգեյ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերի» 3-րդ մասում հնչող և համայն մարդկությանն ուղղված ահազանգին։
Տեղին են Կոստան Զարյանի՝ Կոմիտասին նվիրված հետևյալ խոսքերը, որոնք վառ կերպով արտացոլում են Միրզոյանի Կվարտետում հնչող «Անտունի» երգի «խլացումը» «մահվան պարով».
...Վերջին մղձավանջ, վերջին սև տեսիլ,
Որի դանակը մորթել էր երգդ...

Միրզոյանի Կվարտետի վերջին, պաթետիկ պոռթկումից հետո Պյոտր Չայկովսկու հայտնի «Անդանտե կանտաբիլեն» ընկալվեց որպես մի սպեղանի մեր խոցված սրտերին։ Կոմպոզիտորի 1-ին կվարտետի այս մասի 1-ին թեման հիմնված է ռուսական գեղջկական անպաճույճ երգի վրա, որի տեքստը չի պահպանվել։ Սակայն հայտնի է երգի քաղաքային տարբերակը, որը կոչվում է «Վանյան նստած էր դիվանին, ծխամորճը բերանին»։ 2-րդ թեման նույնպես խաղաղ է, երազային։ «Անդանտեում» չորս գործիքներն էլ նվագում են մեղմոցով (սուրդինա), ինչն ընդհանուր հնչողությանը հաղորդում է անկշռություն, եթերայնություն։
«Ի տարբերության 1-ին և 3-րդ բաժինների, անդանտեի միջին բաժնում ժողովրդական երգի հնչերանգներ չկան,- գրում է Առնոլդ Ալշվանգը,- նրա թեման, որը հնչում է բասում կրկնվող դարձվածի և ձգվող ձայնի ֆոնի վրա, նման է սերենադի... Այդ են վկայում և՛ նվագակցության բնույթը, և՛ մեղեդիական կառուցվածքը, և՛ թավջութակի պիցցիկատոների (կսմիթների) վարընթաց կիսատոների թեթև, հազիվ նշմարվող նվաղումի շղարշը»։ «Անդանտեում» մեղեդու երկնասլաց ու ճախրող «տրիոլները» և՛ տեսքով, և՛ բույրով խնկի քուլաներ են հիշեցնում։ Այստեղ հատկապես զգացվեց թադևոսյանական կանտիլենայի (երգայնության) ողջ հմայքը։ Իսկ Յոզեֆ Հայդնի «Սերենադի» հայտնվելը (նույն կիթառահունչ պիցցիկատոների նվագակցությամբ, որը հիշեցնում էր Ռոմեոյի և Ջուլիետի ժամանակները) վկայեց, թե ինչպիսի նրբազգացությամբ է Է. Թադևոսյանը մոտենում ծրագրի ընտրությանը։ Ծրագիր, որն ունի իր տրամաբանությունը, դրամատուրգիան։ Ծրագիր, որը նաև հնարավորություն է ընձեռում փորձառու ալտահար Ա. Կոսեմյանին՝ դրսևորելու իր ներաշխարհի հարստությունը, իսկ Ս. Երիցյանին և Հ. Վարդանյանին՝ անսամբլին ներդաշնակվելու ազնիվ մղումը։
Վաղուց ի վեր ավանդույթ է դարձել քառյակի համերգներն ավարտել Կոմիտաս-Ասլամազյանի ժողովրդական մանրապատումներով։ Այս անգամ ևս ունկնդիրները հաղորդակցվեցին Կոմիտասի անթառամ մեղեդիներին, որոնք քառյակի շնորհիվ թևածում են աշխարհով մեկ։ «Երկինքն ամպել է», «Ալ այլուղս», «Հաբրբան», «Կռունկ»՝ ահա այս և ժողովրդական մյուս մանրանվագները քառյակի և՛ այցեքարտն են, և՛ տարբերանշանը։
Սակայն միայն սրանով չի այն տարբերվում աշխարհի մյուս քառյակներից։
Այդ տարբերությունները բացահայտելու և հիմնավորելու համար հարկ է փոքր-ինչ շեղվել, անդրադառնալ արվեստի առաքելությանն առհասարակ։
Գրեթե բոլոր մեծ մտածողները գիտակցել են ու կարևորել տառապանքի, պայքարի, կյանքի ողբերգականության ընկալման դերն արվեստում։
Ի՞նչ է արվեստը։ Մեջբերենք մի քանի պատասխան։
Ըստ Թոմաս Մանի, այն կերպարների վերաձուլված կարոտն է։ Առնոլդ Շյոնբերգի կարծիքով` «Արվեստը նրանց ճիչն է, ովքեր վերապրել են մարդկության ճակատագիրը, ովքեր չեն հաշտվում, այլ պայքարում են ճակատագրի դեմ... Եվ նրանց ներսում աշխարհն է շարժվում, իսկ իրենցից դուրս բխում է լոկ հնչյուն՝ արվեստի ստեղծագործությունը»։
Իսկ ո՞վ է արվեստագետը, բանաստեղծը։ Ըստ Սյուրեն Կյորկեգորի՝ «Նա մի դժբախտ մարդ է, ով իր հոգում ծանր տառապանքներ է կրում, ում շուրթերն այնպես են ստեղծված, որ ճիչն ու հառաչանքը, նրանց միջով դուրս պոռթկալով, հնչում են որպես սքանչելի երաժշտություն»։
«Հարթ, հաճույքներ փնտրող և ինքնագոհ մտածողներ և արվեստագետներ չեն լինում։ Հոգևոր գործունեությունը... մարդու ամենածանր կոչումն է, նրա խաչը... Առանց տառապանքի չի ծնվում և հոգևոր պտուղը»։ Այս ամենը, կարծես, հենց հայ ժողովրդի, հայ արվեստի, հայ արվեստագետի մասին է ասված, որի մարմնավորումն է և Կոմիտասը, ում մասին Չարենցը գրել է.
...Անհանգրվան տարվեցիր
Երկրից երկիր, որպես մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ ունի երգ...

Ասում են, հայը կարոտում է նույնիսկ նրան, ինչը չի տեսել, օրինակ, իր պապերի երկիրը՝ Վանը, Տարոնը, Մուշը, Սասունը... Մի խոսքով, իր «կորսված դրախտին», որը նա առայժմ փնտրում է ու կերտում արվեստում։
Ահա թե ինչու այդքան կարոտակեզ են Կոմիտասի երգերը, ահա թե ինչու Կոմիտաս-քառյակի մերթ շշուկային, մերթ տիեզերահունչ նվագը արձագանքում է Նարեկացու տաղերին.
Զձայնիկն ողորմուկ ածեր աննման,
Գաբրիէլեան փողոցն նման աննման...
Զաչերն արտասուօք լընոյր աննման,
Առաւօտեան ցողոյն նման աննման
Աննմանիդ ո՞վ նման, դո՛ւ նման։

Ինչպես հայտնի է, արվեստի հիմնական սկզբունքներն են գեղագիտականը և բարոյականը։ Արվեստագետներից շատերը գեղագիտականից, գեղեցիկից, վայելչականից այն կողմ չեն անցնում։ Մինչդեռ կան գործիչներ, որոնց արվեստում գեղեցիկը պտղաբերում է բարոյականի անդաստանում, մարդուն մոտեցնելով Արարչին։ Նրանց «տառապանքը փորձ ունի»։ Այդպիսին է Կոմիտասի անվան քառյակը։
Դեռ 1939 թ. Նաիրի Զարյանը Կոմիտաս-քառյակին ձոնել է.
...Դու հարազատ ես իմ ճարտար ու տքնաջան ժողովրդին,
Դարերի գանձը մեզ բերող կամուրջ կա քո երգերում։
Աղբյուրի պես կարկաչելով կերթաս դու ծովն ապագայի,
Անմահական գարուն ես դու, աշուն չկա քո երգերում։

Մյուս կամուրջը, որ կապեց Կոմիտաս-քառյակը, Արևելքի և Արևմուտքի մշակույթների, սփյուռքի և մայր Հայաստանի միջև էր, ծիածանե կամուրջ, բանավոր հայրենիք, որը խորհրդանշում է միացյալ Հայաստանը...
Կոմիտասի աճյունը Ֆրանսիայից Հայաստան նավով տեղափոխելու առիթով Կոստան Զարյանը գրել է «Կոմիտաս» պոեմը, որտեղ պատկերել է իր երևակայած ուղին, սգո այդ երթը։ Բնությունն իր տարերքներով պիտի արձագանքեր այդ իրադարձությանը. գարունն իր սրինգները հնչեցներ, հուզված ծովի լարերից ալիքները տավիղ հյուսեին ու հովվերգեին, Հունաստանին մոտենալիս ձիթենիների թրթռուն արծաթից, երկնի լազուրից ստվերները երգ հյուսեին ու օրորեին Կոմիտասին վերջին օրորով։
Սև ծովն անցնելիս վարդապետի ականջին կհասնի հայոց ցեղասպանության զոհերի աղաղակը, որից Կոմիտասը կրկին կարտասվի, նորից կխենթանա։
Պոետը հույս է հայտնում, որ դա կլինի չար աշխարհի վերջին հիշատակը։ Իսկ Հայաստանի փրկված «բեկորին»՝ Մայր Հայաստանին, մոտենալիս Կոմիտասին կողջունեն անհամբեր լեռները, դաշտերը, գետերը. «Եվ դա կլինի համերգ մի հսկա, որի նմանը չի լսված երբեք և ոչ մի վայրում»։ Համերգ, որի մեղեդիները գալիս են «ձորերում ձայնող խուլ թմբուկներից, դաշտերում սահող մեղմ ջութակներից.
Եվ ալիք-ալիք խոտերը շարժող ֆուգան հովերի՝
Կգան կկանչեն, և հոգուդ խորքից չերգված երգերից
Հայոց աշխարհի բոլոր ձայները կհամերգեն նորից։
Բարի ճանապարհ, վարդապետ, վերադարձ բարի՛...»։

Ահա այսպես, Կոմիտաս-քառյակի յուրաքանչյուր համերգին վերադառնում է Վարդապետը, և մենք լսում ենք նաև նրա հոգու «չերգված երգերը», համերգ, որի «նմանը չի լսված երբեք և ոչ մի վայրում»։ Վերադարձ բարի՛...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 3461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ