Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ОРТ-ն հայտնի հայատարարությամբ գուցե փորձել է փրկե՞լ ՀՀ դեմքը

ОРТ-ն հայտնի հայատարարությամբ գուցե փորձել է փրկե՞լ ՀՀ դեմքը
31.10.2013 | 11:27

Օրերս ОРТ-ի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ընթացքում ծագումով ադրբեջանցի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովայի շուրթերով հնչեց հետևյալ նախադասությունը. «Ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է, ուստի այդ կառույցին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտակա հեռանկարում դա այդպես էլ կմնա որպես ցանկություն՝ Ադրբեջանի հետ ԼՂ հարցի շուրջ ունեցած չլուծված տարածքային հարցի պատճառով»: Ի՞նչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը։ Այս հարցով զրուցեցինք վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։

-Պարոն Հակոբյան, ОРТ-ի հայտնի ռեպորտաժում արված հայտարարությունը պատահակա՞ն էր, թե՞ այնուամենայնիվ, ռուսական իշխանությունների կողմից պատվեր էր՝ այդ հաղորդագրությամբ փորձելով Հայաստանին ինչ-որ բան հասկացնել։

-Եթե հարցը դիտարկենք քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից, ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, բավականին լրջորեն վերահսկում է իր պետական շահերին վերաբերող լրատվական թողարկումները, առավել ևս՝ ОРТ-ի կիրակնօրյա վերլուծական հաղորդումը, անկախ նրանից, հաղորդավարուհին ադրբեջանցի է, ռուս, թե հայ։ Նման հայտարարությունն առնվազն մի քանի հաղորդագրություն կարող է պարունակել՝ ա. փոքր-ինչ բացելով կուլիսային խոհանոցը՝ Ռուսաստանը հասկացնում է, որ Հայաստանին ոչ բոլորն են գրկաբաց սպասում Մաքսային միությունում, բ. հասկացնում է, որ նման պայմաններում որոշ չափով աշխարհաքաղաքական իզգոյի կարգավիճակում Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, և Հայաստանը կարող է հույս դնել միայն ՌԴ-ի վրա, անկախ նրանից, որ Ռուսաստանն էլ կարող է ունենալ իր շահերն Ադրբեջանի կամ Մաքսային միության անդամ պետությունների հետ, և գ. որքան էլ, պարադոքսալ թվա, այդ քայլով Ռուսաստանի իշխանական վերնախավը փորձում է փրկել Հայաստանի իշխանությունների դեմքը, որին անընդհատ մեղադրում են Մաքսային միությանը միանալու հարցում ՌԴ ճնշումներին ենթարկվելու համար։

-Նախագահին իբրև թե քնած դիրքում ցուցադրելը, չե՞ք կարծում, Հայաստանի իշխանություններին վարկաբեկելու փորձ էր։

-Այդ կադրերը Բելառուսի հեռուստաընկերությունն է ցուցադրել։ Կարծում եմ՝ դա էլ պատահական չէ, քանի որ Բելառուսն էլ, մեղմ ասած, վերահսկվող հեռուստատեսությամբ երկիր է։ Բելառուսն էլ այն երկրների թվում է, որոնք փորձում են հնարավորինս հավասարակշիռ քաղաքականություն վարել Անդրկովկասում։ Այս երկիրն էլ, ըստ էության, գրկաբաց չի սպասում Հայաստանին Մաքսային միությունում։

-Լուկաշենկոն շատ մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Ծառուկյանի գրեթե բոլոր կնունք-ծնունդներին մասնակցում է։ Փաստորեն, մեր օլիգարխներն իրենց կապերը բարձր քաղաքական էլիտաների հետ ծառայեցնում են միմիայն անձնական շահերին։

-Դժվար է պատկերացնել, որ Բելառուսի նման երկրում, որտեղ պետական, աշխարհաքաղաքական շահերն են առաջնային, Ծառուկյանը կարող է մեծ դերակատարում ունենալ այդ երկրի քաղաքական առաջնահերթությունների վրա։ Եվ սա միայն Ձեր նշած մեծահարուստ օլիգարխին չի վերաբերում։ Մեզ մոտ վերջապես սկսել են քննարկել այն հարցը, թե ադրբեջանական լոբբինգը բավականին լուրջ ազդեցություն է սկսել թողնել ռուսական քաղաքականության վրա։ Ցավոք, հայկական ծագում ունեցող մեծ փողերը մեր երկրի ռազմավարական նպատակներին, պետական շահերին երբևէ չեն ծառայել։ Այսինքն՝ մեր օլիգարխիայի փողերը հիմնականում դրսում ինչ-ինչ մարդկանց կամ խմբավորումների անձնական շահերի ամրապնդման համար են նպատակաուղղված եղել։ Մինչդեռ Ադրբեջանում, ինչպես նաև նրանց բարեկամ Թուրքիայում կամ Իսրայելում վաղուց արդեն հասկանում են այս խնդրի կարևորությունը և երկու ուղղությամբ էլ հետևողական աշխատանքներ են տարել։ Արդեն մի քանի տասնամյակ է՝ Ադրբեջանը բավականին հետևողականորեն ստեղծում է իր ազդեցության ոլորտները Ռուսաստանում և այլ երկրներում։ Նույն Իրադա Զեյնալովան լուրերի ծրագրում է աշխատում, նրա քույրը վարում է առավոտյան հաղորդումները և այլն։ Ադրբեջանը երկար ժամանակ է՝ ֆինանսավորում է Ռուսաստանի իմիջային հեռուստահաղորդումներ, Ադրբեջանը փորձում է փոխել իր ազգի կերպարը՝ ցածր որակավորում ունեցող մարդկանց, առևտրականների իմիջը դարձնելով մտավորական մարդու։ Ադրբեջանցիներն այսօր հայտնվում են քաղաքական, վերլուծական, ինտելեկտուալ հաղորդումներում։ Բոլոր PR ռեսուրսները, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի վարկանիշի բարձրացման համար, կիրառվում են։ Մադրիդի «Ատլետիկոյի» պես ֆուտբոլային թիմն արդեն երկրորդ տարին դաշտ է դուրս գալիս՝ շապիկին «Ադրբեջան» մակագրությամբ։ Ադրբեջանցի մեծահարուստները, բացի նրանից, որ իրենք են հարստանում կամ Ալիևի կլանն են ամրապնդում Ռուսաստանում, մտածում են նաև իրենց երկրի մասին։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ